Լավրովը սուտ չի խոսում. ՀՀ իշխանությունները մե՛զ կարող են ասել, որ փաստաթուղթ չկա, բայց Լավրովին ու Մամեդյարովին չեն կարող ասել. Արա Պապյան

Լուրեր

18.12.2024 | 16:18
«Տրադիցիոն փոխկապակցվածություններ ունենք․ կտրուկ քայլեր անելուց առաջ պետք ա լավ գնահատել»․ Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.12.2024 | 16:10
Հովիկ Աղազարյանի որդին ազատվել է պաշտոնից՝ սեփական դիմումի համաձայն․ Էկոնոմիկայի նախարարություն
18.12.2024 | 16:07
Ականներով ենք պատել մեր տնտեսությունը․ ՌԴ տնտեսությունը երկարաժամկետ պոտենցիալ չունի․ Արման Բաբաջան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.12.2024 | 15:55
Ըստ Ալիևի՝ Լեռնային Ղարաբաղում մնացել է մոտ 20 հայ
18.12.2024 | 15:47
Գևորգ Մանթաշյանն ընդունել է Հունաստանի ԱԳ փոխնախարարին
18.12.2024 | 15:42
Տնտեսական անվտանգության խնդիր ունենք․ պետք է դուրս գանք ԵԱՏՄ-ից․ Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.12.2024 | 15:38
Ապօրինի եղանակով տանը պատրաստում և իրացնում էր օղի, կոնյակ և գունավոր խմիչքներ. նախաձեռնվել է քրեական վարույթ
18.12.2024 | 15:27
Դուք ինչո՞ւ sms չստացաք Փաշինյանից. լրագրողը` Մհեր Գրիգորյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.12.2024 | 15:18
Ալիևը` պայմանագրի չհամաձայնեցված կետերի մասին, Թմրանյութ պահելու մեղադրանք մարզպետի խորհրդականին․ ԼՈՒՐԵՐ
18.12.2024 | 15:09
Դավիթ Խուդաթյանն ընդունել է ՀՀ-ում Շվեդիայի դեսպան Պատրիկ Սվենսոնի գլխավորած պատվիրակությանը
18.12.2024 | 15:05
Իրավիճակին գումարվում են պատժամիջոցների ռիսկերը․ Մհեր Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.12.2024 | 15:02
Հայկական ֆուտբոլում ստեղծված ճգնաժամը և առկա խնդիրները. ՈՒՂԻՂ
18.12.2024 | 14:52
Մհեր Գրիգորյանը` օկուպացված տարածքներից սահմանազատումը իրականացնելու հնարավորության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.12.2024 | 14:41
Թրամփի հատուկ բանագնաց Քիթ Քելլոգը հունվարի սկզբին կայցելի Ուկրաինա, Մոսկվա այց չի նախատեսվում
18.12.2024 | 14:30
Ռուս գեներալի սպանությունը Մոսկվայում աննախադեպ է․ ՌԴ-Արևմուտք լարվածությունն աճում է․ Հակոբ Բադալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը «Մոդուս վիվենդի» հետազոտական կենտրոնի հիմնադիր-ղեկավար, քաղաքագետ Արա Պապյանի հետ

– ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն այսօր խոսել է ԼՂ հիմնախնդրի մասին՝ կրկին ընդգծելով հակամարտության փուլային տարբերակի լուծման մասին: Ինչպե՞ս կմեկնաբանեք Լավրովի հայտարարությունը:

– Լավրովի հայտարարությունը գնահատում եմ որպես անցանկալի, բայց սպասելի, և սրա մասին ինքս մի քանի անգամ նշել եմ: Հատկապես նշել եմ, որ մեզ առաջիկա երկու ամիսներին շատ ծանր ժամանակաշրջան է սպասվում, որովհետև ես ունեի ներքին տեղեկություն Ռուսաստանից, որ Արցախի շուրջ որոշ զարգացումներ են սպասվում, որոնք խարսխված են լինելու Արցախի վերջին ընտրությունների վրա: Այսինքն՝ իրենց պետք է, այսպես կոչված, «օրինական» իշխանություն, որը կկարողանա հանդես գալ Արցախի ժողովրդի անունից: Նաև պիտի հաշվի առնել, որ Հայաստանի իշխանությունը բազմիցս կրկնել է, որ ինքը որևէ առնչություն չունի հետ, չի կարող բանակցել Արցախի անունից և այլն, հետևաբար՝ հիմնական խոսքը կտրվի «Արցախի ժողովրդի ընտրյալ իշխանություններին»: Ես մանրամասն լսել եմ տեսագրությունը, և ցավալին այն է, որ այնտեղ նրբերանգներ կան, որոնք երբևէ ռուսական կողմը չի հնչեցրել: Մասնավորապես, վկայակոչելով ՄԱԿ-ի ԱԽ բանաձևերը և ոչ ճիշտ շեշտադրումներ կատարելով, այն, որ դրանց չիրականացման մասին է խոսում՝ առանց նշելու, որ դրանց չիրականացումը եղել է ադրբեջանական կողմի մեղքով, որովհետև նա չի կատարել հիմնական պայմանը, այն է՝ դադարեցնել ռազմական գործողությունները: Բացի այդ՝ վկայակոչումները Մադրիդյան սկզբունքներին, Կազանի փաստաթղթին, ինչպես նաև, որ շատ հետաքրքրական է, շեշտ է կատարվում անցյալ տարվա ապրիլին կողմերի տարածած փաստաթղթի վրա, որը ներառում է այս ամբողջ փուլային տարբերակը: Իսկ մեր իշխանությունը մեզ պարբերաբար ասում էր, որ բանակցություններ չեն գնում, դրանք զուտ հանդիպումներ են: Լավրովի ասածով, փաստորեն, անցյալ տարվա ապրիլին փաստաթուղթ է տարածվել այս սկզբունքների հիման վրա, և այդ սկզբունքները հիմա քննարկման փուլում են, այն է՝ խնդրի փուլային լուծումը: Լավրովի ասածով՝ բանակցային հիմքը, ըստ էության, «տարածքներ՝ ոչնչի դիմաց» սկզբունքն է: Եթե առաջ, ասենք, «տարածքներ՝ կարգավիճակի դիմաց» էր, հետո՝ «տարածքներ՝ խաղաղության դիմաց», հիմա «տարածքներ՝ ոչնչի դիմաց» է: Այսինքն՝ դու տալիս ես ԼՂԻՄ-ի շրջակա տարածքները, հետո՝ «Աստված մեծ է» սկզբունքով սպասում ես, թե ինչ կլինի:

– Այսինքն՝այն, որ մեզ համար այդ տարածքները պարզապես հող չեն, այլ անվտանգության երաշխիք և այլն, սրանք զուտ հայտարարություննե՞ր էին: Որովհետև, ըստ Լավրովի հայտարարության, փաստաթուղթը ենթադրում է ԼՂ հակամարտության կարգավորման փուլային մոտեցում, որի մեջ մտնում է նաև Լեռնային Ղարաբաղի շրջակա տարածքների ազատում:

– Ես ուզում եմ հիշեցնել, որ տարածքները հայկական կողմը միշտ ներկայացրել է որպես զուտ անվտանգության գոտի, և ես ասել եմ, որ դա սխալ է, որովհետև մեզ կարող են առաջարկել «համարժեք» անվտանգության երաշխիքներ՝ տարածքների դիմաց: Հիմա դա է տեղի ունենում: Նույն Կազանի փաստաթղթի մեջ, եթե առաջին մասը վերաբերում է տարածքներ հանձնելուն, երկրորդ մասն այդպես էլ անվանված է՝ «Անվտանգության երաշխիքներ»: Հենց այս երաշխիքների մեջ է Ռուսաստանի շահագրգռությունը: Ես բազմիցս ասել եմ, որ «Լավրովյան պլանի» հիմնական առանցքը ռուսական խաղաղապահների մուտքն է՝ Իրանի սահմանի երկայնքով: Սա «Տրոյական ձի» քաղաքականությունն է, որի շնորհիվ ինքն ուզում է զորք տեղակայել Իրանի հյուսիսում, որը Ռուսաստանին հնարավորություն կտա վերահսկել Հայաստանը, Ադրբեջանը, Արցախը և Իրանի վրա ազդեցություն ունենալ:

– Պարո՛ն Պապյան, փաստորեն, ռուսական այս նախաձեռնության նպատակը սեփական աշխարհաքաղաքական խնդիրները լուծելն է, բայց, այդ հարցում ռուսական կողմի պնդելու դեպքում, ինչպիսի՞ արձագանք կարող է լինել Մինսկի խմբի համանախագահող մյուս երկրներից, մասնավորապես՝ ԱՄՆ-ից. ռուս-ամերիկյան շահերի բախման օրինակներ կան աշխարհի տարբեր կետերում:

– Ամեն ինչ կախում ունի նրանից, թե ինչ սակարկություններ են գնում: Այսինքն՝ այդ իրավունքի դիմաց Ռուսաստանն ի՞նչ է զիջում, որովհետև մենք չպետք է դիտարկենք մեկուսի Արցախի հարցը: Ռուսաստանը, օրինակ, կարող է նույն ԱՄՆ-ում ինչ-որ շահ կամ դիրք զիջել, օրինակ՝ Սիրիայում, Հյուսիսային սառուցյալ կամ Խաղաղ օվկիանոսներում… մենք չգիտենք, չէ՞, ինչ է տեղի ունենում: Մենք միայն բևեռվել ենք Ղարաբաղի վրա, իսկ ռուս-ամերիկյան կամ ռուս-եվրոպական հարաբերությունները մենակ Արցախով չեն: ՌԴ-ն կարող է Մերձբալթիկայում ինչ-որ հարցում զիջել ԱՄՆ-ին, և դիմաց արտոնություն ստանալ՝ տնօրինելու Հարավային Կովկասը: Ես չեմ բացառում, որ ռուսներն ու ամերիկացիները կարող են համաձայնության գալ, հատկապես, որ այս տարին նախընտրական է ԱՄՆ-ում, և շատ ներքին հարցերում Թրամփին պետք է լինելու ռուսական աջակցություն:

Հայաստանի իշխանությունները պարբերաբար ասում են, որ որևէ փաստաթուղթ չի քննարկվում, իսկ Լավրովի հայտարարությունները, փաստորեն, հակասում են սրան: Այդ դեպքում՝ ինչո՞ւ հայկական կողմը հստակ չի հակադարձում՝ պնդելով, որ չի բանակցում որևէ փաստաթղթի շուրջ:

– Բայց նման փաստաթուղթ կա, հասկանո՞ւմ եք: Այդ մե՛զ կարող են ասել, որ փաստաթուղթ չկա, բայց Լավրովին ու Մամեդյարովին չեն կարող ասել, որ այդ փաստաթուղթը չկա: Այդ փաստաթուղթը կա, այն քննարկվում է, Լավրովը սուտ չի խոսում: Հայաստանի իշխանությունները բառախաղով են զբաղված: Նրանք չեն ասում՝ փաստաթուղթ չկա, ասում են՝ բանակցություններ չեն ընթանում փաստաթղթի հիման վրա: Ասում են՝ դրանք հանդիպումներ են, բանակցություններ չեն, բայց դա բառ է: Կա փաստ՝ կան Մադրիդյան սկզբունքներ՝ որպես բանակցային հիմք, դրանից ածանցվող մի շարք փաստաթղթեր ներառյալ, կա Լավրովի հայտարարություն, որ անցյալ տարի ապրիլին այդ սկզբունքները դրվել են սեղանին, և այսօր օգտագործվում է «քննարկվում են» բառը: Կա՛մ հայկական կողմը պիտի ասի, որ Լավրովը սուտ է ասում, կա՛մ պիտի ասի՝ մենք ենք սուտ ասում: Դրա համար հստակ արձագանք չկա: Եթե մենք սպասում ենք Մադրիդյան սկզբունքների պարզաբանումներին, Լավրովի այս խոսքի մեջ հստակ պարզաբանումները տրված են, որ դրանք շարունակում են մնալ ուժի մեջ: Դրանից ավելի ի՞նչ պարզաբանում պետք է լինի: Ամփոփելով՝ ասեմ. քանի դեռ հայկական կողմը Արցախի խնդրի լուծման հիմքը շարունակելու է թողնել ինքնորոշման սկզբունքը, այլ ճար չունի, քան տարածքներ հանձնելը:

Թամարա Հակոբյան