Այսօր Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը արտահերթ նիստի ընթացքում որոշում կայացրեց անվավեր ճանաչել Երևանի 10/51 և Սյունիքի մարզի 35/65 ընտրատեղամասերի քվեարկությունների արդյունքները։
Factor.am-ը ՀՀ Ընտրական օրենսգրքի ուսումնասիրությամբ պարզել է, թե նման իրավիճակներում ինչ ելքեր են առաջարկվում։
ԸՕ-ի 72-րդ հոդվածի 6-րդ մասում նշված է․«Քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչված ընտրական տեղամասի արձանագրության մյուս արդյունքները (թվերը), բացառությամբ անճշտությունների չափի, արձանագրվում են 0»։ 95-րդ հոդվածի համաձայն էլ, երբ ԿԸՀ-ն ամփոփում է ընտրությունների վերջնական արդյունքները, կարող է ընդունել որոշում առանձին ընտրական տեղամասերում վերաքվեարկություն նշանակելու մասին։
Նշենք, որ վերաքվեարկություն իրականացնելու որոշում կայացնելը պարտադիր չէ։ ԸՕ 101 հոդվածը սահմանում է, թե երբ է կայացվում վերաքվեարկություն անցկացնելու որոշում։ «Եթե ընտրությունների ընթացքում տեղի են ունեցել սույն օրենսգրքի այնպիսի խախտումներ, որոնք կարող էին ազդել ընտրությունների արդյունքների վրա, ապա Կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է ընդունում առանձին ընտրական տեղամասերում վերաքվեարկություն անցկացնելու մասին, եթե այդ միջոցով հնարավոր է շտկել այդ խախտումների հետևանքները: Եթե այդ միջոցով հնարավոր չէ շտկել այդ խախտումները, ապա Ազգային ժողովի ընտրություններն անվավեր են ճանաչվում, և նշանակվում է Ազգային ժողովի ընտրությունների վերաքվեարկություն»,-նշված է օրենսգրքում։ Ինչպիսի պատկեր է արձանագրվել Երևանի 10/51 և Սյունիքի մարզի 35/65 ընտրատեղամասերում։ 10/51-ում ՔՊ-ն 630 քվե է ստացել, «Հայաստան» դաշինքը` 122 քվե, «Ուժեղ Հայաստան» դաշինքը՝ 222 քվե։ Իսկ ահա 35/65-ում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է 593 քվե, «Հայաստան» դաշինքը՝ 148, իսկ «Ուժեղ Հայաստան» դաշինքը՝ 306 քվե։
Եթե այս քվեները դուրս գան նշված կուսակցությունների ընդհանուր ձայներից, գուցե նրանց համար էական փոփոխություն չլինի, պատկերն այլ է սակայն ԲՀԿ-ի դեպքում։ Ինչպես հայտնի է՝ Ծառուկյանի ղեկավարած ուժը պայքարում է չորս տոկոսի շեմը հաղթահարելու և ԱԺ անցնելու համար։ Այս երկու ընտրատեղամասերում ընդհանուր ԲՀԿ-ն ունի 213 քվե։ Չի բացառվում, որ սա վճռորոշ լինի ԲՀԿ-ի համար։ Այսօր ԿԸՀ-ից չհաջողվեց ճշտել՝ վերաքվեարկություն կիրականացվի այդ տեղամասերում, թե՝ ոչ։
Նարեկ Կիրակոսյան