ԲԴԽ 3 անդամներ հրաժարվել են Արթուր Ստեփանյանի գործի նախորդ քննությամբ ի նպաստ դատավորի հայտնած հատուկ կարծիքից
Բարձրագույն դատական խորհուրդը, նախորդ շաբաթ վերանայելով Երևանի քաղաքացիական դատարանի դատավոր Արթուր Ստեփանյանի գործը, որոշեց էական կարգապահական խախտման հիմքով կրկին դադարեցնել նրա լիազորությունները։ Ուշագրավն այն է, որ լիազորությունները դադարեցնելու որոշումն այս անգամ ընդունվեց միաձայն, և ԲԴԽ այն անդամները, որոնք նախորդ անգամ դեմ էին եղել Ստեփանյանի լիազորությունները դադարեցնելուն, նույն փաստական հանգամանքների պայմաններում այս անգամ կողմ են քվեարկել «լիազորությունների դադարեցում» կարգապահական տույժի տեսակին։
Այսպես՝ 2024 թվականի հուլիսի 9-ին ԲԴԽ-ն որոշել է դադարեցնել դատավոր Արթուր Ստեփանյանի լիազորությունները՝ դատական ակտեր ուշացնելու համար։
Խորհրդակցական սենյակում որոշումը կայացրել են ԲԴԽ անդամներ Կարեն Անդրեասյանը, Հայկ Գրիգորյանը, Արմեն Դանիելյանը, Կարեն Թումանյանը, Երանուհի Թումանյանցը, Մերի Համբարձումյանը, Էդգար Հովհաննիսյանը և Արթուր Աթաբեկյանը։
Վերջին երեք դատավորները, սակայն, դեմ են եղել «լիազորությունների դադարեցում» տույժի տեսակին։ Համբարձումյանը, Հովհաննիսյանը և Աթաբեկյանը ԲԴԽ-ի որոշումից տարբերվող հատուկ կարծիք են հայտնել այն մասին, որ պետք է ոչ թե դադարեցնել Ստեփանյանի լիազորությունները, այլ նրան խիստ նկատողություն հայտարարել։
Ստացվել է, որ որոշման կայացմանը մասնակցող միայն 5 դատավոր է կողմ եղել, որպեսզի Ստեփանյանի լիազորությունները դադարեցվեն։ Արթուր Ստեփանյանը որոշումից հետո դիմել էր Սահմանադրական դատարան՝ վիճարկելով 5 դատավորի կազմով իր լիազորությունների դադարեցման հանգամանքը, և Սահմանադրական դատարանը ապրիլի 22-ի ՍԴՈ-1780 որոշմամբ արձանագրել էր, որ 5 կողմ ձայնով դատավորի լիազորություն դադարեցնելու կարգավորումը հակասահմանադրական է։
ՍԴ որոշումից հետո դատավորը դիմել է ԲԴԽ-ին՝ իր գործի վերանայման հարցով։
ԲԴԽ-ն վերացրել է Ստեփանյանի լիազորությունները դադարեցնելու որոշումն ու կիկին քննել գործը՝ այն նույն փաստական հանգամանքներով, որով ի սկզբանե էր ներկայացվել կարգապահական վարույթը հարուցած արդարադատության նախարարի կողմից։
Նոր քննությամբ, սակայն, որոշումը չի փոխվել․ ԲԴԽ-ն կրկին Արթուր Ստեփանյանի լիազորությունները դադարեցնելու որոշում է կայացրել։ ԲԴԽ ներկա կազմից միայն մեկը՝ Արմենուհի Հարությունյանը չի մասնակցել գործի քննությանը, քանի որ Ստեփանյանի նկատմամբ կարգապահական վարույթը հարուցելու ժամանակ եղել է միջնորդությունը ԲԴԽ տարած արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի տեղակալը։ Գործի նոր քննությանը մասնակցել են ԲԴԽ անդամներ Երանուհի Թումանյանցը, Կարեն Թումանյանը, Քրիստինե Մկոյանը, Արմեն Դանիելյանը, Անահիտ Աբրահամյանը, Աշոտ Հայրապետյանը, Մերի Համբարձումյանը, Էդգար Հովհաննիսյանը և Արթուր Աթաբեկյանը ու միաձայն որոշել, որ Ստեփանյանի լիազորությունները պետք է դադարեցնել։
Ստացվում է՝ վերջին երեք դատավորները հրաժարվել են գործի նախորդ քննության ընթացքում հայտնած հատուկ կարծիքից այն մասին, որ Ստեփանյանի նկատմամբ ոչ թե լիազորությունների դադարեցում, այլ խիստ նկատողություն տույժ պետք է նշանակել։
Բարձրագույն դատական խորհրդի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայության միջոցով փորձեցինք պարզել դաավորների՝ հատուկ կարծիքից հրաժարվելու պատճառը, ինչին ի պատասխան հայտնեցին, որ ԲԴԽ որոշումը կհրապարակվի սահմանված ժամկետում և դրա բովանդակային մասից պարզ կլինի նաև մեր հարցի պատասխանը։
Արաքս Մամուլյան