Շահերի բախում՝ միլիոնատերերի կառավարությունում

Լուրեր

02.04.2026 | 23:17
Պարսից ծոցի երկրները քննարկում են խողովակաշարերի կառուցման հարցը՝ Հորմուզի նեղուցով նավթ չմատակարարելու համար. FT
02.04.2026 | 23:03
Ադրբեջանն ուժեղացնում է ճնշումը քաղբանտարկյալների նկատմամբ
02.04.2026 | 22:52
Վարազդատ Լալայանն ու Ալեքսանդրա Գրիգորյանն առաջադրված են Ծանրամարտի եվրոպական ֆեդերացիայի 2025-ի լավագույն մարզիկների անվանակարգերում
02.04.2026 | 22:37
Իրանում մահապատժի է ենթարկվել հունվարյան բողոքի ցույցերին առնչություն ունեցած մի տղամարդ
02.04.2026 | 22:24
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
02.04.2026 | 22:10
Ավստրիան հայտարարել է, որ մերժել է ԱՄՆ-ին իր օդային  տարածքը օգտագործել 
02.04.2026 | 21:58
Թադևոս Ավետիսյանի` ԱԺ պատգամավորի լիազորությունները դադարել են
02.04.2026 | 21:42
Մակրոնը արձագանքել է Թրամփի կողմից Բրիջիթ Մակրոնին ուղղված վիրավորանքներին
02.04.2026 | 21:28
«Անկախ դիտորդ»-ի ուսումնասիրությունը․ Հանրայինի Առաջինի լրատվականի YouTube-ում գերակշռում է ՔՊ-ին առնչվող քարոզչությունը
02.04.2026 | 21:16
«Գազպրոմը» հայտարարել է, թե Ռուսաստանում «Թուրքական հոսք» գազատարի վրա ԱԹՍ-ի հարձակումը հետ է մղվել
02.04.2026 | 21:03
Հայաստանի գավաթ․ «Արարատ-Արմենիան»` կիսաեզրափակիչի վերջին մասնակից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.04.2026 | 21:00
ՌԴ-ն խաղադրույք չի անում որևէ ուժի վրա․ Պուտինի ուղերձն է՝ ով ՀՀ-ում իշխանության գա, աշխատելու են նրա հետ․ Անի Սամսոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.04.2026 | 20:45
Արցախցիները «փախե՞լ են» պատերազմից ու հայրենիքից․ Փաշինյանի խոսույթն ու հակադարձումները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.04.2026 | 20:39
Ժպիտների հետևում՝ կոշտ պահանջներ․ Պուտին-Փաշինյան հանդիպման ետնաբեմը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.04.2026 | 20:34
Հրդեհ Արին Բերդի փողոցում. «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ
Բոլորը

Հայաստանի նոր կառավարության կազմը գրեթե հայտնի է: Առայժմ նույն մարդիկ են, բացի արդարադատության նախարարից: Եթե կառավարության ճնշող մեծամասնությունն ութ ամիս առաջ գնահատվում էր որպես անկուսակցական և պրոֆեսիոնալ, ապա այժմ նրանք արդեն Հանրապետականներ են, իսկ պրոֆեսիոնալիզմն ապացուցող առանձնակի արդյունքներ էլ դեռ տեսանելի չեն:

Այս շրջանում, երբ կոռուպցիայի դեմ պայքարի նոր մարմիններ են ստեղծվում, հատկապես աչքի է զարնում մեր կառավարության՝ հիմնականում միլիոնատեր գործարարներից բաղկացած լինելու հանգամանքը: Ընդ որում` նրանցից շատերի դեպքում զբաղեցրած պաշտոնն ու ունեցած բիզնեսն առաջացնում են շահերի բախման խնդիր:

Այսպես. տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը կապի ոլորտում հայտնի «Ռոստելեկոմ» ընկերության հիմնադիրն է: Այն, որ ոլորտի բիզնեսմենը կապի նախարար է, մի կողմից նշանակում է, որ կապից գլուխ հանելով՝ կարող է լավ զարգացում ապահովել ոլոտին, բայց հարց է` այդ զարգացումը հավասարաչա՞փ է լինելու, թե՞ իր ընկերության միջոցով:

Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը գործարարների միության անդամ է, «Ինգո Արմենիա» ընկերության հիմնադիրն ու գործադիր տնօրենը: Հայաստանում նախատեսված է աստիճանական անցում պարտադիր բժշկական ապահովագրության համակարգի: Նախարարը կարո՞ղ է համարել, որ դա լավագույնս կանի իր ապահովագրական ընկերությունը: Ալթունյանը նաև «Վարդանանց» բժշկական կենտրոնի սեփականատերն է: Իսկ ո՞ր հիմնարկն ավելի լավ կբուժի ապահովագրված հիվանդներին, եթե ոչ այս բժշկական կենտրոնը: Ի դեպ, առողջապահության նախարարն արդեն իր բիզնեսն առաջ մղելու մի փորձ արել էր` պաշտոնի նշանակվելուց անմիջապես հետո:

2016-ի տարեվերջին մամուլը գրեց, որ պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների իրականացման համար ՀՀ առողջապահության նախարարությունը 25 բժշկական կազմակերպության հետ լրացուցիչ համաձայնագրեր է կնքել, ընդհանուր 134 մլն դրամի չափով։ Ամենամեծ գումարը ՝ 24 միլիոն, հատկացվել էր «Վարդանանց» բժշկական կենտրոնին։ 23 մլն դրամ էլ տրվել էր «Նաիրի» բժշկական կենտրոնին, որի սեփականատերը ևս դաշտում պատահական մարդ չէ. Հայաստանի, ապա՝ Արցախի առողջապահության նախարարությունները նախկինում ղեկավարող Հարություն Քուշկյանը:

Առողջապահության մեկ այլ նախկին նախարարի` Արմեն Մուրադյանի անվան հետ կապվող «Իզմիրլյան» բժշկական կենտրոնին էլ այս գումարից հատկացվել էր 10 մլն դրամ: Մամուլի բարձրացրած աղմուկից հետո Լևոն Ալթունյանին պատկանող բժշկական կենտրոնին տրվեց ընդամենը 5 մլն դրամ: Նկատենք, որ Հայաստանի առողջապահության գոնե վերջին մի քանի նախարարները հիվանդանոցների և բժշկական կենտրոնների սեփականատերեր են, ինչը, բնականաբար, հատկապես այս սպեցիֆիկ ոլորտում շահերի լուրջ բախում է առաջացնում:

Վարչապետ Կարեն Կարապետյանի պրոֆեսիոնալների թիմի մյուս ներկայացուցիչը` Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը, 20 տարի աշխատել է Երևանի կոնյակի գործարանում, մինչ նախարար նշանակվելը եղել է գործադիր տնօրեն: Նոր գյուղնախարարի աշխատանքը կարո՞ղ է բարերար ազդեցություն ունենալ հենց կոնյակի գործարանի վրա: Ինչպես որ ունեցավ նրա նախորդի` Սերգո Կարապետյանի գյուղնախարարի աշխատանքը վերջինիս սեփականությունը հանդիսացող ընկերության՝ «Արտֆուդի» վրա:

Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանն «Էներգո Ինվեստ Հոլդինգ» ՓԲ ընկերության գլխավոր տնօրենն էր մինչ նախարար դառնալը: Այս ընկերությունը Հրազդանի ՋԷԿ-ի դուստր ձեռնարկությունն է: Փաստորեն, ոլորտի մեկ՝ մասնավոր ճյուղի ղեկավարն այսօր պատասխանատու է ընդհանուր ոլորտի համար: Շահերի բախման խնդիրը առկա է թե՛ ներկա, թե՛ նախկին կառավարություններում: Մի տարբերությամբ՝ վարչապետ Կարեն Կարապետյանը երբեք չի խոսել նախարար-բիզնեսմեն անհամատեղելիության մասին՝ ի տարբերություն Հովիկ Աբրահամյանի: Նա ասում էր` բիզնեսմեն նախարարներից կհրաժարվենք, եթե, իհարկե, լինեն այդպիսիք:

Այդ ընթացքում ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի ընտանիքին պատկանող «Յուքոմ» ընկերությունն ապրանքների ներկրման համար 3 տարով ազատվում էր հարկերից, Խաչատրյանն էլ զարմանում էր՝ ի՞նչ բիզնես, ո՞վ է տեսել, ո՞վ է լսել:

Իսկ ահա տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը ծաղկեցնում էր բիզնեսը՝ եղբոր ֆիրմաների միջոցով, ով շինարարական տենդերներ էր շահում կապի նախարարության համակարգած Հյուսիս-հարավ ճանապարհաշինական ծրագրի շրջանակներում, մինչև Վերահսկիչ պալատը բացահայտումներ արեց պետգնումների աջակցման կենտրոնում, և նախարարի եղբայրը` Հակոբ Բեգլարյանը, հրաժարական տվեց կենտրոնի ղեկավարի պաշտոնից: Կամ նույն նախարարության մեկ այլ ղեկավար՝ Անդրանիկ Մանուկյանը, ով ամենահարուստ բիզնեսմեն նախարարներից էր, ընդ որում՝ ոլորտի հետ կապ ունեցող բիզնեսով: Բիզնեսմեն նախարարների շարքից հիշարժան է նաև բնապահպանության նախկին նախարար Վարդան Այվազյանը, որի որդին հաջողացրեց այդ ընթացքում դառնալ բազմաթիվ հանքերի սեփականատեր: Ընդ որում, նրան պատկանող «Սուրարտ» ՍՊԸ-ն, երկու հանքերի լիցենզիան ստացավ մեկ օրում:

Տարբեր տարիների` բիզնեսմեն նախարարներից հետ չեն մնացել նաև ՀՀ վարչապետերը` ներկա և նախկին: Նույն Հովիկ Աբրահամյանը, որ հայտարարում էր, թե բիզնեսմեն նախարարներն իր կառավարությունում տեղ չեն կարող ունենալ, իր բաազմաթիվ բիզնեսները գրանցել էր ընտանիքի անդամների անուններով: Ինչը, սակայն, չէր խանգարում, որ օրենսդրական նախաձեռնություններին հավանություն տալուց առաջ մանրամասն հետաքրքրվեր, թե այս կամ այն փոփոխությունը որքանով կարող է վնասել իր ընտանիքի բիզնեսներին` սկսած ձկնաբուծությունից` ավարտած հանքարդյունաբերությամբ:

Երբ կառավարության ղեկավարն ու նախարարները բիզնեսմեններ են, ինչո՞ւ պետք է ենթակաները բիզնեսով չզբաղվեն: Ինչո՞ւ պետք է Միհրան Պողոսյանը չսնանկացնի իր «Սթար» սուպերմարկետների ցանցը և բացի, ասենք, «Ֆրեշ» սուպերմարկետների ցանց, կամ ինչո՞ւ պետք է նրա ղեկավարած ԴԱՀԿ-ն մեքենաներ չգնի հենց իր ներկայացրած ընկերությունից: էլ չասած` բանանի ներմուծման մասին: Ինչո՞ւ պետք է Արագածոտնի՝ այդ ժամանակվա մարզպետ Սարգիս Սահակյանի եղբոր ընկերությունները չշահեն մարզի ուսհաստատությունների վերանորոգման մրցույթը: Թեև` այս հարցի պատասխանը տվել է Աժ նախկին նախագահ, նախկին Ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արթուր Բաղդասարյանը՝ հայտարարելով. «Իսկ ինչպե՞ս պետք է ապրեի, եթե բիզնես չհիմնեի: Այդ ժամանակ ինձ հարց չէի՞ք տա, թե ինչպե՞ս եք ապրում 250 հազար դրամ աշխատավարձով»:

Ահա այսպես էլ` ապրում են մեր պաշտոնյաները` սեփական բիզնեսներրը գրանցելով հարազատների անուններով կամ` հանձնելով հավատարմագրային կառավարման: Սակայն դրանից խնդրի էությունը և շահերի բախումը չի վերանում: Հայաստանի Հանրապետության բազմաթիվ օրենքներ պարունակում են հնարավոր շահերի բախումը կանխարգելող կամ շահերի բախման իրավիճակները կարգավորող նորմեր, օրինակ՝ «Հանրային ծառայության մասին», «Քաղաքացիական ծառայության մասին» և այլ օրենքներ:

Այս առումով ամենահստակը սահմանում է ՀՀ Սահմանադրությունը: Մայր օրենքի 148-րդ հոդվածի համաձայն՝ կառավարության անդամը չի կարող զբաղեցնել պաշտոն առևտրային կազմակերպություններում, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, կրթական և ստեղծագործական աշխատանքից:

Ինչ խոսք` դժվար է ապացուցել, որ մեր պաշտոնյաները խախտում են օրենքը: Ֆորմալ առումով` նրանք բոլորն էլ օրինապահ քաղաքացիներ են: Ափսոս միայն, որ այդ, այսպես կոչված, «օրինապահության» արդյունքում երկրում ձևավորվել է սահմանադրականության ու կյանքի միջև խորը անդունդ, ինչն օրերս խոստովանեց Հանրապետականների, ասել է թե` իշխանության և այս ամենի հայրը:

 

Սևակ Հակոբյան