Վճռաբեկ դատարանը վարույթ չի ընդունել նախկին դատավոր Սամվել Ուզունյանի՝ Հայաստանը լքելու գործը կարճելու դատական ակտի դեմ բողոքը
Հասարակություն
12.12.2023 | 11:22Վճռաբեկ դատարանը վարույթ չի ընդունել ՀՀ գլխավոր դատախազի բողոքը՝ նախկին դատավոր Սամվել Ուզունյանի՝ Հայաստանը լքելու դեպքի առթիվ գործը կարճելու դատական ակտի դեմ։ Այս մասին Factor.am–ին ասաց գործով մեղադրյալ քննիչների պաշտպան Արման Թամրազյանը։
Հիշեցնենք, որ 2019 թվականին Սամվել Ուզունյանը որպես մեղադրյալ է ներգրավվել կաշառք ստանալու և ենթադրյալ այլ հանցավոր արարքներ կատարելու հոդվածներով, սակայն մինչ նրան կալանավորելու միջնորդություն կներկայացվեր դատարան, լքել է Հայաստանը։ Ուզունյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրան ազատությունից զրկելու համար անհրաժեշտ է Բարձրագույն դատական խորհրդի համաձայնությունը։ Ուզունյանը ԲԴԽ-ում իր վերաբերյալ այս հարցերի քննությանը չի մասնակցել, և այն բանից հետո երբ Խորհուրդը նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու, ինչպես նաև նրան ազատությունից զրկելու վերաբերյալ դատարան միջնորդություն ներկայացնելու համաձայնություն է տվել, Երևան-Մոսկվա չվերթի տոմս է գնել և Զվարթնոց օդանավակայանով լքել Հայաստանը։ Առ այսօր հետախուզաման մեջ է գտնվում։
Գործը քննվելիս է եղել Հատուկ քննչական ծառայությունում, և Ուզունյանի՝ Հայաստանը լքելուց հետո քննիչ Լեռնիկ Ստեփանյանի և Հատուկ քննչական ծառայության կոռուպցիոն, կազմակերպված և պաշտոնեական հանցագործությունների քննության վարչության պետ Էդգար Պողոսյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել։
2022 թվականին գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, սակայն դատավոր Կարեն Ֆարխոյանը առանց դատաքննության փուլի անցնելու որոշում է կայացրել գործի վարույթը կարճելու և քննիչների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին։
Այս դատական ակտի դեմ Դատախազությունը վերաքննիչ բողոք է ներկայացրել, սակայն Վերաքննիչ դատարանը բողոքը մերժել է, ինչի դեմ վճռաբեկ բողոք է ներկայացրել գլխավոր դատախազի տեղակալ Արթուր Պողոսյանը, սակայն այս բողոքը ևս մերժվել է։
Վճռաբեկ դատարանի դատական ակտը ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, այսինքն՝ այդ պահից սկսած քննիչները համարվում են արդարացված։
Արաքս Մամուլյան