Մեծ պատերազմ Եվրոպայում, թագուհու վախճանը, տարերային աղետներ. ինչո՞վ հիշվեց 2022-ն աշխարհում․ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.11.2024 | 23:30
ԱՄՆ նախագահական ընտրությունների արդյունքները դժվար թե վերականգնեն Թուրքիայի հետ հարաբերությունները. անդրադարձ
05.11.2024 | 23:14
Հրդեհ Քարաձոր գյուղում
05.11.2024 | 23:03
«Վրացական երազանքը» նախագահին իմփիչմենթի ենթարկելու մանդատներ չունի
05.11.2024 | 22:53
ԱՄՆ-ում նախագահ են ընտրում. ՈՒՂԻՂ
05.11.2024 | 22:43
Տիեզերք է արձակվել աշխարհի առաջին փայտե արբանյակը
05.11.2024 | 22:29
Թուրքիայի քաղաքներում ոստիկանությունը դաժանաբար ճնշել է քուրդ քաղաքապետերի հեռացման դեմ ակցիայի մասնակիցներին
05.11.2024 | 22:25
ՔՊ-ում որոշել են, թե ում թեկնածությունը կառաջադրեն ՀԾԿՀ նախագահի և ԲԴԽ անդամի պաշտոններում
05.11.2024 | 22:20
Իսրայելի վարչապետը պաշտոնից ազատել է պաշտպանության նախարար Յոավ Գալանտին
05.11.2024 | 21:59
Չինաստանը, Հնդկաստանը և Թուրքիան կտրուկ կրճատել են ռուսական ածխի գնման ծավալները
05.11.2024 | 21:44
Երևանում և 9 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.11.2024 | 21:30
ԲԱՆԱՎԵՃ. Ցեղասպանության ճանաչումը չպիտի՞ լինի ՀՀ թիվ 1 արտաքին օրակարգը. Թուրքիայի հետ շփման լեզուն
05.11.2024 | 21:16
ԱՄՆ-ը չի վարանի լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Վրաստանի դեմ․ Միլլեր
05.11.2024 | 21:00
Հայաստանը շարունակում է ազատության կղզյակ մնալ ՌԴ-ից հեռացածների համար․ Սերգեյ Ցելիկով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2024 | 20:56
Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին մեքենաներ են բախվել. կան տուժածներ
05.11.2024 | 20:40
Վալենսիան 31,4 միլիարդ եվրո է պահանջում կենտրոնական իշխանություններից ջրհեղեղից տուժածների համար
Բոլորը

Տարիներ անց պատմաբանները, հնարավոր է, 2022 թվականը համարեն շրջադարձային կետ, որը նշանավորում է մի դարաշրջանի ավարտը և մյուսի սկիզբը: Անցած տասներկու ամիսները միայն մեկ լավ նորություն բերեցին․ COVID-19-ի համաճարակը նահանջեց աշխարհի գրեթե բոլոր երկրներում: Բայց, ընդհանուր առմամբ, 2022 թվականն ավելի շատ վատ, քան լավ նորություններով էր հագեցած: Տարվա միջազգային կարևոր իրադարձությունների խճանկարը՝ համառոտ:

2022 թվականի, թերևս, ամենացնցող ու ամբողջ տարվա ընթացքում բոլոր միջազգային լրատվականների գլխագրերից չիջնող  լուրը Ռուսաստանի ներխուժումն էր Ուկրաինա։ Չնայած 2021 թվականին որոշ վերլուծաբաններ ու բրիտանացի քաղաքական գործիչներ խոսում էին Ուկրաինայում պատերազմի հավանականության մասին, շատ եվրոպացի առաջնորդներ, այդ թվում՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, իրականում պատրաստ չէին նման սցենարի։ 2022 թվականի փետրվարի 24-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամայեց Ուկրաինայում սկսել, այսպես կոչված, «հատուկ ռազմական օպերացիա»՝ երկրի «ապառազմականացման ու ապազգայնացման» կարգախոսներով։ Ի զարմանս Կրեմլի ու շատ միջազգային վերլուծաբանների՝ Ուկրաինան ոչ միայն դիմակայեց ՌԴ հարվածներին, այլև սկսեց հետ վերադարձնել պատերազմի սկզբում կորսված տարածքները։ Արդյունքում, ՌԴ-ն առայժմ հրաժարվել է Կիևը գրավելու մտքից և զորքերը հետ քաշել գրավված Դոնբասի մի մասից։

Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա խորացրեց աշխարհում աշխարհաքաղաքական բաժանումները։ Արևմտյան երկրները համախմբվեցին Կիևի թիկունքում. Չինաստանը և ասիական երկրների մեծ մասն ավելի չեզոք դիրք գրավեցին՝ չնայած ազգային սահմանների անձեռնմխելիության մասին հրապարակային հայտարարություններին: Որոշ երկրներ ռուսական ագրեսիան փորձեցին արդարացնել՝ մեղադրելով ՆԱՏՕ-ին ընդլայնվելու ծրագրեր ունենալու մեջ: Տարեվերջի դրությամբ՝ հրադադարն այդպես էլ անհավանական է թվում: Ռուսաստանը թիրախավորում է Ուկրաինայի կարևորագույն ենթակառուցվածքները՝ հուսալով, որ ձմեռը կանի այն, ինչ չկարողացան ռուս զինվորականները՝ կոտրել Ուկրաինայի կամքը: Միևնույն ժամանակ, մնացյալ աշխարհը պայքարում է աննախադեպ գնաճի, մատակարարումների խափանումների և սննդի պակասի դեմ, որոնք առաջացել են Ուկրաինայի պատերազմի հետևանքով։

2022 թվականին աշխարհին հուզող կարևորագույն թեմաներից մեկը պարենային ճգնաժամի սպառնալիքն էր, որն առաջացել էր հակառուսական պատժամիջոցների և ՌԴ-ի կողմից Ուկրաինայում նավահանգիստների արգելափակման պատճառով։ Արևմտյան քաղաքական գործիչները ճգնաժամի համար մեղադրում են Ռուսաստանին, Մոսկվան՝ Արևմուտքին։ Եվրոպայում ռեկորդային գնաճ է գրանցվել։ Տարեկան կտրվածքով՝ գնաճը հասել է 3,4 տոկոսի․ սա ռեկորդային ցուցանիշ է 2008 թվականի ֆինանսական ճգնաժամից ի վեր։ Եվրամիության 19 երկրներում գնաճը երկնիշ է եղել, Իսպանիայում այն գերազանցել է 10 տոկոսը, Չեխիայում կազմել է 17,5, Լիտվայում և Լատվիայում՝ 21,5 տոկոս: Փորձագետների համոզմամբ՝ գնաճը կշարունակվի, քանի որ Եվրամիությունը շարունակելու է ապագայում կրճատել գազի ներմուծումը Ռուսաստանից:

2022-ին աշխարհում նաև սրվեց մեծ տերությունների՝ Չինաստանի և ԱՄՆ-ի միջև մրցակցությունը։ ԱՄՆ-ը Չինաստանին մեղադրում է Հարավ-չինական ծովը ռազմականացնելու, ՌԴ-ին Ուկրաինայում ռազմական գործողություններ իրականացնելու հարցում օգնելու և Թայվանի նկատմամբ ուժի սպառնալիքի համար։ Չինաստանի ռազմատենչ պատասխանն ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի՝ օգոստոսին Թայվան կատարած այցին ցույց տվեց, թե որքան է աճել երկու երկրների միջև լարվածությունը։

Հուլիսին աշխարհը ցնցեց Ճապոնիայի նախկին վարչապետ Սինձո Աբեի մահը, որը գնդակահարվեց Նարա պրեֆեկտուրայում քարոզարշավի ժամանակ ելույթ ունենալիս: Քաղաքական գործիչը հիվանդանոց տեղափոխվելուց հինգ ժամ անց մահացավ։ Նա 67 տարեկան էր։ Աբեի նկատմամբ մահափորձ իրականացնողը Տեցույա Յամագամին էր, որը ձերբակալվեց հենց հարձակման վայրում։ Նա հարցաքննության ժամանակ խոստովանել էր, որ սպանությունը սկսել է ծրագրել անցյալ տարվա աշնանից։ Հարձակման ժամանակ նա օգտագործել էր ինքնաշեն հրազեն։ Յամագամիի խոսքով՝ Աբեին որոշել էր սպանել, քանի որ նրան համարում էր կրոնական կազմակերպության անդամ, որը քանդել է իր ընտանիքը։

Սեպտեմբերին 96 տարեկանում կյանքից հեռացավ Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ 2-րդ թագուհին՝ բրիտանական միապետության խորհրդանիշը։ Եղիսաբեթ 2-րդը երկիրը կառավարում էր ավելի քան 70 տարի՝ այդպիսով գերազանցելով Բրիտանիայի պատմության ռեկորդը։ Նա մահացավ Շոտլանդիայում՝ Բալմորալ ամրոցում, ընտանիքի շրջապատում։ Եղիսաբեթի մահից հետո գահ բարձրացավ նրա որդին՝ Չարլզը, որը ստացավ Չարլզ III անունը, իսկ կինը՝ Կամիլան՝ թագուհի-կոնսորտի կարգավիճակ։

Նույն ամսում Մեծ Բրիտանիայի վարչապետ դարձավ Լիզ Թրասը, որն այդ պաշտոնում փոխարինեց Բորիս Ջոնսոնին։ Թրասը, սակայն, այդ պաշտոնում մնաց ընդամենը 44 օր։ Տնտեսությանն աջակցելու նրա ծրագիրը բուռն քննադատության արժանացավ, և Թրասը ստիպված եղավ հրաժարական տալ: Նրա նախորդը՝ Բորիս Ջոնսոնը, նույնպես վարչապետի պաշտոնը լքեց մի շարք սկանդալներից հետո: Կաբինետի անդամների զանգվածային հրաժարականից և իր հասցեին բուռն քննադատությունից հետո Ջոնսոնը հրաժարական տվեց։ Արդյունքում, ֆինանսների նախկին նախարար Ռիշի Սունակը, որն այժմ 42 տարեկան է, դարձավ մեկ տարվա ընթացքում Բրիտանիայի երրորդ վարչապետը։ Նա 1812 թվականից ի վեր Բրիտանիայի ամենաերիտասարդ և բրիտանական պատմության մեջ առաջին հնդկական ծագումով վարչապետն է։

Աշունը բարի չէր նաև հարևան Իրանի համար։ Այստեղ լայնածավալ բողոքի ցույցերի ալիք բարձրացավ, որոնց պատճառը Մախսա Ամինի անունով քուրդ աղջկա մահն էր։ Սեպտեմբերի 13-ին նա կալանավորվել էր «բարոյականության ոստիկանության» կողմից՝ հիջաբը սխալ կրելու համար: Բողոքի ցույցերը, որոնք սկսվեցին կանանց իրավունքների համար պայքարով՝ «Կին, կյանք, ազատություն» կարգախոսով, արագորեն քաղաքական բնույթ ստացան՝ իշխող աստվածապետական իշխանության համակարգը փոխելու պահանջներով։ Դրանք շարունակվեցին ավելի քան 2,5 ամիս՝ տարբեր ինտենսիվությամբ։ Ցույցերի ընթացքում տեղի ունեցան բախումներ ոստիկանության և անվտանգության ուժերի հետ։ Պաշտոնական տվյալներով՝ ակցիաների ընթացքում առնվազն 200 մարդ զոհվեց, իսկ տարբեր կազմակերպությունների պատճառվեց ավելի քան 200 միլիոն դոլարի վնաս։ Բողոքի ցույցերի մի քանի մասնակիցներ դատապարտվեցին մահապատժի։ Մի շարք լրատվամիջոցներ բողոքի ցույցերն անվանեցին գործող համակարգին ուղղված ամենամեծ մարտահրավերը՝ 1979 թվականի իսլամական հեղափոխությունից ի վեր։ Բողոքի ալիքի ֆոնին տեղեկություններ հայտնվեցին «բարոյականության ոստիկանության» լուծարման մասին, սակայն մի փոքր ուշ դրանք հերքվեցին։

Հյուսիսային Կորեան 2022 թվականին ավելի շատ հրթիռ արձակեց, քան երբևէ։ Փհենյանը տարեսկզբից ավելի քան 50 հրթիռային փորձարկում իրականացրեց։ Սրան զուգահեռ, մեծանում են մտավախությունները, որ Հյուսիսային Կորեայի ավտորիտար ռեժիմը, որը միջազգային մեկուսացման մեջ է, կարող է 2017 թվականից հետո առաջին անգամ վերադառնալ միջուկային փորձարկումներին։

Տարին բարի չէր նաև կլիմայական փոփոխությունների առումով։ Քառասուն տարի առաջ, երբ գիտնականներն առաջին անգամ նախազգուշացրին հնարավոր կլիմայական աղետի մասին, դա հեռավոր ապագայի խնդիր էր թվում: 2022 թվականը ցույց տվեց, որ այդ վտանգավոր ապագան այլևս ներկա է։ Եվրոպայում ջերմաստիճանային ռեկորդներ գրանցվեցին, հրդեհվեցին անտառներ և չորացան գետեր: Պակիստանում էլ դաժան շոգին հաջորդեցին մուսսոնները՝ ջրի տակ թողնելով երկրի մեկ երրորդը: ԱՄՆ-ի հարավ-արևմուտքում ևս ռեկորդային երաշտ գրանցվեց, որը կրճատեց այնպիսի ջրամբարների ջուրը, ինչպիսին է Միդ լիճը, և նվազեցրեց բերքատվությունը: Տարվերջին էլ ԱՄՆ մի շարք նահանգներում ռեկորդային սառնամանիքներ գրանցվեցին։ ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության հարցերով միջկառավարական խորհուրդը դեռ ապրիլին նախազգուշացրել էր, որ կլիմայի փոփոխության հետևանքներն աշխարհում շուտով անդառնալի կդառնան:

Մանրամասները՝ տեսանյութում։

Տաթև Ֆռանգյան