Բռնել «Մորուքից»». ինչպես են ФСБ-ի, ГРУ-ի և СВР-ի գործակալները աշխատում Հայաստանում․ The Insider-ի հետաքննությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

19.05.2026 | 23:24
Արփինե Սարգսյանը և ԱՄՆ ժամանակավոր հավատարմատարը քննարկել են կիբեռլաբորատորիայի ստեղծումն ու համագործակցության ընդլայնումը
19.05.2026 | 23:12
ԿԸՀ-ն` Նարեկ Կարապետյանի ՌԴ քաղաքացի լինելու տեղեկությունների մասին
19.05.2026 | 22:59
Վրաստանի Պետ​​անվտանգության ծառայությունը երկրի երեք քաղաքացու է ձերբակալել՝ ԻԼԻՊ-ին մասնակցելու մեղադրանքով
19.05.2026 | 22:49
Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել մոտակա ձորակում
19.05.2026 | 22:47
Մհեր Գրիգորյանն ընդունել է Լիտվայի ԱԳ նախարարին․ քննարկվել են ռազմավարական գործընկերության հարցեր
19.05.2026 | 22:34
Մերկելը և Զելենսկին արժանացել են Եվրոպական շքանշանի
19.05.2026 | 22:25
Նեյմարը չի զսպել արցունքները Բրազիլի հավաքականի հայտացուցակում ընդգրկվելուց հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.05.2026 | 22:12
Երևանի 15 հասցեում խուզարկություններ են իրականացվել, հայտնաբերվել են թմրամիջոցներ և զենք. կան ձերբակալվածներ. ՆԳՆ
19.05.2026 | 22:00
«Համբալով» են իրար դիմում, և հավակնում վարչապետ դառնալ․ գիտե՞ն խուլիգանական բառապաշարը որտեղից է, «կզացնել» ինչ է․ Գուրգեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.05.2026 | 21:50
Հրդեհի ահազանգ Մասիս քաղաքում․ ըստ նախնական տվյալների՝ կան երկու զոհ և երկու տուժած
19.05.2026 | 21:38
Թուրքիայում զինված անձը սպանել է 6, վիրավորել՝ 8 մարդու, ապա վերջ տվել կյանքին
19.05.2026 | 21:25
Փաշինյանի՝ ՀՀ տարածքում հայերի թվի մասին պնդումը սխալ է․ հայերը եղե՛լ են 90 տոկոսից ավելի
19.05.2026 | 21:15
Զրկված վարորդների երկրորդ շանսը․ ինչու է Փաշինյանն ընտրություններից առաջ ներողամիտ դարձել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.05.2026 | 21:08
Քանի մարդ է մասնակցել Գյումրիում «Հայաստան» դաշինքի հանրահավաքին 19:12-ի դրությամբ. ԻՔՄ-ն տվյալներ է հրապարակել
19.05.2026 | 21:00
Ադրբեջանն ունի Նիկոլ Փաշինյանի պես «ոսկե ձկնիկ», որը կատարում է իր պահանջները․ շահագրգիռ են Փաշինյանի վերընտրվելով. Արամ Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ռուսական հատուկ ծառայությունների գործակալներ, Երևանում գործող հետախուզական ցանցեր և ռուսական ազդեցության մեխանիզմներ․ ՀՀ խորհրդարանական ընտրություններից առաջ ռուսական The Insider-ը հրապարակել է ծավալուն հետաքննություն, որտեղ անվանական ներկայացված են Կրեմլի «հայկական ուղղությունը» համակարգող պաշտոնյաներն ու հատուկ ծառայությունների աշխատակից «դիվանագետները»։ Հոդվածում հիշատակվում են նաև «Ուժեղ Հայաստանի» առաջնորդ Սամվել Կարապետյանը, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը և ՀՀ Արտաքին հետախուզական ծառայության ղեկավար Քրիստիննե Գրիգորյանը։

Factor.am-ը ներկայացնում է հետաքննության ամբողջական թարգմանությունը։

«Մոլդովայում և Հունգարիայում ձախողումից հետո Կրեմլը իր բոլոր ռեսուրսներն ուղղել է դեպի Հայաստան, որտեղ հունիսի 7-ին տեղի կունենան խորհրդարանական ընտրություններ։ Կրեմլը հույս ունի կանխել ԵՄ-ի և ԱՄՆ-ի հետ մերձեցման ուղին բռնած Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վերընտրությունը։ The Insider-ը պարզել է, թե ով է համակարգում հայկական ուղղությունը ՌԴ նախագահի վարչակազմում, СВР-ի (Արտաքին հետախուզության ծառայություն), ГРУ-ի (Գլխավոր հետախուզական վարչություն) և ФСБ-ի (Դաշնային անվտանգության ծառայություն) որ սպաներն են գործուղվել Երևան առաջադրված նպատակների իրականացման համար, և ինչպես են ընդդիմադիր թեկնածուները կապված ռուսական հատուկ ծառայությունների հետ։

Սերգեյ Կանև

Հայաստանի մոսկովյան համակարգողները

Փաշինյանի դեմ տեղեկատվական արշավը համակարգում է նախագահի ռազմավարական գործընկերության և համագործակցության նորաստեղծ վարչությունը (УСПС), որը փոխարինել է մշակութային կապերի վարչությանը։ Այն ղեկավարում էր Մոլդովայի ընտրությունների վրա ազդելու ձախողված փորձից հետո պաշտոնանկ արված Կոզակը։ Նոր վարչությունը ղեկավարում է նախագահի վարչակազմի ղեկավարի առաջին տեղակալ Սերգեյ Կիրիենկոյի դրածոն՝ ատոմային ոլորտի նախկին աշխատակից Վադիմ Տիտովը, որի մասին արդեն գրել էր The Insider-ը։ Այս պաշտոնում նրա մեկնարկն այնքան էլ հաջող չէր․ Հունգարիայի ընտրություններից առաջ նա իր օգնական Եգոր Կվյատկովսկու հետ (նույնպես «Ռոսատոմից») թռել էր Բուդապեշտ, սակայն արշավը ավարտվեց Օրբանի ջախջախիչ պարտությամբ։ Այժմ նա ստացել է ծառայություններ մատուցելու նոր հնարավորություն։

Հին հրապարակում Հայաստանի անմիջական համակարգողները  УСПС-ի միջտարածաշրջանային և սոցիոմշակութային կապերի զարգացման դեպարտամենտի ղեկավար Վալերի Չեռնիշովը և նրա տեղակալ Դմիտրի Ավանեսովն են՝ երկուսն էլ հատուկ ծառայությունների ներկայացուցիչներ։ Աբխազիայում ռուսական ռազմաբազայում ծառայությունից հետո 2013 թվականին Չեռնիշովին հրավիրել են ռազմական հետախուզություն, և նա ГРУ-ի սպաների վերապատրաստման դասընթացներում՝ Շչոլկովոյի շրջանի Զագորյանսկի ավանում (զ/մ 36360), դասավանդել է դիվերսիոն աշխատանքի հիմունքներ։ Նախագահի վարչակազմում նա սկզբում համակարգում էր Վրաստանը, ապա նրան հանձնարարվեց Հայաստանի ուղղությունը։

Նրա տեղակալ Ավանեսովն ավարտել է Պյոտր Մեծի անվան հրթիռային զորքերի ռազմական ակադեմիան և կրում է գնդապետի ուսադիրներ։ 2012 թվականին նա վերապատրաստում է անցել ФСБ-ի Մոսկվայի նոր տեղեկատվական տեխնոլոգիաների ինստիտուտում՝ «Ազգային անվտանգության վիճակի գնահատման, վերլուծության և կանխատեսման համակարգեր» ծրագրով։ Երկուսն էլ բազմիցս այցելել են Երևան և հանդիպել Կրեմլի տեղական ընկերների հետ։ Ռուսաստանի կառավարությունում «հայկական թեմայով» զբաղվում է փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ Բառացիորեն ամեն շաբաթ նա Հայաստանին վախեցնում է մեծ տնտեսական խնդիրներով, եթե այն շարունակի մերձեցումը Եվրամիության և ԱՄՆ-ի հետ։

 

Ձախից՝ գնդապետ Դմիտրի Ավանեսովն է, աջից՝ (թղթապանակը ձեռքին) Վալերիյ Չերնիշովը

ԱԳՆ-ի գծով Հայաստանի ընտրություններով զբաղվում է ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի ղեկավար Միխայիլ Կալուգինը։ Իր դիվանագիտական կարիերան նա սկսել է Լիտվայում որպես մամուլի կցորդ, այն ժամանակ, երբ դիվանագիտական առաքելությունը ղեկավարում էր СВР-ի տնօրենի նախկին տեղակալ Յուրի Զուբակովը։ 2006 թվականին լիտվական հատուկ ծառայությունները կասկածեցին կցորդին ռուսական հետախուզության համար աշխատելու մեջ, և նրան հետ կանչեցին Մոսկվա։

Կալուգինը 2016 թվականին աշխատում էր Վաշինգտոնում Ռուսաստանի դեսպանատանը որպես տնտեսական խորհրդական, և նրա անունը շրջանառվում էր մամուլում՝ կապված ամերիկյան ընտրություններին Մոսկվայի միջամտության հետ։ Հրապարակումներից հետո նա լքեց ԱՄՆ-ն, և նրան նշանակեցին ԱԳՆ արտաքին քաղաքական պլանավորման վարչության բաժնի ղեկավար, իսկ անցյալ տարվա հուլիսին նա զբաղեցրեց ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի ղեկավարի աթոռը։

Միխայիլ Կալուգինը

Հայաստանում առավել ակտիվ են Գորչակովի հիմնադրամը, որը առաջ է մղում պրոկրեմլյան նարատիվներ, Հաղորդակցությունների զարգացման ազգային հետազոտական ինստիտուտը (НИИРК), որը ղեկավարում է СВР-ի կադրային սպա Վլադիսլավ Գասումյանովը, արտաքին հետախուզության ուղեղային կենտրոնը՝ Ռուսաստանի ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը (РИСИ), և բազմաթիվ կեղծ քաղաքագետներ, փորձագետներ, խորհուրդներ ու կազմակերպություններ, որոնք ֆինանսավորում են ստանում Հին հրապարակից։

Փաշինյանի դեմ քարոզչական արշավի առաջին շարքերում հանդես են գալիս վաղուց ծանոթ կերպարներ՝ սենատորներ Կոնստանտին Կոսաչևը և Կոնստանտին Զատուլինը։ Սենատոր Զատուլինը ղեկավարում է միջազգային ռուս-հայկական «Լազարյան ակումբը», որի կազմում, ի դեպ, ընդգրկված է նաև «Տաշիրի» սեփականատեր միլիարդատեր Կարապետյանը։

«Փափուկ ուժի» առաջխաղացմամբ Ռուսաստանի դեսպանատնից զբաղվում է «Ռոսսոտրուդնիչեստվոն»։ Նրա ենթակայության տակ գործող Երևանի Մոսկվայի տան հովանու ներքո կազմակերպվում են սեմինարներ, դասախոսություններ, կլոր սեղաններ և ամառային ճամբարներ, որտեղ մասնակիցներին ցույց են տալիս ֆիլմեր «Ուկրաինայում նացիզմի վերածննդի» մասին։ Հիմնական շեշտը դրվում է երիտասարդության վրա, որին մշտապես ներշնչում են այն միտքը, թե միայն Ռուսաստանի հետ Հայաստանն ունի ապագա։

Վադիմ Ֆեֆիլովը

Երևանի Մոսկվայի տունը ղեկավարում է НТВ-ի նախկին ռազմական թղթակից Վադիմ Ֆեֆիլովը։ Այն բանից հետո, երբ Պուտինը 2000 թվականին ցրեց НТВ-ն, Ֆեֆիլովը լրագրողների հիմնական խմբի հետ անցավ Բորիս Բերեզովսկու ֆինանսավորած ТВС ալիք։ Այնուհետև կրկին վերադարձաավ НТВ և 2018 թվականին զբաղեցրեց հեռուստաընկերության գլխավոր տնօրենի խորհրդականի պաշտոնը։

Իգոր Չայկան

«Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ղեկավար վերջերս նշանակվել է Իգոր Չայկան՝ նախկին գլխավոր դատախազ Յուրի Չայկայի որդին, և դա միանգամայն կարող է կապված լինել նաև Հայաստանում միջամտության նախապատրաստության հետ։ Կրտսեր Չայկան լայնորեն հայտնի է աղբի բիզնեսում կոռուպցիոն սկանդալներով, սակայն վերջին շրջանում նա բոլորովին այլ պրոֆիլ ունի։

Հենց Չայկայի միջոցով էր ֆինանսավորվում պրոկրեմլյան ընդդիմությունը Մոլդովայի ընտրություններին Կրեմլի միջամտության ժամանակ։ 2022 թվականին ԱՄՆ ֆինանսների նախարարությունը, ապա նաև ԵՄ-ն նրան ներառեցին պատժամիջոցների ենթարկվողների ցուցակում ։ «Ռոսսոտրուդնիչեստվոյի» նախկին ղեկավար Եվգենի Պրիմակովը (Սանդրո) բազմիցս հայտարարել էր, որ ժամանակն է վերջ տալ «փափուկ ուժի դիվանագիտությանը» (балалаечная дипломатия) և դադարեցնել արտերկրում անիմաստ միջոցառումների վրա գումար ծախսելը, սակայն, ըստ երևույթին, Կրեմլը այլ կարծիք ուներ․ Սանդրոյին հեռացրին, իսկ նրա փոխարեն նշանակեցին Չայկային։

Հայաստանի ռեզիդենտը և նրա ընկերները

Հունիսի 3-ին Երևանի ռուսական դեսպանատանը աղմկոտ կլինի․ արդեն առավոտից գործընկերները կսկսեն շնորհավորել առևտրային ներկայացուցիչ Ալեքսեյ Միշլյավկինին՝ 65-ամյակի առթիվ։ Երեկոյան տեղի կունենա պաշտոնական ընթրիք, և կհնչեն կենացներ մեծ Ռուսաստանի, Պուտինի, ռուսական զենքի հաղթանակի և այլնի համար։ Թեև դիվանագետներից քչերն են կռահում, որ Միշլյավկինը իրականում ոչ թե առևտրային ներկայացուցիչ է, այլ Հայաստանում СВР-ի ռեզիդենտը։ Նրա ազգանունը դուք չեք գտնի Երևանում ՌԴ դեսպանատան կայքում, սակայն այն առկա է դիվանագիտական ցուցակում։

Միևնույն ժամանակ, իր բազմամարդ գործակալական ցանցի միջոցով Միշլյավկինը գիտի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի յուրաքանչյուր քայլի մասին։ 2018 թվականին «թավշյա հեղափոխության» ալիքի վրա նախկին ընդդիմադիր լրագրող Փաշինյանը զբաղեցրեց վարչապետի պաշտոնը և դարձավ Հայաստանում գրեթե բոլոր ռուսական հետախուզական միջոցառումների գլխավոր թիրախը։ Մոսկվայում նրան տվել էին օպերատիվ կեղծանուն՝ «Մորուք», և ակտիվորեն սկսել էին կոմպրոմատ հավաքել։

СВР-ի ակադեմիան ավարտելուց հետո ապագա ռեզիդենտ Միշլյավկինին կցել էին Յասենևոյում գտնվող արտաքին հետախուզության շտաբ-բնակարանին, և նա ծառայել էր այն վարչությունում, որը պատրաստում էր  գործակալներ Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի դեմ լրտեսության համար։ Միշլյավկինների ընտանիքը բնակվում էր Վիլնյուսսկայա փողոցի  այն տանը, որը 2002 թվականին կառուցվել էր СВР-ի պատվերով (այդ «լրտեսական» տան մասին հայտնի դարձավ Մոսկվայի այն ժամանակվա քաղաքապետ Յուրի Լուժկովի բաց հասանելիության մեջ հայտնված կարգադրության շնորհիվ)։ 2017 թվականին Միշլյավկինները տեղափոխվել են Կոմունարկա ավան՝ СВР-ի շտաբ-բնակարանի հարևանությամբ, և երեք տարի անց նրանց թույլ են տվել սեփականաշնորհել ծառայողական բնակարանը։ 2020 թվականի նոյեմբերին Միշլյավկինը ժամանել է Երևան և գլխավորել ռեզիդենտուրան։

Ձախից՝ Ալեքսեյ Միշլյավկինը, աջից՝ դիվանագիտական ցուցակը

Պաշտոնական ընթրիքի ժամանակ Միշլյավկինի կողքին կլինի նրա տեղակալ Սերգեյ Կատինը։ Իր ռազմական ծառայությունը նա սկսել է որպես ФСО-ի (Դաշնային պահպանության ծառայություն) կառավարական կապի վարչության ինժեներ, ապա ընդունվել է СВР-ի ակադեմիա։

Սերգեյ Կատինը

Ավարտելուց հետո նրան ձևականորեն կցել են «Զնանիե» ՓԲԸ-ին (լրացուցիչ կրթության ծառայություններ), որտեղ նա ստացել է ձևական աշխատավարձ՝ ամսական 400 ռուբլի։ 2007 թվականին Կատինը պաշտոնապես հաշվառման մեջ է СВР-ի 33949 զորամասում (ինչի մասին վկայում է նրա վարկային հայտը), իսկ 2022 թվականից զբաղվում է հայկական ուղղությամբ լրտեսությամբ։

Կատինի նոր կինը՝ Եվգենիան, ֆինանսական տնօրենի պաշտոն է զբաղեցնում ամերիկյան ChampionX ընկերությունում, որը գործում է քիմիական և հորատման լուծումների ոլորտում։ 2024 թվականին ChampionX-ը 7,76 միլիարդ դոլարով ձեռք է բերել աշխարհի խոշորագույն սերվիսային ընկերություններից մեկը՝ SLB-ն (նախկին Schlumberger, կենտրոնակայանը՝ Հյուսթոնում)։

Ռուսաստանում SLB-ն աշխատում է «Գազպրոմի», «Ռոսնեֆտի» և «Լուկօյլի» հետ, և Ուկրաինայի դեմ ագրեսիայից հետո, ի տարբերություն բազմաթիվ արևմտյան ընկերությունների, ոչ միայն չի կրճատել բիզնեսը, այլև ընդլայնել է այն և հավաքագրել շուրջ հազար նոր աշխատակից։ Ճիշտ է, պատժամիջոցները շրջանցելու համար ընկերությունը սարքավորումներ գնում է ոչ թե արևմտյան երկրներից, այլ Չինաստանից և Հնդկաստանից։

Միշլյավկինի պաշտոնական ընթրիքին անպայման ներկա կլինի նաև Հայաստանում «Ռոսատոմի» ներկայացուցիչ Վյաչեսլավ Պրոշկինը։ Պրոշկինի գործառույթների մեջ է մտնում խորհրդային տարիներին կառուցված Մեծամորի ԱԷԿ-ի վերահսկողությունը, որը գտնվում է Երևանից 26 կմ հեռավորության վրա։ Իրականում սա միայն քողարկում է, քանի որ նա ГРУ-ի կադրային սպա է և ուշադիր հետևում է Հայաստանի ղեկավարությանը։

Պրոշկինն իր ռազմական ծառայությունը սկսել է ՊՆ միջազգային համագործակցության գլխավոր վարչությունում, այնուհետև նրան տեղափոխել են ՊՆ հատուկ ծրագրերի ֆինանսավորման «սկանդալային» կենտրոն (զ/մ 22280)։ Այս կենտրոնը տնօրինում է հսկայական գումարներ և ֆինանսավորում է ՊՆ գաղտնի նախագծերը՝ ատոմային ոլորտում, բժշկական պատվաստանյութերի արտադրությունում, իսկ բյուջեի մյուս մասը գնում է ռազմական հետախուզության կարիքներին։

2020 թվականին մեծ սկանդալ բռնկվեց, երբ զ/մ 14118-ի նախկին հաշվապահը լրագրողներին պատմեց բյուջետային միջոցների դուրսբերման գաղտնի սխեմայի մասին։ Նրա խոսքով՝ կենտրոնի հրամանատար գնդապետ Գեորգի Վասիլևը, ՊՆ 48-րդ ЦНИИ-ի (Կենտրոնական գիտահետազոտական ինստիտուտ) և զ/մ 14118-ի աշխատակիցների մասնակցությամբ, «տարբեր վճարումների, պարգևավճարների և հավելավճարների անվան տակ հափշտակել են ավելի քան 355 մլն ռուբլի»։

ФСБ-ի ջոկատը՝ Կիվաչուկ, Կուչերուկ, Գլադիշչուկ

ФСБ-ից Միշլյավկինի անվանակոչությանը մասնակցելու կգան դեսպանատան խորհրդական Սերգեյ Կիվաչուկը և առաջին քարտուղար Վիտալի Կուչերուկը։ Մինչ Հայաստան գալը ФСБ-ի գեներալ Կիվաչուկը երբեք արտասահմանում չէր եղել (առնվազն՝ իր իրական անունով) և հասցրել էր ծառայել Ալթայում, Կրասնոյարսկի երկրամասում և Ուդմուրտիայում, իսկ 2017 թվականին նրան նշանակել էին Մարի Էլի ФСБ վարչության պետ։

Ալթայի երկրամասում դատական կատարողները հետապնդում էին նրան՝ պահանջելով վճարել տրանսպորտային հարկը, իսկ Ուդմուրտիայում նա իր կնոջը աշխատանքի տեղավորեց «Կալաշնիկով» կոնցեռնում՝ որպես գաղտնի գործավարության մասնագետ։ «День» թերթի գլխավոր խմբագիր Սերգեյ Շչուկինի մոտ, որը հրապարակել էր այդ լուրը, շուտով խուզարկություններ անցկացվեցին, իսկ 2017 թվականին  խմբագրին  դատապարտեցին 2,5 տարվա ազատազրկման խիստ ռեժիմի գաղութում՝ կոնցեռնի գլխավոր տնօրեն Կոնստանտին Բուսիգինից շորթում կատարելու մեղադրանքով։

Գեներալ Կիվաչուկը ոչ միայն լրտեսում է Փաշինյանին, այլև ուշադիր հետևում է այն ռուսաստանցիներին, որոնք մոբիլիզացիայի սկսվելուց հետո տեղափոխվել են Հայաստան։ Ռելոկանտներից շատերը դարձել են Պուտինի բացահայտ քննադատներ և հանդես են գալիս Ուկրաինայում պատերազմի դեմ։ Բոլորին պետք է վերցնել օպերատիվ հաշվառման և նրանց միջավայր գործակալներ ներդնել։ Այդ պատճառով գեներալ Կիվաչուկը Երևանում բավականին գործ ունի։

Պաշտոնական ընթրիքի մյուս հյուրը կլինի դեսպանատան առաջին քարտուղար Սերգեյ Կուչերուկը։ Նա դիվանագիտական աշխատանքի հետ որևէ կապ չունի և մինչև Հայաստան գալը ծառայել է Բալթյան նավատորմի և Կալինինգրադի մարզի զորքերի ФСБ վարչությունում, որը մտնում է ФСБ-ի Դաշնային անվտանգության ծառայության ռազմական հակահետախուզության դեպարտամենտի կառուցվածքի մեջ։ Նրան հաճախ տեսնում են Գյումրիի ռուսական ռազմաբազայում, որտեղ նա հանդիպում է իր գործակալական ցանցի հետ։

Ձախից՝ Վիտալիյ Կուչերուկ, աջից՝ Սերգեյ Կիվաչուկ

Ինչպես հայտնել է The Insider-ի  հատուկ ծառայությունների աղբյուրը, «չեկիստ-օսոբիստը»  ընդգրկված էր այն խմբում, որը զբաղված էր Հայաստանի ԱՀԾ ղեկավար Քրիստիննե Գրիգորյանի «օպերատիվ մշակմամբ»։

2023 թվականին Փաշինյանը իր կարգադրությամբ ստեղծեց ԱՀԾ-ն և դրա ղեկավար նշանակեց ոչ թե կադրային հետախույզի, այլ  նախկին ՄԻՊ  Քրիստիննե Գրիգորյանին։

Քրիստիննե Գրիգորյանը

«Քրիստիննեին հրավիրում էին Մոսկվա՝ СВР-ի ակադեմիայում կարճատև ստաժավորում անցնելու, զրուցելու համար, բայց նա գնաց «խելք հավաքելու» ԿՀՎ-ում, իսկ հետո ամերիկացիները օգնեցին նրան Երևանում ստեղծել անհրաժեշտ կառուցվածքը։ Իհարկե, փորփրում էին նրա անձնական կյանքը, հատկապես հետաքրքրվում էին, թե ինչու է նա մինչ այժմ ապրում առանց ամուսնու։ Դե, ստուգեցին, թե ում հետ էր նա մեր միջոցով թռել Պեկին, բայց օպերատիվ նշանակություն ունեցող տեղեկատվություն չստացան», – պատմել է խմբագրության աղբյուրը հատուկ ծառայություններից։

Միևնույն ժամանակ, Գրիգորյանի օրոք հետախուզական ծառայությունը սկսեց ակտիվ աշխատել և այս տարվա մարտին հայտարարեց, որ ընտրություններից առաջ արտերկրում բնակվող Հայաստանի քաղաքացիների նկատմամբ հատուկ ծառայությունները ճնշում են գործադրում։ Իհարկե, առաջին հերթին նկատի ուներ Ռուսաստանը, որտեղ Հայաստանից ավելի քան մեկ միլիոն ներգաղթյալ է բնակվում։

Ամենայն հավանականությամբ, ռեզիդենտ Միշլյավկինի մոտ նվերներով կգա նաև կցորդ Ալեքսանդր Գլադիշչուկը։ Մինչ Երևան գալը նա ծառայել է ՊՆ 946-րդ գլխավոր գեոտարածական տեղեկատվության կենտրոնում՝ Մոսկվայի մարզի Նոգինսկ քաղաքում։ Այս գաղտնի ստորաբաժանման խնդիրների մեջ է մտնում «հատուկ գեոտարածական տեղեկատվության ապահովումը, որն անհրաժեշտ է բարձր ճշգրտության տարբեր տեսակի և համակարգերի զենքերի կիրառման համար»։

Ավելի վաղ Գլադիշչուկին ուղարկել էին Բելգիա, որտեղ նա կազմել էր մանրամասն քարտեզներ՝ ՆԱՏՕ-ի ռազմական օբյեկտների և տնտեսապես կարևոր ձեռնարկությունների նշումով, իսկ 2020 թվականին, Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների սկսվելուց հետո, նրան տեղափոխել էին Երևան։ Ըստ ամենայնի, նա արդեն նշել է Հայաստանի համար կրիտիկական կարևորություն ունեցող օբյեկտները օպերատիվ քարտեզների վրա։

ՌԴ-ի թեկնածուները․ մեկը ФСБ-ի մշակման ներքո, մյուսը՝ բռնաբարության համար դատված

Այս տարվա ապրիլին Նիկոլ Փաշինյանի Մոսկվա կատարած այցի ժամանակ նրա և Պուտինի միջև տեղի ունեցավ բանավոր «հրաձգություն»։ Պուտինը խոսեց այն մասին, որ պրոռուսական ուժերին պետք է թույլ տալ մասնակցել ընտրություններին։ Դրան Փաշինյանը պատասխանեց, որ Հայաստանի Սահմանադրությունը թույլ չի տալիս այլ երկրների քաղաքացիներին մասնակցել խորհրդարանական ընտրություններին և առավել ևս՝ վարչապետ նշանակել օտարերկրյա անձնագիր ունեցող անձի։ Պուտինը ազգանուն չտվեց, բայց բոլորը հասկանում էին, որ խոսքը միլիարդատեր Սամվել Կարապետյանի մասին էր, որը ստեղծել է «Ուժեղ Հայաստան» նախընտրական դաշինքը և հաղթանակի դեպքում մտադիր է զբաղեցնել վարչապետի պաշտոնը։

Սամվել Կարապետյանը

Ճիշտ է, այժմ նա կալանավորված է իշխանությունը զավթելու հրապարակային կոչերի և փողերի լվացման մեղադրանքով։ Կարապետյանը ծնվել է 1965 թվականին ՀՀ  Տաշիր քաղաքում և իր բիզնես ուղին սկսել է էմալապատ սպասքի վաճառքից։ 90-ականների սկզբին նա տեղափոխվել է Կալուգա և ստացել ռուսական քաղաքացիություն։ «Տաշիր» բրենդի ներքո քաղաքում հայտնվել են խանութներ, ռեստորաններ, առևտրի կենտրոններ և աղյուսի գործարան։ Այնուհետև նա տեղափոխվել է Մոսկվա և ժամանակի ընթացքում մտել մայրաքաղաքի խոշորագույն կառուցապատողների առաջին տասնյակ։ Բացի այդ, «Տաշիրը» համարվում է «Գազպրոմի» խոշոր կապալառուներից մեկը, իսկ ինքը՝ Կարապետյանը, տիրապետում է «Ֆորա Բանկի» բաժնետոմսերի 71,29 տոկոսին (2024 թվականի նոյեմբերին ԱՄՆ ֆինանսների նախարարությունը բանկը ներառել է պատժամիջոցների ցանկում)։

Այսօր Կարապետյանի անձնական կարողությունը գնահատվում է 4,1 միլիարդ դոլար։ Անցյալ տարվա հունիսին վարչապետ Փաշինյանը պահանջեց Հայ առաքելական եկեղեցու առաջնորդ Գարեգին Երկրորդի հրաժարականը, երբ լայն տարածում ստացան լուրերը, թե նա, իբր, երեխա ունի, ինչը խախտում է կուսակրոնության ուխտը։

Կաթողիկոսի պաշտպանությամբ կտրուկ հանդես եկավ Կարապետյանը և խոստացավ բոլոր ուժերով պայքարել «անաստված» իշխանության դեմ։ Շուտով միլիարդատիրոջ տանը խուզարկություններ անցկացվեցին, իսկ ինքը կալանավորվեց։ «Սամվելը երբեք քաղաքականության մեջ քիթը չի խոթել, իր գործը պաշտոնյաների և ուժայինների հետ կամուրջներ կառուցելն ու փող աշխատելն է։ Թեև նա երբեք Կրեմլին չէր մերժում ֆինանսական նուրբ խնդրանքներում։ Ըստ երևույթին, նրան ուժեղ ճնշել են և ստիպել ստեղծել «Ուժեղ Հայաստան» դաշինքը՝ որպես հակակշիռ Փաշինյանին», – The Insider-ին պատմել է միլիարդատիրոջ մերձավոր շրջապատին ծանոթ զրուցակիցը։

1999 թվականին, երբ Կարապետյանը Կալուգայում արտասահմանյան անձնագիր էր ստանում, արտահոսած օֆլայն տվյալների բազաների համաձայն՝ նրա անձնագրային գործում «աշխատանքի վայր» դաշտում առկա է եղել ՆԳՆ-ի նշում՝ «ФСБ-ի տեղեկատվական կենտրոն»։

Ինչպես խմբագրությանն է պարզաբանել ՌԴ ՆԳՆ օպերատիվ աշխատակիցը, այդ նշումը նշանակում է, որ քաղաքացու ստուգման դեպքում անհրաժեշտ է նախ դիմել ФСБ։ Ըստ նույն աղբյուրի՝ սովորաբար այդպես նշում են ФСБ-ի վերահսկողության տակ աշխատող օտարերկրացիներին կամ ոչ հրապարակային տեղեկատուներին (негласных осведомителей)։

Վարչապետ Փաշինյանի կոշտ ընդդիմադիրներից է Կրեմլի ևս մեկ ընկեր՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, և նա նույնպես մասնակցում է ընտրություններին։ Ծառուկյանը բավականին բուռն կենսագրություն ունի․ նա ծառայել է միլիցիայում և 1979 թվականին դատապարտվել է կողոպուտի և Ռուսաստանից երկու զբոսաշրջիկների խմբակային բռնաբարության համար։ Բանտային պատիժը նախկին միլիցիոները կրել է Նիժնի Տագիլի մոտ գտնվող «Կրասնայա ուտկա» գաղութում։

Ընդ որում, ԽՍՀՄ փլուզումից հետո, երբ Ծառուկյանն արդեն մտել էր Հայաստանի ամենահարուստ մարդկանց առաջին հարյուրյակի մեջ, դատարանը նրան արդարացրել է։ Սակայն նրա կենսագրության մեջ կա ևս մեկ «բիծ»․ 2004 թվականի նոյեմբերին Երևանի կենտրոնում պայթեցվել էր այն ժամանակ դեռ «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի «Նիվա» ավտոմեքենան։ Պատվիրատու լինելու մեջ Փաշինյանը մեղադրել էր Ծառուկյանին, որը, իբր, դժգոհ էր նրա հոդվածներից մեկից, սակայն քրեական պատմությունը մինչ օրս բացահայտված չէ։

Հայաստանում Ծառուկյանը կարողություն է կուտակել կաթնամթերքի և կոնյակի արտադրությամբ, իսկ Ռուսաստանում նա երեք ընկերությունների՝ «Տիխիվզ», «Ժ Ինվեստ» և «Էլիտ Ստրոյ» ընկերությունների համահիմնադիր է, որոնք Մոսկվայի տարածաշրջանում էլիտար բնակարաններ են կառուցում։

Ծառուկյանը հաճախակի հյուր է Մոսկվայի բարձր կաբինետներում, և 2019 թվականի փետրվարին նրա «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը համագործակցության արձանագրություն է ստորագրել «Եդինայա Ռոսիա»-ի հետ։

ՌԴ նախագահի այժմ արդեն լուծարված մշակութային կապերի վարչության արտահոսքերում, որի լրտեսական գործունեության մասին գրել էր The Insider-ը, պահպանվել են Ծառուկյանի անձնագրի պատճենը և նրա 2017 թվականի նախընտրական արշավի ֆինանսական հաշվետվությունը։

Գումարները Երևան էին գալիս Կրեմլի հատուկ ֆոնդից, սակայն, ամենայն հավանականությամբ, «Ծառուկյան դաշինքի» համար նախատեսված միջոցները «յուրացվել» էին հենց նախագահի վարչակազմում, քանի որ ինքը նույնպես ի վիճակի էր ֆինանսավորել իր նախընտրական արշավը»։