Զոհերի թիվը՝ պլյուս մինուսով. պատերազմից 5 տարի անց զոհված անձանց ցանկը հրապարակված չէ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
07.11.2025 | 21:002020 թվականի պատերազմից 5 տարի անց Հայաստանի քաղաքացիները չգիտեն բոլոր այն անձանց անունները, որոնք չվերադարձան ռազմաճակատից։ Զոհվածների անվանական ցանկն առ այսօր չի հրապարակվել։ Նրանց միայն մի մասի անունները կարելի է գտնել Եռաբլուր զինվորական պանթեոնում, որտեղ ամփոփված են պատերազմի մասնակիցների մարմինները:
44 օր տևած պատերազմի ընթացքում Պաշտպանության նախարարությունը պարբերաբար հրապարակում էր զոհված անձանց ցանկը։ Բայց երբ կրակը դադարեց, նախարարությունն էլ դադարեց հրապարակել տվյալներ։
Զոհերի հնարավոր՝ ոչ պաշտոնական թիվն առաջին անգամ 2020 թվականի նոյեմբերի 14-ին հրապարակեց Սուրբ աթոռում Հայաստանի արտակարգ և լիազոր նախկին դեսպան Միքայել Մինասյանը։
«5 օր առաջ ԱԱԾ-ն ու ՊՆ-ն Նիկոլին զեկուցել են, որ այս պահի տվյալներով՝ ունենք.
2250 զոհված և հերձված
1400 զոհված և դեռևս չհերձված
1100 անհետ կորած։
4750 հաստատված մահ, որ փաստաթղթով զեկուցվել է ՀՀ վարչապետին»,- գրել էր Միքայել Մինասյանը:
Առողջապահության նախարարությունը շտապեց հերքել զոհերի թվի մասին տեղեկությունը:
«Հայտնում ենք, որ այդ գրառման մեջ ներկայացված տեղեկատվությունը լկտի սուտ է: Սույն օգտատիրոջ կողմից անամոթաբար կեղծիք տարածելը ծանոթ գործելաոճ է, սակայն հայկական կողմի զոհերի վերաբերյալ ուռճացված թվեր ներկայացնելը անցնում է բոլոր սահմանները: Ով է լկտիաբար ստում և ով՝ հայտնում ճշմարտությունը։ Այս հարցն առ այսօր իշխանություն-ընդդիմություն վեճի առարկա է»,- հայտնեցին Առողջապահության նախարարությունից:
Իշխանության և ընդդիմության միջև զոհերի թվի վերաբերյալ վեճը, սակայն, չդադարեց:
«Պատերազմ բերած մարդը խոսում է խաղաղության մասին։ 2018 թվականին խաղաղությունից չէր խոսում։ Որովհետև կար խաղաղություն, բայց չկար խաղաղության օրակարգ։ Երբ որ խաղաղություն չի լինում, հայտնվում է խաղաղության օրակարգը։ Ինքը 5000 զոհերով, 11 հազար վիրավորներով բերել է պատերազմ, ինքը ծնել է խաղաղության օրակարգ»,- ասուլիսներից մեկի ժամանակ ասել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
Մինչդեռ իշխանությունները պատերազմի օրերից ի վեր խոսում են 4000-ի հասնող զոհերի մասին, պնդում, որ ընդդիմությունն ուռճացված թվեր է ներկայացնում։
«Պատկերացնո՞ւմ եք ասում են՝ 5000 զոհ։ 4000-ը քիչ ա՞, որ ասում եք՝ 5000 զոհ։ Տո ստի հերն եմ անիծել, թե մենք 5000 զոհ ունենք։ 4000-ը քի՞չ է։ Մենք ամեն մեկի մահն ենք ողբում»,- հանրահավաքներից մեկի ժամանակ հայտարարել է ԱԳՆ նախարար Արարատ Միրզոյանը:
«Գլխովին հայաթափես Արցախը և զոհաբերես հինգ հազար պայծառ երիտասարդների, իսկ տասը հազարից ավելի զինվորների հաշմանդամ դարձնես․․․Եվ այս ամենից հետո ցինիկաբար հայտարարես և ամեն օր կրկնես ու հպարտանաս, որ խաղաղություն ես պարգեւել հայ ժողովրդին»,- ասել է ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը:
«Էնքան ցավալի է, որ էսօր ինչ-որ մարդիկ եթերում իրենց թույլ են տալիս ասել, որ պատերազմի ժամանակ 5000 մարդ է զոհվել։ Էդ մարդիկ սրիկաներ են, եթե համարում են, որ մեր երեխաների թիվը կարող են 1000-ով ավելացնել»,- հարցազրույցներից մեկում ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
5000 զոհի մասին խոսել է նաև Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։
«Հայաստանում ոչ թե պետք է 5000 նոր գերեզման ավելանար, այլ 5000 նոր կնունք, ծնունդ ու հարսանիք լիներ։ Եռագույնները պետք է ծածավեին ոչ թե մեր հերոսների շիրիմներին, այլ Հայոց բանակի հաղթական շքերթներին, մեր արցունքները պետք է ուրախության, այլ ոչ թե ողբերգության հույզերից ծնվեին, և այդ լուսավոր տղաներին, նրանց ընտանիքներին մենք բոլորս պարտք ենք արժանապատիվ, բարեկեցիկ ու հզոր Հայաստան»,- նշել է Սերժ Սարգսյանը:
Իշխանությունն ու ընդդիմությունը միայն մի հարցում են համերաշխ․ զոհերին պետք է երախտապարտ լինել։ Միայն թե նրանց թիվը ոչ միայն ընդդիմադիրները, այլ նաև իշխանությունները հստակ չգիտեն։
«Մեր զոհերի թիվը կլինի 4000-ի կարգի, ներողություն այս արտահայտությունն անելու համար, պլյուս-մինուս 50։ Ներողություն այս արտահայտության համար»,- Ազգային ժողովում ասել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանն, ապա առաջարկել 1 րոպե լռությամբ հարգել զոհերի հիշատակը:
Հենց այսպես՝ պլյուս-մինուսով էլ իրավասու մարմիններն են հրապարակում զոհերի թվի վերաբերյալ տեղեկությունները։
Պաշտպանության նախարարություն, Ազգային անվտանգության ծառայություն և Քննչական կոմիտե ուղարկված գրավոր հարցումներով խնդրել ենք հայտնել 44-օրյա պատերազմում զոհված անձանց թիվն ու նրանց անվանական ցանկը:
Պաշտպանության նախարարությունից մեր գրավոր հարցմանը պատասխանելու համար նախ մեկամսյա ժամկետ են խնդրել՝ պատճառաբանելով, թե լրացուցիչ աշխատանք է անհրաժեշտ կատարել, ապա նշել են, որ դիմենք Քննչական կոմիտե։
Դեպի Քննչական կոմիտե է ուղղորդել նաև Ազգային անվտանգության ծառայությունը։ Իսկ Քննչական կոմիտեից մեր գրավոր հարցմանն ի պատասխան՝ հայտնել են, որ հայցվող տեղեկությունները գաղտնիք են պարունակում։
Մինչդեռ նախկինում Կոմիտեն բազմիցս թվեր է հրապարակել։ Մեր այս դիտարկումից հետո գերատեսչությունից բանավոր տվյալներ են հայտնել․ «2020 թվականի 44-օրյա պատերազմի հետևանքով զոհվել է 3833 անձ (այդ թվում՝ 78 քաղաքացիական անձինք, 3755 զինծառայողներ): Անհայտ է 191 անձի գտնվելու վայրը (այդ թվում՝ 172 զինծառայողի և 19 քաղաքացիական անձի»։
Այս թիվը, սակայն, չի համապատասխանում Քննչական կոմիտեի կողմից այլ լրավամիջոցներին տրամադրված թվերին։ Օրինակ՝ Ժողովուրդ օրաթերթին Կոմիտեից հայտնել են, որ զոհերի թիվը 3944 է, իսկ Ազատություն ռադիոկայանին՝ 3981։
Ով է ճիշտ և ով է ստում։ Այս հարցի պատասխանը կարելի է ստանալ միայն զոհերի, անհետ կորած անձանց և գերիների անվանական ցանկը հրապարակելով, որը, փաստորեն, պատերազմից 5 տարի անց դեռևս չի հրապարակվել։
Հետաքրքիր է այն հանգամանքը, որ պատերազմի զոհերի ցանկը չհրապարակված իշխանությունը ցանկանում է 100 տարի առաջ տեղի ունեցած Հայոց ցեղասպանության զոհերի ցանկն ամբողջացնել:
«Ցեղասպանության թանգարանում պետք է լինի բոլոր նահատակված մեր ժողովրդի անուն-ազգանունները։ Պետք է հստակ իմանալ՝ 1 մլն է, 2 մլն է, թե մեկուկես է։ Այսինքն՝ դա պետք է լինի շատ հասցեական»,- Ազգային ժողովում հայտարարել էր ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը:
Իսկ ինչպե՞ս պետք է հավաքել ավելի քան 100 տարի առաջ տեղի ունեցած դեպքերի ժամանակ զոհերի ցանկը, երբ պատերազմից 5 տարի անց ականատեսների աչքի առաջ տեղի ունեցած պատերազմի զոհերի ցանկն անգամ ամբողջացված չէ:
Մանրամասները՝ տեսանյութում։
Արաքս Մամուլյան