Մասիս Մայիլյանն ընդունել է ԿԽՄԿ առաքելության նորանշանակ ղեկավարին
Քաղաքականություն
05.10.2018 | 21:30Հոկտեմբերի 5-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն ընդունել է Արցախում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) առաքելության նորանշանակ ղեկավար Պիեր-Էմանուել Դուկրուեին, տեղեկացնում է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունից:
Հանդիպման ընթացքում տեղի է ունեցել մտքերի փոխանակում հանրապետությունում ԿԽՄԿ առաքելության գործունեությանը վերաբերող մի շարք հարցերի շուրջ։ Պիեր-Էմանուել Դուկրուեն գոհունակություն է հայտնել Արցախի Հանրապետության համապատասխան պետական կառույցների ու ԿԽՄԿ գրասենյակի միջև համագործակցության մակարդակի առնչությամբ և ներկայացրել առաջիկա շրջանի համար նախատեսվող ծրագրերը։
Մասիս Մայիլյանը պատրաստակամություն է հայտնել հնարավորինս աջակցել հանրապետությունում Կարմիր խաչի առաքելությանը՝ կարևորելով Արցախում մարդասիրական խնդիրների լուծմանն ուղղված ԿԽՄԿ գրասենյակի գործունեությունը: