Ինչպես են արտահոսել Արմեն Սաքապետոյանի բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները․ ենթադրյալ ապօրինի գույքի բռնագանձման վարույթ՝ ապօրինի ստացված տվյալների հիման վրա
Հասարակություն
04.09.2026 | 13:00
Պետական եկամուտների կոմիտեի նախագահի նախկին տեղակալ, գործարար Արմեն Սաքապետոյանն արդեն տևական ժամանակ ահազանգում է՝ իր և ընտանիքի բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները 5 տարի առաջ ապօրինի հայտնվել են Ոստիկանությունում: Այս տեղեկությունների հիման վրա հետագայում ենթադրյալ ապօրինի գույքի բռնագանձման վարույթ է հարուցվել։
Սաքապետոյանի խոսքով՝ 2021-2024 թվականներին իր և ընտանիքի գույքի վերաբերյալ գաղտնի ուսումնասիրություն է իրականացվել և 2024-ին իրենց ներկայացվել է 1 մլրդ 600 մլն դրամի նախնական պահանջ: Իրեն ներկայացված նյութերի ուսումնասիրությամբ հասկացել է, որ 2021-ին իր, կնոջ, եղբոր, հորեղբոր որդու բանկային գաղտնիք կազմով տեղեկություններն ապօրինի եղանակով հայտնվել են Ոստիկանության աշխատակցի տիրապետության տակ, այնուհետև Ոստիկանությունից գրություն է ուղարկվել Դատախազություն՝ կասկած հայտնելով, որ Սաքապետոյանը 50 մլն դրամը գերազանցող գույք ունի, ինչի հիման վրա էլ վարույթը հարուցվել է: Նախկին պաշտոնյան նշում է, որ վարույթի հիմք դարձած գրությունը ոչ թե բնօրինակ, այլ պատճենված փաստաթուղթ է, բնօրինակը բազմիցս պահանջել է իրավասու մարմիններից, սակայն չի ստացել:
Ինչ հիմքով է Սաքապետոյանը պնդում, որ բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները ապօրինի են հայտնվել Ոստիկանությունում
Ըստ Արմեն Սաքապետյանի՝ իր նկատմամբ իրականացվող վարույթի հիմքում ընկած գրության մեջ ներառված են իր և իր ընտանիքի անդամների (այդ թվում՝ կնոջ, եղբոր և հորեղբոր որդու) բանկային գաղտնիք կազմող մանրամասն տեղեկություններ՝ 2006-2024 թվականների ամբողջ ժամանակահատվածի վերաբերյալ։
Սակայն դրանք օրինական որևէ ճանապարհով Ոստիկանությանը հասանելի դառնալ չէին կարող։
Բանն այն է, որ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի համաձայն՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթ կարող է հարուցվել կա՛մ քրեական գործի առկայությամբ, կա՛մ օպերատիվ-հետախուզական գործունեության (ՕՀԳ) արդյունքում։
Սաքապետոյանի նկատմամբ, սակայն, քրեական հետապնդում չի իրականացվել, ինչը նշանակում է, որ տվյալների հավաքագրումը պետք է տեղի ունենար բացառապես օպերատիվ հետախուզական գործունեության շրջանակներում։ Սակայն «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքով` բանկային գաղտնիք կազմող տեղեկությունների ստացումը պահանջում է դատարանի որոշում։ Դատարան միջնորդություն ներկայացնելու համար էլ իր հերթին հիմք կարող է լինել միայն անձի՝ ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության մեջ կասկածվելը քրեական վարույթի շրջանակներում։
Մասնավորապես՝ «Օպերատիվ հետախուզական գործունեության» մասին օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասով սահմանվում է․
1․Օրենքով նախատեսված դեպքերում և կարգով կարող են անցկացվել օպերատիվ-հետախուզական հետևյալ միջոցառումները.
1) օպերատիվ հարցում.
2) օպերատիվ տեղեկությունների ձեռքբերում.
3) համեմատական հետազոտումների նմուշների հավաքում.
4) հսկիչ գնում.
5) վերահսկելի մատակարարում և գնում.
6) իրերի և փաստաթղթերի հետազոտում.
7) արտաքին դիտում.
8) ներքին դիտում.
9) անձի նույնացում.
10) շենքերի, կառույցների, տեղանքի, շինությունների և տրանսպորտային միջոցների հետազոտում.
11) նամակագրության, և այլ ոչ թվային հաղորդակցության վերահսկում.
12) թվային, այդ թվում՝ հեռախոսային հաղորդակցության վերահսկում.
13) օպերատիվ ներդրում.
14) օպերատիվ փորձարարություն.
15) ֆինանսական գործարքների վերահսկում։
Նույն օրենքի 34-րդ հոդվածով սահմանվում է․
- Սույն օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ, 11-րդ, 12-րդ, 15-րդ և 16-րդ կետերով նախատեսված օպերատիվ-հետախուզական միջոցառումները, ինչպես նաև արտաքին դիտում օպերատիվ-հետախուզական միջոցառումը, եթե արտաքին դիտման արդյունքների ամրագրումն առանց տեխնիկական միջոցների օգտագործման հնարավոր չէ, և անձը (անձինք), որի (որոնց) նկատմամբ իրականացվում է արտաքին դիտումը, ողջամտորեն չէր (չէին) կարող ենթադրել դրա անցկացման հնարավորության մասին, ապա կարող են անցկացվել միայն դատարանի թույլտվությամբ:
Այսինքն՝ Ֆինանսկան գործարքների վերահսկում օպերատիվ հետախուզական միջոցառում (ՕՀՄ) հնարավոր է իրականացնել միայն դատարանի թույլտվությամբ։
«Օպերատիվ հետախուզական գործունեության» մասին օրենքի 31-րդ հոդվածի 4-րդ մասով էլ սահմանվում է․
- Սույն օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ, 11-րդ, 12-րդ և 15–րդ կետերով նախատեսված օպերատիվ-հետախուզական միջոցառումները կարելի է անցկացնել միայն այն դեպքերում, երբ առերևույթ առկա են հիմքեր՝ կասկածելու, որ անձը, որի նկատմամբ պետք է դրանք անցկացվեն, կատարել է ծանր կամ առանձնապես ծանր հանցագործություն և այլ եղանակով օպերատիվ-հետախուզական միջոցառումն անցկացնող մարմնի կողմից սույն օրենքով իր վրա դրված խնդիրների իրականացման համար անհրաժեշտ տեղեկատվության ձեռքբերումը ողջամտորեն անհնարին է:
Այսինքն՝ Ֆինանսական գործարքների վերահսկում հնարավոր է իրականացնել անձի նկատմամբ միայն այն դեպքում, երբ նա կասկածվում է ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության կատարման մեջ, ընդ որում՝ միայն դատարանի թույլտվությամբ։
Ստացվում է՝ ծանր կամ առնաձնապես ծանր հանցագործության մեջ չմեղադրվող անձի բանկային տվյալներին Ոստիկանության աշխատակիցը որևէ օրինական եղանակով հասանելիություն ունենալ չէր կարող։ Իսկ Արմեն Սաքապետոյանը ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության մեջ չի կասկածվել, հետևաբար դատարանի թույլտվությամբ, օրինական եղանակով ՕՀՄ իրականացնող մարմնին հասանելի չէին կարող դառնալ նրա բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները:
Մնում է մեկ տարբերակ․ բանկերը կամ Կենտրոնական բանկը, որոնք պարտավոր են պահպանել անձի բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները, թուլ են տվել արտահոսք։
Ով է թույլ տվել արտահոսքը
Պարզելու համար, թե ինչպես են արտահոսել իր և ընտանիքի բանկային գաղտնիք համարվող տեղեկությունները՝ Սաքապետոյանը գրություններ է ուղարկել ՀՀ-ում գործող բոլոր բանկերին: Բանկերը գրավոր պատասխանել են, որ ուղղակիորեն կամ Կենտրոնական բանկի միջոցով որևէ տվյալ չեն փոխանցել, որից հետո Սաքապետոյանը հարցում է ուղարկել Կենտրոնական բանկ։
Հարցմամբ գործարարը հայցել է հետևյալ հարցերի պատասխանները.
1․ Արդյոք ՀՀ կենտրոնական բանկի կողմից նշված ժամանակահատվածում որևէ գործընթացի կամ վարույթի շրջանակներում ՀՀ բանկերից հավաքագրվել է նշված անձանց վերաբերյալ որևէ տեղեկություն։ Եթե այո, ապա ի՞նչ վարույթի կամ ՀՀ կենտրոնական բանկի ո՞ր գործառույթի շրջանակներում է այն իրականացվել։
2․ Արդյոք ՀՀ Կենտրոնական բանկի կողմից որևէ գործառույթի կամ վարույթի շրջանակներում հավաքագրված տեղեկությունների արտահոսքը կարող էր լինել ՀՀ կենտրոնական բանկի որևէ աշխատակցի կողմից, թե՝ ոչ։
3․ Եթե ՀՀ կենտրոնական բանկի կողմից նշված ժամանակահատվածում որևէ գործըթնացի կամ վարույթի շրջանակներում ՀՀ բանկերից չի հավաքագրվել նշված անձանց վերաբերյալ որևէ տեղեկություն․ ապա խնդրում եմ ՀՀ օրենսդրությամբ ՀՀ կենտրոնական բանկին վերապահված լիազորությունների շրջանակներում հարուցել համապատասխան վարույթ, իրականացնել բանկային գաղտնիք կազմող տեղեկությունների զանգվածային արտահոսքի վերաբերյալ պատշաճ քննություն և վարչարարություն, բացահայտել «Բանկային գաղտնիքի մասին» օրենքի կոպիտ խախտման բոլոր հանգամանքները և իրավասու անձանց կամ բանկերին ենթարկել ՀՀ օրենսդրությամբ սահմանված պատասխանատվության։
Արմեն Սաքապետոյանը մեզ հետ զրույցում նշեց, որ Կենտրոնական բանկը տևական ժամանակ պատասխանը ձգձգելուց հետո օրերս պատասխանել է իրեն՝ նշելով, որ տեղեկություններ տրամադրում է բացառապես օրենքով սահմանված դեպքերում (Փողերի լվացման դեմ պայքարի, քրեական դատավարության օրենսգրքի շրջանակներում և այլն) և հերքել է ոչ ֆորմալ արտահոսքի հնարավորությունը։
Կենտրոնական բանկը խուսափել է հստակեցնել, թե կոնկրետ որ վարույթի շրջանակներում են տրամադրվել տվյալները՝ առաջարկելով դիմել տեղեկատվությունը ստացող մարմնին (Ոստիկանությանը)։
Սաքապետյանի գնահատմամբ՝ ԿԲ-ն չի մանրամասնում տրամադրման իրավական հիմքերը, քանի որ գործընթացն իրականացվել է օրենսդրական կարգավորումների շրջանցմամբ։
Սաքապետոյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
Սաքապետոյանը չի բավարարվել Կենտրոնական բանկից պատասխաններ պահանջելով: Նա նաև Հակակոռուպցիոն կոմիտե հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել, քանի որ օրենքի խախտմամբ բանկային գաղտնիք կազմող տեղեկություններ հավաքագրելն ու հրապարակելն առաջացնում է քրեական պատասխանատվություն։ Քննիչը, դատախազը, իսկ այնուհետև նաև դատարանները մերժել են քրեական գործի հարուցումը՝ Սաքապետոյանի փաստարկները որակելով որպես «ենթադրություններ»։
Հետաքրքիր է այն հանգամանքը, որ Քրեական դատավարության օրենսգրքով քրեական վարույթ նախաձեռնելու շեմը էականորեն ցածր է: Ներկայացված հաղորդումն ակնհայտորեն պետք է հանցանքի մասին չլինի, որպեսզի քննիչը կարողանա վարույթ չնախաձեռնելու արձանագրություն կազմել, սակայն, փաստացի, Սաքապետոյանի կողմից առերևույթ հանցանքի մասին փաստարկները բավարար չեն գնահատվել՝ վարույթ նախաձեռնելու համար: Գործարարը երկու դատարաններում բողոքարկել է վարույթ չնախաձեռնելու արձանագրությունը, և բողոքարկման ընթացքում առաջացել է հետաքրքիր իրավիճակ. Ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Արղամանյանը բանավոր ընթացակարգով նիստ հրավիրելուց հետո դիրքորոշում է հայտնել, որ դիմումը պետք է վերահասցեագրվի Հակակոռուպցիոն դատարան: Իսկ Հակակոռուպցիոն դատարան ուղարկված դիմումը ուղարկվել է Ընդհանուր իրավասության դատարան: Երկու դատարաններն էլ մերժել են բողոքները:
Ուշացած արդարադատություն կամ վարույթ՝ առանց հիմքերի օրինականությունը ստուգելու հնարավորության
Այսպիսով՝ իրավապահ մարմինները հրաժարվում են պարզել, թե ով է թույլ տվել արտահոսքը, դատարանները չեն բավարարում իրավապահների որոշումների դեմ բերված բողոքները: Արմեն Սաքապետոյանն այս համատեքստում ևս մեկ կարևոր հարց է բարձրացնում. ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի հիմքերը դառնում են անստուգելի բոլոր կողմերի համար:
Մասնավորապես՝ «Օպերատիվ հետախուզական գործունեության» մասին օրենքի 36-րդ հոդվածում առկա է կարգավորում, ըստ որի՝ անձը կարող է իր նկատմամբ իրականացված ՕՀՄ-ների արդյունքներին ծանոթանալ միայն ապօրինի գույքի բռնագանձման վարույթի ավարտից (դատարանի վճռի ուժի մեջ մտնելուց) հետո։ Սաքապետոյանը սա ուշացած արդարադատություն է որակում: Ստացվում է՝ ենթադրյալ ապօրինի գույքի բռնագանձման գործի քննության ամբողջ ընթացքում վարույթի հիմքերն անստուգելի են թե՛ պատասխանողի, թե՛ դատախազի, և թե՛ դատարանի համար։
Սահմանադրական դատարանի որոշումից հետո Սաքապետոյանի վերաբերյալ հայցապահանջը ոչ թե նվազել, այլ մեծացել է
Ենթադրյալ ապօրինի գույքի ուսումասիրության համար առավելագույն ժամկետը 3 տարի է: Սաքապետոյանի և ընտանիքի վերաբերյալ 2021-ից 2024-ը ուսումնասիրություն է իրականացվել և 2024-ի ապրիլին ներկայացվել է 1 մլրդ 600 մլն դրամի նախնական պահանջ: Օրենքով սահմանված մեկամսյա ժամկետում Սաքապետոյանը Դատախազություն է ներկայացրել 112 փաստաթղթից կազմված պատասխան: Դատախազությունը, սակայն, դրանք չի վերլուծել այն պատճառաբանությամբ, որ մոտենում է ուսումնասիրության համար սահմանված եռամյա ժամկետի ավարտը: Ուստի՝ Դատախազությունը դատարան է ներկայացրել նախնական մեծ գումարի չափով հայցապահանջ՝ խոստանալով այն վերանայել դատական քննության ընթացքում:
8 ամիս տևած քննությունից հետո 2024 թվականի նոյեմբերի 11-ին, Դատախազությունը հայցապահանջը նվազեցրել է՝ դարձնելով 300 միլիոն դրամ։ Այնուհետև Սահմանադրական դատարանը կայացրել է որոշում, համաձայն որի՝ եթե վարույթը հարուցվել է օպերատիվ-հետախուզական միջոցառումների հիմքով, ուսումնասիրությունը չի կարող հետ գնալ անձի հայտարարատու պաշտոնը զբաղեցնելու ժամանակից: Արմեն Սաքապետոյանը 2016-ից է ՊԵԿ-ում պաշտոն զբաղեցրել, մինչդեռ նրա վերաբերյալ նախնական ուսումնասիրությունը ներառում էր մինչև 2006 թվականի ժամանակահատվածը: Սահմանադրական դատարանի որոշումից հետո հայցապահանջը նվազեցվել է ևս 100 մլն դրամով՝ հասնելով 200 մլն դրամի:
Սակայն Սահմանադրական դատարանի որոշումից կարճ ժանանակ անց Դատախազության ապօրինի գույքի բռնագանձման վարչության գրեթե ամբողջ կազմը փոփոխության ենթարկվեց: Այս վարչությունում աշխատող դատախազները հրաժարականի դիմումներ ներկայացրին, ու նրանց փոխարեն նշանակվեցին նոր անձինք։ Այդ պահից սկսած՝ Սաքապետոյանի և ընտանիքի վերաբերյալ հացապահանջը շեշտակի աճել է: Դատախազությունից պարզաբանել են, թե նոր կազմը վերահաշվարկ է կատարել և գործով հայցապահանջը մեծացել է՝ հասնելով 1 միլիարդ 200 միլիոն դրամի:
Սաքապետոյանն ասում է՝ ինքն ու ընտանիքի անդամները պարտաստ են հրապարակել իրենց վերաբերյալ ցանկացած տվյալ, քանի որ «հանրությունից թաքցնելու և վախենալու ոչինչ չունեն»:
Նշենք, որ Օպերատիվ հետախուզական գոծունեության, ապօրինի գույքի բռնագանձման վարույթի օրինականության և բարձրացված այլ հարցերի պատասխանատուն Դատախազությունն է, սակայն կառույցից հրաժարվել են պարզաբանումներ ներկայացնել բարձրացված հարցերի վերաբերյալ՝ միայն նշելով, որ Արմեն Սաքապետոյանի կողմից ներկայացված հանցագործության մասին հողորդման առթիվ վարույթ չի նախաձեռնվել:
Արաքս Մամուլյան

