Ինչպե՞ս ստացվեց՝ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի ընտանիքները միլիոնատերեր դարձան․ չի՛ կարելի նենգափոխել պատմությունը․ Նորայր Նորիկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
12.05.2021 | 20:40Factor TV–ի հարցազրույցը «Արդար Հայաստան» կուսակցության ղեկավար Նորայր Նորիկյանի հետ
-Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ արդարադատության ոլորտում հեղափոխական փոփոխություններ են արվել, եթե դա դիտենք քաղաքացիների տեսանկյունից, ո՛չ քաղաքական էլիտաների։ Օրինակ՝ ՔԿՀ-ներում ամենաքիչ թվով դատապարտյալները կան, դատապարտյալներն այլևս հերթով չեն քնում, պետության տված հացն են ուտում։ Վարչապետն ասում է՝ մշտապես ընդդիմությունն է նեղվել դատարանների որոշումներից, այսօր նեղվում է իշխանությունը։ Եթե սա հեղափոխությունը չէ, ի՞նչ է՝ պարո՛ն Նորիկյան։
-Մեղմ ասած՝ քմծիծաղ են առաջացնում վարչապետի՝ վերջին երկու օրերին ԱԺ-ում դատաիրավական համակարգին վերաբերող մեկնաբանությունները։ Այնպիսի տպավորություն է, որ վարչապետը չէր բողոքում երեք տարի դատաիրավական համակարգից։ Անձամբ ինքը վերջին երեք տարում բազմիցս բողոքել է, դժգոհել է դատաիրավական համակարգից, հիմա էլ եկել-կանգնել՝ ասում է, գիտե՞ք ինչ, արմատական փոփոխություններ ենք արել։ Մեղմ ասած՝ կա՛մ Նիկոլ Փաշինյանը ճիշտ չի ասում, կա՛մ իրեն են լկտիաբար ստել։
–Հիմա Դուք կարո՞ղ եք փաստել, որ չի արվել դատաիրավական համակարգում հեղափոխությունը։ Նա ասում է՝ հեղափոխություն, միգուցե, արվել է քաղաքացիների համար, քաղաքական էլիտաների համար՝ գուցե և ոչ։
-Նիկոլ Փաշինյանի՝ այս համատեքստում արված հայտարարություններն ինձ բերեցին մեկ այլ մտահոգության, որ ինքն ավարտված է համարում դատաիրավական համակարգի բարեփոխումները և, ըստ էության, ձեռքերը լվաց այս գործընթացից։ Եվ այս շեշտադրումներով հանդես գալն ինձ բերեց այն մոտեցման, որ մարդը մի բան էլ գոհ է՝ ասելով, որ իրեն չեն ենթարկվում, ուրեմն՝ դա նշանակում է, որ դատարաններն անկախ են։ Բայց, պարո՛ն վարչապետ, եթե քրեակատարողական հիմնարկներում, ինչպես Դուք եք ասում՝ ազատ տեղեր կան կամ անմեղ դատապարտյալներ չկան, հանցագործներն էլ դրսում են։ Բազմաթիվ հանցագործներ վայելում են իրենց ազատությունը։ Կոռուպցիայի դեմ պայքարի ընթացքում Ձեր իրականացրած գործունեության ընթացքում որևէ հայտնի կոռուպցիոներ այդպես էլ «անազատության համը» չտեսավ՝ բացառությամբ մի քանիսի, որոնք էլ հետագայում դուրս եկան։ Ես կարծում եմ՝ սա լրջագույնս պետք է մտահոգի մեր յուրաքանչյուր քաղաքացու։
Ավելին՝ քրեակատարողական հիմնարկների թերբեռնվածության մասին է խոսքը։ Գիտեք ինչ, հնարավոր է՝ այնտեղ անգամ ծանրաբեռնվածություն լիներ, բայց այնտեղ հետաքրքրում է ոչ թե մահճակալների քանակը, այլ տիրող բարքերը։ Արդյո՞ք Նիկոլ Փաշինյանն այսօր կարող է խոսել ՔԿՀ-ներում հանցավոր արժեքների գերակայության բացակայության մասին, որակական փոփոխություններ չեն արձանագրվել։ Մեր երկրում արդարության ճգնաժամը չհաղթահարվեց։ Ավելին, մարդիկ իրենց աչքերով տեսան՝ եթե շնաձկները չեն ենթարկվում պատասխանատվության, և օրենքը գործում է միայն խեղճուկրակ բանվորի, գյուղացու նկատմամբ, է՛լ ավելի մեծ հիասթափություն ապրեց ինքը դատաիրավական համակարգի բարեփոխումների նկատմամբ։ Հնարավոր չէ պատահականություն, որ բոլոր խոշոր կոռուպցիոներները խուսափեին պատասխանատվությունից։
-Իսկ Դուք ի՞նչ եք տեսնում դրա տակ, երբ, ինչպես Դուք եք նշում, «խոշորները» դուրս մնացին պատժի տիրույթից։
–Նրանց մեծ մասն այսօր գտնվում է Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս, է՛լ ավելի բարենպաստ պայմաններում վայելում է իրենց կյանքը։ Ընդ որում՝ ՀՀ-ի անկարողությունն այդ առումով բերել է այն համոզման, որ դրանով ստորացվում է ՀՀ-ի ինքնիշխանությունը։ Սա լրջագույն մարտահրավեր է, փաստորեն՝ ստացվում է, որ ՀՀ-ն ի վիճակի չէ քրեական պատասխանատվության ենթարկել իր երկրում հանցագործություն կատարած անձանց։ Այդ մարդիկ ոչ միայն խուսափել են, այլ նաև այլ երկրներից քաղաքական դասեր են տալիս, հավակնություններ են դրսևորում, փորձում են իշխանության վերադառնալու պլաններ մշակել, փորձում են այստեղ քաղաքական պրոյեկտներ գեներացնել։ Այ՝ սա այս իշխանության պարտությունն է, որը չկարողացավ վերջին երեք տարում իրականացնել բարեփոխումներ, որ որևէ մեկի մտքով չանցնի՝ ինչո՞ւ այս մարդը պլստաց։
Բայց գիտեք, է՛լ ավելի մեծ է ողբերգությունը, որ այս մարդիկ ոչ միայն խուսափեցին պատասխանատվությունից, այլ նաև՝ այս մարդիկ քաղաքական հավակնություն են դրսևորում, պատրաստվում են արտահերթ խորհրդարանական ընտրությունների, շանտաժ են անում, որ վերադառնալու են իշխանության, պատժելու են մեր ժողովրդին, վրեժխնդրությամբ են լցվում, որ տեսեք՝ ժեխե՛ր, ինչ ենք անելու ձեզ։ Ահա սա՛ է Նիկոլ Փաշինյանի պարտությունը։ Պարո՛ն վարչապետ, ի՞նչ իրավունք ունեին իրենց կառավարման տարիներին մեր երկիրը պղծած Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, մնացած մեծ ու փոքր անձինք այսօր կենսունակություն դրսևորել, իշխանություն են ուզում վերադառնալ, ինչո՞ւ պիտի մեր վզին փաթաթվեին այդ մարդիկ և ինչո՞ւ այսօր երկընտրանքի առաջ պիտի կանգնած լիներ մեր ժողովուրդը։
-Ինչո՞ւ է Ռոբերտ Քոչարյանն իշխանության գալու հայտ ներկայացրել։
-Որովհետև նա սիրում է իշխանություն։ Իրեն և այդ մարդկանց թվում է, թե իրենցից դուրս այլ քաղաքական ուժեր, հոսանքներ գոյություն չունեն։ Բայց մի՛ մեղադրեք մեր ժողովրդին։ Այնպիսի տպավորություն է՝ մի բան էլ մենք պետք է շնորհակալ լինենք Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին, որ իրենք այդպիսի կառավարում են իրականացրել։ Ակնհայտ է, որ Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներին ուղղակի մսխվեց Արցախի հակամարտությունն արժանապատիվ և հաղթողի դիրքից լուծելու հնարավորությունը։ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի օրոք ուղղակիորեն սաղմնավորվեցին և զարգացան ռազմական օլիգարխիան ու քրեաօլիգարխիկ համակարգը։ Բառիս բուն իմաստով՝ հանցավոր արժեքներով ապրող դարձան պետական իշխանության ատյաններ։ Միայն 2012-2017 թվականներին Սերժ Սարգսյանի կառավարման օրոք թվով 61 դոլարային միլիոնատերեր ենք ունեցել ԱԺ-ում, հանցագործները սերտաճեցին իշխանության հետ և ձևավորեցին ՀՀ կառավարությունը և քաղաքական համակարգը։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։
Ռոբերտ Անանյան