«Խաչատուրովի հարցում հայկական կողմը խախտել է ընթացակարգերը և սպառել քաղաքական վստահության պաշարը». պնդում է Ս․ Տարասովը, «Ռուսական կողմը ամեն 3 ամիսը մեկ է դրանք խախտում». հակադարձում է Արա Պապյանը
Քաղաքականություն
03.08.2018 | 12:00Այլևս հայտնի է, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի նկատմամբ ընտրված խափանման միջոցն արգելք չէ, որպեսզի նա որոշակի ժամանակահատվածով բացակայի Հայաստանից։ Արդյո՞ք Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի հատկանիշներով քրեական հետապնդման ենթարկվող Խաչատուրովի նկատմամբ այս որոշմամբ վերջ կդրվի Երևանի ու Մոսկվայի միջև վերջին մի քանի օրերի լարվածությանը, որի գագաթնակետը փորձագետների հիմնական մասի կարծիքով՝ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի աղմկահարույց դեմարշն էր։ Factor.am-ը այս հարցի շուրջ զրուցել է ռուսաստանցի քաղաքագետ Ստանիսլավ Տարասովի և «Մոդուս վիվենդի» կենտրոնի հիմնադիր Արա Պապյանի հետ։
Ստանիսլավ Տարասովի գնահատմամբ՝ Հայաստանի իշխանությունների գործողությունները ոչ միայն վրդովվեցուցիչ են, ոչ միայն հարվածի տակ են դնում ՀԱՊԿ հեղինակությունը, այլև ուղղակի սպառել են քաղաքական վստահության պաշարը, որն ունեին ՌԴ ու ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարները Հայաստանի նոր իշխանությունների նկատմամբ։
«Պարոն Խաչատուրովը որքան էլ հայաստանյան գեներալ է և ունի հայկական ազգանուն, ուզում եմ հիշեցնել՝ գլխավորում է միջազգային կառույց՝ ՀԱՊԿ-ը, որը ձևավորել են 6 պետություններ։ Խաչատուրովը միջազգային չինովնիկ է, որն ունի հատուկ կարգավիճակ, և պարոն Փաշինյանը, որը մի կողմից խոսում էր Պուտինի աչքերի մեջ նայելու, խոսում էր իր՝ ՀԱՊԿ-ի, ԵՏՄ-ի կողմնակից լինելու մասին, իրավունք չուներ նման բան անել։ Նա պարտավոր էր պահպանել ընթացակարգերը․ պարտավոր էր որոշակի իրավական ճանապարհով՝ միգուցե՝ առանց հրապարակայնորեն պատճառը նշելու, սկզբում հետ կանչել Խաչատուրովին, ապա՝ նրան փոխարինել որևէ այլ գեներալով, ու դրանից հետո միայն քրեական հետապնդում իրականացնել։ Բայց նա արեց բաներ, որոնց արդյունքում պարզվեց, որ 6 պետություն քվեարկել են ոչ թե Խաչատուրովի, այլ հանցագործի համար»,- հայտարարեց Ստանիսլավ Տարասովը։
Նա համեմատության համար առաջարկեց պատկերացնել՝ ռուսական կողմն ինչպես կչարախնդար, եթե, օրինակ, Նորվեգիայում որոշեին դատել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ստոլտեմբերգին։ Քաղաքագետի գնահատմամբ՝ սա Երևանի միակ վրդովվեցնող քայլը չէ։ Ասաց, որ երբ Սերգեյ Լավրովն իր աղմկահարույց հայտարարությունից առաջ հայաստանյան գործընկեր Զոհրաբ Մնացականյանի հետ զրույցում հույս հայտնեց, որ այս առնչությամբ ընթացակարգերը կպահպանվեն, Երևանը վերցրեց ու Ռուսաստանի արտգործնախարարին պատասխանեց ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանի մակարդակով։
«Նրանք ուղղակի «դեմ տվեցին» ԱԳՆ լրատվական ծառայության ղեկավարին։ Պատկերացրեք՝ Ռուսաստանի համար սա ինչ ահավոր վիրավորանք է։ Այսինքն ՝ եկեք արձանագրենք, որ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովին պատասխանում է լրատվական ծառայության ղեկավարը։ Կարծում եմ՝ այնպիսի փորձառու դիվանագետ, ինչպիսին Զոհրաբ Մնացականյանն է, պետք է, որ Փաշինյանին զեկուցած լիներ ընթացակարգերի մասին, բայց վերջինս արհամարհեց, նա ուղղակի թքեց բոլորի վրա։ Ավելի ճիշտ՝ վարվեց գավառական քաղաքական գործչի նման․․․ Հանրահավաքներ է անում, դե թող վերցնի մասնակիցներին՝ լցնի մեքենաները և ուղարկի ռազմաճակատ»,- մեկնաբանեց ռուսաստանցի քաղաքագետը։
Յուրի Խաչատուրովի փաստաբանը հայտնել էր, թե իր պաշտպանյալը ունի որոշակի աշխատանքային պարտավորություններ։ Քաղաքագետի խոսքով՝ ՀԱՊԿ շրջանակներում նման ծանր հանցանքների մեջ մեղադրվող Յուրի Խաչատուրովը չի կարող աշխատել։ «Նա ինչպե՞ս կարող է վերադառնալ, իսկ եթե վաղը պատերա՞զմ է ․․․ գեներալ Խաչատուրովը պետք է որոշումներ ընդունի՞, ինչ-որ փաստաթղթեր ստորագրի՞ ․․․սա ռազմաքաղաքական բլոկ է, որը պարտավոր է պատրաստ լինել յուրաքանչյուր սցենարի ․․․ ամեն ինչ կարող է լինել, ասենք՝ երկրաշարժ ու այս պայմաններում՝ առաջին ստորագրության իրավունքը պատկանում է Խաչատուրովին։ Այսինքն՝ հանցագործը թղթեր է ստորագրում և ո՞վ դրանք պետք է կատարի։ Եվ հետո․․․ նա գալիս է, իսկ մեր ինչին է նա պետք, որ վտանգի ՀԱՊԿ-ի նման կառույցի հեղինակությունը։ Մեզ «մաքուր» գեներալ է պետք»,- ամփոփեց Ստանիսլավ Տարասովը։
Վերջինս, ի դեպ, նշեց, թե չի էլ բացառում, որ Խաչատուրովը մեղավոր է։ Հարցին ի պատասխան, թե հնարավո՞ր է տարբերակ, որ ՀԱՊԿ-ում գլխավոր քարտուղարությունը փոխանցվի անդամ որևէ այլ երկրի, Ստանիսլավ Տարասովը, նախ, արձագանքեց՝ ասելով, որ Հայաստանը ՀԱՊԿ-ից արտոնյալ գներով ռազմամթերք է ստանում, ապա ավելացրեց, որ այս միջադեպից հետո ՀԱՊԿ անդամ յուրաքանչյուր երկիր կարող է հարց բարձրացնել՝ որքանո՞վ է Հայաստանը լուրջ գործընկեր։ Ավելին՝ Տարասովը չի բացառում Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից վտարումը։
«Մոդուս Վիվենդի» կենտրոնի հիմնադիր Արա Պապյանի խոսքով՝ միջազգային ընթացակարգերի պահպանման անհրաժեշտության մասին խոսող ռուսաստանցի քաղաքագետներին չէր խանգարի վերհիշել իրենց կողմից ընթացակարգերի խախտումները։ «Մասնավորապես, երբ 2013թ․ Վ․ Պուտինը ժամանեց Հայաստան, այցելեց ռուսական ռազմաբազա ու Սերժ Սարգսյանին հրավիրեց իր մոտ, ինչը միջազգային ընթացակարգերի շատ ավելի աղաղակող խախտում է»,- հիշեցրեց Արա Պապյանը։
Ավելին՝ նա նշեց, որ ՌԴ-ն ամեն 3 ամիսը մեկ խախտում է այդ ընթացակարգերը՝ իր ռազմավարական դաշնակցի հակառակորդին զենք ծախելով։ «Դա արարողակարգ չէ, դա մարդկային կյանքեր են՝ տասնյակ հազարավոր, որ պատերազմի ժամանակ կարող են զոհվել»,- հավելեց նա։
Ինչ վերաբերում է հարցադրմանը, թե այսքանից հետո ինչներին է պետք Խաչատուրովը, Արա Պապյանն արձագանքեց․ «Տարասովը ճիշտ է այն առումով, որ ՀԱՊԿ-ին մաքուր գեներալներ են պետք, մեզ էլ են մաքուր գեներալներ պետք։ Հետևաբար, կարծում եմ, որ Խաչատուրովը հնարավորինս արագ պետք է փոխարինվի Հայաստանը ներկայացնող մեկ այլ գեներալով։ Այո, Գլխավոր քարտուղարի պաշտոնը միջազգային կառույցում է, և այդուհանդերձ, հիմա այն ռոտացիոն կարգով Հայաստանինն է մինչև 2020 թվականը։ Եվ չեմ հասկանում՝ ինչ է ուզում ռուսական կողմը, եթե ենթադրվում է և լուրջ հիմքեր կան մտածելու, որ այդ մարդը հանցագործություն է կատարել, արդյո՞ք նրան չպետք է մեղսագրվեր այն»։
Արա Պապյանը տեղյակ չէ՝ ինչու Հայաստանի արտգործնախարարությունն, այնուամենայնիվ, նախապես Խաչատուրովին հետ չկանչեց, անգամ ընդունում է, որ ռուսները դրանից կարող էին և նեղվել, բայց քիչ հավանական է համարում մեզ՝ ՀԱՊԿ-ից հեռացնելը։ «Ենթադրում եմ, որ պատճառներ են եղել և դրանցից մեկն այն կլինի, որ եթե դա կատարվի, Խաչատուրովն առհասարակ կարող է չվերադառնալ, իսկ այդ կարգավիճակով վստահ էր, որ նման բան տեղի չի ունենա»,- ասաց Արա Պապյանը։
Անի Սահակյան