Ծավում, որտեղ խմելու ջրում սնդիկ էր հայտնաբերվել, ապօրինի հանքարդյունահանման գործ է բացահայտվել․ ՔԿ
Հասարակություն
05.10.2026 | 11:11
Քննչական կոմիտեն հայտնում է, որ Ծավ գյուղի խմելու ջրի ավազանի մոտակայքում գտնվող չշահագործվող հանքախորշերում երեք անձ ապօրինի լեռնահետախուզական և հանքարդյունահանման աշխատանքներ է իրականացրել։ Դեպքի վայրից հայտնաբերվել են նաև պայթուցիկ նյութեր և հանքաքարով լցված պարկեր։ Նրանցից մեկը կալանավորվել է։ Հիշեցնենք՝ սեպտեմբերին Ծավի խմելու ջրի նմուշներում սնդիկի պարունակությունը գերազանցել էր թույլատրելի շեմը, սակայն այս պահին ՔԿ-ն այդ երկու հանգամանքների միջև պատճառահետևանքային կապի մասին չի հայտնել։
ՔԿ-ի հաղորդագրությունը՝ ստորև․
«ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Ծավ գյուղի խմելու ջրի ավազանի մոտակայքում առկա չշահագործվող հանքախորշերից Վարդենիս քաղաքի բնակիչներ Լ.Ա.-ն, Կ.Մ.-ն և Հ.Մ.-ն, ձեռքի հորատման գործիքների միջոցով, ապօրինի իրականացրել են լեռնահետախուզական և հանքարդյունահանման աշխատանքներ:
Դեպքի վայրում խմելու ջրի ակունքից որոշակի հեռավորության վրա հայտնաբերվել և առգրավվել են հագուստներ, տարբեր շինարարական գործիքներ, պայթուցիկ նյութեր, պարկերով լցված հանքաքարեր:
Քրեական վարույթով կատարված մեծածավալ ապացուցողական և վարութային այլ գործողությունների, ինչպես նաև ՀՀ ԱԱԾ-ից ստացված տեղեկությունների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալների համակցությամբ քննիչի միջնորդությունների հիման վրա` հսկող դատախազի կողմից որոշում է կայացվել Կ.Մ.-ի, Հ.Մ.-ի և Լ.Ա.-ի նկատմամբ հարուցել հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 2-րդ մասով (ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը) և 383-րդ հոդվածի 1-ին մասով (ընդերքի պահպանման կամ օգտագործման պահանջները խախտելը):
Նրանցից մեկը կալանավորվել է:
Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է»:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 14-ին Factor.am-ը հայտնել էր, որ Ծավ բնակավայրի տարբեր կետերից վերցված ջրի նմուշների կրկնակի հետազոտությամբ սնդիկի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի շեմը։ Առաջին նմուշառումն իրականացվել էր այն բանից հետո, երբ բնակիչներից մեկը հայտնել էր իր տան ծորակից հոսող ջրում մետաղական զանգված նկատելու մասին։ Կրկնակի նմուշներ էին վերցվել չորս կետից՝ այդ թվում ջրաղբյուրից և բնակիչների ծորակներից, և կրկին արձանագրվել էր նույն շեղումը։ Առողջապահության նախարարությունը բնակիչներին հորդորել էր մինչև ջրի որակի վերականգնումը այն չօգտագործել խմելու և կենցաղային նպատակներով, իսկ պատկան մարմինները սկսել էին պարզել աղտոտման պատճառը։

