Ահազանգ․ կենդանասերները պնդում են՝ շներին քնեցնում են սխալ ախտորոշման հիման վրա, պետական կառույցները՝ հերքում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հասարակություն
14.12.2021 | 18:17Երևանցի շատ կենդանասերներ վերջին ամիսներին դժգոհ են։ Երևանի քաղաքապետարանի «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ի աշխատանքի արդյունքում լեյշմանիոզով դրական թեստավորված թափառական շներին քնեցնում են։
Նաթելլա Բուդաղյանը կացարան ունի, որտեղ շներին կերակրում և հոգ է տանում նրանց մասին։ Ասում է՝ ՀՈԱԿ-ում իր շանը ստերջացնելու փոխարեն, առանց իրեն տեղյակ պահելու, քնեցրել են։
«Ստացվեց այնպես, որ մենք իրեն ուղարկեցինք ՀՈԱԿ՝ ստերջացման, և Խոզուկի համար զգուշացվել էր, որ խնամակալ կա, որ իր հետ կատարվելիք գործողություն դեպքում տեղյակ պահեն խնամակալին, բայց տեղեկացնում են քնեցման հաջորդ օրը։ Այսինքն՝ այն օրը, որ հետ պետք է բերեին կենդանուն, այդ օրը տեղեկանում ենք, որ Խոզուկին արդեն քնեցրել են»,- ասում է Բուդաղյանը։
Նա վստահ է՝ իր շանը սխալ թեստավորում են արել, ինքը թեստավորված արյունը տարել է այլ կլինիկա՝ կրկնակի ստուգման, արդյունքը եղել է բացասական, ինչից հետո դիմել է պատկան մարմիններին՝ պարզաբանելու, թե ինչ պատճառով են առանց իր իմացության քնեցրել առողջ շանը։
«Իմ տպավորությունն այն է, որ նպատակը շների քանակը կրճատելն է։ Ես հակված եմ դրան, որովհետև այն օրինակը, որ ես ունեմ իմ աչքի առաջ, դրա մասին է վկայում։ Ճիշտ է՝ բողոքել եմ համապատասխան մարմնին, ստուգման գնացինք այնտեղ, բայց այդքանի հետ էլի պատասխան ստացա, որ կոնկրետ ՍԱՏՄ եմ բողոքել, իսկ ՍԱՏՄ-ում նշել են, որ իրավաբանորեն իրավասու չեն թեստն ուղարկել ստուգման, որպեսզի որոշեն՝ հետագայում աշխատե՞ն այդ թեստերով, թե՞ չէ։ Այսինքն՝ ամեն ինչ կախված է թեստերից։ Ես հակված եմ նրան, որ թեստերը ճշգրիտ չեն»,- ասում է Նաթելլա Բուդաղյանը։
Անասնաբույժ Վահե Մկրտչյանն ասում է, որ 21-րդ դարում լեյշմանիոզ հիվանդությունը տարածված է ամբողջ աշխարհում։ Լեյշմանիոզով հիվանդ կենդանիները կարող են վնասել երեխաներին, մեծահասակներին և իմունային խնդիրներ ունեցող անձանց։ Ըստ անասնաբույժի՝ հիվանդության դեմ պայքարի միջոցները սակավ են, նրա կարծիքով՝ քնեցումն արդյունավետ միջոց է այդ պայքարում, բայց բուժման տարբերակներ, այնուամենայնիվ, կան։
«Եվրոպական երկրները վաղուց հրաժարվել են լեյշմանիոզով հիվանդ կենդանիների քնեցման պրակտիկայից։ Կա բուժման հավանականություն, և պրակտիկան ցույց է տալիս, որ ճիշտ մոտեցման, հնարավորինս վաղ ախտորոշման ու արդյունավետ բուժման դեպքում շների մեծ մասը գնում է ռեմիսիայի։ Ի՞նչ նկատի ունենք ռեմիսիա ասելով․ հիվանդությունը քնած վիճակում է, կենդանին չունի կլինիկական դրսևորումներ, անգամ վերջին շրջանում կան հրապարակումներ, որ բուժված կենդանիների մոտ ոչ մի օրգան համակարգում 5, 6, 7 տարի հետո հարուցիչներ չեն հայտնաբերվում»,- նշում է անասնաբույժը։
Նա պարզաբանում է, թե ինչն է պատճառը, որ լեյշմանիոզի դեպքերի թիվը քաղաքապետարանում այլ տոկոսային հարաբերակցությամբ է ներկայացվում, իսկ իր բուժհաստատությունում բոլորովին այլ պատկեր է։
«Կենդանասերները նման դիմում-նամակ էին պատրաստում քաղաքապետին, դիմեցին ինձ՝ իմ կլինիկայի վերջին 3 տարիների վիճակագրությունը դուրս բերելու համար։ Իրականում մենք մոտավորապես 300 թեստավորում ենք արել 3 տարվա ընթացքում, որից ընդամենը 10 տոկոսն է եղել դրական։ Իրենք շատ ոգևորված էին՝ այն առումով, որ ինչպես կարող է այդպես լինի։ Նախ՝ մեզ դիմողների 99 տոկոսը հենց կենդանիների տերերն են։ Սա շատ բան է ասում, այսինքն՝ դրանք կենդանիներ են, որոնք պարբերաբար գտնվել են հսկողության, խնամքի տակ, և շատ դեպքերում այդ 298 կամ 300 թեստավորումը կատարվել է ոչ թե ինչ-որ ցուցումով, այլ տիրոջ անհանգստության պատճառով»,- ասում է մասնագետը։
Ըստ Վահե Մկրտչյանի՝ փողոցային կենդանիների պարագայում, հնարավոր է, խնդիրն ավելի սուր լինի, սակայն ՀՈԱԿ-ի ներկայացրած պատկերը, միևնույն է, իր համար անհավանական մեծ է թվում։ Բժիշկը կարծում է՝ թեստերը պետք է լինեն որակյալ և ճշգրիտ, քանի որ անորակ թեստերի դեպքում կեղծ դրական և կեղծ բացասական արդյունքի հավանակությունը բարձր է։
«Թեստավորման համակարգերի խնդիրն է, քանի որ օգտագործվում են էքսպրես թեստեր, այսպես կոչված, արագ՝ 5-ից 10 րոպե տևողությանբ։ Շատ դեպքերում այդ ոչ որակյալ թեստավորման համակարգերի մեջ այդ կեղծ դրականների սպեցիֆիկության խնդիրն է մեծ, որ իրենք կարողանում են խաչաձև դրական ռեակցիա հայտնաբերել»,- ասում է անասնաբույժը։
«Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ի տնօրեն Հրաչյա Աղաբեկյանը հավաստիացնում է՝ թեստերը, որոնք ստանում են, անգլիական են և բարձր որակ ունեն։ Նախկինում իրենց օգտագործած թեստերով կարող էին ստուգվել նաև մարդիկ։ Այժմյան թեստերը նախատեսված են միայն շների համար և ավելի ճշգրիտ են։ Եթե ախտորոշման թվերը շատացել են, չի նշանակում, որ թեստերն անորակ են։
«Անցյալ տարի մենք աշխատում էինք ուրիշ թեստերով, որովհետև պարզվեց, որ լեյշմանիոզ հիվանդության թեստեր են, որը նաև կարելի է մարդկանց պարագայում կիրառել։ Այս տարվա թեստերը միայն շների համար են և 97․5-98 տոկոս ճշգրտությամբ միայն լեյշմանիոզ հիվանդությանն են արձագանքում»,- նշում է Աղաբեկյանը։
ՀՈԱԿ-ը թեստերը ձեռք է բերել 2000 դրամով, այլ երկրներում դրանք ավելի թանկ արժեն։ Ըստ Հրաչյա Աղաբեկյանի՝ կան քաղաքացիներ, որոնք թեստերի ճշգրտությունը ստուգում են իրենց անասնաբույժի թեստերի հիման վրա։
Երևանի բնակիչ Լուսինե Հայրապետյանը, որը 2 շուն և 5 կատու ունի, նշում է՝ վերջին շրջանում քնեցվող շների թիվը շատ է աճել։ Նա հետամուտ է եղել խնդրին և պնդում է՝ քաղաքապետարանի ՀՈԱԿ-ի՝ հուլիսից կիրառվող թեստերն անարդյունավետ են, դրանց կիրառումից ի վեր ամսական քնեցումների թիվն ավելի քան 5 անգամ աճել է։ Իրականությանը չի համատապաստանում տեղեկությունը, որ այդ թեստերը 97 տոկոս ճշգրտություն ունեն։
«Եթե դուք մտնեք այդ թեստն արտադրողի պաշտոնական կայքը, այնտեղ արտադրողն ինքն է նշում, որ թեստերը կարելի է անել միայն այն կենդանիներին, որոնք ունեն ախտանշաններ։ Լեյշմանիոզի դեպքում ախտանշաններ են համարվում մազաթափությունը, կտրուկ նիհարելը, երիկամային անբավարարությունը և այլն։ Այսինքն՝ եթե կենդանին ունի լեյշմանիոզին բնորոշ ախտանշաններ, այդ դեպքում թեստը կարելի է օգտագործել որոշակի ախտորոշման համար, բայց ասիմպտոմ, առողջ կենդանուն այդ թեստով ախտորոշել, նույնիսկ արտադրողն է նշում, որ չի կարելի»,- ասում է Հայրապետյանը։
Նրա դիտարկմամբ՝ խնդիրն առաջացել է այն պատճառով, որ ՀՈԱԿ-ից հետո Սննդի անվտանգության տեսչական մարմինն այլևս ստուգում չի իրականացնում․ «Նախկինում ՀՈԱԿ-ը, թեստավորումից բացի, նաև կենդանու արյունն ուղարկում էր ՍԱՏՄ։ Բայց հիմա ՍԱՏՄ-ն հաստատել է, որ ՀՈԱԿ-ը կարող է միայն այդ թեստով քնեցնել կենդանիներին, ինչը կոպտագույն խախտում է, և ստացվում է, որ իրենք առողջ կենդանիներին քնեցնում են»։
Միաժամանակ, ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանը Factor TV-ի հետ զրույցում նշեց, որ գործընթացն իրենց վերահսկողության տակ է, ՀՈԱԿ-ն իրենց հաշվետու է։ Ըստ Ավետիսյանի՝ տոկոսային հարաբերակցությամբ՝ թվերը չեն աճել, պարզապես ներկայում ավելի շատ կենդանիներ են թեստավորվում և ավելի շատ է լինում դրական արդյունք։
ՀՈԱԿ-ի տվյալներով՝ անցած տարի դրական թեստավորման հետևանքով քնեցվել է 170, այս տարվա հունվար-հոկտեմբերին՝ 372 շուն։
Աշխարհում տարածված լեյշմանիոզը խնդիր է նաև Հայաստանում, սակայն պատկան մարմիններն ու կենդանասերները դեռևս չեն կարողանում համագործակցել հօգուտ կենդանիների։
Մանրամասները՝ տեսանյութում։
This publication was produced with the financial support of the European Union. Its contents are the sole responsibility of Factor TV and do not necessarily reflect the views of the European Union.
Այս հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Factor TV-ին, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները:
@Factor TV 2021. All rights reserved. Licensed to the European Union under conditions.
Պատրաստվել է «Եվրոպական մեդիահարթակ Հայաստանում. հուսալի և պրոֆեսիոնալ լրատվամիջոցների կառուցումը» ծրագրի շրջանակում: