Ռուս-թուրքական հարաբերությունների զարգացման պատմական փորձը․ արդյո՞ք ստորադասվելու են հայկական շահերը
Քաղաքականություն
05.10.2021 | 21:58Ռուս-թուրքական հարաբերությունների զարգացման դինամիկան, երկու երկների հարաբերություններում երբեմն-երբեմն նկատվող առճակատումն ու հաճախ արտահայտվող ջերմացումը ուշադրության է արժանանում Հայաստանում։ Պատճառը թշնամաբար տրամադրված Թուրքիայի մշտական նկրտումներն են հայկական տարածքների նկատմամբ, որոնք, պատմական փորձը վկա, երբեմն իրականություն են դառնում Ռուսաստանի հետ ձեռք բերված համաձայնությունների արդյունքում։ Factor.am-ը, հաշվի առնելով 44-օրյա պատերազմից հետո երկու երկրների փոխգործակցությունը հակամարտությանը վերաբերող գործընթացներում, ուսումնասիրել է ռուս-թուրքական «սիրախաղի» պատմական փորձը, ներկայացրել փորձագիտական գնահատականներն ու դրանց և մեզ սպասվող ապագայի վերաբերյալ կանխատեսումները։
Ռուս-թուրքական դիվանագիտական հարաբերությունների հաստատումը․ Մոսկվայի պայմանագիր
Դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1920 թվականին։ 1921 թվականի մարտի 16-ին Մոսկվայում երկրների միջև կնքվել է «բարեկամության և եղբայրության մասին» պայմանագիր։ Պայմանագրի առաջին հոդվածով կողմերից յուրաքանչյուրը պարտավորվում Էր «չճանաչել հաշտության ոչ մի պայմանագիր կամ միջազգային որևէ ակտ, որը պայմանավորվող մյուս կողմին կպարտադրվեր ուժի միջոցով»։ Հաստատվում էին Թուրքիայի հյուսիս-արևելքի նոր սահմանները․ Կարսի մարզը, որը Թուրքիան գրավել Էր 1920 թվականի աշնանը Հայաստանի դեմ ձեռնարկած նվաճողական պատերազմի ընթացքում, անցնում էր Թուրքիային, իսկ Բաթում քաղաքը, նավահանգիստը և հարակից շրջանը Թուրքիան համաձայնում Էր զիջել Վրաստանին, երրորդ հոդվածով՝ Նախիջևանի մարզը կազմում էր ինքնավար տարածք Ադրբեջանի խնամակալության ներքո՝ պայմանով, որ Ադրբեջանը չի զիջի այդ խնամակալությունը երրորդ պետության»։ Կողմերը չեղյալ էին հայտարարում նախկինում ցարական Ռուսաստանի և Թուրքիայի միջև կնքված համաձայնագրերը։
Կարելի է ասել, որ ռուս-թուրքական «եղբայրության» առաջին պտուղները Հայաստանը քաղում է Մոսկվայի պայմանագրով, որի իրավական լինելը մինչև հիմա վիճարկվում է։
Ռուս-թուրքական հարաբերությունների ամենամեծ ճգնաժամն ու զարգացման նոր միտումները
Ռուս-թուրքական հարաբերություններում անընդհատ նկատելի է մակընթացություն և տեղատվություն։ Մասնագիտական կարծիքի համաձայն՝ այսօր այս երկու երկրների հարաբերություններում կատարվողը պայմանավորված է նոր աշխարհաքաղաքական իրողություններով և այս երկուսի ծավալապաշտական ցանկություններով։
Վերջին տարիներին երկու երկրների հարաբերություններում եղած ամենամեծ ճգնաժամը 2015 թվականի նոյեմբերից հետո էր, երբ թուրքական ուժերը խոցեցին ռուսական ռազմական ինքնաթիռը։ Դրա պատճառով Ռուսաստանը սառեցրեց առևտրատնտեսական և էներգետիկ համագործակցությունն ու համատեղ ծրագրերը: Մտցվեց նաև միակողմանի վիզային ռեժիմ: Արդյունքում, շատ մասնագետների գնահատմամբ, նաև փլուզվեց երկների ղեկավարների՝ Պուտինի և Էրդողանի միջև գոյություն ունեցող տանդեմը։
Երկու երկրների հարաբերություններին ուղղված մեկ այլ հարված էր ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովի սպանությունը: 2016 թվականին թուրքական ապրանքների արտահանումը Ռուսաստան, 2015-ի համեմատ, կրճատվեց 51,7 տոկոսով, իսկ ռուսական ապրանքներինը Թուրքիա՝ 25,7 տոկոսով: Կանխատեսվում էր, որ ռուս-թուրքական այս ճգնաժամից դուրս գալը գրեթե անհնար է լինելու, սակայն իրականում ոչ միայն շատ կարճ ժամանակ անց՝ 2017 թվականին, երկխոսությունը վերականգնվեց, այլ նաև երկրների հարաբերությունների զարգացման դինամիկան նոր որակ ստացավ։
Ռուս-թուրքական հակասություններն ու մերձեցման պատճառները
Քաղաքական և տնտեսական ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Բենիամին Պողոսյանի խոսքով՝ ռուս-թուրքական հարաբերությունները շարունակում են մնալ համագործակցություն-մրցակցություն դաշտում։ Նա Factor.am-ի հետ զրույցում նշեց, որ Ռուսաստանի համար կարևոր է Թուրքիա-ՆԱՏՕ հարաբերություններում լարվածության խորացումը կամ գոնե դրա ներկայիս մակարդակի պահպանումը։
«Ռուսաստանը հասկանում է, որ Թուրքիայի՝ ՆԱՏՕ-ից դուրս գալը գրեթե անհավանական է, դրա համար ցանկանում է հնարավորինս խնդիրներ ստեղծել այդ հարաբերություններում, որպեսզի Թուրքիան անկախ քաղաքականություն վարի այլ տարածաշրջաններում, եթե անգամ այն ուղղված է Ռուսաստանի դեմ։ Նրա համար ավելի հեշտ է պայքարել մի երկրի դեմ, որը միայնակ է Ռուսաստանի շահերի դեմ քաղաքականություն վարում, քան ունենալ Միացյալ Նահանգների ցանկությունը կատարող Թուրքիա»,- ասում է նա։
Բենիամին Պողոսանի խոսքով՝ ռուս-թուրքական հարաբերություննում կարևոր դեր է խաղում տնտեսական, հատկապես՝ էներգետիկ ոլորտում համագործակցությունը։
«Երբ Եվրամիության ճնշման տակ Բուլղարիան հրաժարվեց «Հարավային հոսք» նախագծից, Թուրքիան էր, որ համաձայնվեց «Թուրքական հոսք» նախագծին։ Այդ երկու գազամուղները հիմա պատրաստ են, և Ռուսաստանը կարող է հարավարևելյան Եվրոպա «Թուրքական հոսքով» գազ արտահանել ու դադարեցնել Ուկրաինայով իր գազի տարանցումը»,- ասաց նա։
Էրդողանի նպատակը, ըստ Բենիամին Պողոսյանի, Թուրքիան տարածաշրջանային ինքնուրույն խաղացող դարձնելն է։
«Ընդ որում, Թուրքիան իր դերը ցանկանում է մեծացնել տարբեր տարածաշրջաններում՝ Մերձավոր Արևելք, Բալկաններ, Հյուսիսային Աֆրիկա, Արևելյան Միջերկրածով, Սև ծով, Կենտրոնական Ասիա՝ ընդհուպ մինչև Աֆղանստան։ Բավականաչափ մեծ տարածք է, և Թուրքիան համարում է, որ ինքն այնտեղ պետք է դառնա եթե ոչ բացարձակ հեգեմոն, ապա թիվ մեկը, պետք է գերազանցի Իրանին, Սաուդյան Արաբիային, Եգիպտոսին։ Էրդողանը շատ լավ հասկանում է, որ առանց Ռուսաստանի հետ որոշակի պայմանավորվածությունների՝ այդ նպատակին չի կարող հասնել։ Բոլորն էլ հասկանում են, որ երկու երկրների հարաբերությունները երբեք դաշնակցային չեն լինի, սակայն Թուրքիային պետք են պայմանավորվածություններ Ռուսաստանի հետ»,- ասում է նա։
Երկու երկրների հարաբերություններում ամենամեծ հակասությունը, քաղաքագետի կարծիքով, Սևծովյան տարածաշրջանում է․ այստեղ Թուրքիան հանդես է գալիս թե՛ որպես ինքնուրույն խաղացող, և թե՛ որպես ՆԱՏՕ-ի անդամ։
«Իհարկե, Թուրքիան փորձում է ազդակներ ուղարկել Ռուսաստանին, թե՝ եկեք Սևծովյան տարածաշրջանը բաժանենք միմյանց միջև, դուրս մղենք այլ խաղացողներին, ինչպիսին Բուլղարիան է, սակայն Ռուսաստանը շատ լավ հասլանում է, որ դա տեսականորեն հնարավոր չէ, քանի որ կան Բուլղարիան և Ռումինիան, որոնք, ճիշտ է, իրենց ռազմական հնարավորություններով զիջում են Թուրքիային, սակայն այդպիսով ՆԱՏՕ-ն ներկայացված է Սև ծովում, և անգամ ռուս-թուրք համատեղ ցանկության պարագայում էլ անհնար է այստեղից ՆԱՏՕ-ին դուրս մղել»,- ասում է նա։
Ռուս-թուրքական համագործակցությունը ԼՂ հարցում պատերազմից հետո
44-օրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանին ակնհայտ աջակցություն ցուցաբերած Թուրքիան հայկական տարածքների նկատմամբ իր ցանկություններն ու ձգտումները երբեք չի թաքցրել նաև պատերազմից հետո։ Այստեղ ադրբեջանա-թուրքական տանդեմի նպատակը Սյունիքում «սուվերեն միջանցք» ունենալն է, որը պետք է ուղիղ կապ ապահովի Նախիջևանի և Ադրբեջանի արևմտյան շրջանների միջև։
Չնայած Թուրքիան չդարձավ պատերազմի հրադադարն ազդարարող փաստաթղթի կողմ և ոչինչ էլ նրա մասին այստեղ հիշատակված է, բայց հրադադարից հետո ապահովվեց նրա մասնակցությունը գործընթացներում։ Մասնավորապես, Մոսկվան և Անկարան համաձայնություն են ձեռք բերել Ղարաբաղյան պատերազմի հրադադարի վերահսկման համատեղ մոնիթորինգային կենտրոնի գործունեության շուրջ։
Այս ընթացքում մի շարք հեռախոսազրույցներ են եղել երկու երկների ղեկավարների միջև, որոնց քննարկման թեման եղել է նաև Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը։ Հետաքրքրական է, որ Էրդողան-Պուտին զրույցների մասին հաղորդագրություններում մշտապես փոխադարձ հաճոյախոսություններ են հնչել տարածաշրջանում խաղաղության հաստատմանը նպաստելու վերաբերյալ։
Վերջին նման խոսակցությունը եղել է նախորդ շաբաթ՝ սեպտեմբերի 29-ին, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Սոչի այցի ժամանակ։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նշել է, որ Թուրքիայի ազդեցությունը Ղարաբաղյան իրադրության վրա նպաստում է տարածաշրջանում հաշտեցման գործընթացին։
«Ռուս-թուրքական մոնիթորինգային կենտրոնը կարևոր երախիք է տարածաշրջանում կայունության ապահովման համար»,- ասել է Պուտինը։
Ըստ գերմանացի պատմաբանի՝ ռուս-թուրքական «համագործակցությունը» միշտ կարճ է տևել
Սեպտեմբերի 29-ի Սոչիում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև կայացած հանդիպումը հիմնականում կենտրոնացած էր Սիրիայի և այս երկրի հյուսիսարևմտյան անկլավի՝ Իդլիբի վրա: Factor.am-ի հետ զրույցում նման տեսակետ է հայտնում գերմանացի պատմաբան, ցեղասպանագետ Տեսա Հոֆմանը՝ նշելով, որ այլ հարցերը, ինչպիսիք են Ռուսաստանի շահերը Լիբիայում, Հայաստանում և Ադրբեջանում, երկրորդական էին:
«Ամերիկացի փորձագետները հանդիպումը մեկնաբանել էին այսպես․ Անկարայի և Արևմուտքի հարաբերություններն այնքան են վատացել, որ Մոսկվան այլևս կարիք չունի Թուրքիային էական զիջումների գնալ Սիրիայում կամ այլուր»,- ասում է Հոֆմանը։
Այդուհանդերձ, չնայած Թուրքիայի՝ Արևմուտքից՝ ԱՄՆ-ից և Եվրամիությունից օտարվելուն, ըստ Տեսա Հոֆմանի, Էրդողանը դեռևս կարող է վնասել Ռուսաստանի շահերը:
«Դրա վկայությունն է այն, որ Անկարան աջակցում է Ադրբեջանին Հայաստանի դեմ պատերազմում: Այստեղ Անկարան տարիներ առաջ դիրքավորվեց որպես Ալիևի ռեժիմը պաշտպանող ուժ»,- ասում է նա։
Անդրադառնալով Թուրքիայի և Ռուսաստանի ընդհանրությանը՝ գերմանացի պատմաբանը նկատում է, որ Ռուսաստանն ու Թուրքիան կիսում են ոչ միայն իրենց մեկուսացվածությունն ու հակաարևմտյան դիրքորոշումը, այլև, առաջին հերթին, համագործակցում են տնտեսական, հատկապես՝ էներգետիկ ոլորտում։
«Սա ընդգծվեց նաև Սոչիում: Դիվանագիտական պատճառներով պայմանավորված՝ շարունակվող հիմնական հակասությունները մնացին չնշված: Ռուսաստանը և Թուրքիան դարեր շարունակ մրցում են Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տարածաշրջանային հեգեմոն դառնալու համար: Օսմանյան ժամանակներից ի վեր Թուրքիան այդքան հաճախ և այդքան անհաջող պատերազմներ չի մղել որևէ այլ երկրի դեմ»,- մատնանշում է նա։
Ըստ Տեսա Հոֆմանի՝ եթե նայենք պատմությանը, ապա կտեսնենք, որ ռուս-թուրքական մերձեցման և «համագործակցության» փուլերը կարճ են և նշանավորվում են սխալներ անելով, հատկապես՝ ռուսական կողմից:
«Թուրքիայի Քեմալական Հանրապետության հետ Մոսկվայի մերձեցումը, որը համարվում է հակաիմպերիալիստական, ստիպել է նրան 1920–1923 թթ․ զոհաբերել հայկական շահերը, մասնավորապես՝ Լեռնային Ղարաբաղը և Նախիջևանը, «համաշխարհային հեղափոխության զոհասեղանին»։ Հայաստանին խորհուրդ կտամ ուժեղացնել իր ակտիվ դիվանագիտությունը ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Արևմուտքի հետ: Ամենակարևորը՝ Երևանը պետք է սահմանի և ներկայացնի իր սեփական պահանջները»,- հիշատակում է նա։
Ըստ պատմաբանի՝ Ռուսաստանը սիրիական և ղարաբաղյան շահերից, գուցե, ընտրի առաջինը
ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանի խոսքով՝ Ռուսաստանը ցանկանում է Թուրքիայի հետ լեզու գտնել՝ անկախ նրանից, որ այն ՆԱՏՕ-ի ցամաքային երկրորդ բանակն ունեցող երկիրն է՝ ԱՄՆ-ից հետո։
Նա Factor.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ այդ քաղաքականությունն իրեն չի արդարացնում, քանի որ Թուրքիան շարունակում է մնալ ՆԱՏՕ-ի դաշնակից երկիր, և բացառված չէ, որ Ռուսաստանի հետ այդ «մտերմությունը» թելադրված լինի նաև ՆԱՏՕ-ի անդամ երկրների կողմից։
«Շատերի համար է զարմանալի, թե ինչպես կարելի է ՆԱՏՕ-ի անդամ երկրին վաճառել S-400 համակարգեր։ Ես չեմ բացառում, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրները Թուրքիայի միջոցով ծանոթանում են այդ նորագույն տեխնիկային»,- ասում է նա։
Անդրադառնալով Ռուսաստանի՝ Թուրքիայի և Ադրբեջանի նկատմամբ քաղաքականությանը՝ Աշոտ Մելքոնյանը նշում է, որ Բաքվին հայկական շահերի հաշվին իր ազդեցության տակ պահելու՝ ռուսական կողմի փորձերն արդարացված չեն։
«Ադրբեջանը վաղուց արդեն ռուսական ազդեցության գոտուց դուրս է եկել և հայտնվել է Թուրքիայի գրկում, և նրան նորից վերադարձնելը Ռուսաստանի ազդեցության գոտի՝ անգամ հայերի շահերի հաշվին, հեռանկարային քաղաքական ուղեգիծ չէ»,- ասում է նա։
Մելքոնյանի խոսքով՝ պատմությունն էլ հուշում է Ռուսաստանի սխալ ընտրության հավանականության մասին․ 1920-ականներին էլ մեկուսացման մեջ հայտնված բոլշևիկյան Ռուսաստանը փորձեց մերձենալ իր նախկին թշնամու՝ Թուրքիայի հետ, որի դեմ մինչ այդ 13 պատերազմ էր ունեցել, և որոնցից միայն 2-ն էր Թուրքիան հաղթել։ Պատմությունը նաև ցույց է տալիս, որ Թուրքիան, այնուամենայնիվ, նախընտրեց հայտնվել հակառուսական դաշինքներում։
«Այնպես որ՝ ես կարծում եմ, որ պատմության փորձը ռուս դիվանագետներին պետք է հուշեր, որ հայկական շահերի երկրորդումն ամենևին արդարացված չէ և, ի վերջո, կարող է հարվածել ռուսական շահերին»,- ասում է նա։
Աշոտ Մելքոնյանի կարծիքով՝ ռուս-թուրքական օրակարգում հիմա նժարին են դրված հայկական և սիրիական շահերը, Ռուսաստանը կարծես թե հակված է պաշտպանել վերջինը։
«Ռուսաստանն ամեն ջանք գործադրում է, որ վերականգնի Սիրիայի տարածքային ամբողջականությունը։ Հայկական շահերը, գուցե, ստորադասվեն Սիրիային, քանի որ Ռուսաստանը կարծես թե հասել է իր նպատակին Սիրիայի տարածքային ամբողջականությունը վերականգնելու հարցում»,- եզրափակում է պատմաբանը։
Հռիփսիմե Հովհաննիսյան