Ռուբիոյի այցը և մոդուլային ատոմակայանի շուրջ քննարկումները․ ինչ պետք է իմանալ
Քաղաքականություն
26.05.2026 | 13:49
Հայաստանում մոդուլային ատոմակայանի հնարավոր կառուցման մասին քննարկումները լրացուցիչ ակտիվացել են վերջին օրվա ընթացքում, երբ հայտնի է դարձել, որ Հայաստան է այցելում ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ ԱՄՆ-ն այն պետություններից մեկն է, որ Հայաստանին առաջարկում է իր քաղաքացիական միջուկային տեխնոլոգիաները, բայց այն միակը չէ։
ԱՄՆ առաջարկները, սակայն, վերաբերում են հենց փոքր մոդուլային միջուկային կայաններին։ Դրանք մինչև 300 մեգավատտ հզորությամբ կայաններ են, որոնք կարող են հաջորդաբար տեղադրվել իրար հարևանությամբ և զբաղեցնել ավելի քիչ տարածք, քան ավանդական միջուկային կայանները։
Այս տարվա փետրվարին՝ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան այցի ժամանակ, ստորագրվեց հայ-ամերիկյան հայտարարություն միջուկային էներգիայի ոլորտում համագործակցության վերաբերյալ։ Արարողության ժամանակ Վենսը հայտարարեց, որ երբ համագործակցությունը հաստատվի, դա նշանակելու է ամերիկյան մինչև 5 մլրդ դոլարի արտահանում Հայաստան և հետագայում նաև լրացուցիչ 4 միլիարդ դոլարի երկարաժամկետ աջակցություն վառելիքի և սպասարկման պայմանագրերի միջոցով։
Այս գումարները, ենթադրաբար, վերաբերում են հենց փոքր մոդուլային կայանների ներմուծմանը, ինչպես նաև հետագայում դրանց համար միջուկային վառելիքի գնմանն ու կայանի սպասարկման ծախսերին։
Դրանից առաջ էլ 2025-ի օգոստոսին ՀՀ վարչապետի և ԱՄՆ նախագահի միջև ստորագրվել է Հայաստանի և ԱՄՆ միջև էներգետիկ անվտանգության ոլորտում գործընկերության մասին փոխըմբռնման հուշագիր, որով, ըստ Փաշինյանի, ԱՄՆ-ն պատրաստակամություն էր հայտնել Հայաստանի հետ կիսվելու միջուկային տեխնոլոգիաներով։
Ատոմային էներգիայի դերը Հայաստանում
Մինչ ամերիկյան հնարավոր ներդրումների իրականանալը, Հայաստանում էլեկտրաէներգիայի ամենամեծ արտադրողը Մեծամորի ատոմակայանն է, որ կառուցված է ավանդական տեխնոլոգիայով։ 2025 թվականի արդյունքներով Հայաստանում արտադրված ամբողջ էլեկտրաէներգիայի ուղիղ 30 տոկոսը հենց ատոմակայանի թողարկածն է։
Ապրիլի 1-ից Մեծամորի ատոմակայանը կանգ է առել երկարատև նորոգման՝ 5 ամիս։ Եվ այս ընթացքում էլեկտրաէներգիայի ինքնարժեքը բարձրացել է, քանի որ ատոմակայանը ամենաէժան էլեկտրաէներգիան է արտադրում։

Նկարում՝ Մեծամորի ատոմակայանը (հովացման աշտարակները)
Այս նորոգումը թույլ կտա Մեծամորի ատոմակայանի շահագործման ժամկետը երկարացնել մինչև 2036 թվականը։ Դրանից հետո, ըստ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, հնարավոր է շահագործման ժամկետը երկարացնել նաև մինչև 2046 թվականը։
Դրան ընդառաջ՝ Հայաստանի կառավարությունը արդեն տարիներ շարունակ քննարկումների մեջ է, թե ինչպիսի նոր ատոմակայան է ուզում կառուցել Հայաստանում։ Ուսումնասիրվում են ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Չինաստանի, Ռուսաստանի ու Հարավային Կորեայի կողմից առաջարկված տարբերակներ։
Այս թեմաներով քննարկումներն ավելացել են նախընտրական համատեքստում, իսկ վերջին մեկ օրվա ընթացքում սոցցանցերում արդեն մի քանի տասնյակ հրապարակում է եղել Հայաստանում փոքր մոդուլային ռեակտորի հնարավոր կառուցման և առհասարակ Հայաստանում միջուկային էներգետիկայի ապագայի վերաբերյալ։
Ամերիկյան փորձագետները ամիսներ առաջ Հայաստանի կառավարությանն են հանձնել փոքր մոդուլային ատոմակայան կառուցելու տեխնիկատնտեսական հիմնավորումների ոչ հրապարակային փաստաթուղթ։ Դրա կազմման փուլում ՀՀ կառավարության պահանջներից մեկը եղել է այն, որ երբ ատոմակայանի կառուցման ծախսը ներառվի էլեկտրաէներգիայի սակագնի մեջ, այդ սակագինը շատ չբարձրանա։
Փոքր մոդուլային կայանների առանձնահատկությունները
Դեռ 2024 թվականին Փաշինյանը հայտարարում էր, թե Հայաստանը պետք է ընտրի հենց մոդուլային ատոմակայանի տարբերակը՝ անվտանգության շեշտադրումով։
«Մենք պետք է ունենանք մոդուլային ատոմակայան, որ և՛ Հայաստանի ներսում, և՛ շրջակա երկրների համար այն որևէ կերպ չգնահատվի որպես սպառնալիք», – դեռևս 2024-ի սեպտեմբերին հայտարարել է Փաշինյանը։
Բայց հիմա իր հրապարակային ելույթներում էլ Փաշինյանը նշում է, որ իրենք խուսափում են այս հարցում քաղաքական որոշում ընդունելուց, քանի որ ցանկանում են տնտեսական որոշում ընդունել, և դրա համար պետք է գնահատել ծախսային կողմը։
Ցանկացած դեպքում, այդ որոշումը պետք է արագ ընդունվի, քանի որ նոր ատոմակայանի կառուցումը, ինչ տեսակի էլ այն լինի, կարող է 8-10 տարի տևել, իսկ ընթացիկ ընթացիկ աշխատանքները Մեծամորի ատոմակայանի աշխատանքը երկարացնելու են հենց 10 տարով։

Դա նշանակում է, որ այս կայանները կարող են արտադրվել առանձին մասերով, առաքվել այնտեղ, որտեղ պետք է տեղակայվի ատոմակայանը և հավաքվել այդտեղ։ Յուրահատկություններից մեկն էլ այս կայանների՝ ծավալով փոքր լինելն է, ինչը թույլ է տալիս դրանք տեղակայել դժվարամատչելի տեղերում, էլեկտրական ցանցի առավել անհասանելի հատվածներում և այլն։
Թերությունն այն է, որ այս պահին աշխարհում գործող մոդուլային կայանների թիվը մեծ չէ, և դրա կառուցման, շահագործման փորձն էլ, ըստ այդմ, մեծ չէ։ Միջուկային էներգետիկայի միջազգային գործակալության 2024 թվականի վերջի տվյալներով աշխարհում արդեն շահագործման հանձնված էին մեկական ռեակտորներ Ռուսաստանում և Չինաստանում, վերջինը՝ վերջրյա։
Նույն զեկույցում նշվում է, որ կառուցման փուլում մոդուլային ատոմակայաններ կան նաև Արգենտինայում, ԱՄՆ-ում, Չինաստանում, Կանադայում և Ռուսաստանում։ Մի շարք այլ երկրներ էլ, ինչպես Հայաստանը, դիտարկում ու հաշվարկում են նման կայաններ ստեղծելու տարբերակները։
Միջազգային մրցակցություն
Հայաստանին, ինչպես նշեցինք, նոր ատոմակայանի կառուցման առաջարկներ արել են նաև Ռուսաստանը, Չինաստանը, Ֆրանսիան և Հարավայիյն Կորեան։ Մրցակցությունը պայմանավորված է նաև նրանով, որ կառուցող կողմը ստանում է նաև տասնամյակներով միջուկային վառելիք մատակարարելու հնարավորություն։
Դա էլ նշանակում է, որ եթե ատոմակայանի որևէ տարբերակ ընտրվի, ապա դրանից կախված՝ ընտրվելու է նաև միջուկային վառելիքի մատակարար պետությունը, ինչը Հայաստանին որոշակի կախվածության մեջ է դնում մատակարար երկրից։ Այդ է պատճառը, որ Հայաստանին միջուկային կայանի տարբերակներ առաջարկելու թեման հիշատակվում է նաև ռուսական հիբրիդային գործողությունների Pravda ցանցի կայքերում՝ ռուսական կայանի տարբերակների շեշտադրմամբ։

Էլեկտրացանցի կարողությունները
Հայաստանում էլեկտրական ցանցի մաշվածությունը և ի սկզբանե եղած կարողությունների սահմանափակ լինելը կարող են խոչընդոտ լինել միանգամից մեծ հզորության ատոմակայան կառուցելու համար։ Ցանցը կառուցվել է եղած հզորությունների հաշվառմամբ, և դրանցից ավելի մեծ հզորությամբ կայանները կարող են չափազանց ծանրաբեռնել և շարքից դուրս բերել ցանցը։
Ըստ այդմ, կարող է դիտարկվել փոքր կայանների աստիճանական միացում ցանցին։ Դա նաև թույլ կտա ավելի մեծ ժամանակահատվածի վրա բաշխել կառուցման ծախսերը, ինչպես նաև նույնպիսի ժամկետի վրա բաշխել նաև կառուցման ծախսերի պատճառով էլեկտրաէներգիայի ինքնարժեքի վրա ազդեցությունները։
Համակցված ներդրումներ
Ե՛վ ցանցի, և՛ այլ պատճառներով էական է, թե որտեղ են տեղակայվելու նոր ատոմային կայանը կամ կայանները։ Ենթադրվում է, որ այս պահի համար դիտարկվել է հենց Մեծամորում մոդուլային փոքր կայանների հավաքումը, սակայն վերջնական որոշում չկա։
Մոդուլային կայանների նախագծեր ունեցողները դրանք առաջխաղացնում են նաև ոչ թե որպես ընդհանուր ցանցի մաս, այլ որպես առանձին խոշոր ենթակառուցվածքները սպասարկող կայան։ Օրինակ, դիտարկվում են տվյալների մշակման խոշոր կենտրոնների, «կանաչ» ջրածնի արտադրության և նմանատիպ իրավիճակներ։
Այսինքն, մոդուլային ատոմակայանը կարող է տեղակայվել այսպիսի ենթակառուցվածքների մոտ և արտադրված էլեկտրաէներգիան առաջնահերթ մատակարարել հենց այդ ենթակառուցվածքներին։ Այս տարբերակը կարող է դիտարկվել Հայաստանում ԱՄՆ օգնությամբ մյուս խոշոր ներդրման՝ տվյալների մշակման կենտրոնի հետ համատեղ։
Նույն տրամաբանության մեջ էր դիտարկվում նաև 2021 թվականին Փաշինյանի մեկ այլ հայտարարություն։ Նա պնդում էր, որ Գեոպրոմայնինգ ընկերության սեփականատերերից մեկն առաջարկել է Հայաստանում կառուցել պղնձաձուլարան, և դրան կից՝ նաև ատոմակայան։
Ըստ Փաշինյանի՝ կառավարության խնդիրն էր, որ մինչև 2025 թվականի հունիսը սկսվեր նոր պղնձաձուլարանի շինարարությունը: Ավելին, Փաշինյանը պնդում էր, որ պետք է փորձել անել այնպես, որ ատոմակայանի շինարարությունը պղնձաձուլարանի կառուցման հետ զուգահեռ տեղի ունենա:
Այսպիսով, Հայաստանն արդեն ստացել է մի քանի երկրներից ատոմակայան կառուցելու առաջարկներ, և այդ երկրները շահագրգռված են առաջխաղացնելու հենց իրենց առաջարկները։ Իշխանության խոսույթից նկատվում է, որ կա հակվածություն դեպի մոդուլային կայաններ, սակայն վերջնական որոշման մասին չի նշվում։
Մոդուլային կայանները ունեն կարևոր առավելություններ, որ կարող են տեղադրվել ավելի արագ, ավելի կոմպակտ են ու կարող են միացվել ցանցի տարբեր տեղերում։ Բայց ամենակարևոր թերությունն այն է, որ այս տեսակի կայանները զանգվածային շահագործում չեն անցել աշխարհում, և դրանց հետ աշխատանքի փորձը հարուստ չէ։
Գարիկ Հարությունյան