Առանց սահմանների բացման՝ հարաբերությունների նորմալացման գործընթաց հնարավոր չէ․ Կարո Փայլանը՝ հայ-թուրքական հաշտեցման հնարավորության մասին

Լուրեր

14.12.2024 | 13:33
Առողջության համապարփակ ապահովագրությունը ներդրվելու է․ Անահիտ Ավանեսյան
14.12.2024 | 13:14
Զինված ուժերում իրավունքների պաշտպանության հետ կապված հարցերն իմ ամենօրյա ուշադրության ներքո են. ՄԻՊ
14.12.2024 | 12:52
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
14.12.2024 | 12:34
Փրկարարները ձիուն դուրս են բերել փոսից
14.12.2024 | 12:12
Նավթի գներն աճել են
14.12.2024 | 11:55
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր ունի երեք ներկայացուցիչ
14.12.2024 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ դեկտեմբերի 14-ի դրությամբ
14.12.2024 | 11:09
Դստերը ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք պատճառած մոր վերաբերյալ քրեական գործը դատախազն ուղարկել է դատարան
14.12.2024 | 11:00
Վրաստանում նախագահական ընտրություններ են․ ընդդիմությունը հավաքվել է ԱԺ-ի մոտ
14.12.2024 | 10:35
Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
14.12.2024 | 10:16
Սպիտակի և Ստեփանավանի ոլորանները փակ են կցորդիչով բեռնատարների համար
13.12.2024 | 23:31
Գերմանիան հավանություն է տվել 2006թ․ ի վեր զենքի ամենամեծ արտահանմանը Թուրքիա
13.12.2024 | 23:16
Դեսպան Խաչատրյանն իր հավատարմագրերն է հանձնել Ֆրանսիայի նախագահին
13.12.2024 | 22:59
ԵՄ-ն «օդային կամուրջ» է գործարկել՝ Թուրքիայի տարածքով Սիրիա օգնություն հասցնելու համար
13.12.2024 | 22:44
Դեկտեմբերի 16-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Արցախյան երկրորդ պատերազմից հետո ստեղճված իրավիճակից դուրս գալու համար երկու ճանապարհ կա՝ վերսկսել պատերազմը կամ մտածել հաշտեցման մասին։ Factor.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Թուրքիայի խորհրդարանի «Ժողովրդադեմոկրատական» կուսակցության հայազգի պատգամավոր Կարո Փայլանը՝ անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հնարավոր գործընթացին։

«Ուրախ եմ տեսնել, որ երկու կողմերը մտածում են հաշտեցման գործընթաց սկսելու մասին։ Պատերազմի հետևանքով ստացած տրավմաները վերացնելու համար կողմերը պետք է մտածեն հարաբերությունների նորմալացման մասին»,- ասաց նա։

Հիշեցնենք՝ ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել էր, որ Անկարան պատրաստ է կարգավորել հարաբերությունները Երևանի հետ` բարիդրացիության և միմյանց տարածքային ամբողջականության ճանաչման հիման վրա: Էրդողանը հույս էր հայտնել, թե Հայաստանի նոր կառավարության գործունեությունն օգտակար կլինի տարածաշրջանի համար:

«Մեր տարածաշրջանում նոր, կառուցողական մոտեցումների կարիք կա: Չնայած կարծիքների և ակնկալիքների տարբերություններ կան, բայց վստահության հիման վրա բարիդրացիական հարաբերություններ զարգացնելու անկեղծ ջանքերի գործադրումը պատասխանատու մոտեցում կլինի՝ հիմնված միմյանց տարածքային ամբողջականության և ինքնիշխանության ճանաչման վրա»,- ասել էր նա։

Թուրքիայի նախագահի հայտարարություններին արձագանքել էր պաշտոնական Երևանը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ դրանցում տեսնում է Հայաստան-Թուրքիա հարաբերությունները կարգավորելու, հայ-թուրքական երկաթուղին և ճանապարհները վերագործարկելու մասին խոսելու հնարավորություն:

«Մենք պատրաստ ենք նման խոսակցության, որը վերը նկարագրվածի ֆոնին կարող է ավելի լայն համատեքստ ստանալ: Մեծ հաշվով, խոսքը մեր տարածաշրջանը արևելքը արևմուտքին, հյուսիսը հարավին կապող խաչմերուկ դարձնելու մասին է: Ուրախությամբ պետք է արձանագրեմ, որ այս գործընթացին ակտիվորեն աջակցելու հրապարակային պատրաստակամություն է ցուցաբերել Ռուսաստանի Դաշնությունը: Եվրամիությունը, Ֆրանսիան, Միացյալ Նահանգները նույնպես հետաքրքրված են այս գործընթացով, իսկ Չինաստանի և Հնդկաստանի շահագրգռվածությունը կոմունիկացիոն նախագծերի զարգացման ուղղությամբ հայտնի է»,- ասել էր վարչապետը:

Կարո Փայլանի խոսքով՝ հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման գլխավոր նախապայմանը սահմանների բաց լինելն է․ «Առանց սահմանների բացման՝ հարաբերությունների նորմալացման գործընթաց սկսել հնարավոր չէ»։

Նրա կարծիքով՝ Թուրքիայի իշխանություններն իսկապես ցանկանում են նման գործընթաց սկսել։ Ըստ Փայլանի՝ պատճառն այն է, որ Էրդողանը ցանկանում է փոխել միջազգային հանրության կարծիքն իր մասին։

«Թուրքիան իր ոտքերն է դրել մի քանի տարածաշրջաններում, ունի խնդիրներ Կիպրոսում, Սիրիայում, Իրաքում, Լիբիայում և այլն, իր նեոօսմանական երազանքներն էր փորձում իրականացնել, և հիմա նա ոչինչ չունի աշխարհին պատմելու՝ խաղաղություն հաստատելու, ինչ-որ տարածաշրջանային ծրագրեր իրականացնելու մասին։ Էրդողանը Հարավային Կովկասը դիտարկում է որպես պատմություն՝ աշխարհին ներկայացնելու համար, որ Թուրքիան աշխատում է խաղաղություն հաստատելու ուղղությամբ»,- կարծիք հայտնեց մեր զրուցակիցը։

Կարո Փայլանը մատնանշեց, որ Թուրքիայի նախագահը հաճախ է խոսում նախագծերի մասին, որոնցում ներգրավված են 6 տարածաշրջանային երկրներ՝ Ռուսաստան, Թուրքիա, Ադրբեջան, Իրան, Վրաստան, որոնց միանալու է նաև Հայաստանը՝ ունենալով որոշ տնտեսական օգուտներ։

«Էրդողանը հիմա ցանկանում է Արևմուտքին՝ Եվրոպային և ԱՄՆ-ին հավատացնել, որ դեռ աշխատում է խաղաղություն հաստատելու ուղղությամբ, մտածում է այս տարածքում երկրների հաշտեցման մասին»,- ասաց նա։

Դիտարկմանը, թե Հայաստանում շատերը մտահոգություններ ունեն Թուրքիայի հետ հարաբերությունների հնարավոր նորմալացման հետ կապված, քանի որ չեն վստահում այդ պետությանը, Կարո Փայլանն արձագանքեց, որ դա նորմալ է, քանի որ հայերը դրա համար մի շարք պատճառներ ունեն։

«Թուրքիան նշանակալի դեր խաղաց նաև նախորդ տարվա պատերազմում՝ օգնելով Ադրբեջանին։ Բայց Էրդողանն օպորտունիստ և պրագմատիկ նախագահ է․ անցած տարի նա ներգրավվեց պատերազմում՝ ազգայնականներին հաճոյանալու և Ադրբեջանի համար որոշ առավելություններ ստեղծելու համար։ Բայց նա տեսավ նաև, որ պատերազմով չկարողացավ իր համար լծակներ ստանալ: Ռուսաստանը կարողացավ ստանալ լծակներ, իսկ Թուրքիան՝ ոչ»,- ասաց նա։

Իսկ հաշտեցման «խաղով» Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ըստ Կարո Փայլանի, երկու հարց է լուծում․ առաջինը տնտեսականն է՝ առևտուր Հայաստանի հետ, երկաթուղու վերագործարկում և այլն, իսկ երկրորդը՝ աշխարհին ներկայացնել պատմություն, որ ինքը դեռ կողմ է խաղաղությանը։

Մեկ այլ դիտարկմանն ի պատասխան էլ՝ արդյո՞ք հիմա աշխարհին հուզում է հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման գործընթացը, ինչպես 13 տարի առաջ էր, Կարո Փայլանը նկատեց՝ ժամանակին աշխարհն այստեղով նավթի, բնական գազի տարանցմամբ էր հետաքրքրված, իսկ հիմա նման նախագծերն արդեն Վրաստանով են իրականացվում։

«Փողի բացակայությունն արդեն թուլացնում է հետաքրքրությունը հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման հանդեպ։ Գուցե, ամեն դեպքում, ինչ-որ հետաքրքրություն լինի, բայց արևմտյան երկրներն աչքերը հաճախ են փակում այն ամենի վրա, ինչ տեղի է ունենում Արևելքի երկրներում։ Դա ցույց տվեց նաև նախորդ տարվա պատերազմը։ Մենք պետք է դրանից դասեր քաղենք և ինքներս մեր խնդիրները լուծենք մեր տարածաշրջանում։ Եթե չես կարողանում լուծել խնդիրները, ուրեմն պետք է ուժեղ լինես, իսկ եթե բավարար ուժեղ չես, պետք է ձգտես խաղաղության»,- եզրափակեց մեր զրուցակիցը։

Հռիփսիմե Հովհաննիսյան