Որոշ գնահատականներով՝ ՌԴ-ն 2-5 տրիլիոնի չափով վնաս կկրի. Բոգդան Բեզպալկոն՝ կորոնավիրուսի համաճարակի հետևանքների մասին

Լուրեր

17.11.2024 | 23:31
Պաշտոնանկություններ կառավարությունում․ 2 նախարար, ուժային կառույցների ղեկավարներ ու ՊԵԿ նախագահն ազատման դիմում են ներկայացրել
17.11.2024 | 23:16
Բայդենը թույլատրել է Ուկրաինային օգտագործել ԱՄՆ-ից մատակարարված հեռահար հրթիռները․ AP
17.11.2024 | 22:46
Փաշինյանը մեկնում է Վատիկան, հանդիպելու է Հռոմի Պապին
17.11.2024 | 21:43
ԵՄ ինտեգրումը Վրաստանի արտաքին քաղաքականության գլխավոր առաջնահերթությունն է
17.11.2024 | 21:00
Ի՞նչ գույն ունի գինին անապատում. ապաքաղաքական զրույց Ավագ Հարությունյանի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2024 | 19:53
Հայաստանի հավաքականը 1:2 հաշվով հաղթեց Լատվիայի թիմին
17.11.2024 | 18:22
Երևանում կկայանա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրին նվիրված «Մսյո Ազնավուր» ֆիլմի պրեմիերան
17.11.2024 | 18:05
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը նախաձեռնել է ընդլայնված կազմով հանդիպում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2024 | 17:39
Ալիևն ԱՄՆ կոնգրեսականների հետ հանդիպմանը դժգոհել է ՀՀ Սահմանադրությունից
17.11.2024 | 16:37
Գործադիրը խորհրդարան է ներկայացրել փաթեթ՝ հիմքում դնելով բարձր տեխնոլոգիական ոլորտի աջակցությունը․ ԱԺ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2024 | 15:32
Աղվանի-Տաթև ավտոճանապարհին բեռնատարները մերկասառույցի պատճառով չեն կարողացել շարունակել ընթացքը
17.11.2024 | 15:00
Չինաստանում ուսանողը քոլեջում հարձակում է գործել․ սպանվել է 8 մարդ
17.11.2024 | 14:19
Նոյեմբերի 18-ի երեկոյան ժամերին և 19-ին սպասվում է կարճատև անձրև
17.11.2024 | 13:38
Շախմատի Եվրոպայի անհատական առաջնություն․ հայ շախմատիստները պայքարում են մեդալների համար
17.11.2024 | 13:26
Ակադեմիական միջավայրի ձեր այսօրը ուղղակիորեն պայմանավորում է ձեր վաղվա անելիքը․ նախարարի շնորհավորանքը
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը ռուսաստանցի քաղաքագետ Բոգդան Բեզպալկոյի հետ

– Պարո՛ն Բեզպալկո, կորոնավիրուսի համաճարակն արդեն տնտեսական լուրջ խնդիրների առաջ է կանգնեցրել պետություններին: Արդեն գնահատականներ կա՞ն, թե որքան վնաս կկրի Ռուսաստանը համաճարակի հետևանքով:

– Գնահատականները շատ տարբեր են, ամեն դեպքում՝ բոլորը կարծում են, որ կորոնավիրուսի համաճարակը Ռուսաստանի տնտեսությանը զգալի վնաս կպատճառի: Ընդհանուր առմամբ՝ միլիարդների վնաս կլինի, եթե ոչ տրիլիոնների: Ես նույնիսկ լսել եմ գնահատականներ՝ 2-ից մինչև 5 տրիլիոնի չափով, hատկապես, եթե ինքնամեկուսացման ռեժիմը երկարաձգվի, ինչը որոշ բժիշկներ, համաճարակաբաններ չեն բացառում: Ամենածայրահեղ գնահատականների համաձայն՝ այդ ռեժիմը կարող է երկարաձգվել մինչև սեպտեմբերի 1-ը: Եթե այդպես լինի, վնասն ավելի զգալի կլինի: Բայց քանի որ Ռուսաստանը մեծ պետություն է, մեծ ռեսուրսների է տիրապետում՝ նյութական, արժութային, մարդկային և այլն, կարելի է վստահաբար ասել, որ մեր երկիրը կհաղթահարի ճգնաժամը: Ավելի դժվար կլինի փոքր պետությունների համար, այդ թվում՝ ոչ միայն նրանց, որոնք ԵՄ կազմում են կամ մոտ են անդամակցությանը, այլև ԵՏՄ կազմում ընդգրկված կամ հետխորհրդային մյուս երկրների համար:

– ԵՏՄ անդամ պետությունների պարագայում ի՞նչ գնահատականներ, կանխատեսումներ ունեք:

– Կարծում եմ՝ ԵՏՄ անդամ երկրներն առավելություն կունենան՝ ի տարբերություն այն երկրների, որոնք այս միության անդամ չեն: Որովհետև, օրինակ, Հայաստանը կարող է հույս ունենալ, որ իր ապրանքները՝ գինին, կոնյակը, միրգն ու բանջարեղենը, կվաճառվեն ԵՏՄ անդամ պետությունների շուկաներում, հատկապես՝ ռուսական շուկայում: Իսկ Վրաստանի պարագայում, օրինակ, հնարավոր չէ վստահ լինել, քանի որ արտակարգ իրավիճակների դեպքում պետությունները կարող են գնալ ոչ ստանդարտ մեթոդների՝ ոչ միայն բնակչության, այլև բիզնեսի համար: Օրինակ՝ կարող է որոշակի մաքսատուրքեր սահմանվեն, այդ դեպքում հայկական գինին կարող է հայտնվել ռուս սպառողի սեղանին, իսկ վրացականը կարող է նաև չհասնել, քանի որ մաքսատուրքերի դեպքում այն ավելի թանկ կարժենա: Այնպես որ՝ ԵՏՄ-ի կազմում ներառված երկրները, անկասկած, կշահեն: Հետևաբար՝ բոլոր ինտեգրացիոն՝ պաշտպանական, տնտեսական միավորումների նշանակությունը կմեծանա:

– Ռուբլին արժեզրկվել է, նավթի շուկայում նույնպես անբարենպաստ իրավիճակ է: Այս պայմաններում Ռուսաստանն ինչպե՞ս կհաղթահարի դժվարությունները: Կառավարության հակաճգնաժամային ծրագրերը Ձեզ բավարարո՞ւմ են:

– Ծրագրերը կազմվում են՝ ելնելով տվյալ պահի սահմանափակումներից, և հնարավոր է՝ այդ ծրագրերը վերանայվեն: Կարծում եմ՝ ոչ բոլորը կարող են գոհ լինել: Բայց բոլորս պետք է պատրաստվենք նրան, որ այս համաճարակը շատ վատ ազդեցություն կունենա ինչպես Ռուսաստանի, այնպես էլ մյուս երկրների տնտեսությունների վրա:

– Կանխատեսումներ կան, ՌԴ-ն կարող է չափազանց լուրջ տնտեսական ճգնաժամի բախվել, շատ ավելի խորը, քան 2008 թվականին էր: Այդ կանխատեսումներն իրական համարո՞ւմ եք:

– Կանխատեսումները, ըստ էության, անշնորհակալ գործ են, քանի որ նախկինում ևս՝ 2008 թվականին, 2014-ին, Ռուսաստանի համար ապոկալիպտիկ սցենարներ էին կանխատեսում, բայց ՌԴ-ն ամեն անգամ այդ ճգնաժամերից դուրս է գալիս թեկուզ վնասներով, բայց և պահպանելով իր հիմնական ակտիվները: Հիմա նավթի գներն իսկապես ընկել են, բայց բանակցությունների արդյունքում միանգամայն հնարավոր է, որ գները նաև կաճեն: Վերջերս Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն զայրալից ելույթով հանդես եկավ՝ այն առիթով, որ ՌԴ-ն, Սաուդյան Արաբիան և ԱՄՆ-ն փորձում են համաձայնության հասնել, և եթե հաջողվի, նավթի գներն անպայման կվերադառնան որոշակի մակարդակի, օրինակ՝ 60 դոլար՝ մեկ բարելի դիմաց: Լուկաշենկոյի համար՝ որպես ղեկավար, որը շահագրգռված է, որ իր երկիր էժան նավթ մատակարարվի, բնականաբար, սա այնքան էլ լավ տարբերակ չէ: Բայց, ամեն դեպքում, ՌԴ-ն կունենա նավթ, գազ, այլ ակտիվներ, որոնք միշտ հնարավոր կլինի իրացնել և տնտեսական բոնուս ստանալ: Բացի այդ՝ մենք հսկայական տարածքներ ունենք, պարենի պակաս չունենք, անկախ ենք արտերկրի մատակարարումներից, շատ լավ մարդկային, գիտական կապիտալ ունենք և միշտ կարող ենք հույս ունենալ, որ մեր գիտնականները նոր մեթոդներ կգտնեն՝ տնտեսական և տեխնոլոգիական խնդիրների դեմ պայքարելու: Մի խոսքով՝ մենք մեծ պոտենցիալ ունենք, և ճգնաժամերի ժամանակ հենվում ենք դրա վրա:

Փոքր երկրների պարագայում այդ պոտենցիալն ավելի քիչ է: Ես այդ թվում նկատի ունեմ ԵՄ անդամներին: Օրինակ՝ Լատվիան: Պաշտոնապես այս երկիրը 1.9 մլն բնակչություն ունի, բայց իրականում՝ ավելի քիչ, քանի որ մեծ թվով քաղաքացիներ գնացել են ԵՄ այլ երկրներ՝ աշխատելու: Այս երկրի բնակչությունը ծերանում է, աշխատում է շուրջ 600 հազար քաղաքացի, որոնց գրեթե կեսը՝ պետական հատվածում: Ոչ մի լուրջ արդյունաբերական ձեռնարկություն Լատվիայում չի մնացել, տուրիզմը, կորոնավիրուսի համաճարակի պատճառով, նույնպես մեռած է, դրա հետևանքով՝ նաև ծառայությունների ոլորտը: Հետևաբար՝ նման երկրները շատ լուրջ վնասներ կկրեն, եթե կարանտինային միջոցները ստիպված լինեն երկարաձգել և խստացնել:

– Նավթի հարցով բանակությունների մասին խոսեցիք: Կարծում եք՝ ՌԴ-ն, Սաուդյան Արաբիան և ԱՄՆ-ն կկարողանա՞ն համաձայնության հասնել:

– Կարծում եմ՝ վաղ թե ուշ համաձայնություն ձեռք կբերեն, քանի որ ոչ մեկը՝ ո՛չ ՌԴ-ն, ո՛չ Սաուդյան Արաբիան, ո՛չ էլ ԱՄՆ-ն շահագրգռված չէ, որ նավթի գներն այսքան ցածր լինեն և ոլորտի ձեռնարկությունները կորուստներ կրեն: ԱՄՆ-ի ձեռնարկություններից մեկն արդեն իսկ սնանկացել է: Հազիվ թե դա լավ ազդեցություն ունենա Թրամփի նախընտրական արշավի վրա՝ նույնիսկ այն պարագայում, որ բենզինն ԱՄՆ-ում էժանացել է: Սաուդյան Արաբիան նույնպես ֆինանսների առումով որոշակի դժվարություններ ունի, նրանց համար նավթի բարձր գինը ձեռնտու է: Իրականում, կարող ենք ասել, որ նավթի գների հետ կապված այս ամբողջ պատմությունը բոլորի վրա Սաուդյան Արաբիայի ճնշումների հետևանք է:

Թամարա Հակոբյան