Ես լիովին աջակցում եմ վարչապետի նախաձեռնությանը, որ Հայաստանը կարիք ունի տնտեսական ներդրումների՝ աշխատատեղեր ստեղծելու և արտահանման ընդլայնման համար. Հարութ Սասունյան
Քաղաքականություն
03.10.2018 | 22:30Տարիների ընթացքում, սկսած 1991 թ. Հայաստանի անկախացումից, ես եզակի հնարավորություն եմ ունեցել հարյուրավոր ժամեր անցկացնել երկրի նախկին երեք նախագահների հետ, նրանց հետ անձնապես քննարկելով Հայաստանի բազմաթիվ հիմնախնդիրներ: Ես նրանց առաջարկել եմ իմ մասնագիտական գնահատականները և հաճախ իմ քննադատությունները՝ երկրի կառավարման վերաբերյալ: Թեև նախագահները գոհ չէին, որ մատնացույց էի անում նրանց թերություններն ու սխալները, սակայն հասկանում էին, որ մտադրություն չունեի նրանց նսեմացնել, այլ օգնել նրանց բարելավել բնակչության կենսապայմանները:
1988 թ.-ի երկրաշարժից ի վեր, ես բարեգործական աշխատանքներ եմ կատարում Հայաստանում և Արցախում, սկզբում որպես Միացյալ հայկական հիմնադրամի (UAF), իսկ հետագայում Հայաստան Արցախ հիմնադրամի (AAF) նախագահ և Քըրք Քըրքորյանի «Լինսի» հիմնադրամի փոխնախագահ՝ ավելի քան 800 միլիոն դոլարի մարդասիրական օգնություն հասցնելով Հայաստանին և Արցախին`UAF-ի եւ AAF-ի կողմից, և կառավարելով 242 միլիոն դոլար արժողությամբ ենթակառուցվածքային ծրագրեր` «Լինսի» կողմից ֆինանսավորված: Չնայած այդ տարիներին Հայաստանում տիրող կոռուպցիային, ես խստորեն պայքարել եմ մարդասիրական ապրանքների և գումարների պահպանման համար, մշտապես նախագահների ուշադրությունը հրավիրելով բարձրաստիճան պաշտոնյաների կողմից կատարվող չարաշահումների վրա և պահանջելով, որ նրանց կարգի հրավիրեն կամ պաշտոնից հեռացնեն:
Հայաստան և Արցախ կատարած իմ 58 այցելությունների ընթացքում ես իմ աչքով եմ տեսել մարդկանց մեծամասնության թշվառ պայմանները մեր հայրենիքում ՝ զրկված դրամից, սննդից, դեղորայքից, հագուստից և առաջին անհրաժեշտության այլ ապրանքներից: Տեսնելով ժողովրդի զրկանքների անտեսումը նախագահների կողմից, ես հաճախ և համառորեն ներկայացնում էի նրանց տխուր վիճակը երկրի ղեկավարության ուշադրությունը:
Ինձ հատկապես զայրացնում էին պետական պաշտոնյաների խոսակցություններն այն մասին, որ Հայաստանը միայն ներդրումների կարիք ունի, ոչ թե բարեգործության: Ես նման դատողությունները համարում էի անգութ՝ ժողովրդի տառապանքների նկատմամբ: Յուրաքանչյուր նման հայտարարությունից հետո հակադրվում էի այդ պաշտոնյաներին՝ բացատրելով նրանց հայտարարությունների բացասական հետևանքը:
Հետևաբար, զարմացա, երբ 2018 թ. սեպտեմբերի 23-ին Նյու-Յորքում կայացած իր ելույթում Հայաստանի նոր վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ժողովրդի մարդը հայտարարեց, որ Հայաստան-Սփյուռք հարաբերությունների համատեքստում պետք է խրախուսվի աշխատանքը, այլ ոչ թե բարեգործությունը. ««Հայությունը կարող է Հայաստանին աջակցել ընդամենը մի տարբերակով` Հայաստանում ծավալել տնտեսական գործունեություն, հիմնադրել որևէ բիզնես և աշխատել: Այսօր Հայաստանի ընկալումը հետևյալն է. այն մի երկիր է, որտեղ կարելի է ծավալել տնտեսական գործունեություն, բիզնես հիմնադրել, շահույթ ստանալ, հարստանալ և հարստացնել: Մեր ուղերձը բոլորին հետևյալն է. հարստացեք և հարստացրեք: Մենք ուզում ենք, որ Հայաստանն ընկալվի այդպիսի երկիր, Հայաստանում պետք է իրականացնել ոչ թե բարեգործական, այլ զարգացման ծրագրեր…»:
Արդար լինելով վարչապետի նկատմամբ, նշեմ, որ նա իր ելույթում խոսեց նաև շատ այլ թեմաների մասին, որոնց հետ ես լիովին համաձայն եմ: Նա հսկայական աջակցություն ունի թե Հայաստանում, թե ամբողջ աշխարհում… Նա գրեթե վերացրել է կոռուպցիան հայկական հասարակության մեջ և ներկայացրել ժողովրդի ձայնը, որը քառորդ դարից ավելի, անկախությունից ի վեր անձայն էր մնացել: Այնուամենայնիվ, ինչպես ասել եմ նախկին նախագահներին, այժմ ցանկանում եմ հետևյալ բացատրությունները տալ նոր վարչապետին.
1) Ես լիովին աջակցում եմ վարչապետի նախաձեռնությանը, որ Հայաստանը կարիք ունի տնտեսական ներդրումների՝ աշխատատեղեր ստեղծելու և արտահանման ընդլայնման համար: Աշխատատեղեր ստեղծելով, մարդիկ ոչ միայն եկամուտ կունենան իրենց ամենօրյա ծախսերի վճարման համար, այլև կառավարությունը ևս կունենա հարկային եկամուտներ՝ երկրի և բնակչության բազմաթիվ կարիքները հոգալու համար:
2) Այնուամենայնիվ, վարչապետի կոչը, որ «աշխատանքը պետք է խրախուսվի, ոչ թե բարեգործությունը» հարյուր հազարավոր աղքատների կզրկի իրենց առաջին անհրաժեշտության ապրանքներից: Ներդրումները ժամանակ են պահանջում ժողովրդին հասնելու և արդյունքներ ստանալու համար: Այդ ընթացքում, եթե բարեգործական ջանքերը չխրախուսվեն, շատ աղքատ մարդիկ չեն կարողանա գոյատևել…
3) Ոչ բոլոր սփյուռքահայերը կարող են ներդրումներ կատարել Հայաստանի Հանրապետությունում: Կան տասնյակ բարեգործական կազմակերպություններ, որոնք օրենքով չեն կարող ներգրավվել տնտեսական գործունեության մեջ, քանի որ նրանք կարող են միայն բարեգործություն անել: Երկրաշարժից և Հայաստանի անկախացումից ի վեր հայկական և միջազգային բարեգործական կազմակերպությունները մեծ քանակությամբ օգնություն են ցուցաբերել Հայաստանին և Արցախին: Եթե այդ մարդասիրական օգնությունը չլիներ, կենսամակարդակը ավելի ցածր կլիներ, վտանգելով բազմաթիվ հայերի գոյատևումը: Չխրախուսելով բարեգործությունը, մենք պարզապես խնդրում ենք բարեգործական կազմակերպություններին չօգնել Հայաստանի կարիքավորներին:
4) Հայաստանի կառավարությունները գումարի սղության պատճառով դեռևս չեն կարողացել բավարարել իրենց բնակչության կարիքները: Սփյուռքի բարեգործական կազմակերպությունները օգնություն են տրամադրել, ինչ որ կառավարությունը չէր կարող անել: Եթե անկախությունից ի վեր Հայաստանը բարեգործական օգնություն չստանար, ժողովրդի շատ կարիքներ չէին կարող հոգալ, և Հայաստանը կլիներ ավելի աղքատ երկիր…
5) Եթե նույնիսկ այսօր Սփյուռքը սկսի ներդրումներ կատարել Հայաստանում, դա չի նշանակում, որ նոր միջոցների ներհոսքը մի գիշերվա ընթացքում կբավարարի ժողովրդի բոլոր կարիքները: Իհարկե, որոշ մարդիկ, ի վերջո, կաշխատեն, սակայն շատերը, ինչպես օրինակ, տարեցները, առաջվա նման ոչ մի եկամուտ չեն ունենա իրենց չնչին թոշակներից բացի: Նրանք, ովքեր տեղյակ չեն Հայաստանում տիրող ծայրաստիճան աղքատության մասին, պետք է կարդան «Գարդիան» թերթում 2018 թ. սեպտեմբերի 29-ին հրապարակված Նիք Դանցիգերի հոդվածը՝ «Ավելի լավ է մեռնել». գոյատևության պայքար աղքատության մեջ Հայաստանում» վերնագրով:
6) Թյուր կարծիք է ձևավորվել, որ եթե Հայաստանում շատ ներդրումներ լինեին, ապա կարիք չէր լինի բարեգործության: Գրեթե բոլոր երկրներում, նույնիսկ առավել զարգացած, կան հարյուրավոր բարեգործական կազմակերպություններ, որոնք բավարարում են աղքատ մարդկանց կարիքները: Միայն Միացյալ Նահանգներում բարեգործական կազմակերպությունները միլիարդավոր դոլարների օգնություն են տրամադրում կարիքավոր անհատներին և ընտանիքներին: Եթե ամերիկացիները բարեգործության կարիք ունեն, հայերը անկասկած դեռ երկար ժամանակ բարեգործական օգնության կարիք կունենան…
Հետաքրքիր է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, վերջերս ստեղծեց իր բարեգործական կազմակերպությունը՝ «Իմ քայլը» հիմնադրամը՝ կրթական, առողջապահական, սոցիալական և մշակութային ծրագրերին աջակցելու համար: Նա անում է այն, ինչը միանգամայն անհրաժեշտ է, քանի որ Հայաստանի ժողովուրդը օգնության խիստ կարիք ունի…
Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
www.TheCaliforniaCourier.com
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի