Կապույտ հազի դեպքերն աճել են 11 անգամ․ նաև կարմրուկի, քութեշի և ջրծաղիկի ակտիվացում կա
Այս տարվա առաջին հինգ ամիսներին Հայաստանում ակտիվացել են կապույտ հազի, քութեշի, կարմրուկի ու ջրծաղիկի դեպքերը։ Այս մասին Factor.am-ը տեղեկանում է ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներից։
Կապույտ հազի դեպքերն ավելացել են գրեթե 11 անգամ։ Անցած տարվա հունվար-մայիս ամիսներին Հայաստանում գրանցվել է այս հիվանդության ընդամենը 6 դեպք, իսկ այս տարվա նույն ժամանակահատվածում՝ 67 դեպք։
Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում կապույտ հազն ունի համաճարակաբանական առանձնահատկություն․ յուրաքանչյուր 3-5 տարին մեկ թվերի բարձրացում է լինում։ Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց ՀՎԿԱԿ Իմունականխարգելման և կառավարելի վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Սվետլանա Գրիգորյանը։
«Կապույտ հազի վերջին պարբերական բարձրացումը տեղի էր ունեցել 2017-2019 թվականներին, դրանից հետո կտրուկ նվազում ենք ունեցել։ Հիմա՝ 2023 թվականից սկսել է մյուս պարբերական բարձրացումը։ 2024 թվականի ընթացքում էլ կունենանք, 2025-ից նորից մարում կունենանք։ Կապույտ հազը պատվաստումներով կանխարգելվող հիվանդություն է, պլանային պատվաստումների արդյունքում է, որ մենք ունենում ենք ոչ թե հազարավոր դեպքեր, այլ մի քանի տասնյակ։ Մինչ պարբերական բարձրացումների շրջանում էլ ունենում ենք մինչև 10 դեպք։ Այս առումով կապույտ հազը մեզ համար կառավարելի հիվանդություն է։ Այս հիվանդությունը շատ վտանգավոր հատկապես վաղ տարիքի երեխաների շրջանում, առավել վտանգավոր է մինչև 6 ամսական երեխաների համար ու պատվաստումների արդյունքում մենք պաշտպանում ենք ոչ միայն իրենց, այլ նաև իրենց շրջապատին։
Սա կանխատեսելի էր, մեր իրազեկման հայտարարություններում էլ նշել ենք, որ ունենալու ենք բարձրացում։ Պատվաստումների հարցում նվազում չենք ունեցել, բայց մեր պատվաստումներում ընդգրկվածությունը 100 % չէ, տարբեր տարիներին կարող ենք մինչև 5-7 % բնակչություն ունենալ, որոնք ընդգրկված չեն եղել պատվաստումներում։ Դրանք տարիների ընթացքում կուտակվում են և երբ հասնում է այն մակարդակի, որ հարուցիչը կարող է ունենալ ընկալ օրգանիզմների շրջանակ, ունենում ենք որոշակի բարձրացում, հետո նրանք հիվանդանում են ու էլի նվազում ենք ունենում»,- նշեց Գրիգորյանը։
Համաճարակաբանի խոսքով՝ 1 տարեկան երեխաների պատվաստումներին ամբողջական ընդգրկվածությունը հունվար-հունիս ամիսներին կազմել է 92,5 %, որը բավական լավ ցուցանիշ է։
Ինչ վերաբերում է քութեշ հիվանդությանը, այն կառավարելի չի համարվում, նշում է ՀՎԿԱԿ ներկայացուցիչը։ «Քութեշի դեպքում չկա պատվաստանյութ ու բարձրացման շրջանում ունենում ենք մի քանի հազար դեպք։ Հունիսի տվյալներով նվազում ունենք, բայց սրա դեպքում ևս պարբերական բարձրացման շրջանն է»,- նշեց Գրիգորյանը։
«Էլի որոշակի ժամանակահատված է պետք, որպեսզի համարվի կառավարելի հիվանդություն։ Պարբերական բարձրացման ժամանակահատվածն է։ Հունիսին ցուցանիշների նվազում ունենք, բայց սա չի նշանակում, որ հետո էլի աշնան սեզոնին չենք ունենա բարձրացում»
«Հաջորդ տարվանից ներդրվելու է ջրծաղիկի դեմ պատվաստումը։ Այն առաջին փուլով կներդրվի միայն զորակոչիկների համար։ Սա, կարծում եմ, կարևոր քայլ է, որովհետև այդ տարիքային խումբը ջրծաղիկով վարակվելու դեպքում բավականին բարդ են տանում հիվանդությունը և այն շատ արագ է տարածվում, ուստի շատ կարևոր է սկզբում զորակոչիների համար ներդնել, այնուհետև երեխաների համար կներդնենք»,- ասել էր Ավանեսյանը ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2022 թվականի պետական բյուջեի կատարողականի հաշվետվության քննարկման ժամանակ այս մասին ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Factor.am-ը հետաքրքրվեց նախարարությունից՝ արդյո՞ք այս տարի մեկնարկել են ջրծաղիկի դեմ պլանային պատվաստումները։ Նախարարությունից մեզ տեղեկացրին, որ դեռևս մեկնարկը տրված չէ։
«Ընթացակարգը սկսված է, բայց խնդիրներ են առաջացել, լինելու է, բայց դեռևս չենք կարող ասել՝ երբ»։