«Իշխանության կողմից հրահանգ է իջեցված սահմանափակել դատական նիստերի ուղիղ հեռարձակումը»․ ինչո՞ւ ընդհատվեց Սամվել Բաբայանի գործով դատավարության հեռարձակումը

Լուրեր

16.06.2026 | 18:49
Հնդկաստանում Telegram-ը մեկ շաբաթով արգելափակել են
16.06.2026 | 18:35
Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու միջնորդություն է ներկայացվել ԿԸՀ
16.06.2026 | 18:30
Ռուսական հարվածի հետևանքով վնասվել է ռեժիսոր Ռոման Բալայանի բնակարանը Կիևում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.06.2026 | 18:29
Հայտնի է «Արարատ-Արմենիայի» մրցակիցը Չեմպիոնների լիգայում
16.06.2026 | 18:29
ՄԻԵԴ-ը Հայաստանի դեմ խախտում է արձանագրել «Էլեկտրիկ Երևան»-ի գործով
16.06.2026 | 18:24
Շանհայի համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղարը շնորհավորել է Փաշինյանին
16.06.2026 | 18:19
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ բանակցությունների հաջորդ փուլն «ավելի հեշտ» կլինի
16.06.2026 | 18:10
ԵՄ-ում քննարկել են ՀՀ-ին աջակցության հարցը // Թրամփն ու Զելենսկին հանդիպել են․ ԼՈՒՐԵՐ
16.06.2026 | 18:02
Տեղի է ունեցել Հայաստանի և Նիդերլանդների վարչապետների հեռախոսազրույցը
16.06.2026 | 17:52
Դիլիջանում գտնվող 12.4 մլն դոլար արժեքով 67 հա հողատարածքը վերադարձվել է ՀՀ տիրապետությանը
16.06.2026 | 17:44
Ընտրելու համար նոր պահանջ․ վերջին 1 տարում 183 օր Հայաստանում գտնվելը կարող է պարտադիր դառնալ
16.06.2026 | 17:42
«Մենք խաղեր չենք խաղում». Զելենսկին հրաժարվել է Մոսկվա գնալ Պուտինի հետ բանակցելու
16.06.2026 | 17:34
Պապիկյանը Փարիզում հանդիպել է Ֆրանսիայի զինված ուժերի և վետերանների հարցերով նախարար Կատրին Վոտրենի հետ
16.06.2026 | 17:25
Հայաստանի հավաքականը հաղթանակով մեկնարկեց Դևիսի գավաթում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.06.2026 | 17:17
Ովքեր են խախտել «լռության օրը»․ սոցցանցերի թանկարժեք ընտրարշավը
Բոլորը

«Իգլայի» աղմկահարույց գործով դատավարությունն այսօր ուղիղ եթերով հեռարձակվեց ընդամենը մի քանի րոպե․ դատարանը մասնակիորեն բավարարեց մեղադրող կողմի միջնորդությունը՝ արգելելով տեսահեռարձակումը և ուղիղ եթերը։ Ուշագրավն այն է, որ այսօր վկաների հարցաքննության փուլն էր, և գործով ամբաստանյալ Սամվել Բաբայանն իր խոսքում հայտարարեց, որ հարցաքննության տեսահեռարձակումը հարկավոր է, որպեսզի հանրությունը կարողանա հետևել դատավարության ընթացքին։ Դատարանը թույլատրեց միայն լրատվամիջոցների ներկայությունը դատական նիստի ընթացքում, ինչպես նաև նիստի ձայնագրում։

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի կարծիքով՝ վերջին շրջանում աղմկահարույց դատավարություններում նույն ոճն է նկատելի, ինչպես՝ Ժիրայր Սեֆիլյանի գործում․ «Այդ հեռարձակումների միջոցով ապօրինությունները տեսնում ենք, ընդ որում՝ ոչ միայն տեսնում, այլև դրանք փաստեր են, որոնք կարելի է օգտագործել հենց նույն դատարանի դեմ»,-Factor.am-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպանը։

Ժաննա Ալեքսանյանի գնահատմամբ՝ արգելելով տեսանկարահանումները իշխանությունն անում է հնարավորը, որպեսզի «կեղծ, շինծու գործերը, հասանելի չդառնան հանրությանը»։ Իրավապաշտպանը զուգահեռներ է տանում 2016 թվականի հուլիսյան դեպքերի հետ, երբ որոշ հեռուստաընկերություններ Սարի թաղի դեպքերը ուղիղ հեռարձակմամբ էին ներկայացնում, ինչն էլ հետագայում խնդիր դարձավ իշխանությունների համար:

«Սասնա ծռերի գործով ամբաստանյալների նկատմամբ բռնության դեպքերի ականատես եղանք հենց դատարանում, այս ամենն արդեն չափից շատ է, օրինակ՝ դատավոր, որը չի կարողանում նիստը վարել, դատավորի մասնակցությունը բռնությանը, մենք այդ ամենը տեսնում ենք, սա արդեն ահագնացող չափերի է հասնում։ Իշխանության կողմից հրահանգ է իջեցված սահմանափակել հեռարձակումը»,- նշեց իրավապաշտպանը։

Ալեքսանյանի խոսքով, եթե նիստի ընթացքում արգելեին նաև նիստի ձայնագրություն, ապա «բոլորս պետք է տեղափոխվեինք Աֆրիկա»: «Սամվել Բաբայանի մեղադրանքն ակնհայտ կեղծ մեղադրանք է, քանի որ իշխանությունն այնքան է վարկաբեկվել, փորձում է իր դեմքը փրկել սահմանափակելով խոսքի ազատությունը։ Ինչպե՞ս կարելի է տեսանկարահանումը չթույլատրել, իրենց կեղծիքները, ապօրինությունները փորձում են այդ կերպ թաքցնել»,- համոզված է Ալեքսանյանը։

Փաստաբան Մուշեղ Շուշանյանը ևս նկատում է, որ հասարակական հնչեղություն ունեցող բոլոր գործերով «նույն ձեռագիրն է»: «Ինչ-որ պահից սկսած` մեղադրող կողմի միջնորդության հիման վրա դատարանը որոշում է նիստերի տեսանկարահանումը արգելել։ Վկաների հարցաքննության տեսանկարահանումն արգելելը ի՞նչ իրավաչափ նպատակ է հետապնդում, դա մենք պետք է փորձենք հասկանալ»,- ասաց նա։

Փաստաբանի գնահատմամբ՝ դատարանի հիմնավորումն անհասկանալի է․«Որովհետև դատավարության հրապարակայնությունը կարող է սահմանափակվել խիստ որոշակի դեպքերում, ու դա պետք է իրավաչափ նպատակ հետապնդի, այսինքն՝ այս դեպքում ասել, որ վկաների հարցաքննություն է տեղի ունենում, ու դրա համար մենք սահմանափակում ենք, դա նշանակում է ոչինչ չասել: Պետք է հստակ բացատրվի նպատակը»։

Հիշեցնենք, որ Մուշեղ Շուշանյանը Ժիրայր Սեֆիլյանի շահերի պաշտպանն է, որի դատավարության ժամանակ ևս միջադեպեր են արձանագրվել։ Փաստաբանը նկատեց, որ սահմանափակելով հանրային հնչեղություն ունեցող դատավարությունների ուղիղ հեռարձակումը, հանրությանը զրկում են այդ գործերի մանրամասներից տեղեկանալու իրավունքից: «Թե՛ «Սասնա ծռերի», և թե՛ Ժիրայր Սեֆիլյանի գործերով նույն ձեռագիրն ենք տեսնում, որ մեղադրվողները ասելիք ունեն, ի սկզբանե կար այդ միտումը, որ հրապարակային դատաքննությունից վախենում են և փորձում են սահմանափակել»,- եզրափակեց Շուշանյանը։

Սամվել Բաբայանի շահերի պաշտպան Ավետիս Քալաշյանի համար ևս դատարանի կողմից մասնակիորեն բավարարված միջնորդության հիմնավորումն ընդունելի չէ: «Պաշտպանական կողմի ցանկությունն այն է, որ ամբողջ դատական նիստը լրատվամիջոցների կողմից լուսաբանվի։ Դատախազն իմ կարծիքով նման միջնորդություն ներկայացրեց այն պատճառաբանությամբ, որ կան որոշ վկաներ, որոնք չեն ցանկանում, որպեսզի լրատվամիջոցների միջոցով իրենց դեմքը տեսանելի լինի»,- մեզ հետ զրույցում ասաց պաշտպանը։

Քալաշյանի տեղեկացմամբ՝ վկաները հակասական ցուցմունքներ ներկայացրին դատավարության ժամանակ, սակայն իրենց նախաքննական ցուցմունքների հրապարակումից հետո` դատարանում տված ցուցմունքները փոխեցին․ «Այսօր հարցաքննված վկաներից ոչ մեկի ցուցմունքներով առաջադրված մեղադրանքները չեն հիմնավորվել»,- եզրափակեց նա։

Հիշեցնենք, որ «Իգլայի» գործով ամբաստանյալ ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերել, իրացնել, պահել, փոխադրել կամ կրել, որը պատժվում է ազատազրկմամբ երկուսից վեց տարի ժամկետով և ՀՀ քրեական օրենսգրքի 190 հոդվածի՝ հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնել, որը պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա, հատկանիշներով։

Սեդա Ղուկասյան