Իսրայելը կարող է տեսնել միայն շահը՝ նավթային գումարները Ադրբեջանից․ իսրայելցի իրավապաշտպան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
10.11.2020 | 17:34Իսրայելցի քաղաքացիական ակտիվիստ, իրավապաշտպան Էլի Ջոզեֆը վերջերս հարց էր ներկայացրել Իսրայելի Գերագույն դատարանը՝ Ադրբեջանին զենք վաճառելու արգելք սահմանելու պահանջով։ Ակտիվիստը ներկայացրել էր նաև Amnesty International-ի զեկույցն ու վկայությունները՝ հայերին սպանելու նպատակով իսրայելական ԱԹՍ-ների օգտագործման մասին։ Դատարանը, սակայն, մերժել էր միջնորդությունը՝ պատճառաբանությամբ, որ Հայաստանի դեմ պատերազմական հանցագործությունների ժամանակ իսրայելական զենքի կիրառման վկայությունների պակաս կա՝ դատական լսումներ սկսելու համար։ Ակտիվիստը պատրաստվում է այդ հարցով նոր հայց ներկայացնել դատական մարմին։ Մինչ այդ, Factor.am-ը զրուցել է Էլի Ջոզեֆի հետ։
– Պարո՛ն Ջոզեֆ, Դուք այն եզակի ձայներից եք Իսրայելում, ովքեր Ձեր երկրում բարձրաձայնում են Լեռնային Ղարաբաղի շուրջ ծավալված պատերազմի մասին։ Շնորհակալություն Ձեր բոլոր ջանքերի համար։ Հայաստանում, հայերի շրջանում մենք կարող ենք ցավալի և էմոցիոնալ փաստ արձանագրել այն բանի շուրջ, որ Իսրայելը փաստացի հակամարտության կողմերից մեկն է։ Հաշվի առնելով երկու ազգերի պատմական հիշողությունը, հայերի, ովքեր ապրեցին Հայոց Ցեղասպանությունը 1915-ին, և հրեաների, ովքեր ապրել են Հոլոքոստը, Իսրայելը հանդիսանում է այս պատերազմի կողմերից մեկը։ Կարող եք մեկնաբանել՝ որո՞նք են Իսրայելի ներգրավման շարժառիթները՝ նաև հաշվի առնելով վերջերս տեղի ունեցած հարձակումը Վիեննայի սինագոգի վրա։ Կա՞ն հուզական փոփոխություններ Ձեր հասարակությունում, կա՞ փոփոխված վերաբերմունք։
– Ես շատ տխուր եմ՝ արձանագրելու, որ այս հարցը դեռևս կարևոր հարց չի դարձել Իսրայելում։ Եվ երբ ասում եմ՝ տխուր եմ, նկատի ունեմ, շատ եմ ցավում, որ և՛ հայերը, և՛ հրեաները ցավագին զգացողություններ ունեն ցեղասպանության հարցում և ցավոք սրտի մեր կառավարությունը և մեր Կնեսեթը կույր են։ Բոբ Դիլանը երգում էր՝ «քանի՞ անգամ մարդը պետք է շրջի իր գլուխն ու ձևացնի, թե չի տեսնում, քանի՞ ականջ պետք է մարդն ունենա՝ լսելու մարդկանց լացը»։ Մեր դարձել ենք գլուխները թեքելու, աչքերը փակելու և ականջները ծածկելու մասնագետներ։ Եվ մենք չենք գիտակցում, որ Հայաստանի այս ճակատամարտը, պատերազմական հանցագործությունների դեմ այս պայքարը նաև պայքար է Իսրայելի հոգու համար։ Մենք կորցրել ենք մեր հոգին, և իմ կռիվն այստեղ մեր հոգին վերականգնելու համար է։ Որովհետև միայն հոգիդ կորցնելու դեպքում է հնարավոր զինել պատերազմական հանցագործություններ կատարող կողմին։ Այլ կերպ հնարավոր չէ։ Այն արվում է շատ փոքրոգի և քողարկված ձևով։ Այս պատմությունը գաղտնի է պահվում Իսրայելի հասարակությունից՝ և՛ լրատվության կողմից, և՛ քաղաքական գործիչների։ Նրանք չեն քննարկում Իսրայելի կողմից Ադրբեջանի զինման բարոյական կողմը։ Զինել մի ռեժիմի, ով կանաչ լույս է տվել իր զինվորներին՝ պատերազմական հանցագործություններ կատարելու համար։ Սա է կռիվը, որ մենք տալու ենք Իսրայելում։ Ես չգիտեմ՝ ինչքան ժամանակ կտևի, բայց որևէ տարբերակ ձախողելու չկա։ Այլ կերպ մենք ինքներս մեզ օտար կդառնանք և նույնիսկ չենք ճանաչի ինքներս մեզ հայելու մեջ։ Մենք այնքան ենք հեռացել ինքներս մեզանից։ Եթե ասեմ մեկ նախադասությամբ՝ բարու կողմից կռվելը կռիվ է նաև մեր հոգիների համար։ Եվ այս պահին մենք բարու կողմից չենք։
– ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Jerusalem Post-ին վերջերս տրված հարցազրույցում ներկայացրեց, որ Իսրայելը ներգրավված է Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտում, և որ, մեջբերում եմ, «Իսրայելը պետք է մտածի՝ արդյո՞ք իրեն շահավետ է կռվել վարձկանների և ահաբեկիչների հետ մի ճակատով»։ Ըստ Ձեզ՝ արդյո՞ք իսկապես շահավետ է Իսրայելին կռվել Հայաստանի դեմ, և արդյո՞ք հասարակության չտեղեկացված լինելու պատճառով է Իսրայելը շարունակում մնալ Ադրբեջանի դաշնակիցը։
– Երբ դու կորցնում ես քո սեփական բարոյականությունը, այլևս չես կարողանում պարզ տեսնել։ ՀՀ վարչապետ պարոն Փաշինյանը ճիշտ է՝ ասելով՝ ինչպե՞ս մենք կարող ենք շարունակել ապրել այս բանի հետ, ինչը մենք ենք անում։ Եթե դու օգնում ես վատ մարդկանց, ուրեմն իրենց ցուցակում հաջորդը դու ես հայտնվելու։ Հետևաբար, մենք ևս դատապարտում ենք մեր երեխաներին և մեր թոռներին ջիհադիստների կողմից հարձակման։ Մենք խելագարվել ենք, մենք կորցրել ենք մեր հուզական խելամտությունը, և երբ կորցնում ես այն, և միայն փողի մասին մտածում, դու խելագարվում ես։ Պատճառն այն պայքարի, որը ես տանում եմ, իմ սերն է Իսրայելի հանդեպ։ Մենք պետք է արթնացնենք մեր ժողովրդի հուզական խելամտությունը։
– Երբ պատասխանում էիք առաջին հարցին, նշեցիք, որ մենք կույր ենք այս հարցում։ «Մի եղեք կույր» ուղերձը պատկանում է Լեռնային Ղարաբաղի մարդու իրավունքների պաշտպանին, ով ԼՂ ևս տուժել է նախորդ պատերազմում՝ կորցրել է տեսողությունը։ Նոյեմբերի 3-ի դրությամբ՝ նա զեկուցել է ԼՂ-ում քաղաքացիական բնակչության շրջանում 46 մահվան և 144 վիրավորի մասին, ինչը չտարբերակված կրակի, կլաստերային զենքերի կիրառման արդյունք է։ Այդ զինատեսակներից մեկն էլ մահապարտ դրոններն են, որոնք ներկրված են Իսրայելից։ Փաստացի, Ադրբեջան ներկրված զենքերի շուրջ վաթսուն տոկոսը ներկրվել է Իսրայելից։ Կարող եք մեկնաբանել՝ ինչո՞ւ է Իսրայելն այդքան ներդրում կատարել Ադրբեջանում։ Որո՞նք են Իսրայելի քաղաքական շարժառիթները։
– Ադրեջանը, ինչպես գիտեք, Թուրքիայի քույր պետությունն է։ Ինչպես գիտեք՝ Թուրքիան լավ հարաբերությունների մեջ էր Իսրայելի հետ, սակայն վերջին տարիներին հարաբերությունները վատթարացել են։ Եվ ինչպես գիտեք՝ մենք մինչև այսօր չենք ճանաչել Հայոց Ցսեղասպանությունը, որն իրագործվել է թուրքերի կողմից Հայաստանի նկատմամբ։ Իսկ այժմ, երբ մենք զենքեր ենք տրամադրում Ադրբեջանին, հետաքրքրությունը մեկն է՝ փողը։ Շատ փող՝ հատկացված տարբեր զինատեսակներին, բայց այդ գումարով մենք վաճառում ենք մեր հոգիները մարդկանց, ովքեր պատերազմական հանցագործություններ են կատարում։ Հրեաների հայրը՝ Աբրահամը, Սոդոմի թագավորին ասում էր․ «Ես քեզանից անգամ կոշիկի քուղ չեմ վերցնի, որովհետև դու մարդասպանության և բռնության թագավորն ես, և դու ինձ անգամ մեկ գրոշ չես տա»։ Իսկ մենք գումար ենք վերցնում ու շարունակում ենք շփվել նանց հետ, ովքեր վարվում են մարդասպան ձևով՝ ինչպես Սոդոմն էր վարվում։ Եվ մենք դեռևս Աբրահամի որդիներն ենք, մենք կորցրել ենք մեր զգացողությունները, մենք կորցրել ենք մեր հուզական խելամտությունը և մերժել ենք մեր սեփական արմատներն ու պատմությունը։ Եվ այս ամենը միայն գումարի պատճառով։ Գումարները գալու են և գնան, իսկ մեր և մեր որդիների հոգիները․․․ մենք պարզապես դավաճանում ենք մեր երեխաների, մեր թոռների հոգիները՝ ահաբեկիչներին և մարդասպաններին զենքեր տալով։ Ահա թե ինչու է կարևոր մեզ համար այստեղ՝ Իսրայելում հաղթել այս ճակատամարտը․ Իսրայելի հոգիների համար, Իսրայելի սրտի ու մարդկության սրտի համար։ Եվ երբ մենք ցածրանում ենք այն ազգերի մակարդակին, ովքեր զինում են այն ազգերին՝ առանց հարցնելու, թե ինչ են անում զենքերը, մենք կորցնում ենք մեր զգայարանները։ Ես զգում են այն ցավը, որ ունեք Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում, ես զգում ու ուզում եմ լինել դրա մի մասնիկը, և ես ամաչում եմ այն բանի համար, ինչ հիմա մենք անում ենք։ Ես խոստանում են ներդնել իմ էներգիայի ամեն մի մասնիկը՝ փոխելու որևէ բան Իսրայելում։
– Դուք ներկայացրեցիք Իսրայելի տնտեսական շահերն այս պատերազմում ներգրավված լինելու համար, սակայն Իսրայելը երբեք պաշտոնապես չի հայտարարել կողմերից որևէ մեկին նկատմամբ հավանության մասին։ Բայց Հայաստանի դեսպանին հետ կանչելուց հետո հստակ է, որ Հայաստանի հետ հարաբերությունները վատթարացել են։ Արդյո՞ք Իսրայելը պատրաստվում է որևէ քայլ ձեռնարկել այս ուղղությամբ։ Եվ նաև կարո՞ղ եք մեկնաբանել Իսրայելի աշխարհաքաղաքական շարժառիթները։ Այսպես, օրինակ, դա կարո՞ղ է լինել Իրանի ազդեցության նվազեցումը տարածաշրջանում, թե՞ այստեղ միայն տնտեսական շարժառիթներ կան։
– Իրանը Իսրայելի և իսրայելցիների համար ատելությամբ դրդված վտանգ է ներկայացնում։ Մենք Իրանում գործող ռեժիմը դիտարկում ենք իբրև աշխարհում ատելություն սփռող ռեժիմ, և Իսրայելի նկատմամբ ատելություն տարածող երկիր։ Իսրայելը Իրանի դեմ պայքարելու համար ինքն իրեն պետք է զինի մարդկության և մարդկանց նկատմամբ սիրով։ Կասկած չկա, որ մեծ ցավ կա Հայաստանում, երբ լսում են, որ Իսրայելը զինում է Ադրբեջանին։ Եվ երբ Հայաստանը հետ կանչեց իր դեսպանին, դա ինքնահարգանքի դրսևորում էր։ Այն գործողություն էր՝ ասելու, որ մենք այսպես չենք խաղում։ Երբ Իսրայելն առաջարկեց Հայաստանին ուղարկել բժշկական աջակցություն, իսկ Հայաստանը մերժեց ընդունել այն, այն պատճառով չէր, որ չէր ուզում հոգ տանել իր վիրավորների մասին, այլ որովհետև կա ինքնահարգանքի որոշակի մակարդակ։ Դու չես կարող ընդունել բժշկական աջակցություն՝ հոգ տանելու այն վիրավորների մասին, ովքեր վիրավորվել են իսրայելական զենքերով։ Երկուսն իրար հետ համադրելի չեն։ Հայաստանի վարչապետը մերժեց, որովհետև ուներ ինքնահարգանք։ Իսրայելը որդեգրել է Հայաստանի՝ ճիշտ բան անելու խնդրանքն անտեսելու քաղաքականությունը։ Որովհետև այս պահին նրանք կարող են տեսնել միայն շահը՝ նավթային գումարները Ադրբեջանից։ Սա սարսափելի մեծ սխալ է Իսրայելի համար։ Հետևաբար, ես կարծում եմ՝ մենք պետք է արթնացնենք Իսրայելի ժողովրդին՝ պահանջելու մեր կառավարությունից և բացատրելու նրանց, որ իրավունք չունեն վաճառել զենքեր այն պետություններին, ովքեր մարդկության դեմ հանցագործություններ կանեն, պատերազմական հանցագործություններ Իսրայելի ընկերների նկատմամբ։ Իսկ Հայաստանը մեր եղբայրն է։ Մենք երկուսս նույն դժոխքի միջով ենք անցել, միմյանց չենք կարող անտեսել։ Սա անտեսելու վերաբերմունք է։ Իսկ Իսրայելը կարծում է, թե Հայաստանը մի քանի ամսից կմոռանա, և կրկին ընկերներ կդառնանք։ Այդպես չի լինում, պետք է կրես քո արածի հետևանքների պատասխանատվությունը։ Եվ մենք պետք է հասկանանք, որ անհրաժեշտ է այս ամենը վերականգնել արմատից։ Դա նշանակում է՝ գտնել այդ խնդրի հիմքեր։ Մենք սխալվել ենք, և այդ սխալն ուղղելու համար միայն ասել՝ ցավում ենք՝ բավարար չէ, այլ պիտի արմատից լուծենք այս խնդիրը։ Ահա թե ինչու մենք պետք է փոխենք շատ բաներ Իսրայելում։ Մենք պետք է շտկենք մեր արժեքները, և այդ ժամանակ Իսրայելի և Հայաստանի միջև հարաբերությունները կդառնան ու պետք է լինեն երկու եղբայր ազգերի միջև հարաբերություններ։
– Պարո՛ն Ջոզեֆ, Ձեր գործունեության շրջանակում վերջերս հայցով եք հանդես եկել Բարձրագույն դատարանում, որն էլ մերժեց Ձեր հայցը՝ բավարար հիմքեր չունենալու պատճառով, որ վաճառվող զենքերն օգտագործվում են ԼՂ-ում պատերազմական հանցագործություններ կատարելու համար։ Կներկայացնե՞ք այս դեպքը, և որո՞նք էին հայց ներկայացնելու հիմքերը։ Ինչպե՞ս եք փաստարկներ ներկայացնելու մյուս հայցում, որպեսզի Իսրայելը դադարեցնի զենքի վաճառքը Ադրբեջանին։
– Դատարանի մերժման պատճառը, իսկ ես պատրաստվում եմ նոր հայց ներկայացնել, այն չէր, որ ես հիմքեր չունեի։ Ես ունեի ապացույցներ, բայց այս փուլում նրանք չէին ուզում այդ ապացույցները քննարկել դատարանում։ Եվ նրանք գերադասեցին դեն նետել այն գործընթացային հիմքով, իբր, ես կառավարությանը բավարար ժամանակ չեմ տվել իմ բողոքին պատասխանելու համար։ Ես նրանց նամակ եմ ուղարկել հայց ներկայացնելուց երկու շաբաթ առաջ։ Եվ դատարանը գտավ, որ երկու շաբաթը բավարար ժամանակ չէ։ Այո՛, դա բավարար չէ, եթե ես ուզում եմ գնալ ինչ-որ բան խմելու կամ զբոսնելու, կամ գինետուն։ Բայց երկու շաբաթն առավել քան բավարար է, երբ պատերազմական հանագործություններ են տեղի ունենում։ Եվ այդ էր մերժելու գործընթացային հիմքը՝ ասելով, որ Պաշտպանության նախարարությանը երկու շաբաթից ավելի է անհրաժեշտ մեր նամակին պատասխանելու, ասելու, թե ինչու իրենք պիտի դադարեցնեն զենքի վաճառքը Ադրբեջանին։ Այլ կերպ ասած՝ դատարանն ասում է հետևյալը․ «Մինչ մեզ հետ խոսելը՝ պետք է խոսեք Պաշտպանության նախարարության հետ»։ Իսկ երբ ես նրանց ասում եմ, որ այո՛, ես իրենց երկու շաբաթ առաջ նամակ եմ ուղարկել, նրանք ասում են, որ դա բավարար ժամանակ չէ՝ նրանց պատասխան տալու համար։ Ինչպես թե՝ պատերազմական հանցագործություններ են տեղի ունենում։ Դուք չեք կարող սա անվերջ շարունակել։ Սա սովորական դեպք չէ, երբ դու սպասում ես 45 օր։ Սա էր դատավորների հետ ունեցած իմ խնդիրը։ Բայց որն է խնդրի հիմքը. իմ հայցում ես դատավորներին բացատրում էի, որ հինգ ու կես տարի առաջ իմ առաջին թոռնուհին ծնվեց։ Եվ հիմա, երբ նա գնում է մանկապարտեզ, և երբ երեխան իրեն վատ է պահում և հարվածում է այլ երեխաների, նա գիտի, որ մանկապարտեզում պատասխանատուն փայտ չի տա այդ երեխայի ձեռքը, որ նա գնա և հարվածի մյուս երեխաներին։ Նա գիտի դա։ Եվ ինչպե՞ս է ստացվում, որ իմ թոռնուհին գիտի դա, այն դեպքում, որ երբեք իրավունք չի ուսումնասիրել։ Նա դա գիտի, որովհետև մաքուր սիրտ ունի։ Նա գիտի՝ որն է ճիշտ և որը՝ սխալ։ Իմ նպատակն այն է, որ տասնութ տարի անց իմ թոռնուհին և իր ընկերները զանգեր ստանան այլ մարդկանցից, ովքեր կառաջարկեն նրանց գնալ Ադրբեջան կամ այլ վայր՝ սովորեցնելու, թե ինչպես սպանել մարդկանց։ Ինչո՞ւ չգնաք, իսկ մենք կվճարենք ձեզ։ Իսկ հետո այդ մաքուր սիրտը կդառնա ցինիկ։ Ահա թե ինչի մասին է այս պայքարը՝ պահել Իսրայելը սիրտը մաքուր, ազնիվ, սիրող, որ այդ երեխաների ու թոռների սրտերը չդարձնեն ցինիկ, որտեղ չկա տեղ բարոյական արժեքների համար, և միակ արժեքավոր բանը կլինի գումարը։ Ահա սա է խնդիրը, որին պետք է բախվի դատարանը։ Մենք պետք է նայենք մեր աչքերի մեջ և ասենք՝ ով ենք մենք։ Եվ առանց այդ հարցին բախվելու՝ մենք չենք կարող իսրայելցիներին ասել, թե ով ենք մենք։ Մենք օտար ենք դառնում ինքներս մեզ։ Եվ սա է պայքարը, որ մենք մղում ենք։ Այս ամենի վրա է հենված իմ հայցը։ Ինչպե՞ս կարող ենք այսպես վարվել ինքներս մեզ հետ, մեր երեխաների հետ, ինչպե՞ս կարող ենք ասել մեր երեխաներին, երբ նրանք հարցնեն՝ հայրի՛կ, մայրի՛կ, թույլատրված է գումար վերցնել մարդասպաններից, այդ գումարով մենք կարող ենք սնունդ գնել խանութում։ Ո՛չ, դու չես կարող։ Եվ սա է տարրական խնդիրը։ Մենք պատրաստվում ենք անել մեր ուժերի ներածին չափով ամեն ինչ, որպեսզի Իսրայելը նայի հայելու մեջ ու հասկանա, որ մենք սարսափելի ձևով շեղվել ենք մեր ճանապարհից։ Եվ մենք պիտի վերադառնանք մեր ճանապարհ։ Եվ երբ հետ վերադառնանք, ամեն ինչ լավ կլինի, քանի որ այն ժամանակ կիմանանք, թե մենք ով ենք։ Չի նշանակում, որ չեն լինի դժվարություններ, խնդիրներ կամ մարտահրավերներ, բայց մենք ամենը կանենք այնպես, ինչպես կանք։ Չենք փորձի լինել այն, ինչ չենք։ Եվ դա պարզ բան է։ Այդ ժամանակ Իսրայելի դատավորները պետք է հասկանան, որ նրանք պիտի տարբերակեն ճիշտը և սխալը, դաժանությունն ու ապրումակցումը, մարդասիրությունն ու բարբարոսությունը։ Այս ամենը մի մեծ աղցան չէ։ Երբ մենք ինքներս մեզ թույլ ենք տալիս զինել բարբարոսներին, մենք նույնանում ենք նրանց հետ։ Իսկ Իսրայելի դատավորները, իմ թոռնուհու պես, պետք է կարողանան տարբերակել ճշտի և սխալի, լավի և վատի, ստորության ու դաժանությանմ սիրելու և ապրումակցելու միջև։ Մենք պիտի սովորենք դա անել։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։
Մարիամ Մանուկյան