Թուրքիան այս հակամարտությունը դիտարկում է որպես  Հարավային Կովկասում իր ազդեցության տարածման հնարավորություն, և  այս գործելաոճը պետք է հակադարձվի, ոչ թե՝ խրախուսվի. Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը «Sputnik International»-ին

Լուրեր

23.11.2026 | 23:16
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում չի փոխվել․ այն 26 սմ-ով բարձր է նախորդ տարվա նույն օրվա ցուցանիշից
23.11.2026 | 22:58
Ալեն Սիմոնյանը հանդիպել է Լիտվայի ազգային ճգնաժամային կառավարման կենտրոնի ղեկավարի հետ
23.11.2026 | 22:44
ՔՊ-ական համայնքապետի դեմ հայցը մերժվել է․ Քաջայր Նիկողոսյանը կշարունակի թեկնածու լինել
23.11.2026 | 22:30
ԱՄՆ կառավարությունը հիմքեր չունի ենթադրելու, որ Ջենսեն Հուանգի վերադարձը NVIDIA որևէ վտանգ է ներկայացնում ազգային անվտանգության համար․ Թրամփ
23.11.2026 | 22:14
Ադրբեջանում ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցության առաջնորդին արգելել են լքել երկիրը
23.11.2026 | 21:57
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.11.2026 | 21:53
Ռուսաստանը ցանկանում է մինչև տարեվերջ միջուկային զենք տեղակայել տիեզերքում. գերմանական ԶԼՄ-ներ
23.11.2026 | 21:40
40-ից ավելի միջազգային կազմակերպություններ, այդ թվում՝ ՀՀ-ից ՀՔԱՎ-ը, կոչ են արել ԵԱՀԿ երկրներին արգելափակել կառույցում Ադրբեջանի հնարավոր նախագահությունը
23.11.2026 | 21:29
Թուրքիայում հազարավոր մարդիկ բողոքի ցույց են անցկացրել ընդդիմության և ԶԼՄ-ների նկատմամբ իշխանությունների ճնշումների դեմ
23.11.2026 | 21:14
ԱՄՆ-ն ու Եվրոպան ցանկանում են մինչև Սուրբ Ծնունդ բանակցություններ անցկացնել ՌԴ-ի հետ, Ուկրաինան պատրաստ է նույնիսկ վաղը․ Զելենսկի
23.11.2026 | 21:00
ԹԵԺ ԲԱՆԱՎԵՃ․ Երևանը՝ խցանումային կոլապսի առաջ․ ո՞վ է մեղավոր, և ո՞րն է ելքը
23.11.2026 | 20:53
Սահմանադրական «նոր կոստյում»․ ո՞ւմ է սազում իշխանության նախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2026 | 20:49
Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով մեկնել է Ռումինիա
23.11.2026 | 20:47
Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը կմասնակցեն Տոկիոյի Գրան Պրիին
23.11.2026 | 20:33
Տաջիկստանը Պուտինի այցի օրը ՄԱԿ-ին ծանուցում է ներկայացրել Միջազգային քրեական դատարանից դուրս գալու մասին
Բոլորը

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը «Sputnik International»-ին

Հարց. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը վերջերս ասել էր, որ Մոսկվայում բանակցությունների ավարտին կողմերի արած հայտարարությունը ենթադրում է հայկական ուժերի դուրսբերումը Արցախից՝ ավելացնելով, որ Բաքուն ակնկալում է, որ կներկայացվի հայկական ուժերի դուրսբերման ժամանակացույցը: Ինչպե՞ս եք գնահատում Ադրբեջանի նախագահի նման հայտարարությունը: Արդյո՞ք Երևանը պատրաստ է Բաքվի հետ քննարկել Արցախից հայկական ուժերի դուրսբերման ժամանակացույցը:

Զոհրաբ Մնացականյան. Այս օրերին նախագահ Ալիևը բազմաթիվ մոլորեցնող և հակասական հայտարարություններ է արել, որոնք արժանի չեն մեկնաբանության: Մենք ունենք հոկտեմբերի 10-ի համատեղ հայտարարությունը, որը վերահաստատվել է նաև հոկտեմբերի 17-ին և հոկտեմբերի 25-ին, և այդ հայտարարությունից անդին որևէ այլ բան չի համաձայնեցվել:

Հարց. Արդյո՞ք Դուք ռուսական ռազմական դիտորդների տեղակայումը դիտարկում եք որպես հրադադարի ռեժիմի հաստատումն ապահովող արդյունավետ միջոց:

Զոհրաբ Մնացականյան. Հայաստանը մշտապես աջակցել է հրադադարի կայուն մշտա​դիտարկման գաղափարին, որը խաղաղ գործընթացում ներդրվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից 2016-ի ապրիլյան էսկալացիայից անմիջապես հետո: Հայաստանը և Ադրբեջանը համաձայնության են եկել ԵԱՀԿ մշտադիտարկման խմբի ընդլայնման և հրադադարի հետաքննության մեխանիզմի հաստատման վերաբերյալ, սակայն հետագայում Ադրբեջանը հրաժարվեց իրագործել այս պայմանավորվածությունը: Սա ի ցույց է դնում, որ ոչ երեկ և ոչ էլ այսօր Ադրբեջանը հետաքրքրված չէ կայուն և վերահսկելի հրադադարի հաստատմամբ։ Մեր դիրքորոշումն անփոփոխ է, և մենք կողմնակից ենք դիտորդների տեղակայմանը:

Հարց. Վերջերս Մոսկվա կատարած այցի ժամանակ Դուք նշեցիք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև շարունակվում են «բավականին բովանդակային» խորհրդակցությունները Արցախում հրադադարի վերիֆիկացիոն մեխանիզմների ստեղծման վերաբերյալ՝ համաձայն Ռուսաստանի մայրաքաղաքում ձեռքբերված պայմանավորվածությունների: Ներկայումս ո՞ր փուլում են այս բանակցությունները, և ե՞րբ եք ակնկալում, որ այդ մեխանիզմները կներդրվեն: Որո՞նք են այս գործընթացի խոչընդոտները: Հայաստանն առաջիկայում դիտարկու՞մ է հրադադարի պահպանման վերիֆիկացիոն մեխանիզմների շուրջ Ադրբեջանի հետ Մոսկվայում հանդիպում անցկացնելու հարցը, և եթե այո, ապա ո՞րն է մոտավոր ամսաթիվը:

Զոհրաբ Մնացականյան. Հոկտեմբերի 10-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները համաձայնության եկան համատեղ հայտարարության շուրջ, որի՝ իրար հաջորդող դրույթները հանդիսանում են  իրագործման ճանապարհի քարտեզ։ Ուստի նախ պետք է առանց նախապայմանների և անհապաղ կյանքի կոչվեն երեք դրույթներ, որոնք նախատեսում են կրակի դադարեցում, հրադադարի ռեժիմի չափորոշիչների մշակում, ռազմագերիների և մարմինների փոխանակում։

Բանակցություններում հիմնական խոչընդոտն Ադրբեջանի դժկամությունն է լինել հանձնառու կայուն և վերահսկելի հրադադարին։ Ադրբեջանը շարունակաբար հրաժարվում է վերիֆիկացիոն մեխանիզմների ներդրումից՝ միևնույն ժամանակ առաջ տանելով կայուն հրադադարից հրաժարվելու և փոխադարձ մեղադրանքներ հնչեցնելու հնարավորություն ընձեռնելու իր վաղեմի դիրքորոշումը։

Հարց. Տարբեր տեղեկատվության համաձայն՝ Թուրքիայի տարածքով սիրիացի վարձկանների նոր խումբ պետք է տեղափոխվի ԼՂ հակամարտության գոտի: Միևնույն ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շարունակում է հերքել նման պնդումները: Որևէ տեղեկություն կամ ապացույց ունե՞ք Սիրիայից նոր զինյալների պլանավորվող տեղափոխման վերաբերյալ:

Զոհրաբ Մնացականյան. Բավականին շատ փաստական ապացույցներ կան Սիրիայից և Լիբիայից օտարերկրյա զինյալ ահաբեկիչների առկայության և Թուրքիայի կողմից նրանց շարունակական տեղափոխման վերաբերյալ, ինչը հաստատված է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների հետախուզության կողմից և հակամարտության գոտուց ստացվող տեղեկատվությամբ:

Ոչ մեկ, այդ թվում և Թուրքիան, չեն կարող պնդել, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության համատեքստում Թուրքիան հանդես է գալիս որպես անաչառ կամ չեզոք կողմ:

Թուրքիան այս հակամարտությունը դիտարկում է որպես մեկ այլ հարևան տարածաշրջանում՝  Հարավային Կովկասում, իր ազդեցության տարածման հնարավորություն, և այդ նպատակով հակամարտությունն օգտագործելու և տարածաշրջանի ժողովուրդներին հսկայական տառապանքներ պատճառելու այս գործելաոճը պետք է հակադարձվի, այլ ոչ թե՝ խրախուսվի: