Սպիտակ տունը հայտարարել է, որ հետևում է Ռուսաստանում ժանտախտի մասին հաղորդումներին
Քաղաքականություն
05.10.2026 | 11:04
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը տեղյակ է Իրկուտսկի մարզում ժանտախտի ենթադրյալ բռնկման մասին: Այս մասին Axios-ին հայտնել է Սպիտակ տան ներկայացուցչը, փոխանցում է Meduza-ն։
Նրա խոսքով՝ Թրամփի վարչակազմը հետևում է իրավիճակի զարգացմանը և «գնահատում գործողությունների տարբերակները»։
Նշենք, որ Իրկուտսկի մարզի Շելեխով քաղաքի հիվանդանոցում մահացել է Իրկուտսկի ժանտախտի դեմ պայքարի ինստիտուտի աշխատակիցը։ Պաշտոնապես չհաստատված տվյալների համաձայն՝ նրա մոտ թոքային ժանտախտ է եղել։ Ըստ տեղեկությունների՝ ավելի վաղ նա կոտրել էր թոքային ժանտախտի հարուցիչ պարունակող փորձանոթը, ինչից հետո հոսպիտալացվել Շելեխովի հիվանդանոցում։
Ռոսպոտրեբնադզորը պնդում է, որ նրա մոտ եղել է «չպարզված էթիոլոգիայի թոքաբորբ»։
Իրկուտսկում մի քանի հիվանդանոցներում երեքշաբաթյա կարանտին է սահմանվել։ «Люди Байкала» լրատվամիջոցի՝ առողջապահության ոլորտում աշխատող աղբյուրի խոսքով՝ Իրկուտսկի բժիշկներն «արդեն բացահայտ խոսում են ժանտախտի մասին», սակայն պաշտոնական փաստաթղթերում այդ ախտորոշումը չի նշվում։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

