Ռուսական բազան կհեռանա՞ ՀՀ-ից․ Պուտինը բացեց թեման, Փաշինյանն արձագանքեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
03.09.2026 | 21:14Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազան դուրս կբերվի՞ Հայաստանից։ Բիշքեկում Նիկոլ Փաշինյան-Վլադիմիր Պուտին հանդիպումից հետո թեմային ասուլիսի ժամանակ անդրադարձել է Ռուսաստանի նախագահը։
«Եթե Հայաստանը համարում է, որ ռուսական բազան Հայաստանին պետք չէ, մենք կհեռանանք թեկուզ վաղը։ Դե, Հայաստանը պատրա՞ստ է դրան։ Խնդրեմ։ Մենք ոչինչ ոչ մեկին չենք պարտադրելու։ Իսկ եթե հայ ժողովուրդը ուզում է, որ այնտեղ լինի ինչ-որ ռազմական ռուսական թև կողքին, կմնանք, կաշխատենք, կհամագործակցենք», – ասել է Պուտինը։
Փաշինյանն այսօր ևս, ասուլիսի ձևաչափում, անդրադարձել է Պուտինի հայտարարությանը։ Ուշագրավ է, որ երկու երկրների ղեկավարների երկկողմ հանդիպման ընթացքում, Փաշինյանի խոսքով, ռազմաբազայի թեման չի քննարկվել։
«Այնպես էլ չի, որ մենք համարում ենք, որ 102-րդ ռազմաբազայի ներկայությունը Հայաստանի տարածքում կենսական անհրաժեշտություն է։ Եթե Ռուսաստանը որոշի դուրս բերել ռազմաբազան Հայաստանի Հանրապետությունից, մենք չենք առարկի։ Բայց եթե ցանկություն արտահայտեն մնալու, մենք պատրաստ ենք նաև դա քննարկել», – նշել է Փաշինյանը։
Մինչ երկու երկրների ղեկավարները հարցը դիվանագիտական ձևակերպումներով քննարկում են հեռակա կարգով, Հայաստանում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներն ու իրավապաշտպանները հիշեցնում են, որ տարիներ շարունակ բարձրաձայնել են ռուսական ռազմաբազան Հայաստանից դուրս բերելու անհրաժեշտության մասին։
«Ռազմաբազան Հայաստանի համար որևէ կերպ ունի հիմնավորվածություն, քանի դեռ Հայաստանը կմնա Ռուսաստանի ենթակայության պետություն։ Ամբողջ իմաստը դրանում է։ Իսկ արդյո՞ք կարող ենք համարել, որ դա անհրաժեշտություն է՝ ո՛չ։ Եթե Հայաստանը որոշում է ինքնուրույն քաղաքականություն իրականացնել, ինքնիշխան, ավելի ճիշտ՝ ինքնիշխան քաղաքականություն, ապա, բնականաբար, ռազմաբազան որևէ նշանակություն չպետք է ունենա, չի տեղավորվում», – նշում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը։
Ռուսական 102-րդ ռազմաբազան ստեղծվել է 1994 թվականի սեպտեմբերի 1-ին՝ Անդրկովկասյան ռազմական օկրուգի 127-րդ մոտոհրաձգային դիվիզիայի հիման վրա։
1995 թվականի մարտի 16-ին Մոսկվայում Ռուսաստանի և Հայաստանի նախագահներ Բորիս Ելցինն ու Լևոն Տեր-Պետրոսյանը պայմանագիր են ստորագրել Հայաստանում 25 տարի ժամկետով ռուսական ռազմակայան ստեղծելու մասին։
2010 թվականի օգոստոսին՝ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի՝ Հայաստան կատարած պետական այցի ընթացքում, ստորագրվել է N5 արձանագրությունը, որով երկարաձգվել է 1995 թվականի հայ-ռուսական պայմանագրի գործողության ժամկետը։ Դրա համաձայն՝ ռուսական ռազմակայանը Գյումրիում կտեղակայվի մինչև 2044 թվականը։
Պայմանագրով ռուսական կողմը պարտավորություն է ստանձնել համատեղ ապահովելու Հայաստանի ռազմական անվտանգությունը և աջակցելու հայկական զինված ուժերի՝ արդիական զինատեսակներով համալրմանը։
Սակայն, ըստ Արթուր Սաքունցի, ռազմաբազայի ներկայությունն ու դրա շուրջ ձևավորված պայմանագրային պարտավորությունները չեն արդարացրել իրենց առջև դրված նպատակները։
«Ռուսական բազայի օգտակարության մասին խոսելը խիստ ավելորդ է։ Փաստ է, որ կա ռուսական բազա Հայաստանի տարածքում, բայց դրա հետ Հայաստանի Հանրապետության տարածքի օկուպացիա կա Ադրբեջանի կողմից։ Ես չեմ խոսում ՀԱՊԿ-ի մասին, ես խոսում եմ հենց երկկողմանի ռազմավարական դաշնակցության պայմանագրի մասին, պարտավորությունների մասին։ Այդ երկու փաստերը համադրելուց հետո, եթե կա որևէ ողջամիտ կարծիք, թե ռուսական բազան որևէ օգուտ տվել է, թե ոչ, ապա պետք է, ցավոք սրտի, հիասթափեցնեմ, որովհետև չկա այդպիսի որևէ փաստարկ», – նշում է Սաքունցը։
Ռուսական ռազմաբազայի տարածքը վարձակալվում է առանց վարձավճարի, իսկ դրա գործունեությունը մասամբ ֆինանսավորվում է նաև Հայաստանի պետական բյուջեի միջոցներով։ Ռազմաբազայում ծառայողների հստակ թիվը գաղտնի է պահվում, սակայն տարբեր տեղեկությունների համաձայն՝ խոսքը մի քանի հազարի մասին է։
Ռուսական ռազմաբազայի դուրսբերման գաղափարին տարիներ շարունակ դեմ է արտահայտվել նաև ընդդիմությունը՝ այն դիտարկելով որպես Հայաստանի անվտանգությանը սպառնացող նոր ռիսկեր առաջացնող քայլ։
«Ռազմաբազան, ընդհանրապես ռուսական այլ ռազմական ներկայությունը Հայաստանից դուրս բերելը մեր պետության առջև կանգնեցնելու է նոր անվտանգային սպառնալիքների առջև։ Հայաստանի սահմանն է հիմա, որը հսկում են ռուս սահմանապահները հայ սահմանապահների հետ միասին, բայց պայմանագրաիրավական իմաստով ամրագրումը դա ԽՍՀՄ-ի և Թուրքիայի միջև կնքված սահմանն է, որի իրավահաջորդությունը հիմա իրավաբանորեն Ռուսաստանին է պատկանում, որովհետև Հայաստանի իշխանություններին մինչև հիմա չի հաջողվել Թուրքիայի հետ և Իրանի հետ կնքել առանձին պետական սահմանի մասին համաձայնագրեր», – FactorTV-ի տաղավարում ասել էր ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը։
Գյումրիի «Ասպարեզ» մամուլի ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը, անդրադառնալով հանրության շրջանում տարածված այն տեսակետին, թե ռուսական ռազմաբազան կարող է պաշտպանել Հայաստանը, օրինակ՝ Թուրքիայի հնարավոր հարձակման դեպքում, նշում է, որ նման պնդումները չեն համապատասխանում ռազմական իրողություններին։
«Լսել եմ մինչև 5000 հոգի զորքի մասին, հիմա 2000-3000 են ասում, կեսին տարել են Ուկրաինա։ 5000 հոգի և թուրքական բանակը՞, համեմատո՞ւմ եք իրար, թվեր բերե՞մ զինտեխնիկայի և այլն։ Այսինքն՝ ոչ մի տրամաբանությամբ Թուրքիայի հարձակման դեպքում Ռուսաստանի այստեղ եղած բազան չի կարող փրկել ոչ Գյումրին, ոչ ՀՀ-ն», – ասել է Բարսեղյանը։
Մինչ կողմերը շարունակում են բանավիճել ռուսական ռազմաբազայի անհրաժեշտության և Հայաստանի անվտանգային համակարգում դրա դերի շուրջ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները մատնանշում են նաև ռազմաբազայի հետ կապված տարիների ընթացքում արձանագրված աղմկահարույց դեպքերը՝ ոչ սթափ վիճակում շուկայում անկանոն կրակոցներից մինչև Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամների սպանությունը։
Ռուսական ռազմաբազայի ապագայի հարցը, այսպիսով, շարունակում է մնալ Հայաստանի անվտանգային և արտաքին քաղաքական օրակարգի վիճահարույց թեմաներից մեկը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Ռոզա Վարդանյան

