Մնացական Մարտիրոսյանը Հակակոռուպցիոն դատարանի դատավոր կարող է դառնալ 3 ամսից ոչ շուտ

Լուրեր

30.10.2026 | 12:22
Սևակ Միքայելյանն ընտրվեց ԿԲ խորհրդի անդամ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 12:14
Բաբկեն Պիպոյանի ասուլիսը կաթնամթերքի շուկայում իրականացված ուսումնասիրության մասին . ՈՒՂԻՂ
30.10.2026 | 12:10
10 ձերբակալված կաշառքի գործով // Հաքերային հարձակում Binance-ի վրա, ենթադրաբար՝ Հյուսիսային Կորեայից․ ԼՈՒՐԵՐ
30.10.2026 | 12:10
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը խաղադաշտ է վերադարձել վնասվածքից հետո
30.10.2026 | 12:02
Թրամփը զանգահարել է Էրդողանին Անկարայում Թյուրքական պետությունների առաջնորդների ընթրիքի ժամանակ
30.10.2026 | 12:00
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Աշխարհի առաջնության արդյունքների ամփոփումը. ՈՒՂԻՂ
30.10.2026 | 11:54
Հայաստանն ու Իրանը քննարկել են արհեստական բանականության և բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնումը
30.10.2026 | 11:48
Վրաստանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը․ Կոբախիձե
30.10.2026 | 11:35
Հյուսիսային Կորեայի հաքերներն են կանգնած Binance կրիպտոբորսայից կրիպտոարժույթի գողության հետևում․ Reuters
30.10.2026 | 11:27
Աբիսողոմոնյանն ու ԵԱՀԿ ներկայացուցիչը քննարկել են տարածաշրջանային փոխկապակցվածության խթանման հնարավորությունները
30.10.2026 | 11:18
Հարկադիրի Շիրակի բաժնի պետը կալանավորվել է
30.10.2026 | 11:04
Ըմբշամարտի ԱԱ. Արսեն Հարությունյանը մեկնարկեց վստահ հաղթանակով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 10:56
2027-ից «Ակադեմիական քաղաքում» կմեկնարկի ուսանողական կացարանների կառուցումը
30.10.2026 | 10:45
Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Սամարայի մարզի նավթավերամշակման գործարանում հրդեհ է բռնկվել
30.10.2026 | 10:36
Լոռու մարզում փրկարարները դժվարամատչելի տարածքից իջեցրել են քաղաքացուն
Բոլորը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանի՝ Հակակոռուպցիոն դատարանի դատավոր նշանակվելու հեռանկարը լուրջ իրարանցում է առաջացրել հասարակական-քաղաքական շրջանակներում։

Այսօր քաղհասարակության մի քանի կազմակերպություններ համատեղ հայտարարություն են տարածել՝ պահանջելով, որպեսզի Հանրապետության նախագահը Մարտիրոսյանին չնշանակի կոռուպցիոն հանցագործություններ քննող դատավորի պաշտոնում և նրա թեկնածությունն առարկություններով, վերադարձնի Բարձրագույն դատական խորհրդին:

«Մնացական Մարտիրոսյանը հայտնի է որպես քաղաքական հնչեղ գործերով ներգրավված դատավոր, ում դատավճիռներով դատապարտվել են քաղաքական բանտարկյալներ, որոնց թվում են՝ 2008թ. մարտի 1-ից հետո «7»-ի գործով դատապարտված Ալեքսանդր Արզումանյանը, Նիկոլ Փաշինյանը և այլ անձինք: 2006թ.-ին Մնացական Մարտիրոսյանի վճռով է ազատազրկման դատապարտվել ընդդիմադիր գործունեություն իրականացնող, այդ ժամանակ «Ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանը, 2007թ.-ին` Ժիրայր Սեֆիլյանը, 2017թ.-ին` Գևորգ Սաֆարյանը և այլ անձինք:

Մնացական Մարտիրոսյանը քննել է նաև 2001 թ. Պողոս Պողոսյանի սպանության դեպքի վերաբերյալ քրեական գործը:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռներով հաստատվել են հիմնարար իրավունքների խախտումները և քաղաքական հետապնդման փաստը, որոնց արդյունքում նրանցից ոմանք տարիներ անց արդարացվել են Հայաստանի Հանրապետության դատարանների կողմից: Այս համատեքստում Մնացական Մարտիրոսյանի՝ բացառապես քաղաքական կլանային շահերին սպասարկող գործունեությունը խաթարել է ոչ միայն արդարադատության ընկալումը ու վնասել Հայաստանի դատական իշխանության հեղինակությունն ու հանրային վստահությունը, այլև նյութական վնաս է պատճառել Հայաստանի Հանրապետությանը: Բարձրագույն դատական խորհրդի անդամների կողմից նման վարկանիշ ունեցող դատավորին հակակոռուպցիոն դատարանի դատավորի պաշտոնում ընտրելը խեղաթյուրում է պետության հակակոռուպցիոն քաղաքականությունը և խորացնում է դատական համակարգի նկատմամբ տիրող անվստահությունը»,- մասնավորապես ասված է հայտարարության մեջ։

Ուշագրավ է, սակայն, որ Մնացական Մարտիրոսյանի թեկնածությունը նախագահի հաստատմանը ներկայացվելու է մի քանի ամիս անց միայն։ Թեև Մարտիրոսյանը որակավորման ստուգման արդյունքում ընտրվել է դատավորների թեկնածուների հավակնորդների ցուցակում, բայց «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 109-րդ հոդվածի 69-րդ մասի համաձայն՝ Բարձրագույն դատական խորհուրդը որակավորման ստուգման արդյունքների հիման վրա կազմում և հաստատում է դատավորների թեկնածուների հավակնորդների ցուցակը և այն ներկայացնում Արդարադատության ակադեմիա՝ նրանց ուսուցումը կազմակերպելու նպատակով։ Ստացվում է՝ այժմ Մարտիրոսյանը պետք է ակադեմիայում եռամսյա ուսուցում անցնի։ Այս փուլից հետո միայն Բարձրագույն դատական խորհուրդը կարող է Հանրապետության նախագահին առաջարկություն ներկայացնել՝ Մարտիրոսյանին Հակակոռուպցիոն դատարանի դատավոր նշանակելու վերաբերյալ։

Ինչ դերակատարում ունի ՀՀ նախագահը դատավորի նշանակման գործընթացում

«Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 117-րդ հոդվածով սահմանվում է դատավոր նշանակելու կարգը։ Այս հոդվածի կարգավորումների համաձայն՝ ԲԴԽ-ն առաջարկի հետ Հանրապետության նախագահին ներկայացնում է նաև դատավորի թեկնածուի անձնական գործը, թեկնածուի՝ դատավոր չլինելու դեպքում նրա կողմից ներկայացված և դրանց ստուգման արդյունքով ձեռք բերված փաստաթղթերը։

Առաջարկությունն ստանալու պահից եռօրյա ժամկետում Հանրապետության նախագահն ընդունում է ներկայացված թեկնածուին նշանակելու վերաբերյալ հրամանագիր կամ առաջարկությունն առարկություններով վերադարձնում է Բարձրագույն դատական խորհուրդ:

Հանրապետության նախագահի կողմից Բարձրագույն դատական խորհրդի առաջարկությունն առարկություններով վերադարձվելու դեպքում Բարձրագույն դատական խորհուրդը պարտավոր է նիստ հրավիրել, ըստ որում՝ ԲԴԽ-ն կարող է նաև չընդունել նախագահի առարկությունները։

Չընդունելու հարցը ԲԴԽ-ն քննարկում է և որոշում կայացնում գաղտնի քվեարկությամբ: Եթե Բարձրագույն դատական խորհուրդը չի ընդունում Հանրապետության նախագահի առարկությունը, ապա Հանրապետության նախագահը եռօրյա ժամկետում ընդունում է ներկայացված թեկնածուին նշանակելու վերաբերյալ հրամանագիր կամ դիմում է Սահմանադրական դատարան:

Եթե Սահմանադրական դատարանը որոշում է, որ առաջարկությունը համապատասխանում է Սահմանադրությանը, ապա Հանրապետության նախագահը եռօրյա ժամկետում հրամանագիր է ընդունում ներկայացված թեկնածուին նշանակելու վերաբերյալ:

Եթե Հանրապետության նախագահը եռօրյա ժամկետում չի կատարում օրենքով վերը նշված գործողությունները, ապա համապատասխան թեկնածուին նշանակելու վերաբերյալ Հանրապետության նախագահի հրամանագիրն ուժի մեջ է մտնում իրավունքի ուժով, ինչի մասին Բարձրագույն դատական խորհրդի նախագահը եռօրյա ժամկետում հրապարակում է հայտարարություն՝ դատական իշխանության պաշտոնական կայքում։

Դատական օրենսգրքի 118-րդ հոդվածի 1-ին մասով էլ սահմանվում է, որ դատավորի պաշտոնում նշանակված անձը նշանակման օրվանից ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում Հանրապետության նախագահի մոտ, իսկ իրավունքի ուժով նշանակված լինելու դեպքում՝ Բարձրագույն դատական խորհրդի նիստում տալիս է երդում։

Արաքս Մամուլյան