Հաշմանդամություն ունեցող կանանց դերը «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» օրակարգում. ինչպես են իրագործվում ՄԱԿ ԱԽ-ի բանաձևերը Հայաստանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
20.03.2026 | 21:30Չորս պատերազմ տեսած Մարալ Աղաջանյանն ամուսնու և չորս երեխաների հետ 2023 թվականին Արցախից բռնի տեղահանվել է։ Նոր Շահումյանից Գյումրի տեղափոխված աշխարհագրության ուսուցչուհին մանկավարժությամբ այլևս չի զբաղվում։ Բացատրում է՝ մասնագիտությամբ աշխատելը ծանր է։
«Ինձ համար դժվար է մտնել դպրոց, դասավանդել աշխարհագրություն, որտեղ չկա երկիրդ, դա իմ համար ցավ է։ Ես այդ սթրեսից դեռ դուրս չեմ եկել, իսկ մնացած բնագավառներում մտածում եմ, որ դիմեմ, գուցե և հաշմանդամություն ունեմ, ինձ մերժեն, գուցե և չմերժեն, բայց այդ վախն իմ մեջ կա»,- ասում է Մարալը:
Նա այժմ ձեռագործ իրեր է պատրաստում։ Մարալն «Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն հասարակական կազմակերպության շահառու կանացից մեկն է։ «Կանայք որպես խաղաղաշինության դեսպաններ» ծրագրի շրջանակում կազմակերպությունը համաժողով էր կազմակերպել՝ քննարկելու ՄԱԿ Անվտանգության խորհրդի «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» օրակարգի 24 75 բանաձևը, որը վերաբերում է հակամարտությունների պայմաններում և դրանց հաջորդով գործողություններում հաշմանդամություն ունեցող անձանց պաշտպանությանն ու աջակցությանը և 1325 բանաձևին, որի դրույթների իրականացման գործողությունների 2025-2027 ազգային ծրագիրը ՀՀ Կառավարությունն ընդունել է դեկտեմբերին։
«Խաղաղությունը սկսվում է նրանից, որ մենք սկսում ենք իրար լսել, հասկանալ մեկս մյուսի տարբերությունը և նաև ընդունենք, որ բոլորիս ձայնը կարևոր է, ու այս միջազգային փոխանակաման ծրագրերը, ինձ ոչ միայն փորձ տվեցին, այլ նաև ուժ և վստահություն, որ իմ ձայնը կարևոր է»,- ասում է «Ագաթ» ՀԿ նախագահ Կարինե Գրիգորյանը։
«Կանայք որպես խաղաղաշինության դեսպաններ» ծրագրի ղեկավար Լենա Հովհաննիսյանի խոսքով՝ իրենց ուսումնասիրությունը ցույց է տվել, որ հաշմանդամություն ունեցող կանայք ոչ միայն տեղյակ չեն այս բանաձևերի մասին, որոնք ուղղված են նրանց որոշումների կայացման գործընթացներում մասնակցության բարձրացմանը, աջակցությանն ու պաշտպանությանը, այլև շահակիրները բավարար ուշադրություն չեն դարձնում այս խմբի կարիքներին, և գործողությունների ազգային ծրագրում հաշմանդամություն ունեցող կանանց մասնակցության բաղադրիչը մասամբ է։
«Հարցումներ ենք ուղարկել պետական կառույցներին, որպեսզի հասկանանք, թե ինչ գործողություններ են իրականացրել նախորդ ազգային ծրագրում և արդյոք դրանում ներառված են եղել հաշմանդամություն ունեցող անձինք։ Այստեղ ևս շատ-շատ քիչ տոկոս են կազմել, և զարմանալին այն է, որ երբ մենք հարցումներ էինք ուղարկել նույն պարզագույն թաքստոցների հետ կապված, պատասխան էինք ստացել, որ դրանք մատչելի են բոլորի համար։ Այսինքն, այս պարագայում ևս հաշվի չի առնվել հաշմանդամություն ունեցող անձանց կարիքները»,- ասաց Հովհաննիսյանը։
Ծրագրի շրջանակում Վարդենիս համայնքի օրինակով իրականացվել է նաև պարզագույն թաքստոցների ուսումնասիրություն։ Վարդենիսն ընտրվել է որպես սահմանամերձ համայնք, որը հակամարտության ընթացքում ընդունել է ավելի քան 2000 տեղահանված անձանց Արցախից։
Հովհաննիսյանի խոսքով՝ ֆոկուս խմբային քննարկումները ցույց են տվել, որ համայնքում տեղահանվածների, հատկապես՝ հաշմանդամություն ունեցող անձանց կարիքները չեն ուսումնասիրվել և հասցեագրված չեն, իսկ որոշ համայնքներում նույնիսկ բացակայում են տվյալները նրանց թվի վերաբերյալ։
Պետական կառույցների և ՀԿ-ների ներկայացուցիչները պանելային քննարկման ընթացքում անդրադարձել են 1325 բանաձևի դրույթների իրականացմանը տարբեր մակարդակներում։ «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ ծրագրերի ղեկավար Անի Թովմասյանը նշեց, որ ազգային փաստաթղթերի իրականացումը ապահովելու համար կարևոր է դրանց արդյունավետ տեղայնացումը համայնքային մակարդակում։
«Տեղայնացումն իրականացրինք համաստեղծելով հենց տեղական ծրագրեր, որովհետև, ի սկզբանե, մեզ համար ևս շատ առաջնահերթ էր, որպեսզի բնակիչները և բոլոր խմբերը, այդ թվում և խոցելի խմբերը, հաշմանդամություն ունեցող կանայք ներգրավված լինեն գործընթացքում և փաստաթղթի մշակման փուլից սկսած»,- ասաց Թովմասյանը:
Բանաձևի դրույթները վերաբերում են ոչ միայն հակամարտությունների ընթացքին։ Այն հիմնված է 4 հիմնասյուների վրա, փաստաթղթերի մշակման գործընթացների մասնակցությունից բացի՝ կարևորվում է նաև կանանց նկատմամբ բռնության կանխարգելումը։ Հաշմանդամություն ունեցող կանանց նկատմամբ բռնության դեպքերը շատ են, արձանագրությունները՝ քիչ։
«Մեր նաև աջակցության ծրագրերը պետք է լինեն կարիքահեն, այսինքն, եթե օրինակ բռնության ենթարկված կինը x ծառայության կարիքը ունի, ապա բռնության ենթարկված հաշմանդամություն ունեցող կինը x+y գուցե ծառայության կարիքը ունի: Հետևաբար մեր աջակցության ծրագրերն էլ այդպես պետք է լինեն»,- նշեց ԱԺ պատգամավոր Զարուհի Բաթոյանը։
Պանելային քննարկման ժամանակ անդրադարձ է կատարվել նաև կիբերբռնությանը, ատելության խոսքին և քաղաքական մասնակցության պասիվության պատճառներին։ Քննարկումների ընթացքում ներկայացված կարծիքները և ավելի վաղ իրականացված մոնիթորինգի արդյունքները համադրելով՝ կազմակերպությունը հանդես է եկել խնդիրների լուծման առաջարկություններով։
«Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոնը հավատում է, որ խաղաղությունը միայն սահմանների խաղաղությունը չէ, այլ նաև ներքին խաղաղությունը, երբ անձը խաղաղ է իր միջավայրում և կարող է բարձրաձայնել իր խնդիրը։
«Կանայք որպես խաղաղաշինության դեսպաններ» ծրագրի նպատակն է՝ ուժեղացնել հաշմանդամություն ունեցող կանանց մասնակցությունը խաղաղաշինության, անվտանգության և որոշումների կայացման գործընթացներին՝ նրանց զինելով անհրաժեշտ գիտելիքներով և գործիքներով։
Ծրագիրը ֆինանսավորվում է Միացյալ Թագավորության միջազգային զարգացման աջակցության շրջանակում՝ ՄԹ կառավարության կողմից և իրականացվում է «Ագաթ» ՀԿ կողմից՝ «Ուժեղացնելով Արևելյան հարևանության դիմակայունությունը» ծրագրի ներքո, որը համակարգում է Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Անի Թամրազյան