Թանկացում տրանսպորտի ապահովագրության ու մեքենաների հետ կապված ծառայությունների ոլորտում
Քաղաքականություն
04.10.2024 | 11:41Այս տարվա սեպտեմբերին օգոստոսի համեմատ ծառայությունների սակագներն աճել են 0.3-1.1%-ով։ Այս մասին Factor.am-ը տեղեկանում է ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներից։
Սակագների համեմատաբար բարձր հավելաճ գրանցվել է Իջևան քաղաքում: Մայրաքաղաքում բնակչությանը մատուցված ծառայությունների սակագներն աճել են 0.8%-ով:
Իսկ նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ, այսինքն՝ 1 տարվա կտրվածքով՝ ծառայությունները թանկացել են 3,6 %-ով։
Ծառայությունների մի մասը անմիջական կապ ունի տնտեսության զարգացման հետ։ Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Գագիկ Մակարյանը։
«Մարդկանց և բիզնեսի հնարավորությունները երբ բարելավվում են, ավելի շատ եկամուտներ են ստանում, բնականաբար, դա պետք է լիներ։ Հիմա մեր ՀՆԱ-ն համարյա հասել է 25 մլրդ դոլարի, 1 շնչին բաժին ընկող ՀՆԱ-ն արդեն գերազանցում է մոտավորապես 9500 դոլարը, այսինքն՝ կա ընդհանուր բարելավում։ Ճիշտ է՝ էլի կան բավականին շատ գործազուրկ, աղքատ մարդիկ, բայց բոլոր դեպքերում ընդհանուր վիճակը լավացել է, պահանջարկը մեծացել, դա էլ բերել է ծառայությունների թանկացմանը։ Այո՛, իրավաբանական, հաշվապահական ծառայությունները թանկացել են, տրանսպորտը, ապահովագրությունը, բանկերի ծառայությունները թանկացել են»,- նշեց Մակարյանը։
Նկատառմանը, որ ոչ բոլոր քաղաքացիներն են իրենց վրա զգում տնտեսության աճն ու ծառայությունների թանկացումը կարող է վատ անդրադառնալ սոցիալական ծանր վիճակում գտնվող մարդկանց վրա, Մակարյանը արձագանքեց․ խնդիրը մայրաքաղաքի ու մարզերի միջև դիսբալանսն է․
«ՀՆԱ-ի աճը ոչ բոլոր մարզերն են իրենց վրա զգում, դիսբալանս կա․ Երևանը հիմնականում 46-47 % մասնաբաժին ունի, 4 մարզեր ունեն որոշակի դերակատարություն, որոնք ավելի զարգացած մարզեր են, բայց մնացած մարզերում շատ չնչին է ակտիվությունը և ՀՆԱ-ի աճը համարյա չեն նկատում։ Այդ մարզերում տնտեսական զարգացման պոտենցիալն այնքան ցածր է, որ չի կարողանում ՀՆԱ-ն կլանել, այդ տեղերում կարող են ցածր մնալ աշխատավարձերը»,- նշեց Մակարյանը։
Տնտեսագետի խոսքով՝ այս դիսբալանսը վերացնելու համար որոշակի քայլեր են պետք․
«Դրա համար պետք է տնտեսության մեջ որոշակի թիրախային իմաստով դիվերսիֆիկացիա լինի։ Մարզեր կան՝ ոչ բաղնիքներ կան, ոչ լվացքատներ, ոչ զբաղմունքի կենտրոններ, ոչ էլեմենտար փոքր արտադրություններ, նույնիսկ շատ գյուղերում բանկոմատներ չկան, 30 կմ պիտի գնա մարդը, որ բանկոմատից փող հանի։ Մենք համայնքներում պետք է ոչ միայն բավարարվենք դպրոց, հիվանդանոց, ճանապարհ կառուցելով, դրանք չպետք է լինեն քաոտիկ բնույթի, պետք է լինեն պլանավորված։ Ճանապարհը, որ սարքում են, միայն անցնելու համար չէ, պետք է հնարավորություն ստեղծվի, որպեսզի բիզնեսներ զարգանան այդտեղ։ Հիմա, օրինակ, բիզնեսի համար արտոնություններ են տված սահմանամերձ համայնքներում, բայց համարյա ոչ մեկը չի օգտվում, չեն ուսումնասիրում խորությամբ՝ ինչն է պատճառը։ Շատ գյուղերում աշխատուժ չկա, ռիսկեր է տեսնում, այլ ենթակառուցվածքներ չկան, հո միայն ճանապարհը չէ։ Շատ գյուղեր գազաֆիկացված չեն։ Որպեսզի համայնքներում իրավիճակը փոխվի, պետք է խթանել փոքր բիզնեսը։ Այն շատ մեծ ներդրումներ չի կատարում, վերադարձելիությունն ավելի հեշտ է, պետությունը պետք է աջակցի այս բիզնեսների զարգացմանը մարզերում և դրանով աշխատատեղեր, աշխատավարձ կբարձրանա։ Եթե տնտեսության կեսը կենտրոնացնում ենք մի մայրաքաղաքի վրա, դա շատ մեծ դիսբալանս է ստեղծում։ Եվրոպական լավ փորձ կա, երբ բանկը, բիզնեսն ու համայնքը եռակողմ համագործակցությամբ ստեղծում են շատ տարբեր պրոեկտներ։ Համայնքը տրամադրում է անհատույց շինություններ, ներկայացնում է իր պահանջները, բիզնեսը իր ծառայություններն է ներկայացնում, բանկն էլ ֆինանսավորում է։ Բիզնեսի գործը պետք է հեշտացնել։ Բիզնեսն այնպես չէ, որ ամեն տեղ գույք ունի, որ իր արժեքով կարող է վարկին բավարարել, համայնքը կարող է որպես երաշխիք ներկայացնել իր գույքը բիզնեսի համար։ Այդ սխեման բավականին լավ վիճակներ կարող է ստեղծել»,- նշեց Մակարյանը։
Անժելա Պողոսյան