Վարչապետ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը պայմանավորվել են սահմանագծում լարումը նվազեցնելու մասին
Քաղաքականություն
28.09.2018 | 22:50Վարչապետ Նիկոլ Փաշինյանն, ինչպես ավելի վաղ խոստացել էր, մանրամասներ է ներկայացրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումից:
«Այս անգամ որոշակի առարկայական խոսակցություն ստացվեց: Մենք մի քանի կարևոր կետեր արձանագրեցինք և պայմանավորվեցինք, որ մեր պաշտպանության նախարարներին հանձնարարություն կտանք, որ քայլեր ձեռնարկեն սահմանագծում լարումն իջեցնելու և սահմանային միջադեպերը կանխելու վերաբերյալ: Կարծում եմ, որ սա կարևոր պայմանավորվածություն է»,-ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ նշեց վարչապետը և հավելեց, որ այս մասին արդեն տեղյակ է պահել Արցախի ղեկավարությանը:
«Հանձնարարական և համապատասխան հրաման եմ տվել նաև մեր զինված ուժերին, և նախորդ գիշերը, կարող եմ ասել, եղել է իմ վարչապետ ընտրվելուց հետո ամենախաղաղ գիշերը»,-ասաց նա: