BP-ն աչք է փակել Ադրբեջանի գազային նախագծում կոռուպցիայի վրա․ 1.7 մլրդ դոլարի կոռուպցիայի փաստեր են հայտնաբերվել
Քաղաքականություն
04.02.2022 | 22:20Կոռուպցիայի ու կազմակերպված հանցագործության հետաքննության կենտրոնը (OCCRP) նոր հրապարակում է արել «BP-ն փակում է աչքերը Ադրբեջանի գազային նախագծում կոռուպցիայի վրա» վերագրով, որում խոսվում է «Հարավային գազային միջանք» ծրագրի շրջանակում մի շարք ադրբեջանական ընկերությունների գործունեությունն ուսումասիրելիս հայտնաբերված կոռուպցիայի փաստերի մասին, գրում է Jamnews-ը։
Խոշոր ծրագրի իրագործման ընթացքում (խոսքը «Շահ Դենիզ 2»-ի մասին է) ադրբեջանական ընկերությունների աշխատանքում կոռուպցիոն փաստեր են հայտնաբերվել, անօրինական վճարումների ընդհանուր գումարը հասնում է 1․7 մլրդ դոլարի։
Հետաքննության մեջ նշվում է, որ 2013 թվականին դեռ Bos Shelf-ի՝ ադրբեջանական ծովային նավթագազային ենթակառուցվածներ արտադրող ընկերության հարյուրավոր աշխատակիցներ գործադուլ էին հայտարարել՝ պահանջելով աշխատավարձի բարձրացում։ Աշխատողների բողոքներից հետո SOCAR պետական ընկերությունը, որին պատկանում է «Bos Shelf»-ը, խոստացել էր հետաքննություն անցկացնել։ Սակայն չորս տարի անց՝ 2017 թվականին, բանվորները հրապարակավ կոչ արեցին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին միջամտել՝ պնդելով, որ ընկերությունը յուրացնում է իրենց աշխատավարձը։ Նրանք մեղադրել էին ընկերության գործադիր տնօրեն Իհթիյար Ախունդովին՝ պնդելով, որ նա «ամեն ամիս միլիոններ է գողացել» և իր ընտանիքի անդամներին նշանակել բարձր վարձատրվող պաշտոնների։
Ի դեպ, Bos Shelf-ը բրիտանական նավթային հսկայի՝ British Petroleum-ի՝ Կասպից ծովի ադրբեջանական հատվածում մի քանի միլիարդ դոլար արժողությամբ նախագծի առաջատար կապալառուն էր:
Նշվում է, որ բրիտանական ընկերության ղեկավարությունը բազմիցս զգուշացվել է տեղի կապալառուների դեմ կոռուպցիոն մեղադրանքների մասին, սակայն ընկերությունը ոչ մի քայլ չի ձեռնարկել։
BP-ի ներկայացուցիչն ասել է, որ նավթային ընկերությունն իր գործընկերների նկատմամբ պատշաճ ուսումնասիրություն է իրականացրել՝ համաձայն իր «ներքին քաղաքականության և ընթացակարգերի, որոնք արտացոլում են ինչպես տեղական, այնպես էլ միջազգային օրենքների պահանջները», և աուդիտ անցկացրել՝ համոզվելու, որ «ընկերություններին վճարումները պատշաճ կերպով արտացոլում են պայմանագրային պայմանները»: Նա ուղղակիորեն չի մեկնաբանել SOCAR-ի կողմից յուրացումների մասին մեղադրանքները՝ ասելով միայն, որ լավ կլինի այդ կառույցներին ուղղել հարցերը։
SOCAR-ից էլ հայտնել են, որ ընկերությունը և նրա դուստր ձեռնարկությունները պահպանում են ադրբեջանական և միջազգային հակակոռուպցիոն օրենքները և պարբերաբար ենթարկվում են աուդիտի պետական կառույցների կողմից:
OCCRP-ի հետաքննությունը պարզել է, որ հարյուր միլիոնավոր դոլարներ են դուրս բերվել «Շահ Դենիզ 2» նախագծից 2014 և 2015 թվականներին՝ այն ժամանակ, երբ Ադրբեջանի կառավարությունը ճնշում էր քաղաքացիական հասարակությանը և անկախ լրագրողներին։ 2015 թվականի սեպտեմբերին ընդունված բանաձևում Եվրախորհրդարանը հայտարարեց, որ երկիրը «վերջին 10 տարվա ընթացքում ամբողջ Եվրասիայում ժողովրդավարական կառավարման ամենամեծ անկումն է գրանցել»:
Հետաքննության հեղինակներն ընդգծում են, որ BP-ն հրապարակայնորեն ողջունել է «Շահ Դենիզ 2» նախագիծը որպես մեծ հաջողություն, որն իրականացվել է ժամանակին և բյուջեի սահմաններում։ Նշվում է նաև, որ այս նախագիծն իրականացվել է նավթի գների կտրուկ անկման ժամանակաշրջանում։
Սակայն «Շահ Դենիզ 2»-ի էլեկտրոնային նամակները ցույց են տալիս, որ կուլիսներում BP-ի որոշ պաշտոնյաներ կասկածի տակ են դրել այն կառուցած կոնսորցիումի անհիմն բարձր և անբացատրելի հավելյալ ծախսերը: Սա ներառում է SOCAR-ին պատկանող երկու ընկերություն՝ Bos Shelf-ը և Star Gulf FZCO-ն, ինչպես նաև նավթային հանքավայրերի սպասարկման Saipem ընկերության դուստր ձեռնարկությունը:
Հետաքրքիր է, որ BP-ն ինքը համաձայնել է անսովոր պայմանագրային պարտավորության Bos Shelf-ի և Star Gulf-ի հետ: Այսպիսով, կոնսորցիումի խոշորագույն պայմանագրերից մեկի համաձայն, ըստ ընդհանուր համաձայնության, երկու ընկերություններին էլ երաշխավորվել է շինարարության ընթացքում կատարված բոլոր ծախսերի 25%-ի չափով հավելավճար:
BP-ի բյուջեի տվյալները ցույց են տալիս, որ 2015-ի կեսերին Bos Shelf-ը և Star Gulf-ն արդեն գանձել են ավելի քան 500 միլիոն դոլար։ Ելնելով տվյալներից՝ «Շահ Դենիզ 2» նախագծի ընթացքում, որը տևել է 2014-ից 2021 թվականը, ընկերությունները երեք պայմանագրերի արդյունքում գանձել են ավելի քան 1,7 միլիարդ դոլար կորպորատիվ ծախսեր և շահույթ:
BP-ի փաստաթղթերի այլ մանրամասներ էլ հարցեր են առաջացնում այն մասին, թե որտեղ են հայտնվել Star Gulf-ին և Bos Shelf-ին վճարված գումարները: Մի քանի ամիսների գրառումները ցույց են տալիս, որ նրանք, որպես կանոն, վարձ են գանձել նույն օրը և նույն արժույթով։ Հաշիվ-ապրանքագրերը ցույց են տալիս, որ Ադրբեջանից դոլարներ են հոսել Դուբայում գտնվող Star Gulf-ի և Լյուքսեմբուրգում գտնվող Bos Shelf-ի հաշվեհամարներին:
Հետաքննությունը բացահայտել է, որ «Շահ Դենիզ 2» նախագծին մասնակցած կապալառու ընկերությունները կեղծ են եղել։ Էլեկտրոնային նամակներից մեկում BP-ի ներկայացուցիչը կասկածի տակ է դրել գործող ենթակապալառուի՝ Gulf Stream-ի մալուխների համար նախատեսված հաշիվը: Նա նշել է, որ Gulf Stream-ն իր պայմանագրում նշել է իր հասցեն Լատվիայում, բայց իրականում այն գրանցված է Մեծ Բրիտանիայում, որտեղ, ըստ կորպորատիվ փաստաթղթերի, այն պատկանում էր երկու ընկերությունների Սեյշելյան կղզիներից՝ օֆշորային հանգրվանից: Նախկինում Gulf Stream-ը գրանցված է եղել է Նոր Զելանդիայում՝ ոմն Էմին Ալիև տնօրենի անունով, որը, ինչպես նշել է պաշտոնյան, «նույն անունն ունի, ինչ BOS Shelf-ի գնումների մենեջերը»։
Հետաքննության հեղիանկները նշում են, որ այն ժամանակ, երբ BOS Shelf-ը գներն են բարձրացնում «Շահ Դենիզ» նախագծում, նրա տնօրեն Ախունդովն անշարժ գույք էր գնում։ Այսպես, 2015 թվականի հունիսին, երբ SOCAR-ի աջակցությունը վայելող Oil & Gas Year ամսագիրն Ախունդովին ճանաչել է տարվա մարդ, նա և իր կինը՝ Բալաջախանում Իսմայիլովան, Մայամիում 3 միլիոն դոլար արժողությամբ բնակարան են գնել Setai Residences կոչվող շքեղ ծովափնյա համալիրում, իսկ երկու տարի անց ևս մեկ՝ արդեն 5,5 մլն դոլար արժողությամբ բնակարան։ Բացի այդ, Ախունդովի կինը Ֆլորիդայում 2017 թվականին 2 մլն դոլար արժողությամբ անշարժ գույք է գնել։ Ախունդովը նաև նշված է որպես Ֆլորիդայում գրանցված ընկերության նախկին մենեջեր, որըերկու կոմերցիոն օբյեկտ ունի Սան Ֆրանցիսկոյում:
Հրապարակման մեջ ասվում է, որ «Շահ Դենիզ» նախագիծն ավարտվել է, իսկ BOS Shelf-ը հիմա աշխատում է «Ապշերոն» նավթագազային հանքավայրի մշակման վրա՝ ֆրանսիական Total ընկերության հետ։ Իսկ ահա Star Gulf-ն անաղմուկ անհետացել է:
Էմմա Չոբանյան