Ադրբեջանն ու Վրաստանը համատեղ զորավարժությունների անցկացման հարցեր են քննարկել
Քաղաքականություն
17.11.2026 | 21:34
Ադրբեջանի բանակի գլխավոր շտաբի պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-գնդապետ Քերիմ Վելիևն այսօր հանդիպել է երկիր ժամանած Վրաստանի պաշտպանության ուժերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Գիորգի Մատիաշվիլիի գլխավորած պատվիրակության հետ։ Ադրբեջանի ՊՆ-ի հաղորդմամբ՝ Վելիևը վրացի գործընկերոջ հետ նախ հանդիպում է ունեցել դեմ առ դեմ, ապա՝ ընդլայնված կազմով, երկու պատվիրակությունների մասնակցությամբ։
Ադրբեջանի ԶՈւ գլխավոր շտաբի պետը նշել է, որ երկու երկրների ղեկավարների միջև բարեկամական հարաբերությունները և ռազմավարական գործընկերությունը զգալիորեն նպաստում են պաշտպանական ոլորտում համագործակցության զարգացմանը։
Մատիաշվիլին, իր հերթին, ընդգծել է, որ նման հանդիպումները բացառիկ նշանակություն ունեն Ադրբեջանի և Վրաստանի միջև ռազմական կապերի հետագա զարգացման համար։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ռազմական, ռազմատեխնիկական և ռազմակրթական ոլորտներում համագործակցության հետագա զարգացման հեռանկարները, երկկողմ և բազմակողմ ձևաչափերով համատեղ զորավարժությունների ու վարժանքների անցկացումը, փորձագիտական մակարդակով փոխադարձ այցերի կազմակերպումը, ինչպես նաև տարածաշրջանում և աշխարհում տիրող ռազմաքաղաքական իրավիճակը։
Հանդիպման ընթացքում վրացական պատվիրակության ներկայացվել է մանրամասն զեկույց Ադրբեջանի բանակի՝ 44-օրյա պատերազմի և դրան հաջորդած ռազմական գործողությունների, այդ թվում՝ «տեղային բնույթի հակաահաբեկչական միջոցառումների (նկատի ունեն Արցախի դեմ 2023 թվականին իրականացրած ռազմական ագրեսիան ու էթնիկ զտումը) ընթացքում» ձեռք բերած մարտական փորձի, ինչպես նաև ռազմական բարեփոխումների վերաբերյալ։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

