Արցախում հարսանիքի քավոր լինելը՝ «հանցագործություն»․ հրապարակվել է Վարդանյանի դատավճռի տեքստը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
04.09.2026 | 19:30Հրապարակվել է Բաքվի բանտում պահվող Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի ամբողջական դատավճիռը։ Պաշտոնական մեղադրական եզրակացության և դատավճռի մեջ տեղ գտած «ապացույցներն» ու եզրահանգումները պարզապես դուրս են մարդկային առողջ դատողության և ողջամտության սահմաններից։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում հայտարարել է ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ, փաստաբան Սիրանուշ Սահակյանը։
«Մենք իրավական փաստարկները ներկայացրել ենք Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Կարող եմ նշել, որ Ռուբեն Վարդանյանի գործն արդեն համար ունի, և այն քննվելու է դատարանի կողմից։ Համապատասխան փուլերում մենք նաև մանրամասներ կտրամադրենք»,– ասել է Սահակյանը։
Առավել ուշագրավ է այն, որ Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել նաև 2021 թվականի նոյեմբերի 16-ի սահմանային բախումների համար։ Սակայն այդ ժամանակ Վարդանյանը որևէ մասնակցություն կամ ներկայություն չի ունեցել Արցախում, քանի որ պետնախարարի պաշտոնը ստանձնել է միայն մեկ տարի անց՝ 2022 թվականի նոյեմբերի 4-ին։
«Այս դրվագը համարվել է հաստատված։ Հաստատող ապացույցը տուժածի վկայությունն է, որը պարոն Վարդանյանին երբևէ չի տեսել, նրա որոշումների մասին տեղեկացված չէ և ընդամենը վկայություն է տվել, որ հարձակման հետևանքով կրել է վնասվածքներ»,– նշել է փաստաբանը։
Սահակյանի խոսքով՝ Ադրբեջանի դատարանը Ռուբեն Վարդանյանի կողմից դպրոցների ու մանկապարտեզների վերանորոգումը, սոցիալական աջակցությունը, Արցախում կայացած հարսանիքի կնքահայր լինելը, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության գոյությունն ու դրա շրջանակում մրցանակներ շնորհելը որակել է որպես հանցավոր գործունեություն։
«Ադրբեջանական կողմը մեզ անհայտ մեթոդաբանությամբ նաև զոհերի հաշվարկ է իրականացրել և, ըստ նրանց, Արցախյան հակամարտության շրջանակներում սպանվել են ավելի քան 18 հազար բնակիչներ։ Նշված է՝ քանի որ Ռուբեն Վարդանյանը 2022 թվականին անդամակցել է այդ հանցավոր կազմակերպությանը՝ պաշտոն զբաղեցնելու միջոցով, ուրեմն բոլոր մարդկային կյանքերի պատասխանատուն հենց Ռուբեն Վարդանյանն է»,– մանրամասնել է Սահակյանը։
Նրա խոսքով՝ գերիների խնդիրը Ադրբեջանն օգտագործում է որպես պատանդային դիվանագիտության լծակ։ Թեև շուրջ 210 գերի հայրենադարձվել է, Արցախի նախկին ղեկավարներն ու մյուս գերեվարվածները շարունակում են պահվել Ադրբեջանում՝ որպես հատուկ արժեք ներկայացնող անձինք։
Ինչո՞ւ գերիները չեն վերադարձվում։ ԱԽ նորանշանակ քարտուղար Ալեն Սիմոնյանը երեկ այսպես է պատասխանել.
«Մեր ընդհանուր աշխատանքի շնորհիվ մի քանի հարյուր գերի պատերազմից հետո վերադարձել է։ Չկա տարբերակ, որ մենք այդ հարցով չենք զբաղվելու կամ այդ հարցը օրակարգից դուրս է»,– վստահեցրել է Սիմոնյանը։
Սահակյանի խոսքով՝ Ադրբեջանը հանցավոր արարք է համարել նաև այն, որ Ռուբեն Վարդանյանն առանց Ադրբեջանի թույլտվության է մուտք գործել Արցախ։
Ըստ փաստաբանի՝ Բաքվում պահվող հայերը գտնվում են արտաքին աշխարհից մեկուսացված պայմաններում։ Նրանք զրկված են հարազատների, անկախ բժիշկների, անկախ փաստաբանների և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչների հետ ֆիզիկական շփումից, ինչպես նաև նամակագրության և այցելությունների իրավունքից։
«Միակ բանը, որը տրամադրված է, վերահսկելի հեռախոսային զանգերն են, որոնց հաճախականությունը տարբեր է»,– ասել է Սահակյանը։
Նա հիշեցրել է այն դեպքը, երբ Ռուբեն Վարդանյանը փորձել է բարձրաձայնել դատավճիռն իրեն չտրամադրելու հարցը, և հեռախոսազանգն անմիջապես ընդհատվել է։
Այս համատեքստում, որքանո՞վ է վստահելի Բաքվի գերության մեջ գտնվողների ուղերձների բովանդակությունը։ Այս հարցին ի պատասխան՝ Սահակյանը նշել է.
«Ուղերձները վերլուծելիս, ուսումնասիրելիս, այո, պետք է զգուշավորություն ցուցաբերել, փորձել հասկանալ՝ սա թելադրված, Բաքվի իշխանությունների կողմից ուղղորդված գործունեությո՞ւն է, թե՞ ազատ կամք է, որի առնչությամբ մենք չենք բացառում խոշտանգումներ, պատժիչ գործողություններ։ Պարզապես ուղերձ հղողները այնպիսի անճար իրավիճակում են, որ այլընտրանքներ չունեն և անգամ սպանվելու սպառնալիքով ստիպված են այդ ուղերձները հղել»։
Սահակյանը բացատրել է, որ եթե նույնաբնույթ տեղեկատվությունը կարճ ժամանակահատվածում կրկնվում է տարբեր անձանց կողմից, կարելի է եզրակացնել, որ այն արդեն կազմակերպված բնույթ ունի և կարող է թելադրված լինել Բաքվի իշխանությունների կողմից։
Վերջին ամիսներին ինտենսիվացել են նաև գերիների առողջական վիճակի վերաբերյալ ահազանգերը։ Սահակյանի խոսքով՝ նրանց համար պատշաճ բուժօգնություն չի կազմակերպվում։ Ավելին, փաստաբանը նշել է, որ կան ահազանգեր, ըստ որոնց՝ գերիներից մեկը ծեծի հետևանքով կոտրվածքներ է ստացել։
«Ընտանիքի անդամը մեզ ներկայացրել է մանրամասներ, մենք դա փաստաթղթավորել ենք, և ընտանիքների կողմից ստացված մյուս ահազանգերը ևս համակցել ենք։ Դրանց վերաբերյալ տարաբնույթ նամակներ ենք ուղարկել այն կառույցներին, որոնք խնդրի հետ առնչություն ունեն և պարտավոր են միջոցներ ձեռնարկել փակ հաստատություններում խոշտանգումները կանխարգելելու ուղղությամբ»,– ասել է Սահակյանը։
Բացի Արցախում կրոնական ժառանգության ուղղակի թիրախավորումից, բանտերում արձանագրվել են նաև դաժան դեպքեր, մանրամասնել է Սահակյանը։
«Խաչի դաջվածքների պարագայում դրանք այրվել են, այսինքն՝ մաշկի վրայից խոշտանգման ճանապարհով վերացվել է խաչը։ Կամ, թեև որոշ սահմանափակ գրքեր տրամադրվել են հայ բանտարկյալներին, սակայն արգելվել է Աստվածաշնչի փոխանցումը։ Կամ եղել են դեպքեր, երբ մենք արձանագրել ենք, որ հարկադրել են Ղուրան ընթերցել»,– ասել է փաստաբանը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ հայտնել է, որ գերիների թեման եղել է իր և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Բիշքեկում կայացած հանդիպման օրակարգում։
«Մանրամասներ չեմ կարող հայտնել, որովհետև նախկինում էլ ասել եմ՝ այս թեմայով հրապարակայնությունը որևէ կերպ չի կարող օգուտ տալ»,– նշել է Փաշինյանը։
Հիշեցնենք, որ ադրբեջանական կողմը Ռուբեն Վարդանյանին և Դավիթ Մանուկյանին ձերբակալել է Արցախի դեմ Ադրբեջանի 2023 թվականի սեպտեմբերյան հարձակումից հետո՝ սեպտեմբերի 27-ին, երբ նրանք Դավիթ Մանուկյանի մեքենայով փորձել են հատել Հակարիի կամուրջն ու գալ Հայաստան։
2024 թվականի ապրիլին Ռուբեն Վարդանյանը հացադուլ էր հայտարարել Բաքվի բանտում՝ պահանջելով անհապաղ ազատ արձակել իրեն և մյուս հայ բանտարկյալներին, ինչպես նաև ապահովել միջազգային չափանիշներին համապատասխան դատական գործընթաց։
Վարդանյանի գործը մյուս գերեվարվածների գործերից առանձին է քննվել։ Բաքվի դատարանը Ռուբեն Վարդանյանին դատապարտել է 20 տարվա ազատազրկման։
Մանրամասները՝ տեսանյութում։
Արփի Հակոբյան

