Խաղադրույքը շա՛տ բարձր է՝ վտանգավոր իրավիճակում ենք․ ՀՀ-ի պետականության կորստի կբերի Միութենական պետությունը, պիտի զգաստանա՛նք․ Արեգ Քոչինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
29.09.2021 | 19:02Factor TV-ի հարցազրույցը ռազմաքաղաքական հարցերով փորձագետ Արեգ Քոչինյանի հետ
-Պարո՛ն Քոչինյան, Ադրբեջանի նախագահը պատրաստակամություն է հայտնում հանդիպել Հայաստանի վարչապետի հետ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո։ Թե՛ Ալիևը, թե՛ Փաշինյանը խոսում են խաղաղությունից, սակայն պայմանները տարբեր են։ Ադրբեջանը համարում է հակամարտությունը մեկընդմիշտ լուծված, ՀՀ-ն, ԱՄՆ-ն, Ֆրանսիան՝ կարգավիճակի հարցը դեռ քննարկելի։ Մոսկվան դա չի պնդում անել այսօր։ Նման հանդիպում հնարավո՞ր է և ի՞նչ օրակարգի շուրջ։
-Ադրբեջանական կողմի հայտարարությունները նոր չեն, դրանք գուցե՝ ավելի ցածր տոնայնությամբ, գուցե՝ ոչ այսքան կոնկրետ շարադրմամբ, բայց միշտ են եղել, թե Արցախի ինքնորոշումն Ադրբեջանի սահմաններից դուրս անհնար է։ Եթե հիշում եք՝ իրենք ասում էին, թե պատրաստ են ամենալայն ինքնորոշումը տրամադրել Ադրբեջանի կազմում, բայց պատերազմից հետո հիմա սա էլ է փոխվել և իրենք դրան էլ պատրաստ չեն։ Մեր դիրքորոշումը տարբեր է եղել տարբեր հանդիսատեսի համար, ներսում անընդհատ տարվում էր՝ «Ոչ մի թիզ հող, մինչև վերջ պայքարելու ենք, ոչ մի բան հետ տալու չունենք», դրսում ՀՀ բոլոր իշխանությունները պատրաստ են եղել բոլոր շրջանները հետ տալու, և անազնիվ են եղել մեր հասարակության նկատմամբ։
Ինչ վերաբերում է խաղաղությանը․ ադրբեջանցիները խաղաղություն ասելով հասկանում են մեր ամբողջական կապիտուլյացիան, ընդ որում՝ այդ կապիտուլյացիան չի սահմանափակվում իրենց դրած պահանջներից ելնելով միայն՝ Արցախի հիմնահարցով։ Այդ կապիտուլյացիան վերաբերում է նաև անկլավներին, Ադրբեջանին էքստերիտորիալ միջանցք տրամադրելուն և Աստված գիտի՝ ինչ պահանջներ։ Մենք ընկալում ենք հետևյալ կերպ, որ պետք է սա սառեցնենք, ոչ մի բան չունենք քննարկելու, խոսելու, բոլոր կոմունիկացիաները պետք է բացել, փորձել խաղաղության գնալ, հետո խոսել մնացածից։
-Ռուսական տեսակետն էլ է կարծես թե դա, այսինքն՝ այն գնահատականները, որ հնչում են հանրայնորեն․․․
– Դե՝ պատահական չէ, որ մեր տեսակետն այսպիսին է։ Էական է նաև Արևմուտքի մոտեցումը։ Ո՞րն է դա․ ինչքանով ես եմ ընկալում՝ Արևմուտքը ցանկանում է ընդամենը մնալ այս գործընթացի մոդերատորներից մեկը, Արևմուտքն ամբողջությամբ ընդունել է ռուսական գերակայությունն այս գործընթացում, ռուսական առաջնորդությունը։ Ֆրանսիայի նախագահը զանգում էր ՌԴ նախագահին՝ տեղեկանալու գործընթացներից, սա ի՞նչ է նշանակում, որ գործընթացները վարում է ՌԴ-ն։ Դա ես ասում եմ նաև որոշ քաղաքական ուժերի, որոնք պարբերաբար փորձում են տպավորություն ստեղծել, որ մենք ունենք արևմտյան երաշխիքներ, աջակցություն։ Այդպիսի բան չկա։
Փաշինյան-Ալիև հանդիպումը ես չեմ բացառում, հնարավոր է, բայց շատ կարևոր է՝ ինչ պատճառաբանությամբ է լինում այդ հանդիպումը։ France 24-ին տված հարցազրույցում Ալիևն ասաց՝ կարող են հանդիպել Փաշինյանի հետ՝ քննարկելու առաջիկա անելիքները, և ոչ մի խոսք Ղարաբաղի մասին։ Այսինքն՝ այն պահից սկսած, երբ ղարաբաղյան հիմնահարցը վերաճում է հայ-ադրբեջանական հարաբերությունների, սա մեզ համար խոշորագույն պարտություն է։ ԵԽԽՎ-ի բանաձևն էլ մեծ հաղթանակ կոչել պետք չէ։
-ԵԽԽՎ զեկույցում խոսվում է հակամարտությունները խաղաղ ճանապարհով լուծելու՝ Հայաստանի և Ադրբեջանի ստանձնած պարտավորությունների և դրանց խախտման մասին, սակայն չի շեշտված, որ Ադրբեջանն է սկսել պատերազմը։ Այսինքն՝ հավասարության նշան է դրվում կողմերի միջև։
-Ընդհանրապես, այդ միջազգային կառույցները՝ դա կլինի ԵԽԽՎ-ն, ՄԱԿ-ը, Հաագայի դատարանը, ուր և՛ մենք ենք հայց ներկայացրել, և՛ Ադրբեջանը, դրանք բոլորը համահարթեցնելու են՝ ասելով՝ և՛ դուք եք ռազմական հանցագործություններ կատարել, և՛ դուք, հույս չունենաք դրա հետ։
-Այսպիսով՝ անհնա՞ր է դառնում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը։ Բերեմ Թուրքիայի նախագահի խոսնակի հայտարարությունից մեկ հատված․ «Սկզբունքորեն մենք դրական ենք վերաբերվում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը։ Երևանի հետ մեր դիվանագիտական հարաբերությունները դադարեցնելու և սահմանը փակելու հիմնական պատճառը 1992 թվականին Լեռնային Ղարաբաղ ներխուժումն էր։ ․․․ Կարևորն այն է, որ պայմանագիրը լինի, որը կհաստատի Ադրբեջանը և կընդունի Հայաստանը։ Այդպիսով խնդիրն ամբողջությամբ կլուծվի ու մի կողմ կդրվի»։ Վերջին գաղափարը, կարծես, հայկական կողմը մերժում է, ի՞նչ տեսակետ ունեք։
-Չավուշօղլուն էլ ասաց, որ հայ-թուրքական կարգավորում պետք է լինի, բայց՝ հայ-ադրբեջանականին զուգահեռ, և միայն այդ դեպքում կլինի խաղաղության մեծ պայմանագիր։ Արդյո՞ք անհնար է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը։ Նախկինում դա շատ ավելի դյուրին էր կազմակերպել, որովհետև շատ ավելի բան ունեինք զիջելու, հիմա շատ ավելի ցավոտ զիջումների հետ է դա կապված։ Եկեք փորձենք մեծ պատկերը հասկանալ․ ես հեռու եմ այդ մտքից, որ խաղադրույքը Արցախն է, միջանցքը կամ անկլավները։ Ես ավելի շատ մոտ եմ այն մտքին, որ հայկական կողմի համար խաղադրույքը մեր պետականությունն է։
Բացատրեմ՝ ինչու․ նորագույն պատմության՝ ինձ համար վտանգավոր նախադեպային օրերից մեկը սեպտեմբերի 3-ն է, երբ Սերժ Սարգսյանին կանչեցին Կրեմլ, չգիտեմ՝ ինչ խոսեցին, ինչ արեցին իր հետ, սենյակից դուրս եկավ, ասելով՝ մտնում ենք ԵՏՄ, և ընդհանրապես՝ վաղուց էինք դա բանակցում։ Այն ժամանակ մենք ավելի ուժեղ էինք և ինքնավստահ, քան հիմա՝ պատերազմից հետո։ Եվ ես չեմ բացառում, որ նույն բանը լինի Նիկոլ Փաշինյանի հետ և մեկ գիշերում պարզվի՝ մենք մտնում ենք Միութենական պետություն։ Ես հույս ունեմ՝ բոլորի համար պարզ է, որ այդ Միութենական պետությունը «ԽՍՀՄ 2»-ի նախակարապետն է, 5-ից 10 տարի հետո դա բերելու է պետականության կորստին և ինտեգրմանը «ԽՍՀՄ 2»-ին։ Ի՞նչ անել, որ սա տեղի չունենա և փրկենք մեր պետականությունը։ Ես վախենամ՝ չկա այդ ընկալումը, թե ինչքան բարձր է խաղադրույքը, և ինչքան վտանգավոր իրավիճակում ենք։ Մենք պետք է զգաստանանք։ Խաղադրույքին պետականությունն է դրված։ Որպեսզի միակողմանի կախված չլինենք ՌԴ-ից, ունենք մեկ ճանապարհ՝ զուգահեռաբար զինվել, և կարգավորել հարաբերությունները հարևանների հետ։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։
Ռոբերտ Անանյան