ՀՀ ԱԽ քարտուղարը հանդիպում է ունեցել Նորվեգիայի ԱԳՆ պետքարտուղարի հետ
Քաղաքականություն
21.03.2024 | 18:39Մարտի 21-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Նորվեգիայի Թագավորության արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Էյվին Վադ Պետերսոնի գլխավորած պատվիրակության հետ: Այս մասին տեղեկացնում են ԱԽ գրասենյակից:
Արմեն Գրիգորյանը և Էյվին Վադ Պետերսոնն անդրադարձել են արտատարածաշրջանային անվտանգային իրավիճակին ընդհանուր առմամբ և մասնավորապես՝ Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումներին, ինչի շրջանակներում ԱԽ քարտուղարը ներկայացրել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի ներկայիս իրավիճակը:
ԱԽ քարտուղարը զրուցակցին է ներկայացրել վերջին տարիներին ՀՀ-ում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների, տնտեսության և անվտանգության համակարգի զանազանեցման ընթացքն ու արդյունքները: Վերոնշյալի համատեքստում կողմերը վերահաստատել են պատրաստակամությունը՝ շարունակելու համագործակցությունը երկկողմ տնտեսական հետաքրքրություն ներկայացնող հարցերի շրջանակներում: