Առանց ՇՄԱԳ փորձաքննության․ ինչ սառեցման համակարգով է աշխատում Firebird-ի AI գործարանը և որքան էներգիա է սպառելու

Լուրեր

12.08.2026 | 19:36
Ռուսական «ստվերային նավատորմի» նավից արտահոսած նավթը հասել է Օմանի ափ
12.08.2026 | 19:20
Երևանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել. ՍԱՏՄ
12.08.2026 | 19:06
Զելենսկին շնորհավորել է Փաշինյանին
12.08.2026 | 19:00
Առանց ՇՄԱԳ փորձաքննության․ ինչ սառեցման համակարգով է աշխատում Firebird-ի AI գործարանը և որքան էներգիա է սպառելու
12.08.2026 | 18:49
Եղեգնաձորում տան կորցրած բանալին գտած աղջիկը երեք անգամ գումար է գողացել․ ՆԳՆ
12.08.2026 | 18:35
Ռոնալդուն աջակցել է Մեսիին
12.08.2026 | 18:27
Արամ Վարդևանյանը չկարողացավ զսպել ծիծաղը․ Ռուբինյանը դիտողություն արեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.08.2026 | 18:18
Ինչպես է ապահովագրության համակարգը գործելու 200 հազարից ցածր աշխատավարձ ստացողների համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.08.2026 | 18:10
Ընդդիմադիր ուժերի միջև քննարկումները շարունակվում են // Թուրքիայում հայկական եկեղեցի են վերականգնում․ ԼՈՒՐԵՐ
12.08.2026 | 18:01
1,2 մլրդ դրամի թմրամիջոցների մաքսանենգության գործով 3 անձ կալանավորվել է. ՔԿ
12.08.2026 | 17:54
Թուրքիայում ուսումնական թռիչքի ժամանակ F-16 օդանավ է կործանվել
12.08.2026 | 17:44
Հարցն անձնական վիրավորանք եմ ընդունում, չեմ պատասխանում․ Հայկ Ֆարմանյանը՝ Վիլեն Գաբրիելյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.08.2026 | 17:35
Կադիրովը հրաժարվել է չեչեններին ուղարկել Ուկրաինա կռվելու՝ հանուն Կրեմլի «ռուսական խաղաղության»․ The Economist
12.08.2026 | 17:22
«Սան Պաուլուի» ավտոբուսն առգրավվել է 86 կգ մարիխուանա տեղափոխելիս
12.08.2026 | 17:15
Կիևյան կամրջի երթևեկելի հատվածը կբացվի նախատեսված ժամկետից ավելի շուտ. քաղաքապետարան
Բոլորը

Օգոստոսի 8-ին Հրազդանում տեղի ունեցավ «Firebird AI»-ի և տեխնոլոգիական հսկա NVIDIA-ի համագործակցությամբ կառուցված ԱԲ գործարանի պաշտոնական բացումը։ Բացման օրը, թերևս ոչ պատահականորեն, համընկավ ուղիղ մեկ տարի առաջ Վաշինգտոնում հայ-ադրբեջանական Խաղաղության գագաթնաժողովի և ԱՄՆ-ՀՀ համատեղ հռչակագրի ստորագրման ամսաթվի հետ։ Հենց 2025-ի օգոստոսի 8-ին էր ստորագրվել ԱՄՆ-ի և ՀՀ-ի կառավարությունների միջև փոխըմբռնման հուշագիրը ԱԲ-ի և կիսահաղորդիչների ոլորտում նորարարական գործընկերության մասին։  

Firebird-ի նախագիծը, սակայն, բնապահպանական և էներգետիկ ռիսկերի վերաբերյալ հարցեր էր առաջացրել դեռևս շինարարության մեկնարկից առաջ։ Քննարկումների կենտրոնում հարցն էր, թե նման խոշոր հաշվողական կենտրոնի աշխատանքի համար որքան էլեկտրաէներգիա և ջուր է անհրաժեշտ, և ինչ ազդեցություն կարող է այն ունենալ Հայաստանի բնական ռեսուրսների վրա։ 

Ինչ է առաջարկում Firebird-ը

«Firebird AI» տվյալների կենտրոնի շինարարական աշխատանքները մեկնարկեցին 2026-ի տարեսկզբին։ ԱԲ կենտրոնը ընդհանուր 200 000 մ²  տարածք է զբաղեցնելու։ Այժմ գործարկվել է Firebird-ի AI գործարանի առաջին փուլը՝ ավելի քան 500 մլն դոլար ներդրմամբ։ Այս փուլում այնտեղ կաշխատի ավելի քան 6,000 «NVIDIA Blackwell» GPU՝ 18 մեգավատ հզորությամբ և մինչև 110.6 էքսաֆլոպ (FP4 Tensor) հաշվողական հզորությամբ։ Ընկերությունը նախատեսում է տվյալների կենտրոնը ընդլայնել մինչև 2027 թվականի վերջ՝ հասցնելով ավելի քան 70 հազար GPU-ի և 300 ՄՎտ հզորության։ Ընկերության հայտարարության համաձայն՝ դա նախագիծը կդարձնի Եվրոպայի խոշորագույն AI ենթակառուցվածքային հարթակներից մեկը և աշխարհում AI հաշվարկային հզորությունների ամենանշանակալի կենտրոններից մեկը։ Firebird AI Factory նախագծի ընդհանուր ներդրումային ծավալը կազմելու է շուրջ 5 միլիարդ ԱՄՆ դոլար։ 

Սոցիալական հարթակներում օգտատերերի մտահոգությունների հիմնական մասը վերաբերում էր հարցին՝ որքան ջուր է օգտագործվելու գերհզոր համակարգերի սառեցման համար։ 

Արհեստական բանականության տվյալների կենտրոնի ՇՄԱԳ հաշվետվության մեջ, որում կա նաև Firebird ընկերության գործադիր մարմնի ղեկավար Ալեքսանդր Եսայանի ստորագրությունը, անդրադարձ է կատարվում հովացման համակարգին։ 

Ըստ այդմ՝ կենտրոնում նախատեսված է երկու տեսակի հովացման համակարգ։ Գրասենյակային հատվածը հովացվելու է Mitsubishi-ի VRF համակարգով, որում որպես սառեցնող նյութ օգտագործվում է ֆրեոնը։

Տեխնիկական սենյակները, որտեղ տեղակայվելու են սարքավորումները, հովացվելու են ջրային ֆանկոյլների միջոցով։ Այստեղ սովորական ջրի փոխարեն օգտագործվելու է պրոպիլեն գլիկոլի հիմքով հատուկ հեղուկ  (հովացնող/ջերմափոխադրող հեղուկի բաղադրիչ),  որը չիլերների միջոցով սառեցվելու է և շրջանառվելու է համակարգում։ Նշենք, որ չիլերային համակարգը մեծ շենքերի և տվյալների կենտրոնների սառեցման համակարգ է, որը ջերմությունը հեռացնում է սարքավորումներից և դուրս է բերում շենքից։ 

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից ավելի վաղ հայտնել են, որ փակ ցիկլի դեպքում ենթադրվում է, թե ջրի փոխարինում կպահանջվի մի քանի տարին մեկ անգամ։

Սառեցման համակարգի համար պատասխանատու է Vertiv ընկերությունը։ Այն մասնագիտացած է տվյալների կենտրոնների, այդ թվում՝ AI կենտրոնների հովացման համակարգերի ոլորտում։ 

Firebird AI գործարանի կառուցման ընթացքում նկարահանված տեսանյութերի ուսումնասիրությամբ Factor TV-ն պարզեց, որ այս դեպքում ներդրվել է Vertiv™ CoolLoop Trim Cooler տեսակի հովացման համակարգը։

Էկրանապատկերը՝ How2B-ի տեսանյութից
05.06.2026

Ըստ ընկերության պաշտոնական կայքի՝ այն կիրառում է ազատ հովացում (free cooling) և նախատեսված է բարձր խտության հաշվարկային միջավայրերի համար։ Ապահովում է 850 Վտ-ից մինչև 3 ՄՎտ հովացման հզորություն։  Օպտիմալացումը թույլ է տալիս տարեկան ապահովել մինչև 70% էներգիայի խնայողություն և անուղղակիորեն նվազեցնում է CO2e արտանետումները: 

Firebird-ը ՇՄԱԳ փորձաքննություն անցե՞լ է

Բնապահպանական կազմակերպությունների և անհատ բնապահպանների  մտահոգությունների շարքում է նաև այն հանգամանքը, որ Firebird-ի AI կենտրոնը ՇՄԱԳ-ի փորձաքննության դրական եզրակացություն չունի, թեև ընկերությունը կազմել է ՇՄԱԳ հաշվետվություն։ Փաստաթղթում արձանագրվում է, որ գործունեությունը ենթակա է ՇՄԱԳ փորձաքննության։ Ավելին, ընկերությունն ինքն է իր հաշվետվությունում նշում, որ 1500 քմ և ավելի վերգետնյա կառուցապատման մակերես ունեցող քաղաքաշինական օբյեկտները ենթակա են ՇՄԱԳ-ի, իսկ այս նախագիծը դասակարգվել է Բ կատեգորիայի և պետք է անցներ Բ կատեգորիայի ընթացակարգով։

«Համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի 12-րդ հոդվածի 4-րդ մասի 8-րդ կետի ա ենթակետի Քաղաքաշինության բնագավառում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության ենթակա են․ «Քաղաքաշինական գործունեության օբյեկտների կառուցում՝ 1500 քմ և ավելի, վերգետնյա ամենամեծ կառուցապատման մակերեսով կամ 2000 քմ և ավելի ստորգետնյա ամենամեծ կառուցապատման մակերեսով»։ 

Համաձայն Օրենքի 12-րդ հոդվածի 4-րդ մասի 8-րդ կետի ա ենթակետի՝ սույն նախատեսվող գործունեությունը ներառված է Բ կատեգորիայի մեջ և շրջակա միջավայրի գնահատման և փորձաքննության է ենթակա Բ կատեգորիայի ընթացակարգով»,- ասված է «ՖԱՅՐԲԸՐԴ» ՓԲԸ-ի կողմից Հրազդան համայնքի Հրազդան բնակավայրում արհեստական բանականության տվյալների կենտրոնի կառուցման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության մեջ։

Բ կատեգորիան ներառում է գործունեության այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են օրինակ էներգետիկայի բնագավառում գործունեություն ունեցող կենսագազի կամ կենսագազով էներգիայի արտադրությունը, հիդրոէլեկտրակայանները, հողմաէլեկտրակայանները և այլն։    

Շրջակա միջավայրի նախարարության կայքից տեղեկանում ենք, որ Firebird ընկերությունը ՇՄԱԳ հաշվետվության փորձաքննությունից հրաժարվել է։ 

«Համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին ՀՕ-150-Ն օրենքի և Կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N2343-Ն որոշման  հավելվածի՝ 2026 թվականի հունիսի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հրազդան բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում կայանալիք «ՖԱՅՐԲԸՐԴ» ՓԲԸ-ի կողմից ներկայացված Հրազդան համայնքի Հրազդան բնակավայրում արհեստական բանականության տվյալների կենտրոնի կառուցման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ 2-րդ հանրային լսումը չեղարկվել է, քանի որ Ընկերությունը գրավոր դիմել է լիազոր մարմին և հրաժարվել փորձաքննության ներկայացված փաթեթի փորձաքննական գործընթացից»,- հունիսի 18-ին այս հայտարարությունը հրապարակվել էր նախարարության կայքում:

Ստացվում է՝ ընկերության կողմից ներկայացված փաթեթի փորձաքննական գործընթացը դադարեցվել է, և տվյալ փուլում կենտրոնի վերաբերյալ ՇՄԱԳ-ի դրական եզրակացություն չի տրվել։

Factor TV-ն դիմել է Շրջակա միջավայրի նախարարություն՝ պարզելու, թե իրավական ինչ հիմքով է ընկերությունը հրաժարվել փորձաքննության ներկայացված փաթեթից, ինչ ընթացակարգով է նախարարությունը ընդունել այդ դիմումը։ Նախարարությունից նախ խոստացան պատասխանել մեր հարցերին, ապա առաջարկեցին գրավոր հարցում ուղարկել։   

Որքան էլեկտրաէներգիա է սպառելու տվյալների կենտրոնը

ԱԲ տվյալների կենտրոնի շուրջ քննարկումներում առանցքային էր նաև հարցը՝ ինչպիսի ծանրաբեռնվածություն է այն ավելացնելու ՀՀ էներգետիկ համակարգի վրա։ Նման հզոր կենտրոնների աշխատանքը կապված է մեծ ծավալի էլեկտրաէներգիայի սպառման հետ։ 

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը տարեսկզբին հայտնել էր, որ 2025 թվականին Հայաստանում արտադրվել է 9 միլիարդ 721 միլիոն կիլովատ/ժամ էլեկտրաէներգիա՝ 5.8 տոկոսով ավելի, քան նախորդ տարի։

Հիշեցնենք, որ առաջին փուլում Firebird-ը աշխատելու է 18 ՄՎտ հզորությամբ և ամբողջ տարին տեսական առավելագույն հզորությամբ աշխատելու դեպքում (8760 ժամ) տարեկան սպառումը կկազմի մոտ 157,6 միլիոն ԿՎտ/ժ։ Սա Հայաստանի՝ 2025 թվականին արտադրված էլեկտրաէներգիայի մոտ 1.6 տոկոսը կկազմի։

Միաժամանակ, Firebird-ը նախատեսում է մինչև 2027 թվականի վերջը կենտրոնի հզորությունը հասցնել 300 ՄՎտ-ի։ Եթե այդ ամբողջ հզորությունը ևս ամբողջ տարվա ընթացքում աշխատի, ապա տարեկան սպառումը տեսականորեն կկազմի մոտ 2.63 միլիարդ ԿՎտ/ժ։ Դա 2025 թվականին Հայաստանում արտադրված ամբողջ էլեկտրաէներգիայի շուրջ 27 տոկոսն է։

Էներգետիկ ենթակառուցվածքների համար պատասխանատու է ֆրանսիական Schneider Electric ընկերությունը։ Այն ապահովում է տվյալների կենտրոնի էլեկտրամատակարարման և էներգիայի կառավարման համակարգերը՝ ներառյալ անխափան սնուցման սարքերը (UPS), էլեկտրաէներգիայի բաշխման համակարգերը և դրանց մշտադիտարկումը։ Ընկերության EcoStruxure համակարգը թույլ է տալիս իրական ժամանակում հետևել էներգիայի սպառմանը և կառավարել ենթակառուցվածքի աշխատանքը։

2025-ի օգոստոսի 8-ին ՀՀ վարչապետի և ԱՄՆ նախագահի միջև ստորագրված փաստաթղթերից մեկն էլ Հայաստանի և ԱՄՆ միջև էներգետիկ անվտանգության ոլորտում գործընկերության մասին փոխըմբռնման հուշագիրն է, որով, ըստ Փաշինյանի, ԱՄՆ-ն պատրաստակամություն էր հայտնել Հայաստանի հետ կիսվելու միջուկային տեխնոլոգիաներով։

ԱՄՆ առաջարկները վերաբերում են փոքր մոդուլային միջուկային կայաններին։ Դրանք մինչև 300 մեգավատտ հզորությամբ կայաններ են, որոնք կարող են հաջորդաբար տեղադրվել իրար հարևանությամբ և զբաղեցնել ավելի քիչ տարածք, քան ավանդական միջուկային կայանները։ Այս տարվա փետրվարին՝ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան այցի ժամանակ, ստորագրվել է հայ-ամերիկյան հայտարարություն միջուկային էներգիայի ոլորտում համագործակցության վերաբերյալ։

Այս համատեքստում ուշագրավ է, որ Firebird AI ընկերությունն առաջին անգամ հայտնվել է Հայաստանի 1000 խոշոր հարկատուների ցանկում։ 2026 թվականի առաջին 6 ամիսներին ընկերությունը ՀՀ պետական բյուջե է վճարել 823 միլիոն դրամ հարկ՝ մոտ 2.2 միլիոն դոլար։

Անի Թամրազյան