Դավիթ Հարությունյանի կարգապահական գործով որոշումը  կհրապարակվի մարտի 12-ին

Լուրեր

27.10.2026 | 23:30
Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի դեսպանները քննարկել են Հարավային Կովկասի խաղաղության և կայունության ամրապնդման հարցերը
27.10.2026 | 23:17
Մթնոլորտում CO₂-ի կոնցենտրացիայի աճի տեմպը եռապատկվել է
27.10.2026 | 23:04
Շիկահողի արգելոցը վտանգված է ադրբեջանցիների կողմից. բնապահպան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 22:55
Մակրոնն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
27.10.2026 | 22:44
Այսօր դադարեցին ԱԺ֊ում իմ լիազորությունները. Լիլիթ Ստեփանյան
27.10.2026 | 22:30
ԵՄ սահմանային գործակալությունը «կմտնի» սոցցանցեր․ Եվրահանձնաժողովն առաջարկում է ընդլայնել Frontex-ի մանդատը
27.10.2026 | 22:19
Պուտինն Ադրբեջանը «Ռուսաստանի լավ գործընկեր» է անվանել
27.10.2026 | 22:06
Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գեղարդի վանական համալիր. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.10.2026 | 21:57
«Անկախ դիտորդը» ներկայացրել է ՏԻՄ ընտրությունների նախնական գնահատականը
27.10.2026 | 21:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.10.2026 | 21:29
Մոջթաբա Խամենեին կարևորել է պատերազմը դադարեցնելու համար Իրանի պայմանների կատարումը
27.10.2026 | 21:15
Երևանի ու Եղվարդի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
27.10.2026 | 21:00
Արգելված է եկեղեցու ինքնավարությանը միջամտելը․ քննիչ հանձնաժողով չէի ձևավորի, եթե ես լինեի պետական իշխանություն․ Անահիտ Մանասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹԹ
27.10.2026 | 20:49
Դեմոկրատները պահանջում են հետաքննել Թրամփի կապերն Էփշտեյնի հետ․ նոր զեկույցում ԱՄՆ նախագահի հասցեին սեռական բռնության նոր մեղադրանք կա
27.10.2026 | 20:41
Զելենսկին մանրամասներ է հայտնել Նորվեգիայի և Ֆինլանդիայի առաջնորդների՝ Պուտինի հետ ունեցած զրույցի վերաբերյալ
Բոլորը

Բարձրագույն դատական խորհուրդն այսօր հեռացավ խորհրդակցական սենյակ՝ Դավիթ Հարությունյանի կարգապահական գործով որոշում կայացնելու: Որոշումը հրապարակի մարտի 12-ին։

Հիշեցնենք, որ Բարձրագույն դատական խորհուրդը 2025 թվականի  դեկտեմբերի 12-ին վերացրել է Երևանի քրեական դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանի լիազորությունները դադարեցնելու, ինչպես նաև՝ նրա իրավունքների խախտման փաստն արձանագրող ՍԴ որոշումից հետո նրա գործը ԲԴԽ-ում չվերանայելու վերաբերյալ որոշումները:

Նույն օրվա որոշմամբ ԲԴԽ-ն գործով նիստ է նշանակել՝ քննելու Դավիթ Հարությունյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ արդարադատության նախարարի միջնորդությունը:

2023 թվականին Դավիթ Հարությունյանի նկատմամբ կարգապահական վարույթ էր հարուցվել լրատվամիջոցներին տված հարցազրույցի համար։ Այս շրջանում ԲԴԽ անդամ եղած Մեսրոպ Մակյանը Factor TV-ին և News.am-ին  տված հարցազրույցի ժամանակ խոսել էր այն մասին, որ ԲԴԽ-ում միանձնյա բացարձակ կոնսենսուս է։ Եվ լրատվամիջոցներին տված հարցազրույցի ընթացքում Դավիթ Հարությունյանն անդրադարձել էր Մակյանի խոսքին ու իր դատողություններն արել այն մասին, որ դրական երևույթ չէ, երբ ԲԴԽ 10 անդամ, որոնք տարբեր բուհերում ու տարբեր միջավայրերում իրավական կրթություն ստանալով միաձայն, բացարձակ կոնսենսուսով են որոշում կայացնում։

Բացի այդ՝ դատավորը նաև քննադատել է այն հանգամանքը, որ հարցազրույցին նախորդած ժամանակաշրջանում մոտ 2 տասնյակ դատավորի լիազորություն է դադարեցվել։

Նշենք, որ այս շրջանում օրենսդրական փոփոխությունների հետևանքով միանգամից դադարել էին տասնյակից ավելի դատավորների լիազորություններ, բացի այդ՝ ԲԴԽ-ն նաև կարգապահական գործերի շրջանակներում էր դադարեցնում դատավորների լիազորությունները, ընդ որում՝ սա այն շրջանում, երբ արդարադատության նախարարը Գրիգոր Մինասյանն էր, իսկ ԲԴԽ նախագահը՝ Կարեն Անդրեասյանը։

Ավելին, ԲԴԽ կազմում էին նաև Անդրեասյանի մտերիմ Երանուհի Թումանյանցը, սանիկ Քրիստինե Մկոյանը։

ԲԴԽ-ն Դավիթ Հարությունյանի գործը քննվել էր դռնփակ, նրան  հեռացրել էին դահլիճից, ապա ավարտել գործի քննությունը՝ անգամ նրա պաշտպաններին չթույլատրելով մուտք գործել դահլիճ։

Ավելին, երբ պաշտպանները փորձել էին մուտք գործել դահլիճ, կարգադրիչների պետն ասել էր, թե նիստն ավարտվել է, մինչդեռ հետագայում, ստանալով նիստի ձայնագրությունը, Դավիթ Հարությունյանը ֆիքսել էր, որ այն պահին, երբ կարգադրիչը հայտնել էր, որ նիստն ավարտվել է, այն դեռևս ընթացքի մեջ է եղել։ Ավելին, դատավորը նաև ֆիքսել էր և բարձրաձայնել այն մասին, որ ԲԴԽ նախագահը կարգադրել է ոչ ոքի ներս չթողնել։

Ի վերջո, առանց դատավորին լսելու, ԲԴԽ-ն որոշել էր նրան ամենախիստ կարգապահական տույժի ենթարկել և դադարեցնել լիազորությունները։

Այս որոշումից հետո Հարությունյանը դիմել էր ՍԴ, և դատարանը արձանագրել էր նրա իրավունքների խախտման փաստը։ Չնայած այս հանգամանքին՝ ԲԴԽ-ն կրկին չէր քննել։ Եվ միայն այն բանից հետո, երբ ՍԴ-ն երկրորդ անգամ էր արձանագրել դատավորի իրավունքի խախտման փաստը, 2025-ի դեկտեմբերի 12-ին ԲԴԽ-ն վերացրել էր իր նախկին երկու որոշումներն ու գործի քննությունը սկսել զրոյից։

Նիստի ընթացքում Դավիթ Հարությունյանն ու նրա պաշտպան Զորայր Հարությունյանը մի շարք հարցեր են բարձրացրել։ Մասնավորապես՝ նրանք նշել են, որ ԲԴԽ-ն օրենսդրական գործող կարգավորումների շրջանակներում պարզապես պետք է նոր որոշում կայացներ։ Նրանք ներկայացրել են թե՛ վարույթը կարճելու, թե՛ միջնորդությունն առանց քննության թողնելու միջնորդություններ։ Բարձրաձայնել են այն մասին, որ ԲԴԽ անդամների մեծամասնությունն անաչառ դատավոր լինել չի կարող, քանի որ մասնակցել է իր գործի նախորդ քննությանը կամ որոշումների կայացմանը, այսինքն՝  այն գործընթացներին, որոնցով ՍԴ-ն արձանագրել է իր իրավունքների խախտման փաստը։

Դավիթ Հարությունյանը նաև հարց է բարձրացրել ԲԴԽ-ի առջև՝ արդյոք ինքը հիմա դատավո՞ր է, թե՝ ոչ, հաշվի առնելով, որ վերացվել են իր վերաբերյալ նախորդ որոշումները։ ԲԴԽ-ն, սակայն, այս հարցի պարզաբանումը չի տվել Հարությունյանին անգամ այն բանից հետո, երբ վերջինս հայտնել է, որ այժմ փաստաբանի արտոնագիր ունի, և եթե դատավորի կարգավիճակը պահպանվում է, ապա դա անհամատեղելի է փաստաբանական գործունեության հետ։

Նշենք, որ Բարձրագույն դատական խորհուրդը թե՛ ՄԻԵԴ վճռի հիմքով դատավոր Սուրեն Անտոնյանի գործի վերաբացումից, թե ՍԴ որոշման հիմքով դատավոր Արթուր Ստեփանյանի գործի վերաբացումից հետո անփոփոխ է թողել նրանց լիազորությունները դադարեցնելու որոշումները, այսինքն՝ նոր քննությամբ կրկին որոշել է դադարեցնել նրանց լիազորությունները։ Նույն մոտեցումը կորդեգրի նաև Դավիթ Հարությունյանի գործով, թե ոչ՝ պարզ կլինի մարտի 12-ին։

 

Արաքս Մամուլյան