Եթե անձն ունի մասնավոր առողջապահական ապահովագրություն, միևնույն է պետք միանա առողջության համընդհանուր ապահովագրության համակարգին․ ՀՀ ԱՆ

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ առողջապահության նախարարությունը առողջության համընդհանուր ապահովագրության վերաբերյալ հաճախ տրվող որոշ հարցերի է պատասխանել․ հայտնում են ՀՀ ԱՆ-ից։

Հարցերն ու պատասխանները՝ ստորև․

«1. Եթե օրենքն ուժի մեջ է մտնում հունվարի 1-ից, ապա ի՞նչ իրավական հիմքով կարող են իրականացվել ապահովագրավճարի պահումներ դեկտեմբերից։

Օրենքն ուժի մեջ է մտնում այն պաշտոնապես հրապարակմանը հաջորդող օրվանից։ Օրենքի անցումային դրույթներով կարգավորվում են առանձին հոդվածներ կամ կետեր, ուժի մեջ մտնելու ժամկետները։

2. Եթե աշխատակիցն ունի մասնավոր առողջապահական ապահովագրություն և ստանում է 200 001 դրամ աշխատավարձ, ինչպե՞ս է իրականացվում առողջության համընդհանուր ապահովագրության ապահովագրավճարի հաշվարկը։

Գործող մասնավոր ապահովագրության առկայությունը չի ազատում ԱՀԱ-ի ապահովագրության համար վճարելու պարտականությունից։ Եթե աշխատավարձը գերազանցում է սահմանված շեմը, ԱՀԱ-ի ապահովագրավճարը հաշվարկվում է ընդհանուր կարգով։

3. Ոչ ՀՀ քաղաքացի աշխատողի դեպքում ինչպե՞ս է հաշվարկվում և կիրառվում առողջության համընդհանուր ապահովագրության ապահովագրավճարը

Վարձու աշխատող, ԱՁ կամ Նոտար հանդիսացող անձանց համար քաղաքացիության և ռեզիդենտության պայման օրենքով սահմանված չէ։

4. . Եթե անհատ ձեռնարկատերն իր աշխատակիցների համար ապահովում է առողջապահական մասնավոր ապահովագրություն, պարտավո՞ր է արդյոք վճարել նաև առողջության համընդհանուր ապահովագրության ապահովագրավճարը։

Այո՛։ Մասնավոր ապահովագրության առկայությունը չի փոխարինում ԱՀԱ-ին և չի ազատում ապահովագրավճարից։ Քաղաքացին կարող է շարունակել հավելյալ փաթեթներ ձեռք բերել մասնավոր ապահովագրական ընկերություններից:

5. 65 և բարձր տարիքի անձը, որը ստանում է 100 000 դրամ աշխատավարձ, արդյո՞ք ներառվում է առողջության համընդհանուր ապահովագրության համակարգում և օգտվում դրա ծառայություններից։

65 և բարձր տարիքի անձինք ներառվում են պետական սուբսիդավորմամբ ապահովագրվողների խմբում և օգտվում են ԱՀԱ-ից անկախ աշխատավարձի չափից. նրանց համար 100 տոկոսով ապահովագրավճարը վճարում է պետությունը:

6. Եթե աշխատակիցը ստանում է 190 000 դրամ աշխատավարձ և հավելավճար՝ աշխատավարձի 10 տոկոսի չափով, արդյո՞ք տվյալ դեպքում կիրառվում է առողջության համընդհանուր ապահովագրության ապահովագրավճարը։

Աշխատավարձը սահմանվում է օրենքով և ներառում է նաև դրան հավասարեցված այլ վճարումները՝ ներառյալ պարգևատրումները, բոնուսային վճարները և այլն (բացի նպաստներից)։ Այսինքն` այո:

7. Այն աշխատողների համար, որոնց աշխատավարձը չի բավարարում սահմանված նվազագույն շեմերը, ինչպե՞ս է իրականացվում դրոշմանիշային վճարների հաշվարկը և վճարումը։

Դրոշմանիշային վճարների փոփոխությունները կապված չեն ապահովագրված անձ դառնալու, ապահովագրավճար վճարողի կարգավիճակների հետ։ Օրենքով նախատեսված է, որ մինչև 1,0 մլն դրամ աշխատավարձ ստացողների համար դրոշմանիշային վճարի չափը 2026թ.-ի հունվարի 1-ից դառնում է 1000 դրամ։

8. Եթե անձն ունի գործող մասնավոր առողջապահական ապահովագրություն և չի ցանկանում միանալ առողջության համընդհանուր ապահովագրության համակարգին, ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկի։

ԱՀԱ-ն պարտադիր համակարգ է։ Մասնավոր ապահովագրություն ունենալը կամ միանալու ցանկության բացակայությունը չեն կարող ԱՀԱ-ից հրաժարվելու հիմք լինել։

9. Լեռնային Ղարաբաղից տեղահանված (փախստականի կարգավիճակ ունեցող) անձը պարտավո՞ր է վճարել առողջության համընդհանուր ապահովագրության ապահովագրավճարը։

ԼՂ-ից տեղահանված անձինք ներառվում են սոցիալական հատուկ խմբերի մեջ և ստանում են իրենց հասանելի ծառայությունները պետական պատվերի շրջանակում, իսկ ովքեր ստանում են 200 001-ից ավելի աշխատավարձ, ներառվում են ապահովագրական համակարգում:

10.Եթե քաղաքացին աշխատանքի է ընդունվել դեկտեմբերի 15-ին, արդյո՞ք տվյալ տարվա համար պետք է առողջության համընդհանուր ապահովագրության համար վճարի։

Քաղաքացու կարգավիճակը կհստակեցվի հունվարի աշխատավարձի չափից ելնելով, իսկ պարտավորությունը կձևավորվի արդեն փետրվարի աշխատավարձի նկատմամբ։

11.Եթե անձը զոհված զինծառայողի այրի է և ստանում է 200 001 դրամ և ավելի աշխատավարձ, արդյո՞ք նա ընդգրկվում է պետական աջակցությամբ ապահովագրվողների խմբում, թե՞ ապահովագրավճարը վճարում է ինքնուրույն։

Զոհված զինծառայողների ընտանիքների անդամներն ընդգրկվում են պետության կողմից ամբողջությամբ սուբսիդավորվող խմբում՝ անկախ աշխատավարձի չափից։

12. Եթե աշխատակիցը ստանում է 200.000 դրամից բարձր աշխատավարձ և ունի հաշմանդամության խումբ, ո՞վ է վճարում ապահովագրության համար՝ պետությու՞նը, թե՞ աշխատողը։

Այս դեպքում 2026թ.-ի ընթացքում աշխատավարձից կատարվում է պահումը։ Սակայն, երբ Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամը հարկային մարմնից ստանում է տվյալները, որ այդ պահումը կատարվել է հաշմանդամության խումբ ունեցող անձի համար, գումարը վերադարձվում է աշխատողին մինչև 3 աշխատանքային օրվա ընթացքում։ Կարևոր է նշել, որ առաջին անգամ վերադարձը ստանալու համար քաղաքացին պետք է Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամին ուղարկի էլեկտրոնային դիմում, որտեղ պարզապես նշում է իր բանկային հաշվեհամարը։ Դրանից հետո գումարները կվերադարձվեն այդ հաշվեհամարին։

13. . Եթե քաղաքացին աշխատում է երկու տեղ համատեղությամբ, և յուրաքանչյուր աշխատավայրում նրա աշխատավարձը 200 000 դրամից ցածր է, բայց միասին գերազանցում է 200 001 դրամը, արդյո՞ք նա կարող է ունենալ ապահովագրություն։

Քաղաքացին ապահովագրության համակարգին կարող է միանալ միայն այն դեպքում, երբ որևէ աշխատավայրում նրա աշխատավարձը կազմում է 200001 դրամ և ավելի։ Եթե որևէ աշխատավայրում աշխատավարձն այդ շեմը չի անցնում, նույնիսկ եթե ընդհանուր եկամուտը գերազանցում է 200.000 դրամը, չի համարվում ապահովագրված անձ և ապահովագրավճար վճարող։

14. Եթե քաղաքացին աշխատում է ժամավճարային հիմունքով և ամեն ամիս ստանում է տարբեր աշխատավարձ (օրինակ՝ մեկ ամիս՝ 195.000 դրամ, մյուսը՝ 300000 դրամ կամ բոնուսների պատճառով կարող է գերազանցել նույնիսկ 500000 դրամը), այդ դեպքում ինչպե՞ս է հաշվարկվում ապահովագրավճարը։

Ապահովագրված անձի կարգավիճակ ունեցողների համար ապահովագրավճարը վճարվում է` ելնելով աշխատավարձի չափից։ Մինչև 500000 դրամ աշխատավարձի դեպքում՝ 4800 դրամ, իսկ 500001 և ավելի դրամ աշխատավարձի դեպքում՝ 10800 դրամ։

15.Ինչպե՞ս է անձը ստանալու բուժօգնություն առողջության ապահովագրության շրջանակում:

Շտապ և անհետաձգելի դեպքերում անձը կամ դիմում է շտապօգնության ծառայություն կամ ինքնուրույն հասնում է բժշկական կենտրոն: Բժշկական կենտրոնում, գնահատելով պացիենտի վիճակը, համաձայն ցուցումների և գործելակարգերի` անձը կարող է հոսպիտալացվել կամ «Emergency» ծառայությունում ստանալ համապատասխան ծառայություններ՝ դուրս գրվել և ուղղորդվել առողջության առաջնային պահպանման օղակ: Պլանային դեպքերում անձը պետք է հերթագրվի իր ընտանեկան բժշկի կամ թերապևտի մոտ այցելելու համար, որից հետո, ելնելով գործելակարգերից, բժիշկը կկազմակերպի անձի խորհրդատվությունները, ախտորոշիչ հետազոտությունները և բուժումը։ Կանխարգելիչ այցի կամ սքրինինգային հետազոտությունների համար պարտադիր չէ հերթագրվել և այցելել բժշկի, անձը կարող է հերթագրվել հետազոտության համար բոլոր այն բժշկական կազմակերպություններում, որոնք սքրինինգային հետազոտություն իրականացնելու համար Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հետ կունենան պայմանագիր։ Հետազոտությունը կարելի է պլանավորել նաև Արմեդ համակարգում ինքնուրույն հերթագրվելու միջոցով։ Քրոնիկ հիվանդություն ունեցող անձինք կարող են ինքնուրույն պլանավորել իրենց հիվանդության հսկողության համար գործելակարգերով նախատեսված այցերը նեղ մասնագետներին, անցնել հետազոտություններ բժշկական կազմակերպություններում»։