Ինչ գիտեր իշխանությունը պատերազմի նախօրեին․ Սիմոնյանն ու Քոչարյանը հակասում են իրար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
20.11.2025 | 19:45«Մենք չենք իմացել։ Ինձ արթնացրել են, ասել են՝ պատերազմը սկսվել է, ես չեմ հավատացել։ Մտածել եմ՝ պուճուրիկ բախում է, կդադարի, հետո տեսել եմ՝ ինչ է կատարվում, հասկացել եմ, որ՝ չէ։ Չենք իմացել մենք, այո, մենք չենք իմացել»,- նոյեմբերի 10-ին հարցազրույցներից մեկում հայտարարել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
Իր հերթին, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը Factor TV-ին տված հարցազրույցում նշում է․ «Հայաստանի Հանրապետության հետախուզական ծառայությունները և Գլխավոր շտաբն այլ աղբյուրներից կարողացել են հստակ ճշտել հակառակորդի գործողությունների օրվա մասին, բայց արդեն ուշ էր»։
Ալեն Սիմոնյանի և Անդրանիկ Քոչարյանի՝ իրար հակասող այս պնդումները հնչել են ընդամենը մի քանի օրվա տարբերությամբ: Այստեղ մի շարք հարցեր են ծագում․ ինչպե՞ս կարող էր այդ ժամանակ ԱԺ փոխխոսնակի պաշտոնը զբաղեցնող Սիմոնյանը տեղյակ չլինել պատերազմի մասին, եթե հետախուզությունը գիտեր կոնկրետ օրը, բացի այդ՝ ինչո՞ւ էր «ուշ», եթե տեղեկությունը կար։
Factor TV-ն ուսումնասիրել է պատերազմին նախորդող օրերի ժամանակագրությունը, արված հայտարարությունները, փորձել պարզել՝ ո՞րն է այս հակասության պատճառը։
2020 թվականին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի երդմնակալությունից ամիսներ անց՝ օգոստոսին, Նիկոլ Փաշինյանն Արցախ էր այցելել։
Ստեփանակերտում նրանց առանձնազրույցի ժամանակ վարչապետը հետևյալն է ասում․ «․․․Ցավոք, ռազմաքաղաքական իրավիճակը մեր տարածաշրջանում շարունակում է մնալ լարված, ականատես ենք լինում սադրիչ գործողությունների, բայց մյուս կողմից՝ մեր մարտավարությունն ու ռազմավարությունը և մեր փոխգործակցության, և մեր զարգացման ռազմավարությունը չեն փոխվում, որովհետև այդ սադրանքները, որոնք տեղի են ունեցել և տեղի են ունենում, մեզ համար կանխատեսելի են»:
Նույն հանդիպման ժամանակ Հարությունյանը հիշատակում է Տավուշում տեղի ունեցած հուլիսյան իրադարձությունները և բանակի հաջողությունները։ 2020-ի օգոստոսի 29-ին Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ Ստեփանակերտում մասնակցում է Արցախի բարձրագույն պարգևներ հանձնելու հանդիսավոր արարողությանը։
Հաջորդ օրը ղեկավարներն այցելում են Պաշտպանության բանակի շտաբ, որտեղ տեղի է ունենում ծառայողական խորհրդակցություն: Արցախից վերադառնալուց հետո Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ մեկնում է Տավուշ, այցելում սահմանապահ համայնքներ։
ՀՀ Անկախության տոնին՝ պատերազմի մեկնարկից 6 օր առաջ, Հայաստան է ժամանում Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, իսկ սեպտեմբերի 25-ին վարչապետն ընդունում է Արցախի խորհրդարանի պատվիրակությանը։ Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը լայնածավալ հարձակում է սկսում Լեռնային Ղարաբաղի դեմ։ Ընդդիմադիր դաշտի ներկայացուցիչները մինչև այսօր էլ պնդում են, որ պատերազմին նախորդող մի քանի շաբաթների ընթացքում Փաշինյանի գործողություններն են սրել իրավիճակը, այդ թվում՝ «Արցախը Հայաստան է և վերջ» արտահայտությունը, որը հնչել էր 2019-ի օգոստոսի 5-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում։
Քաղաքագետ Բենիամին Պողոսյանը կարծում է՝ դեռևս 2011 թվականին է Ադրբեջանում որոշում ընդունվել, որ հարցը ռազմական ճանապարհով պետք է լուծվի։
«Սակայն, միևնույն ժամանակ, բոլորս պետք է հասկանանք, որ այլ բան է՝ ընդունել որոշում, այլ բան է այն իրականացնելը։ Այն իրագործելու համար որոշակի նպաստավոր պայմաններ են անհրաժեշտ։ Իմ գնահատմամբ՝ ՀՀ իշխանության որոշ քայլեր հավելյալ նպաստավոր ֆոն են ստեղծել Ադրբեջանի համար 2020 թվականի սեպտեմբերի 27-ին հարձակում սկսելու համար»,-նշում է Պողոսյանը։
Արդյո՞ք վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախապես տեղյակ է եղել պատերազմի մեկնարկի հավանական ամսաթվի մասին։ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովում Նիկոլ Փաշինյանի հարցաքննության ժամանակ Անդրանիկ Քոչարյանը նշել է, որ սեպտեմբերի 25-ին ռադիոկլանման միջոցով ստացվել է թուրքական F-16-ի օդաչուների խոսակցությունը, որ «վաղն ինչ-որ կարևոր բանի պիտի մասնակցեն»։
Վարչապետն ինքը հանձնաժողովում հաստատել է այս տեղեկությունը․ «Էդ տեղեկությունն ինձ զեկուցվել է։ Եթե ես ճիշտ լսեցի, խոսք էր գնում հաջորդ օրը ինչ-որ գործողության պատրաստ լինելու մասին։․․․Բայց մինչև այդ պահը մեր ինստիտուտներն ինչքա՞ն են հավանական գնահատել պատերազմի վտանգը, մինչև ամսի 25-ը։ 30 տոկոս է եղել հավանականության գանահտումը»։
Նույն նիստի ժամանակ Փաշինյանը հայտարարեց նաև, որ միջազգային գործընկերները նույնպես պատերազմը քիչ հավանական են համարել և ՀՀ-ին կոչ են արել կտրուկ գործողություններ չիրականացնել՝ պատերազմ չսադրելու համար։ Վարչապետը, սակայն, նշեց, որ համաձայն չի եղել պատերազմի փոքր հավանականության մասին կանխատեսումներին։
Օրեր առաջ՝ նոյեմբերի 12-ին, Նիկոլ Փաշինյանն ավելի բաց խոսեց․ Արշակ Կարապետյանը պատերազմի բացառման վերաբերյալ տեղեկությունները Ռուսաստանի Արտաքին հետահուզության ծառայությունից էր ստացել․ «Իրենց ԱՀԾ-ն 2022-ի գարնանն ասում էր՝ բացառված է, որ սահմանին էսկալացիա լինի, որովհետև ՀԱՊԿ-ն այնտեղ է։ 2020 թվականի սեպտեմբերի 20-ին ասում էր, որ բացառված է, որ էսկալացիա չի լինելու, և այլն։ Եկեք չմտնենք էդ դաշտեր»։
Հարցի վերջնական և ամբողջական պատասխանը կարող է տրվել 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի զեկույցի ամբողջական հրապարակումից հետո, որը, սակայն, ուղարկվել է ԱԺ-ի գաղտնի բաժին և հանրությանը հասանելի չէ։
Ինչո՞ւ այսօր՝ հինգ տարի անց, նույն քաղաքական թիմի ներսում պատերազմին նախորդող հանգամանքների վերաբերյալ չկա միասնական դիրքորոշում։
«Տրամաբանությունը հուշում է, որ գոնե բարձրագույն ղեկավարությունը նույն աղբյուրներից պետք է օգտվի և այստեղ հակասություն չպետք է լինի։ Բայց եթե նույնիսկ դա մի կողմ ենք դնում, փորձագիտական շրջանակներում 2020-ի կեսերից արդեն ակնհայտ էր, որ ինչ-որ բան տեղի ունենալու է»,- ասում է Պողոսյանը։
Այն, որ պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը Ռուսաստանի Զինված ուժերում մտերմիկ կապեր է ունեցել, և այնտեղից հավաստիացրել են՝ պատերազմ չի լինելու, երեկ Factor TV-ի եթերում ասել էր նաև ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։ Այնինչ, Ալեն Սիմոնյանը հարցազրույցում հավաստիացրել էր՝ եթե նույնիսկ պատերազմը սկսելուց 1 օր կամ 1 ժամ առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այդ հավանականության մասին իմանար, ապա ինքն էլ այդ մասին տեղյակ կլիներ։
Թեև այս հայտարարությունների համադրությունից պարզ չի դառնում, ի վերջո, իշխանությունն ունեցե՞լ է պատերազմի մեկնարկի մասին հստակ տեղեկություն, թե՞ ոչ, առկա են փաստեր ու գնահատականներ, որոնք թույլ են տալիս եզրակացնել, որ Հայաստանի բարձրագույն ռազմաքաղաքական ղեկավարությունը, ներառյալ՝ վարչապետը, առնվազն տիրապետել են պատերազմի մոտալուտ վտանգի մասին տեղեկությունների։
Մանրամասները՝ տեսանյութում։
Եվգենյա Համբարձումյան