SOCAR-ը՝ թուրքական էլեկտրակայանի սեփականատեր. Թուրքիան և Ադրբեջանը տնտեսական գործակցության խորացման «ճանապարհային քարտեզ» են ստորագրել
Քաղաքականություն
23.12.2025 | 22:47
Թուրքիան և Ադրբեջանը ստորագրել են 12-րդ Համատեղ տնտեսական հանձնաժողովի (ՀՏՀ) արձանագրությունը, որով ընդունվել է 110 կետից բաղկացած գործողությունների ծրագիր։ Այն ներառում է էներգետիկայի, առևտրի, ներդրումների և զբոսաշրջության ոլորտները, գրում է Turkiye today-ը։
Համաձայնագիրը ստորագրվել է Ադրբեջանի մայրաքաղաքում՝ Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազի և Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովի կողմից։
Յըլմազը հիշեցրել է, որ 2021 թվականի հունիսի 15-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից ստորագրված Շուշիի հռչակագիրը երկկողմ հարաբերությունները բարձրացրել է ռազմավարական դաշինքի մակարդակի։ Նա ասել է, որ նոր համագործակցությունը նպատակ ունի նպաստել ավելի լայն թյուրքական աշխարհի բարգավաճմանը, մասնավորապես, Թյուրքական պետությունների կազմակերպության հովանու ներքո գործունեության միջոցով։ Ըստ Յըլմազի՝ ՀՏՀ հանդիպումները ճանապարհային քարտեզ են տրամադրում կոնկրետ նախագծեր մշակելու և համագործակցությունը շոշափելի արդյունքների վերածելու համար։
Նոր ստորագրված գործողությունների ծրագրի համաձայն՝ երկու կողմերը կուսումնասիրեն ազատ առևտրի համաձայնագրի հնարավորությունը, կհամագործակցեն ներդրումների և ծառայությունների առևտրի ոլորտում երրորդ երկրներում, ինչպես նաև կստեղծեն համատեղ աշխատանքային խումբ՝ Ադրբեջանի ինտեգրման համար Նոր համակարգչային տարանցիկ համակարգում։
Ծրագիրը նաև ներառում է համատեղ արդյունաբերական ուսումնական կենտրոններ ստեղծելու, գյուղատնտեսության ոլորտում համագործակցության համաձայնագիր կնքելու, նավթի և բնական գազի նախագծերում համագործակցությունը ընդլայնելու, ինչպես նաև փորձի փոխանակման ծրագրեր կազմակերպելու քայլեր՝ առողջապահությունից և զբոսաշրջությունից մինչև բանկային գործ և պետական գնումների ոլորտներում։
Յըլմազը նշել է, որ երկկողմ առևտուրը անցյալ տարի հասել է ռեկորդային 8 միլիարդ դոլարի՝ 15 միլիարդ դոլարի առևտրային նպատակը անվանելով միջնաժամկետ նպատակ։ Նա հավելել է, որ Թուրքիայի ներդրումները Ադրբեջանում հասել են 18 միլիարդ դոլարի, մինչդեռ Ադրբեջանի ներդրումները Թուրքիայում կազմել են 21 միլիարդ դոլար։
Յըլմազը շեշտել է, որ Թուրքիան և Ադրբեջանը չպետք է գործեն միայն որպես Կասպից ծովի էներգետիկ ռեսուրսների տարանցիկ երկրներ, այլև որպես ռազմավարական կենտրոններ, որոնք ապահովում են էներգիայի կառավարումը և մատակարարման անվտանգությունը։ Նա ընդգծել է էներգետիկ համագործակցության դիվերսիֆիկացման կարևորությունը՝ ներառելով վերականգնվող աղբյուրները և Նախիջևանով անցնող նախատեսված էներգետիկ միջանցքի առաջխաղացումը։
Թուրք պաշտոնյան նաև մատնանշել է «Թուրքական նավթ» (TPAO) ընկերության և Ադրբեջանի պետական նավթային ընկերության՝ SOCAR-ի միջև համագործակցության աճը, Իգդիր-Նախիջևան բնական գազի խողովակաշարի բացումը, BOTAS-ի, SOCAR-ի և TPAO-ի համատեղ գործունեությունը երրորդ երկրներում, ինչպես նաև այնպիսի նախագծեր, ինչպիսիք են «Կանաչ էլեկտրաէներգիայի փոխանցման և առևտրի նախագիծը» և «Թուրքիա-Ադրբեջան Նախիջևան» միջկապի նախագիծը։
Յըլմազն ընդգծել է Միջին միջանցքը, որը հաճախ անվանում են ժամանակակից Մետաքսի ճանապարհ, նշելով դրա աճող կարևորությունը Կասպից ծովի միջոցով Արևելք-Արևմուտք առևտրի համար։ Նա ասել է, որ այս ներուժի վերածումը կայուն լոգիստիկ ճարտարապետության կձևավորի Չինաստանից մինչև Եվրոպա ձգվող առևտրային ուղիները՝ Թուրքիայի և Ադրբեջանի միջև ռազմավարական գործընկերության միջոցով։
Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ այսօր Բաքվում կայացած Ադրբեջան-Թուրքիա 2-րդ ներդրումային ֆորումի շրջանակում ադրբեջանական և թուրքական ընկերությունների միջև ստորագրվել է երկու համագործակցության համաձայնագիր։ Ստորագրված փաստաթղթերից մեկը նախատեսում է էներգետիկայի ոլորտում համագործակցություն Ադրբեջանի պետական նավթային ընկերության (SOCAR) և թուրքական GAMA Enerji ընկերության միջև։

Դա Թուրքիայում 870 ՄՎտ հզորությամբ Gama Enerji İç Anadoluէլեկտրակայանի առուվաճառքի պայմանագիրն է։ Փաստաթղթի համաձայն՝ 870 ՄՎտ հզորությամբ էլեկտրակայանի 100%-ը կփոխանցվի SOCAR-ին։ Գործարքի արժեքը կազմում է 225 միլիոն դոլար։ Համաձայնագիրը ստորագրել են SOCAR-ի նախագահ Ռովշան Նաջաֆը և Gama Enerji-ի գործադիր տնօրեն Հաքան Ահմեդ Օզմանը:
Ֆորումի ընթացքում ադրբեջանական և թուրքական ընկերությունների միջև ստորագրվել է ևս մեկ համաձայնագիր՝ ուղղված ներդրումային և արդյունաբերական ոլորտներում համագործակցության ընդլայնմանը: Փաստաթուղթը նպաստում է երկու երկրների միջև տնտեսական գործընկերության խորացմանը և համատեղ նախագծերի խթանմանը:
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի