ԹՐԻՓՓ-ում Հայաստանի ինքնիշխանությունն ու իրավազորությունը սահմանային և մաքսային գործողությունների նկատմամբ բացարձակ են և անքննարկելի
Քաղաքականություն
14.01.2026 | 10:16
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն այսօր Վաշինգտոնում հաստատել են «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) ծրագրի համար Հայաստան-ԱՄՆ կենսագործման շրջանակի վերաբերյալ համատեղ հայտարարություն:
Ստորև՝ հայտարարությունից մի հատված․
ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ
Հիմնարար սկզբունքներ
Հայաստանի ինքնիշխանությունն ու իրավազորությունը սահմանային և մաքսային գործողությունների նկատմամբ բացարձակ են և անքննարկելի։ Ակնկալվում է, որ սահմանային և մաքսային բոլոր գործունեությունները կիրականացվեն սահմանային կառավարման միջազգայնորեն ճանաչված չափանիշներին համապատասխան՝ պահպանելով օգոստոսի 8-ի հռչակագրի սկզբունքները՝ օգտագործելով «ֆրոնտ օֆիս – բեք օֆիս» (ընդունարան – գրասենյակ) գործառնական մոդելը։
Սահմանների համալիր կառավարում
Հայաստանը մտադիր է շարունակել զարգացնել և ներդնել սահմանների համալիր կառավարման ժամանակակից գործելակերպեր, ինչին ԱՄՆ-ն կարող է աջակցել տեխնիկական օժանդակությամբ՝ ներառյալ.
- ռիսկերի վրա հիմնված ստուգման և մաքսային ձևակերպման ընթացակարգեր,
- զննման ժամանակակից տեխնոլոգիաներ,
- թվային մաքսային և սահմանային համակարգեր,
- համակարգված միջգերատեսչական գործընթացներ,
- Հայաստանի ծառայողների մասնագիտական կարողությունների զարգացում։
Փորձնական նախագծեր
Հայաստանը մտադիր է իրականացնել փորձնական նախագծեր օպտիմալացնելու՝
- մաքսային նախնական ձևակերպման ընթացակարգեր,
- թվայնացված փաստաթղթաշրջանառություն և մշակում,
- «մեկ կանգառ» սահմանային կետի հայեցակարգեր,
- տեխնոլոգիայի կիրառմամբ ռիսկերի գնահատում,
- հարևան երկրների հետ համակարգված սահմանային կառավարում։
«Ֆրոնտ օֆիս – բեք օֆիս» գործառնական մոդել
Ակնկալվում է, որ Հայաստանի ինքնիշխանության ու իրավազորության պահպանմամբ ԹՐԻՓՓ-ի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով կկիրառվի «ֆրոնտ օֆիս – բեք օֆիս» մոդելը՝ օգտագործելով թվային գործիքներ անխոչընդոտ կապը դյուրացնելու համար։
«Ֆրոնտ օֆիս» (երրորդ կողմ օպերատորներ)
Նախատեսվում է, որ ԹՐԻՓՓ զարգացման ընկերության հետ պայմանագիր կնքած մասնավոր օպերատորները կմատուցեն հաճախորդների առերես սպասարկման ներքոնշյալ ծառայությունները.
- փաստաթղթերի նախնական հավաքագրում ստուգման համար,
- տեղեկատվության և ուղեցույցի տրամադրում օգտվողների համար,
- առևտրի և տարանցման վճարների հավաքագրում և վճարումների մշակում: ՀՀ հարկերը, մաքսային տուրքերը և այլ պարտադիր վճարները պետք է ուղղակիորեն գանձվեն ՀՀ պետական բյուջե՝ համաձայն գործող օրենսդրության և հարկաբյուջետային ընթացակարգերի,
- դյուրացում և համակարգում,
- վարչական աջակցություն։
«Բեք օֆիս» (ՀՀ պետական մարմիններ)
ՀՀ մաքսային և սահմանային պաշտոնյաներն իրացնում են բոլոր ինքնիշխան իրավասությունները՝ համաձայն ՀՀ ներքին օրենսդրության և միջազգային համաձայնագրերի.
- մաքսային վերջնական որոշումներ և ձևակերպումներ,
- անվտանգության ստուգում և իրականացում,
- միգրացիոն վերահսկողություն,
- իրավապահ գործողություններ,
- թույլտվություններ և հաստատումներ,
- զննում և ստուգում։
Հստակ իրավազորություն
- «Ֆրոնտ օֆիսի» օպերատորներն աջակցում են, նրանք չեն որոշում,
- Հայաստանի պաշտոնյաները ֆիզիկական ներկայություն են պահպանում Հայաստանի սահմանային և մաքսային բոլոր հաստատություններում,
- ինքնիշխան գործառույթների որևէ արտապատվիրակում չի իրականացվում։
Մաքսային ընթացակարգեր
Հայաստանը կշարունակի զարգացնել և ներդնել.
- ռիսկի վրա հիմնված ընտրողականություն՝ բեռների ժամանակակից ստուգում՝ կենտրոնացված ֆիզիկական զննումներով,
- տարանցիկ ռեժիմ՝ համապատասխան կնքմամբ և հետագծելիությամբ արդյունավետ ընթացակարգեր տարանցիկ ապրանքների համար,
- նախնական ժամանման մշակում՝ փաստաթղթերի էլեկտրոնային ներկայացում և մշակում,
- «մեկ պատուհանի» համակարգեր՝ առևտրային փաստաթղթերի ինտեգրված հարթակներ,
- ներդաշնակեցված ընթացակարգեր՝ համապատասխանեցում միջազգային մաքսային չափանիշներին։
Անվտանգության գործողություններ
- Հայաստանը պահպանում է լիակատար իրավազորությունը Հայաստանի ինքնիշխան տարածքում։
- Ենթակառուցվածքային անվտանգության նախագծերը պետք է հաստատվեն Հայաստանի անվտանգության մարմինների կողմից։
- Հայաստանի իշխանությունները գերակայություն ունեն բոլոր արտակարգ իրավիճակներում։
- Մասնավոր գործառնական անվտանգության աշխատակիցները կարող են ընդունվել աշխատանքի՝ Հայաստանի կողմից լիցենզավորման դեպքում։
Տվյալների համակարգեր և ինքնիշխանություն
- Սահմանային և մաքսային կառավարման համար կտեղադրվեն ժամանակակից տեղեկատվական համակարգեր։
- Բոլոր կառավարական տվյալների համակարգերը կմնան Հայաստանի ինքնիշխան վերահսկողության ներքո։
- Տվյալների փոխանակումն օտարերկրյա մարմինների հետ պահանջում է համապատասխան իրավական շրջանակներ։
- Կիբերանվտանգության չափանիշները կհամապատասխանեն միջազգային լավագույն փորձին։
- Անձնական տվյալների մշակումը համապատասխանում է Հայաստանի օրենսդրությանը։