Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի դեսպանները քննարկել են Հարավային Կովկասի խաղաղության և կայունության ամրապնդման հարցերը
Քաղաքականություն
27.10.2026 | 23:30
Հոկտեմբերի 26-ին Հռոմում Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի դեսպանները մասնակցել են «Կովկասը խաչմերուկում․ խաղաղություն, միջանցքներ և համագործակցության նոր դարաշրջան» խորագրով քննարկմանը՝ անդրադառնալով Հարավային Կովկասում խաղաղության և կայունության ամրապնդման, տարածաշրջանային համագործակցության ընդլայնման և հաղորդակցային ուղիների զարգացման հեռանկարներին։ Այս մասին տեղեկացնում են Իտալիայում ՀՀ դեսպանությունից։
Միջոցառմանը ներկա էին Իտալիայի տարբեր համալսարանների շուրջ 150 գիտաշխատողներ և ուսանողներ, լրագրողներ, ինչպես նաև փորձագիտական կենտրոնների ղեկավարներ և ներկայացուցիչներ։

«Քննարկման առանցքում էին տարածաշրջանում խաղաղության ամրապնդումը, հաղորդակցային ուղիների զարգացումը, Հարավային Կովկասի երկրների միջև համագործակցության ընդլայնումը և Կենտրոնական Ասիան ու Հարավային Կովկասը Եվրոպայի հետ կապող հաղորդակցային ուղիների զարգացման հեռանկարները։
Իր ելույթում դեսպան Կարապետյանն անդրադարձել է Հայաստանի կառավարության և վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ տարածաշրջանում խաղաղության ամրապնդմանն ուղղված քայլերին ու նախաձեռնություններին՝ ընդգծելով երկխոսության, համագործակցության և փոխվստահության ամրապնդման կարևորությունը։

Դեսպանը նաև նշել է, որ ամռանը կայացած խորհրդարանական ընտրություններում ժողովրդի աջակցությունը ստանալուց հետո Հայաստանի իշխանություններն ավելի են ակտիվացրել ջանքերը՝ տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման ու պահպանման ուղղությամբ։ Տարածաշրջանի բոլոր երկրների հետ ակտիվ երկխոսությունը, վստահության ամրապնդմանն ուղղված նախաձեռնություններն ու կոնկրետ քայլերը միտված են ամրապնդելու ձեռք բերված խաղաղությունը։
Դեսպան Կարապետյանը նաև հույս է հայտնել, որ տարածաշրջանի խաղաղ ապագայի ապահովման հարցում Հայաստանի իշխանությունների հանձնառությունը համահունչ է Հարավային Կովկասի մյուս երկրների ձգտումներին»,- ասվում է հաղորդագրությունում։

