Սամվել Կարապետյանը դատի է տվել Արսեն Թորոսյանին և Հայկ Կոնջորյանին. պահանջում է հերքում և 9 մլն դրամ

Լուրեր

07.09.2026 | 23:24
Հայկական պտուղ-բանջարեղենի արտահանումը ԱՄԷ․ Պապոյանը քննարկել է ծավալների ավելացումը
07.09.2026 | 23:10
Կաբարդինո-Բալկարիայում ձնահյուսի հետևանքով 11 լեռնագնաց է զոհվել
07.09.2026 | 22:53
Գավառում հայտնաբերվել է ապօրինի պահվող զենք-զինամթերք․ 59-ամյա տղամարդը կալանավորվել է
07.09.2026 | 22:38
Ադրբեջանը Կասպից ծովում ստեղծում է անօդաչու նավատորմ․ ի՞նչ կփոխեն Ալիևին ներկայացված SALVO-ն և KAYRA-ն
07.09.2026 | 22:24
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.09.2026 | 22:10
Հայտնի է՝ ով կքննի Գարեգին Բ-ի գործը․ Վճռաբեկը հրապարակել է որոշումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 21:58
Երրորդ դեպքը 5 ամսում․ ի՞նչ է կատարվում Բյուրեղավանի խմելու ջրի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 21:45
Տարածվող տեսանյութը հին է. Նարեկ Նալբանդյանը բերման է ենթարկվել մեկուկես տարի առաջ
07.09.2026 | 21:33
Volkswagen-ը գերմանական ավտոգործարաններից մեկը վերափոխում է՝ իսրայելական պաշտպանական տեխնիկա կարտադրի
07.09.2026 | 21:14
Հոբարձիում հյուրատան մոտ փոխհրաձգություն է եղել․ ոստիկանները բացահայտել են սպանության փորձի դեպքը. ՆԳՆ
07.09.2026 | 21:00
Փաշինյանը Պուտինի հետ կքննարկի ՌԴ-ի հեռացման պայմանները՝ ռազմաբազա, երկաթուղի․ Կրեմլը սակարկում է ժամանակը․ Տիգրան Խզմալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 20:46
Հայաստանի և Լատվիայի քաղաքական երկխոսությունը պետք է վերածել կոնկրետ տնտեսական արդյունքների. Միրզոյան
07.09.2026 | 20:36
Միրզոյանը և Լատվիայի նախագահը մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ
07.09.2026 | 20:16
Ռուսաստանը հարվածել է Ուկրաինայում British American Tobacco ծխախոտի գործարանին
07.09.2026 | 20:00
Փաշինյանենք ԵՄ գնում են՝ «չերեզ» Մոսկվա․ ես անդամակցելու կողմնակից եմ, հանրաքվե լինի՝ կողմ կքվեարկեմ․ Հարություն Հարությունյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Գործարար, «Տաշիր գրուպ»-ի սեփականատեր Սամվել Կարապետյանը դատի է տվել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Հայկ Կոնջորյանին և Արսեն Թորոսյանին։ Կարապետյանը դատարանից պահանջում է պատգամավորներին պարտավորեցնել հերքել «իր մասին զրպարտչական, վիրավորական բնույթի հայտարարությունները և վճարել փոխհատուցում 9 մլն դրամ»։

Մասնավորապես, ըստ ներկայացված հայցի, Արսեն Թորոսյանն Ազգային ժողովի ամբիոնից ասել է. «Ես 2 հայտարարության եմ ուզում անդրադառնալ, որոնց հեղինակների պորտը ոնց որ թե Լուբլյանկայում են կտրել, ФСБ-ի շտաբ կվարտիրայում։ Առաջինի անունը Արշակա… Հիմա մյուս հերոսին անդրադառնամ, նույն ինքը Սամվել Կարապետյանին»։

Այս արտահայտությունները Կարապետյանի կողմից վիրավորական են ընկալվել, ուստի, բացի փոխհատուցումից, գործարարը Թորոսյանից պահանջում է նաև հրապարակային ներողություն խնդրել։

Զրպարտության մասով գործարարը պահանջում է պարտավորեցնել պատգամավորին հրապարակայնորեն հերքել նույն օրը ԱԺ ամբիոնից ելույթի ընթացքում արտահայտած մեկ այլ մեկնաբանություն.

«ФСБ-ի կողմից Սամվել Կարապետյանին հրահանգվել է անել news.am-ի հարցազրույցում հնչեցրած արտահայտությունները՝ նպատակ հետապնդելով ՀՀ օրինական իշխանության դեմ բռնություն գործադրելու, ՀՀ ղեկավարությանը թույնելու համար»։

Հայկ Կոնջորյանը, ըստ գործարարի, ևս իր մասով վիրավորական արտահայտություններ է հնչեցրել.

«Դուք ընդամենը որոշ բարձրաստիճան կղերականների և օլիգարխիայի սրբապիղծ ամուսնության էն մյուս կողմն եք, օլիգարխիական թևն եք», «ծառայամիտ հացկատակ պնակալեզներ եք դուք… վեր ընգեք տեղներդ», «և այսօր Կտրիճ Ներսիսյանի վեղարը նման է մի մարտագլխիկի, որի տակ հավաքվել են բոլոր ինչքան հանցագործ ասես՝ օլիգարխներ, նախկին թալանչիներ, դուրսպրծուկներ, սրբապիղծներ և ընտրապիղծներ, հիմնադիր ընտրապիղծներ, բոլորը հավաքվել են էս վեղարի տակ որպես մարտագլխիկ և էտ մարտագլխիկով ուզում են կրակեն պետության վրա։ Եվ երեկ էտ մարտագլխիկի տակ սահուն կերպով հայտնվեց նաև ՀԷՑ-ի սեփականատեր Սամվել Կարապետյանը»։

Կոնջորյանի այս ելույթն է Կարապետյանը համարել վիրավորական և հայցում մատնանշել այս մասին։

Բացի դրանից, Սամվել Կարապետյանը պահանջում է, որ Հայկ Կոնջորյանը հրապարակայնորեն հերքի 2025թ. հունիսի 17-18-ին ԱԺ ամբիոնից ելույթների ընթացքում արտահայտած տվյալներն այն մասին, թե «Սամվել Կարապետյանը ստանձնել է որոշ անառակաբարո տերտերների պաշտպանությունը` ունենալով գործակալական նկրտումներ, հանդես գալով որպես, այսպես կոչված, «Տրոյական ձիու» կամ «Տրոյական վեղաի» սկզբունքով»։

Ինչպես նաև այն, որ «Սամվել Կարապետյանը տասնամյակներով օգտագործել ու թալանել է հայ ժողովրդին և Հայաստանի Հանրապետությունը, 10-100-ապատիկ չափերի էժան գներով ստացել է պետական գույք և դրա դիմաց չնչին (արտահայտությամբ նշվել է թուլափայ) ինչ-որ մի տեղ մի բան է սարքել՝ ներկայացնելով որպես բարերարություն»։

Երկու դեպքում էլ Սամվել Կարապետյանը պահանջում է, որ Արսեն Թորոսյանը և Հայկ Կոնջորյանը հրապարակային ներողություն խնդրեն և «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իրենց էջում հերքում տարածեն, իսկ անհնարինության դեպքում վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում հանդես գան հերքմամբ առնվազն 5000 տպաքանակ և Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում սպառում ունեցող որևէ տպագիր թերթի միջոցով։

Հիշեցնենք՝ Սամվել Կարապետյանն այս պահին երկամսյա կալանքի տակ է։ Նրան մեղադրանք է առաջադրվել իշխանությունը զավթելու հրապարակային կոչի հոդվածի հատկանիշներով։ Մասնավորապես, Կարապետյանը News.am-ի հետ զրույցում անդրադարձել էր վերջին շրջանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից եկեղեցուն և հոգևորականներին թիրախավորելուն.

«Ինչ կարծիք ես պետք է ունենամ, եթե մի փոքրիկ խմբակ, մոռանալով Հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու, հայ ժողովրդի վրա։ Քանի որ ես միշտ եղել եմ հայ ժողովրդի ու հայ եկեղեցու կողքին, ունենալու եմ անմիջական մասնակցություն. եթե չհաջողվի քաղաքական գործիչներին, ուրեմն մենք էլ մեր ձևով ենք մասնակցելու այդ ամեն ինչին»,- հարցազրույցի ժամանակ նշել էր գործարարը։

Ուշագրավ է, որ սկզբում լրատվամիջոցը նշել էր, թե Կարապետյանն ասել էր. «Եթե քաղաքական գործիչներին չհաջողվի, ապա մենք մեր ձևով ենք միջամտելու եկեղեցու դեմ արշավին»։ Սակայն, 01:12 րոպե տևողությամբ հարցազրույցի մեջ բացակայում էր «միջամտել» բառը։

Մեղադրանքի հիմքում հենց այս արտահայտությունն էր դրվել։ Կարապետյանի փաստաբանական թիմը հայտարարել է, որ գործարարը իր հետ տեղի ունեցող գործընթացը քաղաքական է համարում, իսկ կալանքի որոշումը երեկ բողոքարկվել է։

Ռոզա Վարդանյան