Ում ենք ընտրում չընտրելով․ քվեարկության չԳնալու ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
06.06.2026 | 20:00Այս մոլորակի վրա ապրողներով բոլորով միաժամանակ կարևոր հարցերի շուրջ պայմանավորվել չենք կարող․ մենք շատ ենք։
Համամարդկային մի համաձայնությամբ որոշել ենք, որ կառանձնանանք ընդհանուր տարածք, մշակույթ, հիշողություն, շահ ունեցողներով, կընտրենք մեզանից մեկին, ըստ էության՝ ամենախելացիին ու կարողին և կասենք՝ խոսիր մեր անունից մյուսների հետ ու ասա մեզ՝ ինչպես ապրենք։
Վաղը՝ հունիսի 7-ին, խորհրդարան ենք ընտրելու, որն էլ, իր հերթին, ընտրելու է մեր երկրի այդ մարդուն։
Տարբեր երկրների քաղաքացիներ այս գործընթացի նկատմամբ տարբեր վերաբերմունք ունեն։ Ինչպիսի՞ն է այն Հայաստանում. Փորձելու ենք բացել քաղաքացի-պետություն գործարքի շերտերը։
***
2023 թվականին Թունիսում խորհրդարանական ընտրություններ էին, որին մասնակցեց բնակչության միայն 11,4 տոկոսը։ 2025-ին Բուրունդիում գրանցվեց 98,88 տոկոս մասնակցություն, քաղաքական ուժերից մեկն էլ ստացավ ձայների 97 տոկոսը։
Որքանով են այս թվերն արտացոլում քաղաքացիների իրական ակտիվությունը․ հարցը հռետորական է։ Բայց փաստ է, որ, օրինակ, Հայաստանում այդ ակտիվությունը նվազման միտում ունի։
Խորհրդարանական ընտրություններին ամենաբարձ մասնակցությունը գրանցվել է 2012 թվականին՝ 62,35%, 9 տարի անց՝ 2021-ին, ընտրության գնաց բնակչության 47,85%-ը։
2026-ի նախընտրական շրջանում հաճախ ենք լսում կարճ մի նախադասություն՝ պետք է գնալ ընտրության։ Իսկ ինչո՞ւ։
«Ընտրություններին մասնակցությունը քաղաքացի և պետություն պայմանագրի ստորագրումն է, կնքումն է, և յուրաքանչյուր քաղաքացի ինքն է որոշում՝ ուզո՞ւմ է պայմանագրի մաս լինել, թե՞ չէ։ Եվ անկախ նրանից՝ ինքը մասնակցելու է այդ ընտրություններին, գնալու-քվեարկելու է, թե չի քվեարկելու, միևնույն է, կրելու է ձևավորվող օրենսդիր և գործադիր մարմինների ընդունած որոշումների արդյունքներն ու հետևանքները։ Ի՞նչ է առաջարկում պետությունը. ասում է՝ հարգելի՛ քաղաքացի, ես քեզ առաջարկում եմ անվտանգություն, որոշակի ծառայություններ՝ արդարություն, առողջապահություն, կրթություն և այլն, և այլն։ Դրա դիմաց ես քեզնից ակնկալում եմ, որ դու կմասնակցես ընտրություններին, կմասնակցես երկրի համար կարևոր որոշումների կայացմանը։ Դա այն, այսպես ասած, լուռ պայմանավորվածությունն է, որ կա պետության և քաղաքացիների միջև»,- ասում է Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի ընտրական ծրագրերի համակարգող Մերի Մինասյանը։
Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) մայիսի հարցումների համաձայն՝ հարցված 1500 մասնակիցների 3%-ից ավելի շատ հավանական չի համարել, իսկ 5%-ը՝ ընդհանրապես հավանական չի համարել ընտրություններին մասնակցությունը։
Փետրվարին կասկածող անտարբերները 6% էին, վստահ մերժողները՝ 9%: Չմասնակցելու հստակ որոշումն ամենաշատը 26-35 տարեկանների մոտ է։ Ամենաակտիվ ընտրազանգվածը միջին տարիքի կանայք են։
Այս թեմայով հարցում էինք տեղադրել նաև Factor TV-ի յութուբյան ալիքում։ Քվեարկածների 92%-ը նշել է՝ գնալու է ընտրության, 8%-ը մտադիր չէ։ Մեր բանավոր հարցմանը մասնակցած և ընտրելու իրենց իրավունքից հրաժարվել պատրաստվող քաղաքացիները «ինչո՞ւ» հարցին հիմնականում չէին պատասխանում։
Ընտրական գործընթացներին տարիներ շարունակ հետևող մասնագետներն ասում են՝ անտարբերությունը մի քանի պատճառ ունի։
«Առաջինը՝ քաղաքականապես օտարված լինելը, երբ քաղաքացին ուղղակի չի հետաքրքրվում քաղաքականությամբ, ինքն իրեն քաղաքականությունից դուրս է համարում, մտածում է, որ քաղաքականությունը, քաղաքական գործընթացներն իր վրա անմիջական ազդեցություն չեն ունենում, և ինքն ընդհանրապես չի ուզում դրա մասին մտածել, իր առօրյան արդեն դասավորված է, ինքը քաղաքականության հետ կապ չունի»,- ասում է Մերի Մինասյանը։
ԵՊՀ կիրառական սոցիոլոգիայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Արթուր Թանեսյանի խոսքով, սակայն, սա ոչ թե պատճառն է, այլ հետևանքը։ Ինչ-որ բան նպաստում է, որ մարդն իրեն այդպես զգա։
«Տասնամյակներ շարունակ մարդկանց մասին հիշում էին միայն ընտրությունից ընտրություն։ Եվ մարդուն, կարծես, տեղից շարժելով՝ կանչում էին ընտրելու, քվեարկելու, հետո ասում էին՝ ցտեսություն, կհանդիպենք 5 տարի անց՝ մյուս ընտրություններին։ Եվ մարդիկ հոգնեցին այդ դերից՝ օբյեկտ լինելուց։ Այսօր տեսնում ենք վիճակագրորեն, որ երիտասարդությունն ամենամեծ սեգմենտն է զբաղեցնում չգնացողների մեջ։ Պիտի հասկանան, որ երիտասարդն ամենաազատամիտ մարդն է ցանկացած հասարակությունում և չի ուզում օբյեկտ հանդիսանալ»,- ասում է նա։
Սա շերտերից մեկն է՝ հիասթափությամբ ու ապատիայով։ Մեկ այլ ենթաշերտ, ըստ մեր զրուցակիցների, այն է, որ մարդիկ չեն տեսնում ընտրություն։ Անտեղյակ մարդը խիստ զարմացած հայացքով կլսի այս նախադասությունն ու կնայի վարչապետի 18 թեկնածուների նկարներին, բայց քաղաքական ուժերի թվաքանակը երբեմն ոչ թե բազմազանություն է, այլ դրա պատրանք։
«Քանակը դեռ չի նշանակում բազմազանություն։ Շատ լավ կլիներ, որ բնակիչը կարողանար ռեալ ընտրություն կատարել, իսկ այստեղ ինքը կատարում է ընտրություն, կարծես թե, փողկապով և առանց փողկապի, նմանատիպ կերպով հագնված միջին և բարձր տարիքի տղամարդկանց մեջ։ Առօրյա մակարդակում հայաստանցիները միմյանց ասում են՝ լսե՞լ ես՝ ինչ է ասել, իրականում իրենց պետք է ոչ թե՝ ինչ է ասում, այլ ինչի մասին է խոսում, ո՞րն է այդ ծրագիրը, գաղափարախոսությունը։ Բայց քանի որ իրենց առաջարկվում է ոչ թե գաղափարախոսություն, այլ «խոսություն»՝ առանց գաղափարների, մարդիկ հենց խոսությունն են քննարկում և նյարդայնանում են»,- ասում է Արթուր Աթանեսյանը։
Այս ամենը բառավորված ու տեղավորված է սոցիալական հետազոտություններում։ Բացատրում են՝ որտեղից անտարբերությունը, որը հանգեցնում է բոյկոտի։ Բայց արդյո՞ք դա է ամենալավ տարբերակը. այս հարցը միմիայն բացասական պատասխան ունի։
«Շատ հաճախ քաղաքացիներն ասում են, որ իրենց այս քաղաքական համակարգը դուր չի գալիս, և իրենք բոյկոտում են՝ չգնալով ընտրություններին։ Այս կուսակցություններն իրենց դուր չեն գալիս, և իրենք բոյկոտում են գործընթացը, իրենց համար սա անընդունելի է, և իրենք, այսպես ասած, իրենց բողոքն են արտահայտում չգնալով։ Ընդհանրապես, դա ընդունված պրակտիկա է տարբեր երկրներում, բայց մի պայմանով, երբ այդ բոյկոտին զուգահեռ՝ կան այլ քաղաքական գործընթացներ, օրինակ՝ եղել է իրենց համար նախընտրելի թեկնածուն, չեն գրանցել, կամ չեն ուզում իրենց մասնակցությամբ լեգիտիմացնել այդ գործընթացը, կամ այլ առաջարկ ունեն, փորձում են այդ չմասնակցությունը մոբիլիզացնելով՝ ինչ-որ ազդակ հասցնել կառավարությանը և այլն, և այլն։ Հայաստանյան պարագայում իշխանությունը ձևավորվելու է այսպես կամ այնպես, այսինքն՝ դուք մասնակցեք, թե չմասնակցեք, միևնույն է, ձևավորվելու է իշխանությունը»,- ասում է Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի ներկայացուցիչը։
Մինչ այս պահը թվարկեցինք բազմաշերտ պատճառներ, որոնցից ելնելով՝ պետք է գնալ ընտրության, թվարկեցինք պատճառներ, որոնք, գուցե, հակառակն են հուշում։ Բայց մասնագետների հետ զրույցներում հիմնական շեշտադրումը հստակ է. պետությունից չեն նեղանում։ Եթե այն, ըստ ձեզ, բավականաչափ կայացած չէ, ապա ավելի ազնիվ է ոչ թե բոյկոտի, այլ կայացմանը նպաստելու ճանապարհը։
***
Տարբեր երկրներում այս գիտակցումը մարդկանց հասցնելու տարբեր ձևեր են գտել։ Ավելի քան 130 տարի առաջ՝ 1892-ին, Բելգիայում որոշեցին, որ մարդիկ չեն կարող ընտրել՝ գնա՞լ ընտրության, թե՞ ոչ։ Պետք է պարտադիր մասնակցեն։ Ավելի ուշ քվեարկելն օրենքի պահանջ-պարտադրանք դարձավ Արգենտինայում, Ավստրալիայում։ Այժմ ավելի քան 20 երկիր այս կամ այն կերպ՝ ձևականորեն կամ պատժի սպառնալիքով, պարտադրում է իր քաղաքացիներին մասնակցել ընտրություններին։ Հայաստանում խոսքը համոզող տոնայնությամբ է։
Ըստ Միջազգային հանրապետական ինստիտուտի հետազոտության՝ փետրվարի 68%-ի փոխարեն արդեն մայիսին հարցվածների 79%-ն է ընտրություններին իր մասնակցությունը շատ հավանական համարում։ Բայց իրական թվերը, ինչպես ցույց է տալիս վիճակագրությունը, սովորաբար ավելի ցածր են լինում։
Եթե դու էլ ես որոշել չմասնակցել ընտրություններին կամ դեռ չգիտես՝ ում ընտրել, ունես մի ամբողջ երեկո և գիշեր՝ մտածելու համար՝ լինել պասիվ, դիտող, թե՞ պահանջատեր։ Գնալ տեղամաս և քո քվեով մասնակցել քո պետության ապագայի կերտմանը, թե՞ սպասել, որ ուրիշները քո փոխարեն որոշեն քո ու երեխաներիդ ապագան։
Մանրամասները՝ տեսանյութում։
Արուսյակ Կապուկչյան