Ադրբեջանը շտապում է առաջիկա օրերին ՀՀ-ից պոկելիքը ստանալ․ հունիսի 20-ից հետո գուցե նոր բանակցող լինի՝ չկարողանա լկտի կեցվածքով խոսել․ Սպարտակ Սեյրանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
03.06.2021 | 19:32Factor TV–ն զրուցել է Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքի մաս կազմող ՀՅԴ անդամ Սպարտակ Սեյրանյանի հետ
-Պարո՛ն Սեյրանյան, ՀՀ-ի անվտանգային հարցն ու Արցախի խնդիրն այսօր կարևորագույնն են ՀՀ-ի համար։ Ադրբեջանը պատերազմով զավթեց Արցախից տարածքներ, այսօր դրվում է Շուշիի և Հադրութի դեօկուպացիայի հարց։ Ինչպե՞ս դրան հասնել։ Եվ երկրորդ՝ ենթադրենք, ադրբեջանցիները 4-5 տարուց պահանջում են ՌԴ-ից դուրս բերել խաղաղապահներին Արցախից, ի՞նչ է անելու Հայաստանը։
-Արցախի Սահմանադրությունը շատ հստակ նշում է, որ Արցախի տարածքային ամբողջականության ապահովումն ամենակարևորն է։ Արցախի տարածքային ամբողջականությունը ենթադրում է՝ Հադրութ, Շուշի և Հայաստանի հետ միացման տարածքները։ Բայց կարևոր հանգամանք էլ կա՝ դուք ասում եք՝ «պատերազմն ունեցավ արդյունքներ»։ Հիմա՝ պատերազմի այդ պարտությունից հետո միանգամից սկսել բանակցային գործընթաց՝ առանց ապահովելու դրա հետագա ընթացքի ռեսուրսները, շատ բարդ խնդրի առաջ կարող ենք կանգնել։ Եթե որևէ մեկն ասի, որ բանակցային գործընթացի միջոցով մենք հնարավորություն ենք ունենալու վերականգնել այն, ինչ ունեցել ենք, դա շատ բարդ իրագործելի է։ Մենք հիմա պետք է ոչ թե գնանք բանակցային գործընթացն արագացնելու տեմպով, այլ՝ փորձենք արտաքին ճկուն և լուրջ դիվանագիտական քաղաքականություն վարելու ճանապարհով ստեղծել ռեսուրսներ՝ դիվանագիտական, քաղաքական, տնտեսական, հետո նոր այդ հարցը բարձրացնենք։
-Բայց ժամանակը չի սպասում, հատկապես եթե այդ ժամանակի հաշվիչը Ադրբեջանի ձեռքում է՝ նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո։ Չորս կամ հինգ տարուց ի՞նչ քայլերի պիտի դիմի Հայաստանը, դա է ամենակարևոր հարցը։
-Ես ուզում եմ հարցը տալ հետևյալ կերպով՝ այնպես չէ, չէ՞, որ այդ հաշվիչը՝ «թայմերը» ի սկզբանե Ադրբեջանի ձեռքում էր։ Մենք շատ հաճախ անխոհեմ, իսկ ավելի շատ դեպքերում ապաշնորհ արտաքին քաղաքականության պատճառով ոչ միայն այդ «թայմերը» տվել ենք Ադրբեջանի ձեռքը, այլ երբ որ Ադրբեջանն արագացնում է այդ «թայմերը», մենք որևէ դիմադրություն դրան չենք ներկայացնում։ Շատ տրամաբանական է, չէ՞, որ Ադրբեջանն իր ռազմական հաջողություններից հետո պիտի փորձի առավելագույնն ստանալ՝ ռազմաճակատում իր ձեռքբերումներն ամրապնդելու, գոնե նվազագույնը անշրջելի դարձնելու համար։ Շատ ճիշտ եք ասում՝ իրենք արագացնում են։ Իսկ ինչո՞ւ է Ադրբեջանն այդքան շահագրգռված, որ ընդամենը օրերի և շաբաթների ընթացքում ստանա իր առավելագույն ուզածը։ Շատ տարօրինակ մի իրավիճակ է՝ Հայաստանի համար կարևորագույն և ճակատագրական խնդիրներից մեկի հետ կապված հանրությունը ոչ միայն իրազեկված չէ, այլև հանրությունը տարազեկված է։
Առաջանում է մի տարօրինակ վիճակ, երբ քաղաքագետները, փորձագետները փորձում են հասկանալ տեղի ունեցածը, շատ ցավալի բան պիտի ասեմ՝ ավելի շատ ադրբեջանական պաշտոնական հաղորդագրությունների հիման վրա, քան թե մեր պետական մարմիններից։ Սա պետության տոտալ կոլապսի ցուցանիշներից մեկն է։ Շատ տրամաբանական հարց է առաջանում՝ ինչո՞ւ է Ադրբեջանն ուզում առաջիկա օրերի ընթացքում թղթային ձևով ունենալ այն պարտավորությունները, որ ինքը կուզենար պոկել Հայաստանից։ Առողջ տրամաբանությունն ասում է՝ մարդիկ համոզված են կամ իրենց երկրի պետական շահերից ելնելով՝ մտածում են, իսկ եթե հունիսի 20-ին իշխանություն փոխվի ընտրություններով, դրանից հետո իրենք գուցե գործ ունենան մեկ այլ բանակցող, որի հետ իրենք արդեն չեն կարողանա խոսել լկտի կեցվածքով, որով հիմա իրենք խոսում են Հայաստանի հետ։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։
Ռոբերտ Անանյան