Ստրկացնում էին դատավորին. հանցավոր համագործակցություն կա համակարգում. իշխանությունը կամք չունեցավ բացահայտելու, պայքար սկսեցին. Տիգրան Եգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
04.07.2022 | 20:32Factor TV-ի զրուցակիցը փաստաբան Տիգրան Եգորյանն է
-Պարո՛ն Եգորյան, Գագիկ Ջհանգիրյանի՝ ԲԴԽ անդամի պաշտոնից հեռանալուց հետո այսօր ԲԴԽ-ն փորձել է ընտրել նախագահ, սակայն այդ պրոցեսը տապալվել է։ Նախագահի թեկնածուներն էին Դավիթ Խաչատուրյանը, Գրիգոր Բեքմեզյանը և Վիգեն Քոչարյանը։ Նրանցից որևէ մեկն առավելագույն ձայներ չի հավաքել։ Փաստացի այսօր ԲԴԽ-ում թափուր երեք տեղ կա՝ Գագիկ Ջհանգիրյանի, Լիպարիտ Մելիքջանյանի, Ռուբեն Վարդազարյանի՝ ԲԴԽ-ից հեռանալուց հետո։ Երկու գիտնական անդամ պետք է ընտրվի, մեկ՝ դատավոր։ Կա՞ շանս՝ ԲԴԽ-ի «լավ» անդամներ ընտրելու։ Վերջին սկանդալից հետո արդյո՞ք ԲԴԽ-ն դեռ ունի հեղինակություն, և ո՞ւմ պետք է ԲԴԽ գործուղեն։
-Սա ամենապրոբլեմատիկ հարցն է, դրա համար ես կարծում եմ, որ նախագահի ընտրություն հիմա չպետք է իրականացվի, քանի որ փաստորեն գրեթե ⅓-ով թարմացվում է ԲԴԽ-ի կազմը, և կարևոր է, որպեսզի նոր անդամները մասնակցեն ինչպես ԲԴԽ-ի գործունեությանը, այնպես էլ ԲԴԽ նախագահի ընտրությանը։ Մենք հասկանում ենք, որ դա սոսկ արարողակարգային ընտրության հարց չէ, իրականում այդտեղ մտքի և մտքի ուժի նոր բալանսի խնդիր կա։ Եվ այդ խնդիրը կարող է լուծվել միայն, եթե հայտնի լինեն այս նոր երեք անդամները՝ մեկը՝ դատավորներից, երկուսը՝ ԱԺ-ի կողմից ընտրված։ Սրանք շատ կարևոր ազդեցություն կունենան։ Մի կողմից սրանք կարող են ԲԴԽ-ի այս նոր ուղղությունը շարունակել և խորացնել, արդեն շատ ավելի բարձր ստանդարտներով, քան մինչ այդ էր, նկատի ունեմ՝ այս նախորդող ժամանակահատվածը, կամ էլ՝ ոչ, և նորից կկորցնենք ԲԴԽ-ն։ Կարելի կլինի արձանագրել, որ ժողովրդի իշխանությունը կորցրեց ԲԴԽ-ն։
-Առանց այդ էլ ՀՀ-ում դատական համակարգը չի ունեցել բարձր վարկանիշ հանրության շրջանում, և Գագիկ Ջհանգիրյանի և Ռուբեն Վարդազարյանի մասնակցությամբ աղմկահարույց ձայնագրությունը, ըստ փորձագետների, ավելի հարվածեց համակարգին։ Ձեր կարծիքով՝ ի՞նչ պրոցեդուրա պիտի անցնեն դատական համակարգը և ԲԴԽ-ն, որպեսզի հեղինակության վերականգնում տեղի ունենա։ Ի՞նչ անել՝ պաշտոնյաները գնում և գալիս են, բայց դժգոհությունը մնում է հասարակության մոտ։
-Ես մի քիչ այս մասով չէի համաձայնվի՝ փոփոխություններ ԲԴԽ-ում, մեծ հաշվով, տեղի չեն ունեցել։ Առաջին ձևավորման կազմը ԲԴԽ-ի՝ 2018-ին ձևավորվածը, բոլորովին այլ խնդիրներ լուծելու համար չէր, մենք բոլորս դա հասկանում էինք։ Հեղափոխությունից հետո, երբ ԲԴԽ-ի որոշակի վերակազմավորում տեղի ունեցավ, ԲԴԽ-ն թարմացվեց ԱԱԾ-ի միջամտությամբ։ Ասում էինք, որ մեծ պրոբլեմ է լինելու հետհեղափոխական սպասումների իրականացման տեսանկյունից։ Վերջին շրջանում երկու անդամների գործուղումը ԲԴԽ-ում հնարավորություն ստեղծեց փոփոխությունների, որոնք կենդանացրին ԲԴԽ-ն։ Սկսվեց փոխազդեցություն ԲԴԽ-ի, այլ մարմինների միջև, կոտրվեցին տաբուներ, նյութափոխանակություն սկսվեց։ Սա առողջացման գործընթաց է, և նորմալ է, որ դրա արդյունքում կարող են բացահայտվել բարձր ստանդարտներին չհամապատասխանող խնդիրներ։ Հիմա մենք այսօր ունենք երկրորդ հնարավորությունը՝ ԲԴԽ առողջ ուժերի գործուղման։
–Գագիկ Ջհանգիրյանի և Ռուբեն Վարդազարյանի միջև հանրահայտ ձայնագրությունն արդյո՞ք ախտորոշեց ընդհանրապես դատաիրավական համակարգում տեղի ունեցող պրոցեսները։ Ռուբեն Վարդազարյանի կողմից մեկնաբանությունն այն է, որ ապացուցվեց՝ գործադիրը խառնվում է դատական համակարգի գործերին, հրահանգներ են իջեցվում։ Մինչդեռ Գագիկ Ջհանգիրյանը մեկնաբանեց, թե ինքը «կուտ է տվել» Վարդազարյանին, հնարք բանեցրել, որ հրաժարական տա ԲԴԽ նախագահի պաշտոնից։
-Ես պարզ կլինեմ, և չեմ ուզենա, որ կեղծավորությունը, փարիսեցիությունը շարունակ տեղի ունենա մեզ մոտ։ Հողի վրա իրականությունը չի կարող այն կերպ նենգափոխվել էկրաններին, որ ասենք՝ իսկապես կորցնենք այդ կապը։ Պարզ իրավիճակ է։ Հեղափոխությունից հետո իշխանությունը չունեցավ բավարար կամք, կարողություն, որ Ռուբեն Վարազարյանի պես դատավորների կամ մի քիչ ավելի վատ նկարագիր և համբավ ունեցողների հարցը լուծելու՝ օրինական ճանապարհով այդ դատավորներից դատական համակարգը մաքրելու, կլանային, կաստայական չարորակ ուռուցքները մաքրելու, սա չունեցավ։ Սրա դեմ առանձին անհատներ՝ ամեն մեկն իր ստանդարտներով և մոտեցումներով սկսեցին պայքարել։ Գագիկ Ջհանգիրյանն իրականացրել է իր պատկերացրած ստանդարտներով պրոցեսներ։ Տեսանք, որ դատական համակարգում պրոցեսներն առաջ չեն շարժվում, որ ՍԴ-ի հետ կապված պրոցեսներում առաջընթաց չկա։ Ես կարծում եմ, որ չբացահայտվեց արատավորման այն մակարդակը, իրական խորությունը դատական համակարգում ստեղծված իրավիճակի, այն հանցավոր համագործակցության աստիճանն ու նկարագիրը, որը գործում է դատական համակարգում։ Սա չբացահայտվեց, այդ պատճառով էլ այդ ցանցերի պարագլուխներն սկսեցին իրենց մեթոդներով, որոնցով նախկինում կարող է ստրկացնեին դատավորներին, այսօր փորձեցին պայքարել հեղափոխական իշխանության «գործակալների», նրանց նշանակած մարդկանց դեմ։ Մենք ունենք բացահայտման բացակայություն, որի զոհ են դառնում տարբեր մարդիկ։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։
Ռոբերտ Անանյան