Ոչ թե «և, և», այլ «նախ Ռուսաստան, հետո Եվրամիություն»

Լուրեր

22.05.2026 | 23:50
Անդրանիկ Թևանյանի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում պետական դավաճանության հանցակազմի հատկանիշներով
22.05.2026 | 23:30
Գորիսում «Լաստիխութ» կոչվող տարածքում երեխաներ են մոլորվել. փրկարարները հայտնաբերել են նրանց
22.05.2026 | 23:17
ԿԸՀ-ն բավարարել է Անդրանիկ Թևանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու վերաբերյալ միջնորդությունները
22.05.2026 | 23:01
Ռուսաստանը ժամանակավորապես արգելել է «Ջերմուկ» հանքային ջրի ներմուծումն ու վաճառքը
22.05.2026 | 22:42
Կբացվի գորգերի թանգարան. բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսյանը Հայաստանին է նվիրաբերել իր անձնական հավաքածուն
22.05.2026 | 22:28
Մայիսի 25-ին մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
22.05.2026 | 22:13
«Վերջին զանգի» միջոցառումների ընթացքում հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 173 մեքենա, որոնցից 74-ը վարել են անչափահասներ. ՆԳՆ
22.05.2026 | 22:00
Իշխանությունը հերքում է, ընդդիմությունը՝ պնդում. «300 հազար ադրբեջանցիների» թեման և նախընտրական քարոզարշավը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.05.2026 | 21:52
«Առաջարկություն են արել», «Ասա` ով, եթե չասեցիր․․․». Փաշինյանը՝ Սամվել Կարապետյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.05.2026 | 21:48
Օվերչուկը զգուշացնում է՝ «Հայաստանը կարող է մաքսատուրքեր ստանալ», եթե որոշի միանալ ԵՄ-ին
22.05.2026 | 21:36
12-ամյա Լինա Հակոբյանը որոնվում է որպես անհետ կորած
22.05.2026 | 21:30
ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԲԱՆԱՎԵՃ․ Ինչպե՞ս կարող են երիտասարդները ճեղքել «հին դեմքերի» քաղաքական դաշտը
22.05.2026 | 21:13
Գյումրիի սրտում՝ ավելի հարմարավետ պայմաններով․ ՄՈԳՈ-ն տեղափոխվել է այլ հասցե
22.05.2026 | 21:07
Արթուր Օսիպյանը տեղափոխվել է հացադուլավորների համար նախատեսված խուց
22.05.2026 | 20:47
Գորիսում ընտրական իրավունքի իրականացումը խոչընդոտելու գործով հետախուզվում է քրեական հեղինակություն Արտեմ Դոռունցը. ՆԳՆ
Բոլորը

Նոյեմբերի 24-ին ստորագրված Հայաստան-Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը ՀՀ իշխանությունները, իշխանամետ ուժերն ու լրատվամիջոցները պարբերաբար ներկայացնում են որպես «արդեն երկար տարիներ Հայաստանի որդեգրած «և, և»-ի հաղթանակ», այսինքն Հայաստանի կողմից և՛ եվրասիական, և՛ եվրոպական կողմի հետ բալանսավորված հարաբերություններ ստեղծելու հաջողության պատմություն։ Այդուհանդերձ, մի քանի տարբեր պատճառներով «և, և»-ի մասին խոսք լինել չի կարող։

Եվ ժողովրդավար, և ավտոկրատ

Նախ և առաջ, արտաքին քաղաքականության «և, և»-ը անհնար է Եվրամիության և Եվրասիական տնտեսական միության՝ միմյանցից սկզբունքորեն տարբեր բնույթների պատճառով։ ԵԱՏՄ դեպքում մենք գործ ունենք տնտեսական միության հետ, որը կարգավորում է երրորդ կողմերի հետ Հայաստանի արտաքին առևտուրը, ներմուծման դրույքաչափերը և մի շարք այլ տնտեսական կարևորագույն դրույթներ՝ որպես կանոն հաշվի չառնելով Հայաստանի կարիքները։ Ընդ որում՝ ԵԱՏՄ անդամակցությունը չի ենթադրում լայնածավալ բարեփոխումներ, ժողովրդավարության ամրապնդում և այլն: Ավելին՝ ԵԱՏՄ-ին՝ ավտորիտար երկրների այս տարօրինակ խմբակին անդամակցությունից հետո Հայաստանում ժողովրդավարական սկզբունքները անկում են ապրում. փոխվել է սահմանադրությունը, ավելացել խաղաղ ցույցերից բերման ենթարկվողների թիվը, առաջացել համատարած քաղաքական ապատիա։ Այս անկումն արձանագրվում է անգամ միջազգային հետազոտական կենտրոնների կողմից։ Այսպես, օրինակ, «Էկոնոմիստ Ինթելիջենս Յունիթ» բրիտանական հեղինակավոր հետազոտական ընկերությունը 2017թ․ հունվարին հրապարակված ժողովրդավարության վերաբերյալ իր ամենամյա զեկույցում նշում է, որ Հայաստանը 2016-ին արդեն ավտորիտար համակարգ է։ 2015-ին նույն կազմակերությունը Հայաստանին կիսաավտորիտար էր համարում։

ԵՄ հետ համաձայնագիրը, մյուս կողմից, բարի կամքի հիման վրա հարաբերությունների սերտացման և, ամենակարևորը, Հայաստանի կողմից ինքնակամ ժողովրդավարական ռեֆորմների իրականացման համար ճանապարհային քարտեզ է։ Այլ կերպ ասած՝ ԵԱՏՄ հետ ինտեգրումը և ԵՄ հետ հարաբերությունների զարգացումը էապես տարբեր երևույթներ են՝ հակադիր բևեռներ, քանի որ չի կարող նույն երկիրը միաժամանակ լինել և՛ ավտորիտար, և՛

ժողովրդավար։ Այս կոնտեքստում կարող է լինել միայն «կամ-կամ»՝ կամ Հայաստանը շարունակում է կրկնօրինակել բելառուսական, ռուսական ու ղազախական կառավարման մոդելներն ու մերձենալ մարդու իրավունքները չհարգող այս ավտորիտար խմբակի հետ, կամ իրականացնում է ժողովրդավարական բարեփոխումներ ու իսկապես ստեղծում ամուր կապեր Եվրոպայի հետ, որովհետև ԵՄ սկզբունքները հիմնված են հենց այդ արժեքների վրա։ Եվրամիությունը նախ և առաջ արժեքների վրա հիմնված միություն է, որի հիմքում ընկած են ժողովրդավարական արժեքները, խաղաղությունն ու մարդու իրավունքները։ Իր արտաքին քաղաքականությունը ևս ԵՄ-ն ձևավորում է հենց այդ արժեքների հիման վրա, ուստի Եվրամիության հետ հարաբերությունների սերտացումը ենթադրում է ՀՀ-ում մարդու իրավունքների և ժողովրդավարության հանդեպ հարգանքի մշակույթի ձևավորում։

Պաշտոնական հայտարարությունները ևս հերքում են «և, և»-ը

«Եվ, և»-ի անհնարության մասին են վկայում նաև հայկական կողմի պաշտոնական հայտարարությունները։ Այսպես, օրինակ, 2017թ. դեկտեմբերի 1-ի խորհրդարանական լսումների բացման խոսքում ՀՀԿ-ական Արմեն Աշոտյանը նշեց, որ լսումների առավել ներառական ձևաչափ ապահովելու նպատակով իրենք հրավիրել են «ոչ միայն ԵՄ անդամ երկրների դեսպաններին, այլ նաև մեր ռազմավարական գործընկեր Ռուսաստանի Դաշնության դեսպանատան գործընկերներին, ԱՄՆ, Չինաստանի և ԵԱՏՄ մյուս անդամ-երկրների դեսպանատներին՝ ապահովելով մաքսիմալ ներառական ներկայացուցչություն և քննարկումների ձևաչափ»։ Նմանօրինակ հայտարարություններով ՀՀ իշխանությունները կարծես արդարանում են Կրեմլի առաջ ԵՄ հետ պայմանագիրը կնքելու համար։ «Ռազմավարական գործընկեր» արտահայտությունը և ՌԴ դեսպանատունը ԵԱՏՄ երկրներից զատ հիշատակելը Հանրապետական խմբակցության անունից հնչող առաջին արդարացումն էր։ Դրան հաջորդեց ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի ելույթը․ «Մենք նպատակ չունենք այդ (ԵՄ հետ) հարաբերությունները կառուցել և ամրապնդել որևէ այլ երկրի կամ կառույցի հետ համագործակցության հաշվին»։ Նմանատիպ հայտարարությունները ստեղծում են տպավորություն, որ Հայաստանը պարտավորված է զգում պարբերաբար վստահեցնել Մոսկվային, որ չի պատրաստվում որևէ մեկի հետ «դավաճանել» ՌԴ-ին։ Մյուս կողմից, չգիտես ինչու, ԵԱՏՄ կարգավորումներ մտցնելիս կամ հերթական պայմանագիրը Մոսկվայի հետ գաղտնի կերպով կնքելիս, Հանրապետական

խմբակցության անդամները իրենց պարտքը չեն համարում հիշատակել, որ Եվրամիության հետ հարաբերությունների հաշվին չեն կատարում այդ քայլերը։

Այս լսումներին զուգահեռ ԱԺ փոխնախագահ Արմեն Աշոտյանը Ռուսաստանի Դաշնության իշխող «Միասնական Ռուսաստան» («Единая Россия») կուսակցության երիտասարդական կազմակերպության՝ «Մոլոդայա գվարդիայի» պատվիրակների հետ հանդիպման ընթացքում, անդրադառնալով ՀՀ-ԵՄ հարաբերություններին, նշեց. «Այսօրվա միջազգային հարաբերությունները միագիծ չեն, դրանք ծավալուն են, պատկերավոր ասած, 3D ձևաչափում։ Եվ մենք կյանքի ենք կոչում արտաքին քաղաքականություն՝ հիմնված հենց եռաչափ հարթության վրա՝ լրացնելով հայ-ռուսական հարաբերություններն այն ամենով, ինչ հնարավոր է լրացնել Եվրամիության կողմից»։ Հարց է ծագում՝ արդյո՞ք ԵՄ-ն տեղյակ է, որ Հայաստանի հետ իր հարաբերությունները ստեղծված են ՀՀ-ՌԴ հարաբերությունները լրացնելու համար։

Այս բոլոր հայտարարությունները՝ ՌԴ-ին անընդմեջ ռազմավարական դաշնակից անվանելը, պարբերաբար ԵԱՏՄ-ին հղում անելը, և այն շեշտադրումները, որ Եվրամիության հետ հարաբերությունները չեն ամրապնդվելու որևէ այլ կառույցի հաշվին կամ հայ-ռուսական հարաբերությունները լրացվելու են այն ամենով, ինչ հնարավոր է լրացնել Եվրամիության կողմից, վկայում են, որ Հանրապետական խմբակցությունը առաջնայնությունը տալիս է ՌԴ հետ հարաբերություններին: Իսկ քանի դեռ Ռուսաստանի հետ հարաբերությունները Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունն են, «և, և»-ի մասին խոսք լինել չի կարող։ Ուստի «և, և»-ի քաղաքականություն գոյություն չունի, կա միայն «նախ՝ ՌԴ, հետո՝ ԵՄ» արտաքին քաղաքականություն։

Աննա Փամբուխչյան,

«Իրազեկ քաղաքացիների միավորում»