Ինչ են խոսել անկլավների մասին․ Փաշինյանը բացահայտում է Ալիևի հետ Թուրքմենստանում շփման թեման. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
14.10.2026 | 20:10Հայաստանի և Ադրբեջանի միջև անկլավների ու էքսկլավների հարցը պետք է լուծվի տարածքների փոխանակմամբ։ Այս մասին այսօրվա տեսաուղերձում հայտարարել է Հայաստանի վարչապետը։
«Անկլավ-էքսկլավ խնդիրը պետք է լուծվի հետևյալ բանաձևով՝ սահմանի այս և այն կողմում անկլավներ չպետք է լինեն։ Այսինքն՝ ՀՀ-ն և Ադրբեջանը ճշգրիտ տարածքներ պետք է փոխանակեն»,- նշել է Նիկոլ Փաշինյանը։
Փաշինյանն այս մասին հայտարարում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ԱՊՀ գագաթնաժողովին մասնակցելուց օրեր անց։
«Թուրքմենստանում Ադրբեջանի նախագահի հետ ունեցած շփումների արդյունքներում ես ունեմ նախնական տպավորությամբ, որ խաղաղությանը նման տեքստ տալու հնարավորություն ունենք»,- ասել է նա։
Հիշեցնենք՝ գագաթնաժողովի շրջանակում Փաշինյան-Ալիև երկկողմ հանդիպում տեղի չի ունեցել, անգամ վարչապետի մամուլի խոսնակը հերքեց տարածված տեղեկությունները։ Համացանցում տարածվել էին միայն կարճատև զրույցի կադրեր՝ ընթրիքի սեղանի շուրջ։
«Չի ասում՝ պայմանավորվել ենք, համաձայնության ենք եկել։ 2022 թվականի հոկտեմբերից խաղաղության մասին է խոսում, բայց ի՞նչ ունենք այսօր»,- ասում է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
Քարտեզագիր, հայ-ադրբեջանական քաղհասարակության երկխոսության անդամ Սամվել Մելիքսեթյանի ընկալմամբ՝ Փաշինյանի նշած սցենարը մոտ ապագայի հարց չէ։
«Անկլավների հարցն ամենաբարդն է և մնալու է սահմանազատման ամենավերջին փուլում, որևէ առաջընթաց գործընթաց չկա, Փաշինյանի հայտարարությունը պատկերացումների մասին է, բայց որ մոտ տարիներին լուծում է լինելու, վստահ եմ՝ այդպիսի բան չկա»,- ասում է նա։
Հայաստանում Ադրբեջանին վերագրվում է երեք տարածք՝ Տիգրանաշենը, Վերին Ոսկեպարը և Սոֆուլու-Բարխուդարլուն։ Դրանց ընդհանուր մակերեսը շուրջ 44 քառ. կմ է։ Ադրբեջանի տարածքում գտնվող հայկական անկլավն Արծվաշենն է՝ շուրջ 38-40 քառ. կմ մակերեսով։
Պատերազմից հետո Նիկոլ Փաշինյանն անկլավների խնդրի լուծման վերաբերյալ մի քանի տարբերակների մասին է հայտարարել, սակայն ուշագրավ է, որ մինչև 2025 թվականը վարչապետը Հայաստանում ադրբեջանական անկլավների գոյության իրավական հիմքերի մասին վերապահումներով էր խոսում։
«Խաղաղության պայմանագրից հետո Արծվաշենը վերադառնա ՀՀ ինքնիշխանության ներքո, այն մյուս տարածքները վերադառնան, որոնք դե յուրե կհիմնավորվեն, որովհետև այս իրավական նրբությունները կհիմնավորվեն, այդ իրավական մասերը հիմնավորված չեն։ Մենք ասել ենք, որ խորամուխ ենք լինելու իրավական հիմքերի մեջ, մենք ուսումնասիրել ենք և չենք արձանագրել դե յուրե ադրբեջանական անկլավներ Հայաստանի տարածքում։ Քարտեզի վրա, որ անկլավը նկարած է, իրավական հիմք ունի՞, թե՞ չունի, թե՞ կոլխոզների որոշմամբ է եղել»,- հայտարարել էր Նիկոլ Փաշինյանը։
Իսկ արդեն 2025 թվականի օգոստոսին Փաշինյանը հայտարարեց այն մասին, որ Բաքուն ու Երևանը փոխադարձ իրավական հիմքեր են տրամադրել․ «Այո՛, այդ պահին մեր ձեռքի տակ իրավական հիմքեր, ասել եմ՝ չկան, մեզ ադրբեջանցիներն ասել են՝ կներկայացնեն իրավական հիմքեր»։
Քարտեզներն իրավական հիմք չհամարող Փաշինյանը մեկ տարի անց ԱԺ ամբիոնից նաև քարտեզն էր թվարկում իրավական հիմնավորումների շարքում։
«Իրավական հիմքը նույնն է՝ Ալմաթայի հռչակագիր, ԽՍՀՄ և քարտեզներ»,- հայտարարել է նա։
Ո՞ւր են իրավական հիմքերը։ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արթուր Խաչատրյանը Փաշինյանից հստակ փաստաթղթեր է ակնկալում։
«2021-22 թվականների Նիկոլ Փաշինյանն ասում էր՝ ո՞ւր է թուղթը, որ Տիգրանաշենն ադրբեջանական է, հիմա ի՞նչ տեղի ունեցավ, որ 2026 թվականին Փաշինյանը փոխվեց, եթե թուղթ են ցույց տվել, թող մեզ էլ տան»,- ասում է նա։
Ադրբեջանի նախագահը Թուրքմենստանում Փաշինյանի հետ կարճ շփումից հետո ո՛չ անկլավների, ո՛չ հայ-ադրբեջանական կարգավորման որևէ թեմայի չի անդրադարձել։ Քարտեզագիր Սամվել Մելիքսեթյանի խոսքով՝ փոխանակումը նաև ադրբեջանական կողմի համար կարող է շահավետ լինել։
«Ե՛վ ադրբեջանական, և՛ հայկական կողմերը շահագրգռված են այդ փոխանակմամբ։ Ադրբեջանը, երբ օգտագործում է անկլավների վերադարձի թեման, դա ավելի շատ ճնշման քաղաքական գործիք է, քան վերջնական նպատակ»,- ասում է նա։
Այդուհանդերձ, տարածքների փոխանակումը հնարավոր է միայն հանրաքվեի միջոցով։
Մանրամասները՝ տեսանյութում։
Նարեկ Կիրակոսյան

