Ապօրինի օբյեկտները կապամոնտաժվե՞ն․ Հրազդանի կիրճին հատուկ կարգավիճակ կտրվի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
12.04.2022 | 21:20Երևանի քաղաքապետարանը որոշել է հատուկ կարգավիճակ տալ Հրազդանի կիրճին՝ փորձելով պայքարել նոր կառուցապատումների ու զավթումների դեմ։ Ըստ այդ կարգավիճակի՝ հնարավոր կլինի բարելավել կիրճի էկոլոգիական վիճակը: Կարգավիճակ տալուց հետո տարածքում այլևս հնարավոր չի լինի նոր օբյեկտներ կառուցել։ Ուշագրավն այն է, որ մինչ այս՝ տարիների ընթացքում Հրազդանի կիրճի տարածքում արդեն իսկ կառուցվել են 2 տասնյակից ավելի ռեստորաններ ու սրճարաններ։ Ինչպիսին կլինի այս կառույցների ճակատագիրը՝ հայտնի չէ։
Երևանի գլխավոր հատակագծում կիրճը ներառված է որպես բնական կանաչ տարածք՝ հանգստի և ժամանցի համար, բայց ցանկացած երևանցի գիտի՝ այն իր նպատակին չի ծառայում։ Տասնամյակների ընթացքում կուտակված աղբ, ծառահատումներ, գումարած՝ ինքնակամ շինություններ ու անկանոն կառուցապատում։ Բնապահպան Ինգա Զարաֆյանի կարծիքով՝ այս խնդիրների հետևանքով Երևանը կորցրել է շնչելու հնարավորությունը։
Ամեն տարի շուրջ կես միլիոն խորանարդ մետր կեղտաջուր է լցվում Հրազդան գետը։ Կիրճի ու գետի էկոլոգիական վիճակը բարելավելու համար միայն հիմա է քաղաքապետարանը որոշել հատուկ կարգավիճակ տալ դրան։ Ինգա Զարաֆյանի կարծիքով՝ հատուկ կարգավիճակ տալու անհրաժեշտություն չկար, քանի որ եթե կիրճ է, ապա Ջրային օրենսգրքով համապատասխան կարգավորումներ արդեն իսկ տրված են, և այդ տարածքում որևէ օբյեկտ պիտի չլիներ։
«Հիմա մենք այդ տարածքում տեսնում ենք ոչ թե անտառ, այլ «Փարվանա» ռեստորան՝ իր ամբողջ ենթակառուցվածքներով, որոնք աճելով՝ դարձան տարբեր օբյեկտների համալիր»,- նկատում էս Զարաֆյանը։
Նա ասում է՝ Բնապահպանության նախարարությունը ժամանակին խոստացել էր ապամոնտաժել անօրինական կառուցված ռեստորաններն ու սրճարանները, բայց խոստումը չի կատարել։ Բնապահպանն ընդգծում է՝ օբյեկտներ կան, որոնք ոչ միայն զբաղեցնում են ափամերձ տարածքները, այլև հենց գետի ջրային տարածքը։
«Երբ այդպիսի որոշում է ընդունվում, ամենամեծ հարցն այն է՝ արդյո՞ք պատրաստ են ապամոնտաժել արդեն իսկ կառուցված օբյեկտները»,- ասում է Զարաֆյանը։
Ճարտարապետ Հրաչյա Պողոսյանը հիշում է, թե ինչպես տարիներ առաջ Հրազդանի կիրճի տարածքում գտնվող հողերը վաճառվեցին տարբեր սեփականատերերի։ Ասում է՝ քաղաքապետարանը նման որոշումներ կայացնելիս հարկ չէր համարում խորհրդակցել ճարտարապետների հետ։
«Մինչև անգամ այնքան ոգևորվեցին, որ տեղ-տեղ արդեն Հրազդանի չափը, լայնությունը փոխել են, մնացել է 3 մետր»,- ասում է ճարտարապետը։
Նա ևս հարց է բարձրացնում է՝ ի՞նչ ճակատագիր են ունենալու արդեն իսկ կառուցված օբյեկտները։
Բնապահպան Ինգա Զարաֆյանի կարծիքով՝ միայն մեծ ու փոքր օբյեկտների ապամոնտաժման դեպքում է հնարավոր կիրճին վերադարձնել նախկին տեսքն ու բնական ֆունկցիոնալությանը։
Ճարատարապետը չգիտի, թե ինչպե՞ս քաղաքապետարանը կլուծի այդ խնդիրները, բայց Հրազդանի կիրճը կրկին պիտի դառնա Երևանի ամենակարևոր վայրը, որտեղ մարդկանց մեծ հոսք կլինի։
Նա, այդուհանդերձ, կարծում է՝ պետք է որպես հանգստի գոտի կիրճում մեկ կամ երկու ռեստորան կամ սրճարան լինի, եթե, իհարկե, դրանք կանաչ տարածքի հաշվին չեն ու չեն զբաղեցնում տարածքի 90 տոկոսը։
Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար Վիկտոր Մնացականյանը, որը ներկայում քաղաքային պլանավորման աշխատանքներով է զբաղված, դրական է գնահատում քաղաքապետարանի որոշումը։ Ասում է՝ ողջունելի է, որ ուշադրություն են դարձնում, բայցև հիշում է՝ այդպիսի խոստումներ էլի են տրվել։ Հույս ունի, որ այս անգամ ամեն ինչ գրագետ կերպով կիրականացվի։
Հրազդան կիրճի տարածքում գտնվող ռեստորաններից մեկը պատկանում է հենց Մնացականյանի ընտանիքին։ Նա պնդում է՝ այն ոչ թե գազոնային կամ կանաչապատ տարածքի հաշվին է կառուցվել, այլ արտադրական, բացի այդ, ըստ նրա, օրինական ճանապարհով է կառուցվել։
«Եթե պետք է կառույց լինի, որն ինչ-որ ձևով կաշխուժացնի Երևանը, դրա մեջ վատ բան չկա, վատ է այն, որ ով, երբ, ոնց ուզել՝ կառուցել է»,- շեշտում է Մնացականյանը։
Հրազդանի կիրճը մայրաքաղաքում միակ տարածքը չէ, որտեղ անկանոն կառուցապատումներ են իրականացվել կանաչ տարածքների հաշվին։ Դեռևս 2017-ին ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, թե Հաղթանակի զբոսայգին և մերձակա տարածքները «կոռուպցիայի թանգարան են բաց երկնքի տակ»՝ նկատի ունենալով կանաչապատ տարածքների հաշվին շքեղ առանձնատների ապօրինի կառուցապատումները։ Բնապահպան Ինգա Զարաֆյանի խոսքով՝ Հրազդանի կիրճի տարածքում գտնվող օբյեկտները ևս կոռուպցիայի վառ դրսևորում են։
Եթե օրենսդրորեն ամրագրվի, որ Հրազդանի կիրճին տրվում է քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտի կարգավիճակ, ապա կսահմանվեն անհրաժեշտ միջոցներ՝ կիրականացվի ընդհանուր գույքագրում, կքարտեզագրվի տարածքն ու կմշակվի հատակագիծ, որից հետո էլ հստակ կտարանջատվեն հանգստի ու տնտեսական հատվածները, կառանձնացվեն նաև պատմամշակութային հուշարձանները։
Բայց բաց է մնում հարցը՝ ի՞նչ գնահատական է տրվելու տարիներ առաջ ապօրինի իրականացված կառուցապատումներին և ինչպե՞ս վերացնել հետևանքները։
Մանրամասները՝ տեսանյութում։
Արփի Հակոբյան