«Twitter»-ը, «Facebook»-ը և «Youtube»-ը կրկին հայտնվել են թուրքական իշխանությունների թիրախում
Թուրքական զինուժի կողմից սիրիական Աֆրինում սանձազերծված «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողության շրջանակներում երկրի իշխանությունները շարունակում են վերահսկել սոցցանցերի և մամուլի հրապարակումները։ Թուրքական «Habertürk» թերթի կայքի տեղեկացմամբ՝ պետական համապատասխան կառույցները ամենայն ուշադրությամբ և խստությամբ հետևում են ինտերնետի թուրքական տիրույթում կատարվող բոլոր հրապարկումներին. տեղեկացնում է EH-ն:
Թուրքիայի Տեղեկատվական տեխնոլոգիաների և հեռահաղորդակցության խորհուրդը (BTK) անմիջապես արձագանքում է «սոցցանցերի այն կեղծ ու անհիմն, կասկածելի ու սպեկուլյատիվ հրապարակումներին, որոնք կարող են ազդել Մեհմեթչիքի հաջող և դժվարին գործողության վրա, փչացնել սահմանին գտնվող զինվորների տրամադրությունը, մանիպուլյացիայի ենթարկել արտաքին և ներքին լսարանը»։ BTK –ն խստորեն հետևում է բոլոր տեսակի ինտերնետային հրապարակումներին, բացահայտված կասակածելի անձանց մասին անմիջապես զեկուցում է գլխավոր դատախազություն։
Թուրքիայի վարչապետի որոշմամբ «Twitter», «Facebook» և «Youtube» սոցիալական հարթակների «վնասակար բովանդակությամբ» հրապարակումները արգելափակվում են, դրանց հարպարակում կանխվում է։ Դատախազությունը անմիջապես իրավական գործընթաց է սկսում այդ հարապարկումների և դրանց հեղինակների դեմ։ Նրանց հաշիվների արգելափակումից հետո 24 ժամվա ընթացքում դատական որոշում է կայացվում։
Թուրքիան նաև այս առթիվ հատուկ զգուշացում է ուղարկել «Twitter»-ին, «Facebook»-ին և «Youtube»-ին։ Այդ միջազգային հսկաները որոշ դեպքերում բովանդակության հեռացման Թուրքիայի փորձերին շատ խիստ են արձագանքել, սակայն Թուրքիան պատասխանել է, որ «վնասակար, վտանգավոր, կեղծ և մանիպուլյացիայի ենթարկող» բովանդակությունները արագ չկանխվելու դեպքում հասարակության վրա կարող են անդառնալի բացասական ազդեցություն ունենալ, ինչի պատճառով իրենք ստիպված են շատ արագ արձագանքել բոլոր հրապարակումներին։
Թուրքիայի կողմից հատակապես խստորեն վերահսկվում են ԶՈՒ միավորումների գտնվելու վայրի, վիճակի, գործողության մանրամասների, զենք ու զինամթերքի, բազաների վերաբերյալ հրապարակվող տեղեկությունները։ Ռազմական պաշտոնյաները ևս զգուշացվել են, որ այս ամենի մասին մանրամասն տեղեկությունների հրապարակումը արգելված է։