2 զինվորի կորուստ` խաղաղ պայմաններում. Պապիկյանն այցելել է Սյունիք` դեպքերի հետքերով․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

15.12.2025 | 15:23
Ստեֆեն Կարիի անհավանական նետումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2025 | 15:14
Պապոյանը՝ Բաքվից նավթ գնելու մասին//Լեհ երկրպագուների գործով ձերբակալվածներից 5-ը ռուսներ են․ ԼՈՒՐԵՐ
15.12.2025 | 15:05
Հայաստանը խստորեն դատապարտում է ահաբեկչությունը. ՀՀ ԱԳՆ-ն ցավակցել  է Սիդնեյի լողափում հարձակման զոհերի ընտանիքներին
15.12.2025 | 14:56
Հանրային քրեական հետապնդում 16 անձի նկատմամբ․ նրանցից 5-ը ռուսներ են․ ՔԿ-ն` «Նոա»-«Լեգիա» ֆուտբոլային հանդիպումից հետո տեղի ունեցած միջադեպի մասին
15.12.2025 | 14:50
ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը․ ՈՒՂԻՂ
15.12.2025 | 14:46
Զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության են հասցրել. կա կալանավորված անձ
15.12.2025 | 14:32
Վիզաների ազատակացման գործընթացում առաջընթացը շատ կարևոր է ՀՀ քաղաքացիների համար․ Արարատ Միրզոյան
15.12.2025 | 14:21
Ամերիկացի հայտնի դերասան Ռոբ Ռայներն ու կինը մահացած են հայտնաբերվել Լոս Անջելեսում իրենց տանը
15.12.2025 | 14:12
Թմրանյութ օգտագործած վարորդներին կբացահայտեն տեխնիկական սարքերի միջոցով. նոր նախագիծ
15.12.2025 | 14:00
Ցորենի նոր խմբաքանակ է գալիս Ադրբեջանով, հացի գնի վրա ազդելո՞ւ է, չեմ կարող ասել. Պապոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2025 | 13:49
Ուիթկոֆը հայտարարել է Բեռլինում Զելենսկիի հետ բանակցություններում «նշանակալի առաջընթացի» մասին
15.12.2025 | 13:40
Այո՛, ժողովրդավարությունը պետք է փող ունենա. Գևորգ Պապոյանը` ԵՄ-ի աջակցության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2025 | 13:31
Հեյդար Ալիևի արձանին «Ստալին» գրած ընդդիմադիր ադրբեջանցի ակտիվիստը «ինքնասպան է եղել» բանտում
15.12.2025 | 13:20
Իշխանությունը ԵՄ-ից գումարներ է «քերում» ընդդիմադիրներին պախարակելու համար. Գառնիկ Դանիելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2025 | 13:11
«Լեգիայի» երկրպագուները շնորհակալություն են հայտնել ՖԱՖ-ին
Բոլորը

Ոչ մարտական պայմաններում զինծառայողների մահվան 2 դեպք՝ մի քանի ժամվա տարբերությամբ․ երեկ ՊՆ-ն հայտնեց, որ տարբեր զորամասերում ժամկետային զինծառայողներ են մահացել։ Մարտի 17-ի առավոտյան հարավային ուղղությամբ տեղակայված զորամասի տարածքում հայտնաբերվել էր 2003 թվականին ծնված ժամկետային զինծառայող, շարքային Էդուարդ Ռազմիկի Ռուստամյանի դին` հրազենային վնասվածքով: Քննչական կոմիտեն տեղեկացնում է՝ նախնական տվյալներով՝ Էդուարդ Ռուստամյանը կրծքավանդակի շրջանում մահացու վիրավորում է ստացել հրաձգային գումարտակի հետնամասում իրեն ամրակցված ինքնաձիգից արձակված կրակոցից: Քրեական գործ է հարուցվել՝ զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու հոդվածով։

Էդուարդն Արարատի մարզի Նոր կյանք համայնքից էր։ Օրեր առաջ լրացել էր տղայի 19 տարին, նա ընդամենը 10 ամսվա զինծառայող էր։

Մահվան երկրորդ դեպքը գրանցվել էր մարտի 16-ի երեկոյան․ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերից մեկում հայտնաբերվել էր 2002 թվականին ծնված ժամկետային զինծառայող, շարքային Ալբերտ Լևոնի Սիրոյանի դին։ 20-ամյա զինծառայողը հրազենային վնասվածք էր ստացել ինքնաձիգից կզակի շրջանում արձակած կրակոցից։ Հարուցվել է քրեական գործ՝ դարձյալ զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու հոդվածով։ Ալբերտը Արտաշատի Վարդաշեն համայնքից էր, բանակ էր զորակոչվել 2020 թվականի դեկտեմբերին, ծառայում էր Սյունիքի մարզում։

Ողբերգական այս դեպքերի ֆոնին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է Սյունիքի մարզ։ Սպաների հետ հանդիպմանն անդրադառնալով պաղաղ պայմաններում զինվորների մահվան դեպքերին՝ Պապիկյանն ընդգծել է, որ տեղի ունեցածը որոշ ստորաբաժանումներում կարգապահության, ինչպես նաև առանձին զինծառայողների բարոյահոգեբանական ոչ պատշաճ մակարդակի հետևանք է:

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանն ընդգծում է՝ մի քանի ժամվա տարբերությամբ տարբեր զորամասերում զինվորների մահվան լուրերը վկայում են, որ դիրքերում ու զորամասերում չկա համապատասխան վերահսկողություն։ Ալեքսանյանի խոսքով՝ պաշտպանության նախարարը պարտավոր է իմանալ, թե ինչ է կատարվում և ինչպիսի մթնոլորտ է զորամասերում, հրամատարական կազմն ինչպես է իրականացնում պարտականությունները։

«Այս դեպքերը կապված են բանակում տիրող իրավիճակի հետ և հաճախ են լինում։ Այն, որ Սուրեն Պապիկյանն այցելել է Սյունիք ու վերջապես շփվել է մամուլի հետ այդ դեպքերով, մեղադրել է առանձին զինծառայողների, ոչ թե հրամանատարական կազմին, ովքեր պատասխանատու են զինվորի վարքի և իրավիճակի համար, ինձ համար ուղղակի տարակուսելի է։ Հրամանատարական կազմը, որի պարտավորությունն է՝ հետևել զինվորին, նորից դուրս է մնում։ Բոլոր մեղքերը շարքային զինվորների վրա են, մենք դատարաններում չենք տեսնում որևէ պատասխանատու անձի, և չի կարող այս բանակը հեռուն գնալ, երբ անարդարության մթնոլորտ է ամեն տեղ»,- ասաց Ալեքսանյանը։

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը նշում է՝ նման դեպքերի համար առաջին պատասխանատուն ԶՈՒ Գլխավոր շտաբն է, հետո միայն Պաշտպանության նախարարությունը։

«Գլխավոր շտաբն է զինվորական ծառայության կազմակերպման անմիջական պատասխանատուն, ՊՆ-ն քաղաքականություն մշակողն է։ ԶՈՒ կոնտեքստում, որի իրականացման պատասխանատուն ՊՆ-ն է, պետք է մշակի անհրաժեշտ գործիքներ, անհրաժեշտ կառուցվածքային փոփոխություններ՝ ծառայությունն առավել գրավիչ և ապահով դարձնելու ուղղությամբ»,- նշեց Սաքունցը։

Նա շեշտում է՝ ԳՇ պետի պաշտոնը թափուր է արդեն շուրջ 1 ամիս, որովհետև համապատասխան կադրերի պակաս կա, սակայն միայն նշանակումներով բանակում առկա խնդիրները լուծել չենք կարող։ Ըստ իրավապաշտպանի՝ խաղաղ պայմաններում զինվորների մահվան դեպքերի պատճառները մի քանիսն են․ «ԶՈՒ-ում կարգապահության, բարոյահոգեբանական մթնոլորտի, անձնակազմի հետ անհատական աշխատանքների տարման վատ վիճակի, և հատկապես պատերազմից հետո առաջացած նոր գործոնների՝ ծառայության մեջ գտնվում են մարդիկ, որոնք մասնակցել են պատերազմական գործողություններին, և նրանց վերականգնողական աշխատանքներում՝ բնականոն ծառայության վերադառնալու ուղղությամբ ոչ պատշաճ աշխատանքների հետևանք»։

Ըստ պաշտպանական գերատեսչության տարածած հաղորդագրության՝ Պապիկյանը երեկ Սյունիքում զորամիավորման հրամանատարին ցուցումներ և հանձնարարականներ է տվել՝ նմանօրինակ դեպքերը բացառելու նպատակով անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկելու համար։

Ժաննա Ալեքսանյանն ասում է՝ այդուհանդերձ, բանակը բարեփոխելու էական քայլեր տեսանելի չեն, փոխարենը զինվորի նկատմամբ անտարբերություն ու իմիջիայլոց վերաբերմունք ենք տեսնում։ Եթե մեղավորները պատժվեն, բանակում խաղաղ պայմաններում մահվան դեպքերը չեն կրկնվի, ընդգծում է իրավապաշտպանը։

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի 2021 թվականին Հայաստանում և Արցախում զինված ուժերում զինծառայողների մահվան դեպքերի վերաբերյալ զեկույցի համաձայն՝ 2019-ին խաղաղ պայմաններում 50 զինվոր է մահացել, 2020-ին՝ 100, որից 18-ը՝ ինքնասպանություն կամ ինքնասպանության հասցնելու, 4-ը՝ սպանության հետևանքով։ 2021-ին 76 զինծառայող է մահացել, որից 9-ը՝ ինքնասպանություն կամ ինքնասպանության հասցնելու, 11-ը՝ սպանության հետևանքով։ Ի դեպ, սպանության 11 դեպքերից 3-ն արձանագրել են օգոստոսին, իսկ ինքնասպանության 9 դեպքերից 3-ն՝ մայիսին: Մարտի 17-ի տվյալների համաձայն՝ այս տարի արդեն 7 զինծառայող է մահացել, 4-ը՝ հրադադարի ռեժիմի խախտման, 1-ը՝ դժբախտ պատահարի հետևանքով։ Վերջին երկուսը նախորդ օրերին տեղի ունեցած դեպքերն են։

Զինծառայողների ինքնասպանության և սպանության հետևանքով մահվան դեպքերի վիճակագրությունը շարունակում է մտահոգիչ մնալ։ Չնայած 2020 թվականի համեմատ՝ 2021 թվականին արձանագրված մահացության դեպքերի թիվը նվազել է, սակայն դեպքերի գերակշիռ մասը՝ 75%-ը, կրկին տեղի է ունեցել ոչ մարտական պայմաններում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան